ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԸ (բարեփոխումների հետևանքները)

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԸ   (բարեփոխումների հետևանքները)
27.09.2011 | 00:00

(սկիզբը` նախորդ համարներում)

Կարևորելով տնտեսական առաջընթացում մարդկային կապիտալի դերը, բնավ պատահական չէ, որ այսօր առավել մտահոգիչ է աշխատուժի զանգվածային արտագաղթի խնդիրը: Սակայն վերջինս, ինչպես և մի շարք այլ անցանկալի երևույթներ, ունի իր «ավանդույթները»: 1988-ի երկրաշարժից հետո առաջին զանգվածային արտահոսքը կազմել է 200000 մարդ: Հաջորդը՝ մոտ 700000 մարդ, արտագաղթել է 1992-1994-ին: Եվ վերջապես, 1995-2001 թվականներին արտագաղթածների թիվն անցնում է 800000-ից: Եթե դրա հետ հաշվի առնենք 1988-1991 թվերին Սումգայիթից, Բաքվից, Արցախից, խորհրդային տարբեր երկրներից ներգաղթածների ընդհանուր թիվը՝ մոտ 550000 մարդ, ինչպես նաև 1996-2010-ին Գերմանիայից, Ռուսաստանից և այլ երկրներից ստիպողական և կամավոր ներգաղթը՝ մոտ 25000 մարդ, ապա կարելի է մոտավոր պատկերացում կազմել արտագաղթածների ընդհանուր թվի մասին (մոտ 1125 000 մարդ): Առավել մտահոգիչ է, հատկապես, մտավոր կարողության՝ որակյալ մասնագետների արտահոսքը, որը, ընդհանուր առմամբ, կազմում է արտագաղթածների 30 %-ը: Արտագաղթածների մեջ գերակշռում են երիտասարդները, ինչն էլ ավելի է «ծերացնում» բնակչության կազմը: Այս ամենը հուշում է, որ մարդկային և ֆինանսական կապիտալների ներքին ռեսուրսները բավարար չեն ոչ միայն տնտեսության արագընթաց զարգացման, այլև ճգնաժամային միտումների կասեցման և կայունության հաստատման համար: Ակնհայտորեն զգացվում է արտաքին օժանդակության անհրաժեշտություն, որն իր հերթին առնչվում է արտաքին ներդրումների խթանման պարբերաբար քննարկվող հիմնահարցերին:
Անկախացման առաջին տարիներին նկատվող ՀՆԱ-ի ծավալների կրճատումը 1994-ից ի վեր փոխարինվեց 5-7 %-ի սահմաններում տատանվող տնտեսական աճով, որը, սակայն, դրվագային էր և որևէ կերպ չէր տարածվում բոլոր ճյուղերի կամ տնտեսության վրա: Իրավիճակը փոքր-ինչ փոխվեց, մասնավորապես, 2001-2005-ին, երբ, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաներն ակամայից առանձնացան որպես տնտեսության նորագույն ճյուղ և, շնորհիվ մասնավոր (ներքին և արտաքին) հատվածի շարունակական ջանքերի, արձանագրեցին որոշակի առաջընթաց: Նույն տարիներից մինչև 2009 թ. գրանցվեցին նաև տնտեսության աճի երկնիշ թվեր` որոշակիորեն դրական ազդեցություն թողնելով նաև մակրոտնտեսական այլ ցուցանիշների վրա:
Փորձելով ներկայացնել դրական միտումները, այսուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ, ի տարբերություն 1991-ի, այսօր բացակայում են տնտեսության արտադրական կարողությունների, ճյուղային կտրվածքով աճի միտումների տարբերակված և հստակ տվյալները: Հետևաբար, կարող են ներկայացվել միայն առանձին փաստեր և դրական միտումներն արտացոլող երևույթներ: Տնտեսական կարևորագույն ցուցանիշներից մեկը, որը, թեև, արհեստականորեն, բայց որոշակի կայունության է հասել, ազգային արժույթի փոխարժեքն է: 1993 թ. արձանագրած քառանիշ թվերով բնութագրվող գերարժեզրկումից հետո 1994-1995 թթ. դրամի արժեզրկումը կազմեց 26 %, 1996-ին՝ 6 %, 1997-ին՝ 22 %, իսկ 1998-2000 թվերին՝ 1 %-ից պակաս: Արտարժույթի նկատմամբ դրամի կայուն փոխարժեքը, անշուշտ, կարևոր է արտաքին ներդրումների ներգրավման տեսանկյունից, սակայն կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ արտահանման կարողության զարգացման համար, հաշվի առնելով ապրանքների մրցունակության ձեռքբերման հարցում ազգային դրամով արտահայտված գների համեմատաբար ցածր մակարդակի անհրաժեշտությունը: Հենց այս հանգամանքի գիտակցումն էլ կարող էր էական աշխուժություն ստեղծել Ռուսաստանի հետ արտաքին առևտրում՝ 1998 թ. այս երկրում ծայր առած ճգնաժամի ժամանակ:
Պետական խոշոր ձեռնարկությունների զանգվածային պարապուրդի պայմաններում դրական միտումներ են արձանագրվում փոքր և միջին ձեռնարկատիրության ասպարեզում: ՈՒ, չնայած պետական անհրաժեշտ օժանդակության բացակայությանը, այս ոլորտի ներկայացուցիչներն իրենք են հարթում իրենց զարգացման ուղիները, միաժամանակ նպաստելով ՀՆԱ-ի արագընթաց աճին: Մինչև 2001-ը սեփականաշնորհվել էին փոքր օբյեկտների հինգ վեցերորդը և խոշոր ու միջին ձեռնարկությունների մոտ երկու երրորդը: 2011 թ. դրությամբ այդ ցուցանիշներն էականորեն աճել են: Եթե 1990 թ. մասնավոր հատվածի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 11,7 % էր, ապա ներկայումս այն անցնում է 75 %-ից: Համապատասխանաբար, զգալիորեն կրճատվել է ՀՆԱ-ում պետական, հատկապես խոշոր ձեռնարկությունների տեսակարար կշիռը, կազմելով ՀՆԱ-ի մեկ քառորդից պակաս: Այս հատվածում հատկապես զգալի է գործազրկության մակարդակը: Մեր կատարած ուսումնասիրությունները հաստատում են այն տեսական ենթադրությունը, որ առավել արդյունավետ են աշխատում ոչ թե լրիվ պետական ունեցվածքով, այլ խառը սեփականությամբ ստեղծված մեծ ձեռնարկությունները: Այս ձեռնարկություններում, որպես կանոն, աճում են նաև աշխատատեղերը: Ընդհանուր առմամբ, ՀՆԱ-ի արտադրության 60 %-ն այսօր կենտրոնացված է տնտեսության համեմատաբար նոր, ոչ ավանդական ճյուղերի ձեռնարկություններում: ՀՆԱ-ում գնալով աճում է ծառայության ոլորտի տեսակարար կշիռը (1994-98 թթ. ՀՆԱ-ի աճի 43 %-ը բաժին էր ընկնում ծառայությունների ոլորտին, 30 %-ը` գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը՝ միայն 13,3 %, իսկ 1999-2010 թթ. ծառայությունների տեսակարար կշիռն անհամեմատ ավելացավ, իսկ արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը` անկում ապրեց):
Այս ամենով հանդերձ, անցնող տարիների տնտեսական գնահատականը մեր ուսումնասիրած երևույթների, թվերի ու փաստերի պարզունակ հանրագումար չէ: Այն, թերևս, ցույց է տալիս, թե ինչ կորուստների գնով կարող են ձեռք բերվել տնտեսական անկախության առաջին արդյունքները, իսկ ավելի շատ՝ թե ինչից կարելի է խուսափել ավելի արդյունավետ զարգացում ու արժանավայել կենսակերպ ապահովելու համար:
Ինչ վերաբերում է ազգային տնտեսության զարգացմանը միտված գործնական առաջարկությունների ներկայացմանը, ապա դրանց, մեր համոզմամբ, պետք է նախորդի ճգնաժամային երևույթների և պատճառների խոր ախտաճանաչումը:
Պատճառները տարբեր են և կարող են դասակարգվել ըստ սկզբնաղբյուրների, անցման փուլերի, երկրի առանձնահատկությունների, ենթակայական և առարկայական գործոնների: Մեր կողմից կարևորվում են պատճառների հետևյալ խմբերը, որոնցից յուրաքանչյուրի մեկնաբանությունն ինքնին առանձին ուսումնասիրության առարկա է:
Եվ այսպես, որո՞նք են անկախության քսան տարիներին տնտեսության առաջընթացի առավել էական քսան պատճառները։
1. Նոր տնտեսական հարաբերությունների պայմաններում պետության դերի կտրուկ նվազումը և տնտեսության կառավարման բարձրագույն օղակներում անհրաժեշտ փորձի և բանիմացության պակասը:
2. Տնտեսության քաղաքականացվածության բարձր աստիճանը, որը հանգեցրել է կառավարման մարմինների հաճախակի փոփոխությունների: Միայն 1996-2000 թթ. Հայաստանն ունեցել է 7 վարչապետ և 7 տարբեր կառավարություն:
3. Աննախադեպ քաղաքական ցնցումների, մասնավորապես, 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի արձագանքը քաղաքական և տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում:
4. Մասնագիտական, մասնավորապես ազգային ժամանակակից տնտեսագիտական մտքի հանդեպ պետական պահանջարկվածության բացակայություն և մեկուսացում՝ մտավոր սեփականության տարբեր ոլորտներից:
5. 1991-2008 թթ. բարեփոխումների գործընթացում հեռանկարային տնտեսական ծրագրի, հայեցակարգի և հայեցակետի բացակայությունը:
6. Ազգային տնտեսության ճյուղերի, արտադրական կարողությունների, մարդկային, հանքա-հումքային, այլ ռեսուրսների մասին ամբողջական տեղեկության բացակայությունը:
7. Սեփականաշնորհման գործընթացի անտեղի և արհեստական արագացումը՝ դրանից բխող բազմաբնույթ սոցիալ-տնտեսական հետևանքներով:
8. Ստվերային տնտեսության բարձր տեսակարար կշիռը:
9. Տնտեսության պետական և մասնավոր հատվածներում հին մտայնության և մոտեցումների առկայությունը:
10. Հարկային «կոշտ» քաղաքականությունը, հարկային օրենքների հաճախակի փոփոխությունները:
11. Օլիգոպոլիաների և օլիգարխիկ խմբերի ձևավորումը։
12. Կոռուպցիան:
13. Կաշառակերությունը:
14. Բարեփոխումների իրականացման գործընթացում սեփական նախաձեռնության բացակայությունը, միջազգային կազմակերպությունների այլ երկրներում կիրառված մոդելների հարկադրանքը, ազգային տնտեսության առանձնահատկությունների անտեսումը:
15. Տեղական ներդրումների, փոքր ձեռնարկատիրության զարգացման համար բարենպաստ պայմանների, վստահության դաշտի բացակայությունը:
16. Սպառման ավանդական արտաքին շուկաներից մեկուսացումը, նոր շուկաների գրավման ուղղությամբ ուսումնասիրությունների բացակայությունը:
17. Տնտեսության իրական հատվածի զարգացմանը խոչընդոտող վարկերի բարձր տոկոսադրույքները:
18. Հաղորդակցության ուղիների շրջափակումը:
19. Հասարակական կյանքի տարբեր ոլորտներում օրենքի գերակայության բացակայությունը:
20. Արտաքին գործոնների, մասնավորապես երկու տասնամյակում համաշխարհային երկու խոշորագույն ճգնաժամերի, ինչպես նաև տարածաշրջանային հակասությունների բացասական ազդեցությունները ազգային տնտեսության ձևավորման և զարգացման վրա:
Անաչառությունը պահանջում է նշել, որ վերջին շրջանում նկատվում են միտումներ, որոնք միտված են որակապես փոխելու անկախության առաջին տարիներին տեղ գտած անընդունելի միտումներն ու տնտեսական ողջ համայնապատկերը: Իրականում հիշատակված խոչընդոտները կարող են նվազագույնի հասցվել միայն համակարգված գործողությունների և առկա հնարավորությունների ու ռեսուրսների նպատակային օգտագործման պարագայում:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2568

Մեկնաբանություններ