ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ
08.10.2010 | 00:00

Ռուսական կայսրությունը շատ հմտորեն է կառուցել իր աշխարհաքաղաքականությունը, ինչը մեծապես նպաստեց կայսրության վերականգնմանը խորհրդային շրջանում։ Բոլշևիկյան վարչակազմը ներքին սահմանների ձևավորմամբ, հարևան տերություններին զիջումներ անելով ստեղծեց աշխարհաքաղաքական մի կառուցվածք, որն ընդունակ էր գոյատևելու միայն ամբողջատիրության պայմաններում։ Ռուսական պետության գոյության անցումային շրջանն անցել է, և հրատապ է դառնում «պաշտպանական» աշխարհաքաղաքականությունից «հարձակողականի» անցնելու քաղաքականությունը։ Այստեղ գերիշխում են Ռուսաստանի ներքին և արտաքին սահմանների արմատական փոփոխությունը, նոր պետական կազմավորումների ստեղծումը ինչպես Ռուսաստանի կազմում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Հասարակական մտածողության տնտեսականությունը և հոգևոր անկումը գլխավոր խոչընդոտն են այդ ռազմավարության իրականացման ճանապարհին։ Սակայն Ռուսաստանում կան որոշակի կառույցներ, քաղաքական ու առևտրային շրջանակներ, որոնք լիովին ի վիճակի են կատարելու այդ առաջադրանքները։ Որոշակի իմաստով այդ խնդիրների լուծումը նշանակալի միջոցներ չի պահանջում։ Անհրաժեշտ է միայն հետևողականություն և ինքնուրույնություն ցուցաբերել որոշումներ ընդունելիս։ Եթե պարզվի, որ Ռուսաստանի քաղաքականությունը, որն ուղղված է աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխմանը, իրողություն է դարձել, Ռուսաստանը ձեռք կբերի ոչ քիչ թվով դաշնակիցներ ու գործընկերներ, կստեղծվի եվրասիական քաղաքական դաշտ նոր պայմաններում։ Ռուսաստանը, որպես եվրոպական ընկերակցության և ԱՄՆ-ի գործընկեր, անկասկածելի առավելություն է ստանում, բայց տվյալ աշխարհաքաղաքական «բևեռների» ենթակայության տակ գտնվող Ռուսաստանը կորցնում է իր արժեքն աշխարհում և դառնում անհետաքրքիր որոշակի արտաքին քաղաքական հավակնություններ ունեցող պետությունների ու ազգերի համար։ Ռուսաստանի ներկա աշխարհաքաղաքական վիճակը բավականին վնասաբեր է, և դա հարկավոր է հաղթահարել։ Ներկայումս Ռուսաստանի քաղաքական ղեկավարները ձգտում են ձևավորել մի ինչ-որ հանրամատչելի գաղափարախոսություն, որը ենթադրում է զուսպ, քաղաքական առումով կոռեկտ և անբասիր վերաբերմունք ինչպես բուն Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս ապրող ազգերի նկատմամբ։ Դրա հետ մեկտեղ ռուս ազգը նոր ժամանակների համար աննախադեպ ճնշում է զգում ազգային տարբեր խմբավորումների կողմից, որոնք աշխատում են կամ ինտեգրվել Ռուսաստանում, կամ ռուսների հետ կիսել իրական քաղաքական իշխանությունը։ Ներկա Ռուսաստանում գերունեցվածքների կեսից ավելին պատկանում է մահմեդական, հրեական կամ բողոքական դավանանքի մարդկանց։ Փաստորեն, ռուսական վերնախավերը հարկադրված են եղել զիջելու իշխանության մի մասը և ընդունելու, որ ռուսները Ռուսաստանում պետականաստեղծ ժողովուրդներից մեկն են միայն։ Ռուսները փոքրամասնություն են դարձել ձեռնարկչության, տեղեկատվության ոլորտներում, զինված ուժերում և անվտանգության համակարգում, մշակույթի և քաղաքացիական հասարակության ոլորտներում։ Խնդրահարույց է նաև այն, որ ներքաղաքական հարցերի նկատմամբ ռուսական վերնախավերի վերաբերմունքը տարածվում է նաև հարևան և այլ պետությունների ու ազգերի վրա։ Ներկա հանգամանքները ռուսական վերնախավերին համակում են ավելի ագրեսիվ տրամադրություններով, պաշտպանվողի, ժողովրդի կողմից դատապարտվողի զգացողությամբ։ Ռուս մտավորականները չեն կարող անտարբեր հետևել այդ գործընթացներին, հատկապես ռուսական քաղաքականության «տնտեսականացման» ծայրահեղ ձևերի պայմաններում։ Այժմ կարելի է վստահորեն արձանագրել այն, որ Մոսկվայում, մասամբ նաև Ռուսաստանի մի շարք տարածաշրջանային կենտրոններում, ստեղծվել է քաղաքական նախագծման և վերլուծության մի քանի խումբ, որոնց հովանավորները մասամբ պետական կառույցներն են, մասամբ` մասնավոր խմբավորումները։ Հատկանշական է, որ Ռուսաստանում տարածում ունի ամերիկյան ավանդական մի պրակտիկա, երբ ստեղծվում են մասնավոր և պետական նախաձեռնությունները ներառող կառույցներ։ Այդ կառույցներում շարունակվում է բանավեճը, ինչը բնորոշ է ռուսական մտավոր մշակույթին, բայց, այսպես թե այնպես, հաղթում են բացահայտորեն ազգայնական և անգամ աջ ազգայնական գաղափարները։ Պետք է նկատի առնել, որ այդ աշխատանքի զարգացումը չի կարող չազդել արտաքին քաղաքականության վրա, և հենց այդ կառույցներն էլ դարձել են գաղափարածիններն արտաքին քաղաքականության ոլորտում։ Իհարկե, այդ դոկտրինն առաջինը զգում են նախկին խորհրդային տարածքի ժողովուրդներն ու պետությունները։ Այդ մշակումները վերաբերում են հարևան պետությունների ու տարածաշրջանների ամենատարբեր խնդիրներին և կարող են ներկայացվել հետևյալ կերպ. բացի տեղեկատվական բազայի կուտակումից և տեղեկատվության համակարգումից, անհրաժեշտ է անցկացնել ընթացիկ խնդիրների, առանձին իրադարձությունների և քաղաքական ու սոցիալական բնույթի գործընթացների իրականացում, կազմել վերլուծական զեկույցներ։ Առանձին դեպքերում կարող է նպատակահարմարություն առաջանալ հրապարակայնացնելու հետազոտությունների արդյունքները` հասարակական կարծիք ձևավորելու նպատակով։
Ռուսաստանի չափավոր և զուսպ քաղաքականությունը թույլատրելի է միայն արևելասլավոնական մոտիկ ժողովուրդների ու պետությունների հանդեպ։ Այդ ուղղությամբ կան լավ հեռանկարներ։ Կասկած չկա, որ Կենտրոնական Ասիան տևական հեռանկարում կմնա որպես աշխարհաքաղաքական առումով խոցելի տարածաշրջան և կունենա Ռուսաստանի գերակշիռ ռազմաքաղաքական ներկայության կարիքը։ Ռուսաստանի տնտեսական մասնակցությունը ևս կարևոր է Կենտրոնական Ասիայի պետությունների համար։ Մերձավոր և Միջին Արևելքի վրա Ռուսաստանի ազդեցությունն անհնար է առանց Կովկաս-կասպյան տարածաշրջանում առկա խնդիրների լուծման։ Կովկաս-կասպյան և Բալկանյան տարածաշրջանները ռուսական քաղաքականության առաջնային ասպարեզն են։ Հետազոտությունների նպատակը անվտանգության պայմանների ուսումնասիրումն է, որոնք ձևավորվել են կամ առաջանում են Կովկասյան տարածաշրջանում, ներառյալ ժողովրդագրական, ազգային-քաղաքական, ազգային-մշակութային, հաղորդակցական և աշխարհատնտեսական խնդիրները։ Ենթադրվում է կազմել տեղեկությունների առարկայական զանգված, որն ունենա անհրաժեշտ բլոկներ (մասնավոր և համակարգային տեղեկությունների հավաքման և մշակման), ինչն արդյունքում պետք է հնարավորություն տա համակարգելու տեղեկությունները։ Մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում այդ մշակումների հայկական կողմը։
Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները բավականին սերտ են ու հասկանալի։ Առաջացող խնդիրները կարելի է լուծել արդեն գոյություն ունեցող պայմանագրերի զարգացմամբ։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Ադրբեջանը գտնվում է բավական բարդ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական պայմաններում և ջանում է դուրս գալ միավեկտոր կախման վիճակից։ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը զգալիորեն պայմանավորված են Վրաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումներով, որի քաղաքական ու տնտեսական վերնախավը միարժեքորեն կողմնորոշված է դեպի ԱՄՆ։ Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը կարոտ է ավելի մանրամասն մշակման և նոր բաղադրիչների ավելացման։ Հայաստանը մնում է Ռուսաստանի միակ լիարժեք գործընկերը տարածաշրջանում, և ռուսներն աշխատում են հաղթահարել իրենց դիրքերի այդ սահմանափակությունը։ Ելնելով այն բանից, որ Կովկասյան տարածաշրջանն առաջնային է Հայաստանի արտաքին շփումներում, ներառյալ անվտանգության խնդիրները, կովկասյան ուղղությունը հետազոտական ծրագրի շրջանակներում դիտվում է որպես կարևոր։ Վրաստանում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերում, Ռոստովի մարզում և Հյուսիսային Կովկասի հանրապետություններում, մոտավոր տվյալներով, ապրում է առնվազն 1345 հազար հայ, որոնք քաղաքական և սոցիալ-տնտեսական զգալի դժվարություններ ունեն։ Դրա հետ մեկտեղ, այդ բնակչության կարողությունները չեն օգտագործվում, փաստորեն, ի շահ Հայաստանի, և թույլ է կապը պատմական հայրենիքի հետ։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում մոտ 1750 հազար հայ է ապրում, որոնք բավականաչափ կազմակերպված չեն, և նրանց կառույցները կարող են Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական ինտեգրման, իսկ հետագայում Ռուսաստանի կողմից Հայաստանի ներմիավորման գործիք լինել։ Թեև Հայաստանը ներկայացվում է որպես Ռուսաստանի հավատարիմ գործընկեր, այնուամենայնիվ, նա դժվարանում է Հայաստանի հնարավորություններն օգտագործել տարածաշրջան ավելի ընդգրկուն ներթափանցման համար։ Հայ քաղաքական ղեկավարությունը, ինչպիսին էլ լինի, չի կարող լիովին անտեսել իր երկրի ազգային շահերը և ընդունել Ռուսաստանի հետապնդած բոլոր նպատակներն ու ունեցած մտադրությունները։ Սակայն Հայաստանի առնչությամբ Ռուսաստանի գլխավոր խնդիրը եղել ու մնում է իշխանափոխության, քաղաքական այլ ուժերի իշխանության գալու սպառնալիքը։ Այդ սպառնալիքը Ռուսաստանում ավելի իրական է համարվում, քան բուն Հայաստանում։ Ռուսական քաղաքական վերլուծաբանները միանգամայն այլ կերպ և հայ գործընկերներից ավելի հստակ են դիտարկում Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխման հետ կապված վտանգները։ Մոսկվայում կարծում են, թե Հայաստանը կարող է ընթանալ Ռուսաստանի ազդեցության տակից, նրա քաղաքականության ծիրից աստիճանաբար, դանդաղորեն դուրս գալու ուղիով։ Մոսկվայում բավական մանրամասնորեն են ուսումնասիրել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը, ի հայտ են բերել այն խմբավորումները, որոնք կարող են հայկական քաղաքականությունը տանել այլ ուղղությամբ։ Ընդ որում, հնարավոր է համարվում Հայաստանում երկու ուժերի` ազատականների և ազգայնականների միավորումը, որոնք հանդես են գալիս ներկա իշխանությունների դեմ։ Մոսկվայում, իհարկե, կցանկանային իշխանության ղեկին տեսնել այլ մարդկանց ու խմբավորումների, քանի որ ներկա իշխանությունների հետ գործ ունենալն այնքան էլ հարմար չէ։ Բայց հարկ է լինում գործ ունենալ ներկա ղեկավարների հետ, որոնք ընկալվում են որպես «անցումային շրջանի» իշխանության «անձնավորում», և ռուսներն աշխատում են այդ «անցումային շրջանի» ընթացքում իրացնել ինչ կարող են։ Այդ «անցումային շրջան» հասկացությունը նշանակում է ոչ այլ ինչ, եթե ոչ Ռուսաստանի շահերին Հայաստանի լիակատար պաշտոնական ենթարկում, նրա անկախ պետականության լուծարում։ Այլ շրջադարձերը կարող են շատ վտանգավոր դառնալ Ռուսաստանի ռազմավարական դիրքերի համար։ Միանգամայն հասկանալի է, որ այդ նպատակներն անմիջականորեն շաղկապված են այն մշակումների հետ, որ առկա են Ռուսաստանի քաղաքական նախագծման ոլորտում։
Այն պայմաններում, երբ Ռուսաստանում ու Վրաստանում տեղի են ունենում քաղաքական տարբեր գործընթացներ, հետաքրքրություն են ներկայացնում հայ բնակչության քաղաքական, սոցիալական և մշակութային կենսապայմանների հետազոտությունները, ներառյալ ժողովրդավարական և սոցիալ-մշակութային պայմանների, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, հասարակական ոլորտում ակտիվ առանձին անհատների, կրթական համակարգի գործունեության պայմանների, տվյալ և այլ պետությունների տարբեր կազմակերպությունների ու պաշտոնական ատյանների հետ կապի վերաբերյալ տեղեկության համակարգումը։ Արդյունքում կարող է կազմվել Վրաստանի և Հյուսիսային Կովկասի հայ բնակչության ազգային-սոցիալական քարտեզ` վարչատարածքային ու գործառական նկատառումով։ Անհրաժեշտ է պարզել տեղական և կենտրոնական իշխանությունների քաղաքականության հետ կապված խնդիրները, նշելով առանձին քաղաքական գործիչների ու վարչական ղեկավարների դիրքերի, տեղական իշխանությունների և հասարակական կազմակերպությունների, տեղական խմբավորումների հետ հարաբերությունների առանձնահատկությունները, այլ ազգային և տարածաշրջանային խմբերի հետ հայ բնակչության հարաբերությունների միտումներն ու բնույթը։ Մոսկվայում հասկանում են, որ իրենք բաց են թողել հնարավորությունները, որ կարող էին ընձեռվել Վրաստանում հայկական խնդիրների միջոցով, և կցանկանային լրացնել բաց թողածը։ Բայց դա պահանջում է ճիշտ հաշվարկ և իրատեսություն, ինչը ժամանակ և այլ ռեսուրսներ է պահանջում, իսկ դա անելու ցանկություն ոչ միշտ է լինում։
Առավել հրատապ նշանակություն ունեն սահմանակարգային (ինստիտուցիոնալ) հարցերը` կապված կրթական համակարգի և հայկական կրթական հաստատությունների համար կադրերի պատրաստման համակարգի գործառության հետ, ինչը կախված է Հայաստանի համապատասխան գերատեսչությունների, մասամբ նաև առանձին հասարակական կազմակերպությունների գործունեությունից։ Այդ ուղղությամբ գործունեության ծրագրի կազմավորումը պետք է իրականացվի հետևողականորեն, առաջարկությունների նախապատրաստմանը համընթաց։ Կարևոր է այդ աշխատանքը կատարել` կողմնորոշվելով դեպի հայ բնակչության վարչասոցիալական կարգավիճակի բարձրացման, նրա կարողություններն ի շահ Հայաստանի օգտագործման պայմանների նախապատրաստումը։
Տարիներ ի վեր Ռուսաստանի արտգործնախարարությունն իր դիվանագիտական ներկայացուցիչներին այն երկրներում, որտեղ հայկական մեծ սփյուռք կա, ցուցում է տալիս շոշափել և փորձել հիմքեր ստեղծել ռուսամետ կողմնորոշման այնպիսի միավորումներ ստեղծելու համար, որոնք հանդես գան որպես տեղեկատվական-լոբբիստական կառուցվածքներ։ Որքան էլ տարօրինակ լինի, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ստեղծման հետևանքով հայկական սփյուռքի օգտագործումն ավելի է դժվարացել, իսկ վերջին տարիներին գրեթե անհնար է դարձել։ Եթե առաջ հայկական սփյուռքը բավական ներփակ, շատ հնաձև կազմավորված համայնք էր, ապա հիմա հայ բնակչությունն սկսել է ավելի ու ավելի ներգրավվել բնակության երկրների քաղաքական ու պետական կառուցվածքներում։ Միաժամանակ առկա է միանգամայն տարբեր կազմակերպություններ ու տարբեր մարդկանց ներառող հայկական միջպետական կազմակերպությունների ստեղծման միտում, ինչն այդ կազմակերպությունները դարձնում է ոչ պակաս խոցելի։ Սփյուռքահայության նոր սերունդները ստացել են բարձրակարգ կրթություն, ինչը նրանց հնարավորություն է տալիս ոչ միայն բարձր դիրքեր զբաղեցնելու բնակության երկրներում, այլև նոր մտածողություն, պրոֆեսիոնալ մակարդակով գլուխ հանելու արդի քաղաքական և տնտեսական գործընթացներից։ Մոսկվայում չէին կարող հետևություն չանել այն մասին, որ ներկայումս չկան այնպիսի մոտեցումներ, որոնք ամուր կապ ստեղծեին Ռուսաստանի ու հայկական սփյուռքի միջև։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հայկական սփյուռքի առնչությամբ խնդիրը ոչ թե համապատասխան կառույցների կառավարելիությունն է, այլ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարբեր պետություններում գտնվող հայ համայնքների վրա այդ կառույցների ազդեցության ցածր արդյունավետությունը։ Այս կապակցությամբ առաջարկություններ են արվում փոխել մոտեցումները և հայկական սփյուռքի կազմակերպությունների հետ հարաբերվել փոխշահավետ պայմաններով։ Այդ առաջարկությունները կասկածի են ենթարկվում Մոսկվայի պետական կառույցներում, բայց արդյունքում քաղաքական մշակումների ոլորտում այդ հարցի առնչությամբ ընդունված հանձնարարականներ չկան։ Ռուսաստանի հայկական համայնքի կառույցներին ամբողջ հայկական սփյուռքի ենթարկման գործը, ըստ էության, ձախողված է, ինչը հետևանք է մի շարք ոչ պրոֆեսիոնալ, արկածախնդիր մարդկանց ապաշնորհ գործողությունների ու «մշակումների»։ Տեսակետ կա, թե հայկական ծագմամբ որոշ մարդկանց մասնակցությամբ է այդ «հայկական նախագիծը» միտումնավոր տապալվել, և հենց այդ նպատակով են նրանք այդ կառույցներ թափանցել։ Ներկայումս ռուս մշակողները սկսում են հասկանալ, որ հայկական սփյուռքի կազմակերպություններին պետք է լուրջ վերաբերվել։ Մասնավորապես, Մոսկվան իր համար պարզել է, որ սփյուռքահայ կազմակերպությունների գործունեության ձևերից մեկը նրանց` միմյանցից անկախ գործունեությունն է և զուգահեռ նպատակների ու խնդիրների առկայությունը։ Ռուսաստանի իրազեկիչ ծառայությունները ղեկավարությանը տեղեկացնում են, որ ամբողջ հայկական սփյուռքը, այդ թվում` հենց Ռուսաստանում եղած հայկական կառույցները, ավելի ու ավելի են ինտեգրվում կամ անմիջականորեն ԱՄՆ-ի քաղաքական շրջանակների հետ, կամ գաղափարների ու գաղափարախոսությունների ոլորտում։ Ռուսաստանը չի կարողացել այլընտրանքներ առաջարկել և համարվում է Հայաստանի ոչ այնքան հուսալի գործընկեր։ Ռուսահայերի շրջանում ուժեղանում են բնակության երկրի հանդեպ անբարեհաճության տրամադրությունները, ծնունդ են առնում հայկական կազմակերպությունների գործունեությունը վերաիմաստավորելու ձգտումներ, նրանք գործընկերներ են փնտրում արտասահմանում, գլխավորապես ԱՄՆ-ում` նպատակ ունենալով խորհուրդներ ստանալ և փոխառնել «դասական» լոբբիստական կազմակերպությունների գործունեության փորձը։ Ընդունված է որպես ճշմարտություն, որ ներկա փուլում ռուսական կառույցները չեն կարողացել օգտվել հայերի հնարավորություններից ինչպես բուն Ռուսաստանում, այնպես էլ այլ երկրներում։ Մոսկվայում ձեռնամուխ են եղել նոր հղացումների ու կոնկրետ նախաձեռնությունների մշակմանը։ Հայաստանի ու հայերի նկատմամբ Մոսկվայի ուշադրության մեծացման կարևոր հանգամանքը մասամբ պայմանավորված է Ռուսաստան-Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների «եռանկյունու» ներսում նոր իրողությունների և նոր խնդիրների առաջացմամբ։ Ռուսաստանն այս իրավիճակում նոր դիրքորոշումներ և քաղաքականություն կառուցելու համար ռեսուրսների պակաս է զգում և ձգտում է օգտվել ոչ միայն հայկական ցանցային կառույցներից, այլև ընդհանուր առմամբ «հայկական գործոնից»։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ