ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԱՄՆ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ԱՄՆ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
15.06.2010 | 00:00

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի այցն Ադրբեջան կրում էր գերատեսչական զննության բնույթ. Պենտագոնը որոշել էր համոզվել, որ դեպի Աֆղանստան ռազմական բեռների փոխադրման երթուղիներից մեկը կասկածներ չի հարուցում։ Գեյթսն ընդգծեց իր այցի գերատեսչական նշանակությունն ու իմաստը, հայտարարեց, որ ինքը Հիլարի Քլինթոնին կհաղորդի Բաքվի անհանգստությունը ղարաբաղյան խնդրի առնչությամբ։ Այդ հարցում կենտրոնացված էր Ադրբեջանի և առհասարակ Կովկասի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականության ամբողջ տրամաբանությունը։ ԱՄՆ-ը որոշել է Բաքվին ցույց տալ նրա տեղը համաշխարհային քաղաքականության մեջ` թուրք-հայկական բանակցությունների առթիվ Ադրբեջանի արձագանքին ի պատասխան, երբ ամերիկացիներն այդ երկրին չափազանց կարևոր դերակատարում վերագրեցին Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման հարցում։ Ամերիկացիներն արագորեն պարզեցին, որ ադրբեջանական գործոնն առհասարակ որևէ նշանակություն չի ունեցել թուրքական խաղում։ Թուրքիան Ադրբեջանին ռեզերվի դեր էր վերապահել իր քաղաքականության մեջ, եթե պարզվեր, որ ԱՄՆ-ը Անկարայի համար չի երաշխավորելու հայկական հարցի «փակում» և հավանություն չի տալու «օսմանյան տարածության» վերականգնմանն ուղղված թուրքական քաղաքականությանը։ Բաքվում ևս հասկացան ստեղծված իրավիճակի անհեթեթությունը և պատրաստ էին ընդունելու Վաշինգտոնի ցանկացած քայլ։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանը կոչված էր ԱՄՆ-ի ռազմավարության շրջանակներում կատարելու երկու գործառույթ. դառնալ նավթի այլընտրանքային «տակառ» և դեպի Աֆղանստան ռազմական բեռների փոխադրման տարանցիկ միջանցք։ Նախկինում այս երկու գործառույթներն ԱՄՆ-ին ավելի կարևոր էին թվում, քան հիմա։ Առաջնահերթությունների փոփոխման հետևանքով նավթային գործոնի քաղաքականացումը նկատելիորեն թուլացել է, իսկ տարանցման ոլորտը գնալով նոր ուղիներ է փնտրում։ «Ռազմավարական գործընկեր» հասկացությունն ունի ավելի շատ լեզվաբանական, քան կոնկրետ քաղաքական իմաստ, իսկ Ադրբեջանի առնչությամբ այս հասկացությունը միշտ էլ խիստ հարաբերական է եղել։ Ներկայումս Ադրբեջանին վերագրված երկու գործառույթներն էլ շարունակում են պահպանել իրենց նշանակությունը, բայց ամենևին էլ ոչ այնքան, որ Ադրբեջանին թույլ տան հավակնելու իր քմահաճույքների կատարմանը։
Տևական մտորումներից հետո Ադրբեջանը, այնուամենայնիվ, ընդունեց ռազմական դոկտրին հիշեցնող մի բանաձև, ուր փորձ է արվում չնշել առկա իրական սպառնալիքները։ Ադրբեջանը շրջապատված է պետություններով, որոնք տարածքային հավակնություններ ունեն նրա նկատմամբ։ Դրանք են Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Թուրքմենստանը, հնարավոր է նաև` Վրաստանը, ինչպես նաև որոշ երկրների, առաջին հերթին, Դաղստանի և Թալիշստանի ազգային շրջանները։ Այս ամենը ոչ պակաս, անգամ ավելի վտանգավոր մարտահրավեր է, քան ղարաբաղյան խնդիրը։
Բրիտանացի և ամերիկացի վերլուծաբաններն ադրբեջանա-ռուսական հարաբերությունները բնութագրում են որպես անհետևողական, ինչը կապված է ոչ այնքան ռուս-հայկական գործընկերության, որքան դեպ Թուրքիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ նրա ռազմավարական կողմնորոշման հետ։ Սակայն նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերությունները ոչ միշտ են հարթ ընթանում, քանի որ Թուրքիան իր քաղաքական շահերն է հետապնդում Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի հետ հարաբերություններում։ Ռուս քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները հասկանում են, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները լավագույն դեպքում կարող են լինել հարթ, գործընկերային, անգամ բարեկամական, բայց ոչ երբեք դաշնակցային։ Ռուսական վերլուծական ընկերակցության գլխավոր նվաճումներից մեկն այն ըմբռնումն է, որ Ռուսաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղը նվիրել Ադրբեջանին։ Վերջին ժամանակներս Մոսկվայում անգամ չեն էլ փորձում ձևացնել, թե այդ «նվերը» հնարավոր է, ինչը կարևոր է թվում Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման տեսանկյունից։ «Ադրբեջանական խաղերում» Մոսկվան իր հաշվարկները կառուցում է ո՛չ այնքան Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան խնդրի լուծման, որքան հայկական կառավարող վարչախմբի զիջողականության վրա, ինչն էլ ավելի կասկածելի է։ Ըստ երևույթին, Բաքվում պատրանքներ չկան այն առնչությամբ, թե Ռուսաստանը կհամոզի Հայաստանին գնալու զիջումների։ Ավելի շուտ Բաքուն հույս ունի, որ ԱՄՆ-ը կսկսի ավելի լրջորեն երկյուղել, թե Ադրբեջանը կտրուկ կկողմնորոշվի դեպի Ռուսաստան։
Ադրբեջանի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը նրա կառավարող քաղաքական վերնախավին հարկադրում է իր նպատակներն ու անելիքները համաձայնեցնել ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ, որոնք ի վիճակի են ազդեցություն գործելու Ադրբեջանի ու նրա հանրության վրա։ «Նախիջևանյան կլանն» ու Ալիևի ընտանիքն այսօր առնչվում են Օբամայի վարչակազմի «նոր կուրսին»` գտնվելով որոշակի շփոթվածության, ներքաղաքական, պետական ու ազգային վերահաս ճգնաժամի մեջ։ Ալիևի ընտանիքին քիչ են հետաքրքրում այն խնդիրները, որոնք կապված չեն իր քաղաքական դրության հետ, օրինակ` ղարաբաղյանը կամ երկրի սոցիալական վիճակը։ «Ընտանիքի» քաղաքականությունն ուղղված է բացառապես իր դիրքերի ամրապնդմանը։ Այս միանգամայն մասնավոր շահերի հետ է կապված նաև Ադրբեջանի շահերի սակավարդյունավետ արտաքին քաղաքական տարփողումը, քանի որ երկրի բոլոր կապերը, պարտավորեցնող շփումներն ու արտաքին դիրքորոշումներն ուղղորդվում են «ընտանիքի» շահերի պաշտպանությանը։ Օրինակ, ղարաբաղյան խնդրի առնչությամբ Ադրբեջանի շահերի լոբբիստական աջակցությունն իրականացվում է որպես երրորդական հարց։ Այս պնդումը կարող է տարօրինակ թվալ, քանի որ Բաքուն սկսել է զգալի միջոցներ ծախսել բառացիորեն ամբողջ աշխարհում տարվող լոբբինգի վրա։ Բայց այդ լոբբինգի էության ու արդյունքների ավելի ուշադիր զննությունն այն հետևությանն է հանգեցնում, որ տվյալ դեպքում գործ ունենք մի խայտառակ փաստի հետ. այն է` լոբբինգ իրականացնողները պարզապես «փողեր են լվանում»։
Հարկ է նաև նշել, որ միջազգային ասպարեզում Ալիևների «ընտանիքի» անվտանգության պաշտպանն ու երաշխավորը ոչ թե Թուրքիան է, այլ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու «Բրիթիշ փեթրոլեում» ընկերությունը։ Պահպանողական կուսակցությանն ու Մարգարետ Թետչերին մոտ կանգնած Մեծ Բրիտանիայի քաղաքական շրջանակներն են իրականացրել այն խիստ բացասական վարկանիշի չեզոքացումը, որ ԱՄՆ-ում (այդ թվում` Կոնգրեսում ու պետդեպում) Քլինթոնի և Բուշի վարչակազմերի օրոք ձևավորվել էր կառավարող «ընտանիքի» նկատմամբ։ Սակայն Մեծ Բրիտանիան մտադրություն չունի նկատելի դարձնելու իր ներկայությունն Ադրբեջանի քաղաքական գործընթացներում, նրա խնդիրն է ապահովել իր ընկերությունների հետագա վերահսկողությունն ադրբեջանական նավթի նկատմամբ։ Ադրբեջանի առավել կարևոր ու երկարաժամկետ արտաքին քաղաքական շահերը Մեծ Բրիտանիայի անմիջական պաշտպանությանը չեն արժանանում։ Իրենց հերթին ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքական շրջանակները շահագրգռված չեն Ադրբեջանի կառավարության կողմից ազգային շահերի պաշտպանության քաղաքականության վարմամբ, այդ թվում` ղարաբաղյան հարցում, քանի որ դա սաստկացնում է վտանգն ու սպառնալիքը նավթի արդյունահանման և փոխադրման ոլորտում, ինչպես նաև թուլացնում է ԱՄՆ-ի ազդեցությունն Ադրբեջանի վրա։ Վարչակազմի վստահությունը վայելող ամերիկյան շրջանակների հետ Մեծ Բրիտանիայի նավթային բիզնեսի ներկայացուցիչների կապերը կարող են վճռորոշ դեր խաղալ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացների զարգացման գործում և, առաջին հերթին, Ալիևների «ընտանիքի» քաղաքական ճակատագրում։ Բայց այն ամենը, ինչ կարողացել են անել բրիտանացիները, արդեն արել են, և ավելիին չեն գնա։
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը շատ խոցելի վիճակում է, և նրան անհրաժեշտ է ԱՄՆ-ի, մասամբ նաև Թուրքիայի ու Ռուսաստանի աջակցությունը։ Իլհամ Ալիևը փորձեց ստանալ Իրանի աջակցությունը, բայց այդ խնդիրն անգամ մասնակի լուծում չստացավ։ Սակայն միաժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա հենվելը խիստ խնդրահարույց է, իսկ Թուրքիայի վրա հենվելը կարող է փոխարինել ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությանը։ Իրավիճակը բարդացել է նաև նրանով, որ ամերիկա-թուրքական հարաբերությունները լարվել են։ Իրաքում գործողություններն ավարտվելուց անմիջապես հետո ԱՄՆ-ը քայլեր ձեռնարկեց ընդլայնելու իր ռազմաբազաների աշխարհագրությունը «Մեծ Մերձավոր Արևելքում» այն հաշվարկով, որ բացառվի Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից այդքան մեծ կախումը։ ԱՄՆ-ը սկսել է հնարավորություններ որոնել Հարավային Կովկասում և Պարսից ծոցում ռազմական ավիացիայի բազավորման այլընտրանքային վայրեր ստեղծելու ուղղությամբ։ Միաժամանակ ԱՄՆ-ը թուլացրել է ուշադրությունը և ոգևորություն չի դրսևորում «Նաբուկո» գազամուղի շինարարության նախագծի առնչությամբ, ինչն անդրադարձել է եվրոպական պետությունների միջազգային ֆինանսական կազմակերպությունների սպասողական դիրքորոշման վրա։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների սառչելու գլխավոր հետևանքը եղավ այն, որ ԱՄՆ-ը ձգտում է Ադրբեջանը հեռու պահել Թուրքիայից։ Անուղղակի նշաններ կան, որ ԱՄՆ-ը ձգտում է սահմանափակել ոչ միայն ադրբեջանա-թուրքական, այլև վրաց-թուրքական հարաբերությունները։ Սակայն եթե նախկինում Հարավային Կովկասում Թուրքիայի ռազմական քաղաքականությունն իրականացվում էր կա՛մ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունների, կա՛մ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում, ապա կարելի է ակնկալել, որ Թուրքիան պատրաստ է բավականին անկախ ռազմական քաղաքականություն վարելու Վրաստանի ու Ադրբեջանի հանդեպ։ Հնարավոր է, որ դրանք լինեն համեստ ու սահմանափակ ծրագրեր, բայց հետևողական ու համակարգային։ Ամերիկացիների առջև խնդիր է դրված ճիշտ գնահատելու Վրաստանի ու Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացման «ռացիոնալ միջինը»։ Մինչև իրաքյան գործողությունները նման խնդիր դրված չէր, այդ հարաբերությունների զարգացումն առաջ ոչնչով չէր սահմանափակվում։ Իհարկե, սրանք շատ կարևոր մարտավարական խնդիրներ են, և ամերիկացիներն աշխատում են գոնե իմաստավորել և պատկերացնել դրանց լուծման ուղիները։ Բայց բանն այն է, որ Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի այլ պետությունների խնդիրն է դարձել Կովկասում ԱՄՆ-ի ակտիվության որոշակի թուլացումը, ինչը առաջնայնությունների վերանայման հետևանք է։
Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը հաշվի է առնում ոչ միայն ուժի աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության, այլև տարածաշրջանային այլ պետությունների` Հայաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի ու Վրաստանի շահերը։ ԱՄՆ-ը, այսպես թե այնպես, պետք է պահպանի հավասարակշռությունն Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերություններում, ներառյալ տնտեսական օգնությունը, քաղաքական ու ռազմական համագործակցությունը, ղարաբաղյան խնդրի կարգավորումը, քաղաքական վարչախմբերի քննադատությունն ու համապատասխան պահանջների ներկայացումը։ Սակայն պարզվում է, որ «հավասարակշիռ» քաղաքականության հետագա վարումն անհնար է։ Հայաստանի նախագահական ու խորհրդարանական հերթական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ը ձգտում է օգտվել պահից` Հայաստանի վրա քաղաքական լուրջ ճնշում գործադրելու և երկիրն ամերիկյան շահերին լիովին ենթարկելու համար։ Համանման ճնշում է գործադրվում նաև Ալիևների «ընտանիքի» վրա։ Սակայն Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, հայտնվելով ծայրաստիճան աննպաստ վիճակում, որոշում ընդունեց լիովին անտեսել պետդեպարտամենտի և Սպիտակ տան հայտարարություններն ու գործողությունները։ Նախագահական ընտրությունների ժամանակ ուժեղ ճնշման ու քննադատության ենթարկվելով, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը խորհրդարանական ընտրարշավը և բուն ընտրություններն անցկացրեց բացառապես հօգուտ իր «թիմային» շահերի, լիովին անտեսելով ԱՄՆ-ի շահերը։ Ընտրություններից շատ չանցած Հայաստանը հայտարարեց, որ հանդես կգա Իրանի դեմ ագրեսիա իրականացնելու Միացյալ Նահանգների մտադրությունների դեմ։ Դա զգալի չափով կխարխլի ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում, որը հիմնված է «հաշվեկշիռների» պահպանման վրա։ ԱՄՆ-ը հասկացավ, որ կա՛մ անհրաժեշտ է հրաժարվել «հաշվեկշիռների» քաղաքականությունից և իր համար առաջնային դարձնել Ադրբեջանի հետ հարաբերությունները, լիովին անտեսելով Հայաստանը, կա՛մ փորձել վերականգնել քաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, քանի որ Հայաստանի մեկուսացումը, Իրանի ու Թուրքիայի հետ առճակատման պայմաններում, ոչինչ չի տա ԱՄՆ-ին։ Պարզվում է` ԱՄՆ-ը միշտ էլ «հայկական գործոնն» օգտագործել է Թուրքիայի ու Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Վերլուծության խնդիրն այն է, թե որքան սկզբունքային ու երկարաժամկետ է այդ «նոր» իրավիճակը տարածաշրջանում։ Մեր կարծիքով, անկախ զարգացումներից, ԱՄՆ-ը ծրագրեր չունի Հարավային Կովկասում ինչ-որ նոր քաղաքական կուրս իրականացնելու և կձգտի պահպանել «հաշվեկշիռների» քաղաքականությունը։ Դա հիմնվում է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի հետապնդած առաջնային խնդիրների լուծման վրա, որոնց նպատակն է պահպանել կայունությունը` Կասպյան ավազանի ածխաջրածինների հաջող փոխադրման և ռազմական տարանցման ապահովման նպատակով։ Մնացած բոլոր խնդիրները կա՛մ ենթարկվում են այդ նպատակին, կա՛մ իրականում չեն մտնում ԱՄՆ-ի «Կովկաս-Կասպյան» խնդիրների կազմի մեջ, օրինակ, Իրանի խնդիրը։ Եվ, այնուամենայնիվ, ամերիկյան քաղաքականությունը Հարավային Կովկասում արդեն որակապես տարբերվում է Ռուսաստանի քաղաքականությունից։ Դրա իմաստն այն է, որ ԱՄՆ-ը (տարածաշրջանում իր քաղաքականության իրականացման ոչ ամենասկզբից) Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ կվարի, փաստորեն, ոչ փոխշաղկապված քաղաքականություն, ինչպես դա առայժմ անում է Ռուսաստանը։ Այսինքն, ԱՄՆ-ը Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններն արդեն չի համարում հաղորդակցվող անոթների համակարգ։ Տարածաշրջանում քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը ռուսական քաղաքականությունը ևս կհանգեցնի այդ մոտեցումներին ու ոճին։
Թուրքիայի և Հայաստանի ներգրավումն իրենց հարաբերությունների կարգավորման գործընթացում դարձավ ԱՄՆ-ի համար ճնշման կարևոր լծակ և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա։ Հայաստանը ներգրավված է տարածաշրջանում ԱՄՆ-ի ավելի ակտիվ քաղաքականության մեջ, որի գլխավոր խնդիրն է զսպել Թուրքիային, թույլ չտալ, որ նա ինքնուրույն տարածաշրջանային քաղաքականություն ծավալի։ Միաժամանակ Ադրբեջանը սերտորեն կապված է այդ քաղաքականությանը և ավելի մեծ կախվածության մեջ է ընկել ԱՄՆ-ից, քան առաջ, Ադրբեջանի ղեկավարության շրջանում պատրանքներ են առաջացել, թե իրենց երկիրը միջազգային ասպարեզում ավելի անկախ է, քան Հայաստանը կամ Վրաստանը։ ԱՄՆ-ը ներկայումս, փաստորեն, Ադրբեջանում իրականացրել է իր բոլոր ծրագրերը։ Նա, Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, լիակատար հսկողության տակ է առել նրա նավթի ու գազի պաշարները, էներգահաղորդակցության ուղիները, ստեղծել է մի շարք բազաներ` հետախուզակայանների տեսքով, ապահովելով հուսալի ռազմական տարանցում արևելյան ուղղությամբ, ինչը չափազանց կարևոր է Հարավային ու Կենտրոնական Ասիայում իրականացվող ռազմավարության համար և Ադրբեջանի ղեկավարությանն իրենց քաղաքականությանը «կապելու» առումով։ Այժմ ԱՄՆ-ին երաշխիքներ են պետք, որ Թուրքիան չի միջամտի Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաններում, որտեղ հաստատված են ԱՄՆ-ի շահերն ու ներկայությունը։ Այս կապակցությամբ ամերիկացիներին ոչ միայն անհրաժեշտ է զսպել Թուրքիային` թուրք-հայկական հարաբերությունների, այլև ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացների միջոցով Ադրբեջանին ներքաշել Հայաստանի հետ կապված խնդիրների համալիրի մեջ։ ԱՄՆ-ը կարողացել է Թուրքիային հեռու պահել ղարաբաղյան գործընթացից, իսկ Ադրբեջանին` թուրք-հայկական բանակցություններից։ Սա հեշտ խնդիր չի եղել, բայց ԱՄՆ-ը լուծել է այն և բավականին հեշտորեն։ Այդ աշխարհաքաղաքական խնդիրը սերտորեն շաղկապված է Իրանից և Ռուսաստանից Ադրբեջանը, ինչպես նաև Եվրամիությունը հեռու պահելու խնդիրների հետ։ Ադրբեջանի վերնախավը հասկացել է, որ իրենց երկրին չի հաջողվի իրականում ընդունել Թուրքիայի գերադաս խնամակալությունը, իսկ նա մոտակա հեռանկարում կմնա ԱՄՆ-ի հովանու տակ։ Եթե ԱՄՆ-ին հաջողվի լիովին կատարել Թուրքիայից Ադրբեջանը հեռու պահելու առաջադրանքը, ապա դրանով իսկ նա կցուցադրի Թուրքիայի անընդունակությունը` լուծելու անգամ առավել մերձավոր գործընկերոջ վրա իր գերիշխանության խնդիրը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ