ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ` ՈՒՄ ՀՈՒՅՍԵՐԸ ԵՐԲ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ` ՈՒՄ ՀՈՒՅՍԵՐԸ ԵՐԲ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ
14.09.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում առանձնապես մեծ իրադարձություններ չեղան աշխարհում, մի քիչ ավելի պարզ դարձավ քաղաքական դաշտի ուրվագիծը, ավելի անթաքույց առաջին պլան եկան ընտրություններն ու իրենց նախընտրությունները, հայ դիվանագիտությունն իր ներկայացմամբ տարավ հերթական փայլուն հաղթանակը` կարճ ժամանակով ու հանգամանքների բերումով:
2001-ի սեպտեմբերի 11-ին, ժամը 8.46-ին Նյու Յորքում առաջին ինքնաթիռը մխրճվեց Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքի մեջ: 9 տարի ավանդաբար լռության րոպեով սկսվող հիշատակի միջոցառումներն այս տարի զուտ ամերիկյան happy end-ի որակներով զարգացող նախապատմությամբ ընթացան: Առաջնորդվելով անսահմանափակ ժողովրդավարության սկզբունքներով` օգոստոսին Նյու Յորքի քաղաքային հանձնաժողովը հավանություն տվեց համարյա ողբերգության վայրում մզկիթ և իսլամական մշակութային կենտրոն կառուցելու նախագծին: Առաջնորդվելով անսահմանափակ ժողովրդավարության նույն սկզբունքներով` նյույորքցիները բողոքի ցույցերով պահանջեցին հարգել զոհվածների հիշատակը և մզկիթն ու մշակութային կենտրոնն այլ տեղում կառուցել: Բողոքական քահանա Թերրի Ջոնսն էլ երդվեց սեպտեմբերի 11-ին հրապարակավ այրել Ղուրանը` ինչ հետևանքներ էլ բողոքի այդ ակցիան առաջացնի: ՈՒ թեև Ջոնսը վախենում էր, բայց հաստատ էր որոշել այրել Ղուրանը: Եվ միայն իրադարձության նախօրեին` հնարավորինս ձգելով ժամանակն ու ազդեցության դաշտը` քահանան չայրեց Ղուրանը` երջանիկ ավարտ ապահովելով ամերիկյան արդարության որոնման իր պատմությանը:
Նույնքան երջանիկ չէր ավարտը հունական արդարության որոնման պատմության. Սալոնիկում Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն ամենամյա տոնավաճառի բացման արարողությանը կոշկահար եղավ հայրենակիցների ձեռքով, որոնք դեմ են պետական ծախսերի կրճատմանը: Նրանք հարգում են վարչապետին, բայց դեմ են, իսկ ոստիկանությունը հարգում է կոշիկ նետողներին, բայց ձերբակալում է:
Աշխարհի հարուստների գրպանների պարունակության հաշվարկով զբաղվող Forbes-ը համոզված է, որ 2014 թվականին աշխարհի ամենահարուստ մարդը կլինի հնդիկ Մուկեշ Ամբանին` 62 միլիարդ դոլարով: 2009-ին Մուկեշի կարողությունը 32 միլիարդ էր: Այսօր ամենահարուստն աշխարհում մեքսիկացի Կառլոս Սլիմն է` 53,5 միլիարդով: Միլիարդատերերի համաշխարհային ակումբը 2009-ին ուներ 793 անդամ, 2010-ին` 1011: Միջին հաշվով նրանցից յուրաքանչյուրն ունի 3,5 միլիարդ դոլար: 1,3 տրիլիոն դոլար տնօրինող 403 քաղաքացիների շնորհիվ ԱՄՆ-ը դեռ մնում է միլիարդատերերի հայրենիք: 1 տրիլիոն ընդհանուր կապիտալով և 248 միլիարդատերով երկրորդը Եվրոպան է, երրորդը` 729 միլիարդով և 234 միլիարդատերով` Ասիան:
Hurriyet Daily News-ը հաղորդում է, որ Արարատի գագաթի սառցաշերտը 1976 թվականից մեկ երրորդով կրճատվել է. արբանյակային լուսանկարների համադրումով պարզվել է, որ 1976-ին սառցաշերտը 8 կիլոմետր էր, 2008-ին` 5,6: Առավել արագ հալչում են 4500 մետրից 5137 մետր բարձրության սառույցները: Պատճառը տարեկան 0,03 աստիճանով ջերմության բարձրացումն է և անձրևների սակավությունը: Հաշվարկվել է, որ գագաթի սառցաշերտը կրճատվում է տարեկան 70 մետրով: Գուցե վերջապես գալիս է ժամանակը Նոյյան տապանի հայտնագործման:
Բրյուսելում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ: Տիկին Էշթոնը նշել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև ռազմավարական երկխոսությունը ԵՄ-ին Թուրքիայի լիարժեք անդամագրման այլընտրանքը չէ, անձամբ նա աջակցում է Թուրքիայի անդամակցությանը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում սեպտեմբերի 9-ին պետք է քննարկվեր Ադրբեջանի ներկայացրած «Միջազգային հումանիտար իրավունքի և միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը, բայց ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ակշին Մեհտիևը հետաձգել է նախագծի քննարկումը` տեղափոխելով 65-րդ նստաշրջանի օրակարգ, որը սկսվում է սեպտեմբերի 15-ին: Մեհտիևը հետաձգումը պատճառաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փաստահավաք առաքելությամբ Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է ԵԱՀԿ ՄԽ դիրքորոշման հիման վրա, որը նույնպես փաստահավաք առաքելություն է անցկացնելու «օկուպացված տարածքներում հումանիտար իրավիճակն ուսումնասիրելու նպատակով»:
Համանախագահների առաքելության միջազգային խմբում ընդգրկվելու են փորձագետներ ու խորհրդականներ նաև ՄԱԿ-ի փախստականների հանձնաժողովից: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությամբ շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի անդամ բոլոր այն երկրներին և, առաջին հերթին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններին, որոնք իրենց դիրքորոշմամբ կանխեցին Ադրբեջանի փորձերը շեղելու և վնաս հասցնելու ղարաբաղյան հիմնա-խնդրի կարգավորման բանակցային գործընթացին` թույլ չտալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ներկայացրած ապակառուցողական բանաձևի ընդունումը: Հայաստանի արտաքին գերատեսչությունում կարծում են, որ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դաշտային առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ ոչ մի առնչություն չունի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա Ադրբեջանի ներկայացրած բանաձևի նախագծի հետ»: Այս դրույթը հայ դիվանագետները հիմնավորում են այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դաշտային առաքելության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամառվանից առաջ, այսինքն` ադրբեջանական բանաձևի նախագծի ներկայացումից շաբաթներ առաջ: Հայ դիվանագետները նաև հորդորել են Ադրբեջանին` զերծ մնալու Մինսկի խմբի շրջանակներում ընթացող «կարգավորման գործընթացը այլ հարթակներ տեղափոխելու շարունակական փորձերից, սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից և գործողություններից, որպեսզի բանակցային գործընթացն առավել կառուցողական ու արդյունավետ ընթացք ունենա»: Նկատի ունենալով, որ սեպտեմբերի 1-ից Թուրքիան ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը, Ադրբեջանը ՄԱԿ-ի 65-րդ նստաշրջանում իր համար պատեհ պահի կարող է հիշել ու հիշեցնել բանաձևի նախագիծը: ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը բանաձևի նախագծի ներկայացումը բացատրել է միանգամայն կանխատեսելի. «Հայկական կողմը շարունակում է դրսից մարդկանց բերել գրավված տարածքները վերաբնակեցնելու և ժողովրդագրական պատկերը փոխելու, ինչպես ես եմ հասկանում, գրավված տարածքներում Ադրբեջանի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու նպատակով»:
Եթե նախագիծը, այնուամենայնիվ, քննարկվի և ընդունվի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան իր 65-րդ նստաշրջանում ընդունված բանաձևով կվերահաստատի, որ միջազգային հումանիտար օրենքները և մարդու իրավունքների նորմերը կիրառելի են Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում, որ ՄԱԿ-ը պաշտպանում է հակամարտության գոտուց հեռացած մարդկանց և նրանց ժառանգների` իրենց տները վերադառնալու իրավունքը և կարծում է, որ հարկ է բարենպաստ պայմաններ ստեղծել դրա համար: Ասամբլեան, նախագծի քննարկման և ընդունման դեպքում, համոզված է, որ դա կնպաստի երկու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը: Ասամբլեան ընդգծում է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում մշակութային ժառանգության և սրբավայրերի պահպանության կարևորությունը:
Անցած շաբաթ տարածաշրջանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը: Ադրբեջանի նախագահի հետ սեպտեմբերի 6-ին, սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների, սեպտեմբերի 9-ին Հայաստանի նախագահի հետ հանդիպումներում քննարկվել է ավելի վաղ համաձայնեցված դաշտային փաստահավաք առաքելության հարցը, որ սկսվելու է սեպտեմբերի վերջից: Նրանք ընդ-գծել են, որ ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ հակամարտության կողմերը պետք է ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրեն առաջարկված ծրագիրն իրականացնելու և առաջընթաց ապահովելու համար: «Համանախագահները կրկին հորդորել են բոլոր կողմերին` հարգել հրադադարը և զսպվածություն ցուցաբերել ինչպես իրենց կատարած քայլերում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում, և կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները շփման գծում»: Նրանք կմեկնեն Վաշինգտոն, այնուհետև Նյու Յորք` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կողմերի հետ աշխատելու, ապա կվերադառնան տարածաշրջան դաշտային փաստահավաք առաքելություն իրականացնելու:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը ՄԱԿ-ում բանաձևի նախագծի չքննարկվելը այսպես է բացատրել. «Նախ` ընդ-գծեմ, որ քննարկումը հետաձգվել է ժամանակավորապես: Այդ քայլին Ադրբեջանը գնաց, որովհետև հոկտեմբերին օկուպացված յոթ շրջաններ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գլխավորությամբ, գալու են միջազգային գնահատող առաքելության անդամները: Այդ առաքելությունը կգնահատի օկուպացված տարածքների վիճակը, կհավաքի և կուսումնասիրի Հայաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի խախտումների, ադրբեջանցիների էթնիկ զտումների, բնակավայրերի, պատմամշակութային, կրոնական հուշարձանների, հաղորդակցուղիների ավերման փաստերը յոթ շրջաններում»: Նա վստահեցնում է, որ ՄԱԿ-ի ասամբլեա ներկայացված բանաձևի նախագիծը ոչ ոք չի բեկանել և նրա առաջադրման աշխատանքը շարունակվելու է: Պոլուխովը կարծում է, որ առաքելությունը միջազգային գնահատական է տալու Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի արդյունքներին: «Մենք տեղեկություններ կունենանք, թե ինչ վիճակում են այդ յոթ շրջանները, և այդ տեղեկությունը թույլ կտա Ադրբեջանին կազմելու միջոցառումների ծրագիր այն ժամանակի համար, երբ հայկական զինված ուժերը դուրս կգան օկուպացված յոթ շրջաններից»: Փաստորեն, Ադրբեջանը հույս ունի գնահատող առաքելությունը վերածել գույքագրման, որ կատարվում է ընդունման-հանձնման ժամանակ` վստահ «օկուպացված յոթ շրջանների» վերադարձին: Ժամանակը ցույց կտա` ում հույսերը երբ են իրականության հետ հանդիպում:
Սեպտեմբերի 12-ին Թուրքիայում կայացավ սահմանադրական հանրաքվե: Ձայների 80 տոկոսի հաշվարկով, մեծամասնությունը` 58 տոկոսը, կողմ է կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած լրացումներին, հաղորդել է CNN Turk-ը: Սահմանադրության փոփոխությունները նախատեսում են անձեռնմխելիությունից զինվորականների զրկում, նրանք կորցնում են երկրում իրենց արտոնյալ դիրքը: Արմատական փոփոխություններ են կատարվելու դատական համակարգում: Ներմուծվում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, պետական ծառայողն իրավունք է ստանում կոլեկտիվ պայմանագրեր կնքելու և գործադուլ անելու: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քվեարկությունից առաջ ասել է, որ հաջորդ քայլը լինելու է անցումը նախագահական կառավարման: Սահմանադրական հանրաքվեի դեմ հանդես են գալիս հիմնական ընդդիմադիր ուժերը` ժողովրդահանրապետական և ազգայնական շարժումները, քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը: Նրանք չեն կասկածում, որ կառավարությունը քաղաքացիական հեղաշրջում է կատարում և նախապատրաստում է իսլամական դիկտատուրայի հիմքերը: Արևմտյան փորձագետների կարծիքով` առաջարկվող փոփոխությունները թերի են, չկան իրավաբաններին, դատավորներին և դատախազներին եվրոպական ազատական ավանդույթներին հետևելու պարտադրող նորմեր: Լրացումներն առաջարկում են փոփոխություններ Գերագույն դատարանի դատավորների նշանակման ընթացակարգում. նրանց մի մասին կնշանակեն նախագահը և օրենսդիրները գործադիր իշխանության ինստիտուտների ներկայացուցիչներից: Այսինքն` անկախ, բայց գաղափարախոսականացված դատական իշխանությանը կփոխարինի կախյալ, բայց ոչ պակաս գաղափարախոսականացված համակարգ: Եվրամիությունը ողջունել է հանրաքվեի արդյունքները. ԵՄ ընդլայնման հարցերը համակարգող Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ հանրաքվեն ևս մի քայլ էր դեպի Եվրամիություն ճանապարհին: Վարչապետ Էրդողանը բոլոր թուրքերին շոյիչ հայտարարություն է արել. «Ժողովրդավարության նկատմամբ հավատը, ժողովրդավարության ձգտումը հերթական անգամ դրսևորվեցին: Բնակչության 77 տոկոսը մասնակցել է հանրաքվեին: Այսօր հաղթեցին և՛ նրանք, ովքեր «կողմ» են քվեարկել, և՛ նրանք, ովքեր «դեմ» են քվեարկել»:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ