Հայաստանում նկատվում է վառելափայտի գնի կտրուկ բարձրացում։ Եթե մինչ նոր տարի մեկ խմ վառելափայտի արժեքը 30 հազար դրամ էր, ապա հունվարին այն դարձավ 50 հազար դրամ։ Այլ կերպ ասած, թանկացումը շոշափելի է` 20 հազար դրամ։
Այն, որ շուկայում վառելափայտի թանկացումը զգալիորեն հարվածել է բնակչության գրպանին, առանձնակի բացատրության կարիք չի զգում։ Նշենք միայն, որ բնակչության մի հատվածի համար այս թռիչքային գնաճն անցանկալի անակնկալ էր, որն ի չիք դարձրեց տաք ձմեռ անցկացնելու նրանց լավատեսական ակնկալիքները։ Դեկտեմբերից հետո սեփական մաշկի վրա զգալով գազի թանկացման հետևանքները, շատերը որոշել էին անցնել փայտի վառարանների։ Գուցե այդ վառարանները արդիական չեն 21-րդ դարում, սակայն յուրաքանչյուրի համար իր գրպանն ավելի կարևոր է։ Բայց, ինչպես ասում են, «ուզում էին, որ լավ լինի, ստացվեց ինչպես միշտ» տարբերակը։ Իրականության մեջ վառելափայտի պահանջարկի բարձրացումն առաջացրեց գնաճ։ Անկեղծ ասած, եթե ժողովրդի համար այս թանկացումն անցանկալի անակնկալ էր, ապա տնտեսագետների և վերլուծաբանների համար` ամենևին։ Դեռևս 2010-ի ապրիլին գազի գնի բարձրացումից հետո վառելիքի շուկայում որոշակիորեն բարձրացավ նաև փայտի գինը։ Ապրիլից կրկին գազի գնի բարձրացում է սպասվում։ Այս անգամ արդեն փայտը թանկացավ մինչ ապրիլ, քանի որ, մի կողմից, պահանջարկը մեծացավ, մյուս կողմից` դրան նպաստում է գազի գնի ապրիլյան բարձրացումը։ Սա նշանակում է, որ վառելափայտի գինն ուղղակիորեն փոխկապակցված է վառելիքի, իսկ Հայաստանում` առավելապես գազի գնի հետ։
Ասել, որ սա զուտ հայկական երևույթ է, ճիշտ չի լինի, քանի որ վառելիքի միջազգային շուկայում նույն տրամաբանությունն է գործում, ուղղակի մի տարբերությամբ, որ որոշ երկրներում այն խելքին մոտ է, մյուսներում` խելքից դուրս։ Այս առումով, կարծում ենք, Հայաստանն ավելի մոտ է «խելքից դուրս» երկրներին։ Ընդհանուր առմամբ, այս պահին վառելիքի միջազգային շուկայում նկատվում է և՛ նավթամթերքի, և՛ գազի, և՛ փայտի գնաճ։ Ըստ փորձագետների` վառելանյութի գնաճի միտումը երկար ժամանակ է, ինչ պահպանվում է։ Նշենք, որ ներկայումս նավթի մեկ բարելի գինը համաշխարհային շուկայում անցել է 100 դոլարի շեմը։ Եթե համեմատենք նոյեմբեր-հունվար ամիսների գների հետ, ապա այն բարձրացել է 20 տոկոսով։ Նման իրավիճակը փորձագետները պայմանավորում են Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում և այլ երկրներում առկա քաղաքական գործընթացներով։
Այն, որ տնտեսական դաշտում, մասնավորապես վառելիքի շուկայում, ընթացող գործընթացներն անուղղակիորեն փոխկապակցված են ընդհանուր քաղաքական իրավիճակներին, ապացուցված ճշմարտություն է։ Ճշմարտություն է նաև այն, որ քաղաքական ցնցումներից ամենաշատ տուժում է շարքային քաղաքացին։ Այն պարզ պատճառով, որ այդ վայրիվերումներն առաջացնում են պարենային ապրանքների գնաճ։ Իսկ այն, որ քաղաքացին շահեկան վիճակում չի հայտնվում, փաստում է նաև վիճակագրությունը։ ՀՀ ազգային վիճակագրական պետական ծառայության հրապարակած 2010-ի սոցիալ-տնտեսական ցուցանիշները փաստում են, որ մեզ մոտ գնաճը կազմել է 8,2 տոկոս։ Եթե սրան հավելենք, որ համաշխարհային գլոբալ ճգնաժամի հետևանքով և՛ պետական, և՛ մասնավոր հատվածում կադրերի զգալի կրճատում տեղի ունեցավ, ապա ակներև է, որ բնակչության համար սոցիալ-տնտեսական ցնցումը փոքր չէ։ Եթե նկատենք, որ ապրիլից նախատեսվում է գազի գնի բարձրացում, ապա պետք է ակնկալենք պարենային և ոչ պարենային ապրանքների գնաճ։ Թեև պետք է նշենք, որ հունվարից արդեն այդ գործընթացն սկսված է։ Հայրենի գործարարները, գազի գնի բարձրացմանն ընդառաջ, ջանք չեն խնայել սեփական եկամուտները նախապես ապահովելու ուղղությամբ։ Սակայն դրան զուգահեռ չի կարելի հստակ ասել, որ այսքանից հետո, ասենք մայիսից, գները կրկին չեն բարձրանա։
Ասել, որ գնաճի հարցում մեղավորը զուտ գործարարն է, սխալ կլինի։ Կարծում ենք, սա այն խնդիրն է, որը ներառում է ինչպես միջազգային, այնպես էլ ներքին գործոններ, և այս առումով շատ կարևոր է պետության դերը հատկապես միջազգային դաշտում։ Այն պարզ պատճառով, որ գազի գնի բարձրացումն առաջին հերթին պայմանավորված է Ռուսաստանի քաղաքականությամբ։ Այս դեպքում, կարծում ենք, Հայաստանը շատ ճկուն քաղաքականություն պետք է իրականացնի գոնե ներսում, որ հնարավորինս թեթևացնի սոցիալական այն բեռը, որը բաժին է ընկնում բնակչության զգալի հատվածին։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ