Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԹՎԵՐԸ ԿԼՌԵՆ, ԻՍԿ ԺՈՂՈՎՈ՞ՒՐԴԸ

ԹՎԵՐԸ ԿԼՌԵՆ, ԻՍԿ ԺՈՂՈՎՈ՞ՒՐԴԸ
24.01.2012 | 00:00

Օրերս պաշտոնական վիճակագրությունը փաստեց, որ 2011-ին գնաճը սահմանված ցուցանիշից չի անցել, ավելին, կազմել է 4,7 %, այսինքն, հաստատված 5,5 %-ից էլ ցածր։
Եթե հետևենք համաշխարհային վիճակագրությանը, ապա կստացվի, որ Հայաստանում գնաճը եվրոպական առաջատար երկրներում արձանագրված մակարդակից բարձր չի եղել։ Անգամ ՌԴ-ում արձանագրված գնաճից ցածր է եղել։ Այսպես, միջազգային աղբյուրները հաստատում են, որ գնաճի մակարդակը բարձր է եղել Ղազախստանում` 7,1, Ռուսաստանում` 5,9 %։ Եվրամիության երկրներում գրանցված գնաճի միջին ցուցանիշը կազմել է 2,7 %։ Ամենացածր գնաճն արձանագրվել է Վրաստանում` 1,4 %, ամենաբարձրը` Բելառուսում` 9,1 %։ Եթե համեմատենք այս ցուցանիշները, ապա կստացվի, որ Հայաստանում գնաճի մակարդակը մոտ է եղել Եվրամիության երկրների միջին ցուցանիշին, քանի որ, ըստ ՀՀ ԱՎԾ-ի, Հայաստանում անցած տարվա 10 ամսում արձանագրվել է 2,1 % գնաճ, և միայն վերջին ամսվա ընդհանուր գնաճը հասել է 4,7 %-ի։ Այլ կերպ ասած, հայրենի կառավարությունը կարող է «ուռա՜» բացականչել։ Իսկապես որ, պաշտոնական վիճակագրությունը, այսինքն, չոր թվերը փաստում են, որ 2010-ի վերջին կառավարությանն ուղղված ՀՀ նախագահի հորդորը գործադիրը պատվով է կատարել։ Սակայն կարծում ենք, սա այն եզակի դեպքերից է, երբ թվերը, որոնք ճշգրիտ գիտության վկաներն են, չեն արտացոլում իրական պատկերը։
Ինչ խոսք, մենք ուրախ կլինեինք, եթե ներկայացված փաստերն ու իրականությունը համապատասխանեին, բայց երբ շարքային քաղաքացուց մինչև խոշոր գործարար իրենց անձնական դրամապանակի վրա են զգում գնաճի իրական ցուցանիշը, այս դեպքում, կարծում ենք, թվերը դժվար թե խնդիր լուծեն։ Այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուր օր, գնումներ կատարելիս, ականատես ենք լինում օրեցօր աճող գների։ «Ամբողջ օրը իշխանությունները ներկայացնում են, թե գնաճ չկա, բայց մի քանի ձու, կարագ, ձեթ ես առնում, «մի փեշ» փող ես թափում»,- երեկ առավոտյան գնումներ անելիս մի քանի կանայք խանութում գանգատվում էին գների բարձրացումից։ «Ներեցեք, տիկին, որքա՞ն ապրանք եք գնել և ինչքա՞ն եք վճարել»,- հարցրինք դժգոհող կնոջը։ Նա հատ-հատ ներկայացրեց իր գնումները. «Կես կգ նորզելանդական կարագ, մեկ շիշ ձեթ, 15 հատ ձու, 300 գ ապխտած ձուկ, 340 գրամ ձիթապտուղ, 400 գ երշիկ։ Այս ամենի համար վճարել եմ 7700 դրամ։ Բայց հարցրեք` քանի՞ օր այս մթերքը կբավարարի չորսհոգանոց ընտանիքին` երկու-երեք օր։ Եթե գնեի նաև միս, պանիր, շաքարավազ, գումարը կկրկնապատկվեր։ Հիմա հաշվեք. միջինով, եթե երեք օրվա համար (այն էլ ոչ լիարժեք սննդի) ծախսվում է 7700 դրամ, ամսական որքա՞ն աշխատավարձ պետք է ստանա մեկ անձը, որ հա՛մ սնվի, հա՛մ կոմունալ վճարները մուծի, հագնվելու մասին էլ չեմ խոսում` պարզ է, որ դրան հերթը չի էլ հասնի»։ Տիկնոջ այս տեսակետին համամիտ էին խանութում ներկա բոլոր գնորդները` անկախ սոցիալական կարգավիճակից։ Այլ կերպ ասած, ժողովրդի ներկայացուցիչներն իրենց վիճակագրությունը ներկայացրին, որը հիմնված էր մերկ իրականության վրա։
Իսկ գուցե մարդիկ պարզապես չե՞ն նկատում դրական տեղաշարժերը և դժգոհում են առանց հետ նայելո՞ւ, այսինքն, չհամեմատելով 2011-ը 2010-ի ցուցանիշների հետ։ Այս հարցի պատասխանը, կարծում ենք, կարելի է փնտրել ԿԲ-ի վարած քաղաքականության մեջ։ Օրերս ԿԲ խորհրդի նիստը որոշում է կայացրել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ի՞նչ է սա նշանակում։ Նախ ասենք, որ ԿԲ-ի վերաֆինանսավորման գործիքը կոչված է կառավարելու տնտեսությունն ու գների աճը։ Այսինքն, երբ նկատվում է տնտեսության զգալի աշխուժացում, ինչի հետևանքով մարդկանց եկամուտներն աճում են այնքան, որ կարող են հանգեցնել գնաճի, ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և, տնտեսության աշխուժությունը մի փոքր սահմանափակելով, զսպում է գնաճը։ Նշված գործիքը կիրառվում է նաև տնտեսության աշխուժության նվազման դեպքում` իջեցվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հաշվին աշխուժանում է տնտեսությունը, և փոքր-ինչ աճում են գները։ Այլ կերպ ասած, տնտեսությունն ու գնաճը կարգավորող այս կարևոր գործիքը, ԿԲ խորհրդի որոշմամբ, այս տարի «անգործության» է մատնվել։ Ինչո՞ւ։ Արդյո՞ք ստատիկ իրավիճակը խիստ անհրաժեշտություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Դժվար թե, քանի որ ստատիկ վիճակը զարգացման չի տանում։ ՈՒրեմն ո՞րն է նման որոշման պատճառը, երբ 2011-ի գնաճի ցուցանիշը օրենսդրությամբ սահմանվածից էլ 0,8 %-ով ցածր է եղել` նախատեսված 5,5-ի փոխարեն գրանցվել է 4,7 %։ Նման դեպքում, սովորաբար (որը խիստ տրամաբանական է) ԿԲ-ն պետք է մի փոքր բարձրացներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, նպաստելով տնտեսության աշխուժացմանը։
Ինչո՞ւ 2012-ին ԿԲ-ն հրաժարվեց իր այս ճկուն քաղաքականությունից։ Ֆինանսական շուկայում գործող փորձագետների կարծիքով` ամեն ինչ շատ ավելի պարզ բացատրություն ունի. «Իրականում գնաճը շատ ավելի բարձր ցուցանիշներ ունի, և այն, որ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ, բխում է տնտեսության շահերից»։ Եթե վերադառնանք խանութներում հարցման ենթարկված գնորդների գնահատականներին և հաշվի առնենք ԿԲ-ի նշված որոշումը, պետք է ենթադրենք, որ ԱՎԾ-ի տվյալները, մեղմ ասած, չեն արտացոլում իրական պատկերը` ճշգրիտ չեն։ Սակայն արդյո՞ք օդից վերցրած ցուցանիշներից շահում է ժողովուրդը։ Իհարկե` ոչ։ Եթե կարծում եք, որ դրանից շահում է իշխանությունը, մեծ հաշվարկով նրան ևս դա ձեռնտու չէ, հատկապես ընտրական տարում։ Մի բան պարզ է` վիճակագրությունը փորձում է փոխել իրականությունը ժողովրդի աչքերին թոզ փչելու նպատակով, բայց ժողովրդին չես խաբի, երբ գնաճը նրա գրպանին է խփում։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2080

Մեկնաբանություններ