ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՎԱՐՈՒՄ Է ԶՈՒԳԱԿՇԻՌ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՎԱՐՈՒՄ Է ԶՈՒԳԱԿՇԻՌ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
14.09.2010 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)
Այդ մատակարարումների մտադրությունը միանգամայն համահունչ է այն ծրագրին, որը Ռուսաստանը փորձում է իրականացնել Կովկասում։ Իսկ Մոսկվան ուզում է անել հետևյալը. իր վրայից գցել ամեն տեսակի պատասխանատվություն` տարածաշրջանային անվտանգության և հնարավոր հայ-ադրբեջանական պատերազմի ելքի համար, ինչի կապակցությամբ էլ տեղի են ունենում Գյումրիի բազայի իրավական կարգավիճակի հետ կապված ձեռնածությունները, Ադրբեջանին հանձնել Հարթավայրային Ղարաբաղը, պահպանել երկարաժամկետ հակամարտության վիճակը, խաղաղարարների անվան տակ իր զորքերը մտցնել տարածաշրջան, ռազմավարական հսկողություն իրականացնել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ, երկու երկրների զինված ուժերը ներառել իր ռազմական գործողությունների և ռազմատեխնիկական համակարգի մեջ, դրանով իսկ վերահսկողություն սահմանել նաև Վրաստանի նկատմամբ, ձախողել «Նաբուկո» նախագծի իրականացումը։ Ադրբեջանին Ս-300-ի մատակարարումը կլիներ «ձիու քայլ» և, անշուշտ, պայմանավորված կլիներ նրա հետ համաձայնագրերի փաթեթի կնքմամբ։ Փաստորեն, այդ գործարքի շնորհիվ Ռուսաստանը կդառնար Ադրբեջանի քաղաքական ու տնտեսական կենտրոնի անվտանգության երաշխավորը, ինչը ազդանշան կլիներ Իրանի ու Վրաստանի համար։ Այսինքն, տեղի է ունենում բազմաշերտ մի խաղ, որտեղ Հայաստանի համար նախատեսված է զոհի դեր` առայժմ քաղաքական, իսկ հետո` կերևա։ Ի միջի այլոց, իրանական թեմայի շարունակական արծարծումը Ռուսաստանի այդ մտադրությունների առթիվ այնքան էլ խոր չէ և հաշվի չի առնում մի կարևոր հանգամանք. Իրանը տարբեր հնարավորություններ ունի կասպյան նավթահանքերին ու էներգետիկ հաղորդուղիներին հարվածներ հասցնելու համար։ Ադրբեջանում ստեղծվել է իրանական գործակալների ճյուղավորված ցանց, որն ընդունակ է Կովկաս-կասպյան էներգետիկ համակարգը ոչնչացնելու ընդամենը մեկ օրում։ Հազիվ թե Իրանը նախընտրի օգտագործել զուգահեռ պատերազմի մեթոդը` Ադրբեջանի հետ ապագա հակամարտությունում իր նպատակներին հասնելու համար։ ԱՄՆ-ը և Թուրքիան շատ լավ են պատկերացնում, թե Իրանն ինչպես է մտադիր իրականացնել լայնածավալ դիվերսիաներն ընդդեմ Ադրբեջանի։ Այսպիսով, Իրանի ոտնձգություններից Ադրբեջանի պաշտպանության նպատակով Ս-300-ի մատակարարման անհրաժեշտության պատճառաբանությունը պարզապես սնանկ է։ Ս-300-ը Հայաստանի հետ Ադրբեջանի զուգակշռության ապահովման կարևոր գործոն է։
Դրա հետ մեկտեղ, տեղեկությունների համաձայն, Մոսկվայում այնքան էլ հստակ պատկերացում չեն ունեցել, թե այդ գործարքն ինչպես կարող է ընդունվել Հայաստանում։ Տեղի է ունեցել «տեղեկության արտահոսք», ինչպես նաև կոնսուլտացիաներ են անցկացվել մի շարք ռուս քաղաքական փորձագետների հետ, որոնց թիվը մեծ չի եղել, բայց նրանք հենվել են իրենց համար ավանդական դիրքերի վրա։ Սերգեյ Մարկինը, որը, որպես կանոն, իր գաղափարները փոխ է առնում իր իսկ ենթականերից և օգտագործում է «իրեն նետված» մտքեր, վկայակոչելով Վաշինգտոնի «գորշ կարդինալ» Մայքլ Մաքֆոլի հետ իր կապերը, ինչպես նաև ադրբեջանցի գործիչների հետ իր մտերիմ հարաբերությունները, հայտարարել է, թե ԱՄՆ-ը որոշ առումով գոհ կլինի Ադրբեջանի օդային անվտանգության մեծացման իրողությամբ։
Փաստորեն, Ռուսաստանի բոլոր առանցքային գերատեսչություններում, այդ թվում նաև` հետախուզական ծառայություններում, լուրջ կասկածներ կան այն կապակցությամբ, թե որքանով կհաջողվի հավասարակշռել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Այս բոլոր գերատեսչությունները ռուս փորձագետներին «խնդրել են» հրապարակավ հայտնել իրենց կարծիքը` կա՛մ տեղեկության «կանխիչ» տարածման, կա՛մ էլ այդ մտադրությունները բանավիճային դարձնելու համար։ Բայց Մոսկվայում հարցերը լուծվում են նախագահի աշխատակազմում, որտեղ մարդիկ այնքան համարձակ են և այնքան հայրենասեր, որ անգամ իրենց ստվերից են վախենում։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը հնարավորություն ունեցել է այդ գործարքը կանխելու, բայց ոչ մի կերպ չի փորձել անգամ կասկածի ենթարկել այն։ Փոխարենը նախընտրել է քաղաքական սակարկության պատրանքը, որի գինը կդառնա իր քաղաքական սուբյեկտության բեկորների կորուստը։ Հայաստանի այս դիրքորոշումը ձեռքերի ազատություն է տալիս հայ հասարակությանը, որը պարտավոր է պաշտպանել իր հայրենիքը։
Անկախություն ձեռք բերած Հայաստանում միշտ եղել է «հինգերորդ շարասյուն», որը, կոնկրետ գործիչների հնարավորություններից ելնելով, վճարովի կամ անվճար գործունեություն է ծավալել ի շահ Ռուսաստանի, որը ենթադրել է ազդեցություն գործել բնակչության լայն խմբերի վրա, ջանացել է իշխանական կառույցներում ներդնել նվիրված մարդկանց։ Ըստ էության, պայքար է տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հայ հասարակության շրջանում ազդեցության համար։ Առանձնակի ուշադրություն է նվիրվել քաղաքական գործիչներին, ովքեր տեղեկությունների պաշար ունեն, ընդունակ են կատարելու արտաքին և ներքին քաղաքականության հարցերին նվիրված բովանդակալից վերլուծություններ, մշակելու երկարաժամկետ նշանակության քաղաքական նախագծեր և մարտավարական առաջարկություններ։ Հատկանշական է, որ ռուսներն առհասարակ հավաքագրել են բավական սահմանափակ, անսկզբունք մարդկանց, ովքեր պատրաստ են եղել կատարելու ցանկացած առաջադրանք և ունեցել են կազմակերպական և ֆինանսական բնույթի որոշ ռեսուրսներ։ Լիովին բացառվում է, որ Հայաստանի իշխանությունները տեղեկացված չլինեին «հինգերորդ շարասյան» գործունեության բնույթի ու գործունեության մասին։ Ավելին, բավականին հաճախ այդ խմբերին անդամակցել են նաև պետական պաշտոնյաներ։
Այդ պրակտիկան սկսվել է 90-ականների հենց սկզբից։ Այդ արտասովոր համագործակցությունը բացատրվում է նրանով, որ ռուսական դրածոներն ու հայկական իշխանությունները ձգտում են որոշակի քաղաքականություն իրականացնել հայ հասարակության հանդեպ, որին միշտ չէ, որ հասկանալի են եղել ազդեցության գործակալների այդ խմբերի ձգտումներն ու նպատակները։ Դրանց թվում լինում են և կան ոչ միայն լրագրողներ, գրողներ, դասախոսներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, ձեռներեցներ, այլև այնպիսի մարդիկ, ովքեր հավակնել են զբաղեցնելու Հայաստանի նախագահի պաշտոնը։ Միանգամայն պարկեշտ ապրելակերպ ունեցող այդ մարդկանցից կարելի էր լսել, թե խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցներին պետք է հարցաքննել Մոսկվայում և առհասարակ հետաքննությունն անցկացնել Մոսկվայում, վերացնել հայկական ազգային արժույթն ու շրջանառության մեջ մտցնել ռուսական ռուբլին, պնդում էին, որ Հայաստանի պետական և ազգային շահ հասկացությունը նշանակում է Ռուսաստանի պետական և ազգային շահ, և, ընդհանրապես, բացահայտորեն հայտարարում էին, թե իրենց նպատակը Հայաստանի ազգային ինքնիշխանության սահմանափակումն է։ Այդ դրածոների մի մասը հասավ այնտեղ, որ փորձում էր մարդկանց հիշողությունից ջնջել Ղարաբաղի հայության դեմ ռուսական բանակի երկու պատժիչ գործողությունները։ Այդ մարդկանց գործունեությունն անհետևանք չմնաց. Հայաստանում ավելի ու ավելի են կասկածում Ռուսաստանի հարաբերությունների գործընկերային և ծանրակշիռ լինելուն, առհասարակ նրա քաղաքականության լրջությանը։ Հայաստանում և սփյուռքում ավելի ու ավելի են սկսել Ռուսաստանին վերաբերվել անսքող հեգնանքով ու ծաղրանքով, իսկ հայ հասարակությունը Ռուսաստանը համարում է շատ վտանգավոր «գործընկեր»։
Իսկ ի՞նչ պատճառով նման տրամադրությունները հնարավոր դարձան Հայաստանում։ Պետք է նշել, որ շատ բաներ, որ Ռուսաստանը կատարել է Հայաստանում ազդեցության մեծացման առումով, իրագործել են զուտ մասնավոր անձինք, ովքեր հանձնարարություններ են ստացել «պաշտոնական աշխատասենյակներից», միաժամանակ տեղի է ունեցել հսկայական գումարների լվացում, Ռուսաստանի պետական միջոցների մսխում, իսկ կատարված աշխատանքի մասին ոչ մի հաշվետվություն չի եղել։
Ադրբեջանին զինամատակարարումների մշտական պրակտիկայի արմատավորման, Հայաստանի շահերի պաշտոնական ոտնահարման, իր, այսպես կոչված, «դաշնակից» Հայաստանի ճակատագրի համար իրենից ամեն տեսակի պատասխանատվության վանման պայմաններում Երևանում այս ու այնտեղից սկսեցին ծլել «փորձագետների» որոշ իրական և մտացածին անուններ, ովքեր «սնունդ են ստանում» ատլանտյան ծագում ունեցող տեղեկատվական ծառայությունից։ Այդ փորձագետներն անմիտ, միանգամայն ապաշնորհ փորձեր են անում արդարացնելու Ռուսաստանի քաղաքականությունը, բանն այնպես ներկայացնելու, թե Հայաստանում կան փորձագետներ, ովքեր խնդիր ունեն վարկաբեկելու Ռուսաստանը, նրան ներկայացնելու որպես թշնամու։ Գիտե՞ն, արդյոք, այդ «սուտ փորձագետները», թե ո՞րն է բարեկամը, և առհասարակ` ինչի՞ց է բաղկացած համաշխարհային քաղաքականությունը, ի՞նչ ճակատագիր է իրենց սպասում այս նեղ աշխարհում, և որ դժվար է չնկատվել։ Նրանց հավատացնում են, թե իրենց թիկունքում հզոր ուժեր կան կանգնած, որոնք թույլ չեն տա, որ իրենց նեղացնեն։ Տեսնենք։
Միաժամանակ, հատկանշական է նաև այն, որ, անբովանդակ խզբզոցների այդ հեղինակներից բացի, Հայաստանում կան հմուտ փորձագետներ, ովքեր սովոր են ի հայտ գալու ամեն հարմար առիթով ու նորից «ընդհատակ անցնելու»։ Նրանց հետ մեկտեղ նախընտրում են լռել նաև որոշ հեղինակներ, ովքեր հպարտորեն իրենց ռազմական փորձագետներ են հռչակել և աշխատում են քաղաքական բնույթի երեք-չորս հետազոտական հաստատություններում։ Ռուսաստանի քաղաքականության հիմնական փաստարկը դարձավ այն, որ իրեն դատապարտելու հետ մեկտեղ չեն քննադատվում Ադրբեջանի մյուս զինամատակարարները` ԱՄՆ-ը, Իսրայելը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան։ Մի՞թե Հայաստանը երբևէ իրեն հայտարարել է ԱՄՆ-ի, Թուրքիայի կամ Իսրայելի ռազմական գործընկեր, կամ օրակարգային է դարձել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը։ Հայաստանի դիրքորոշումը կարևոր նշանակություն է ունեցել Հարավային Կովկասում որոշակի ռազմավարությունների սահմանափակման գործում, որոնք անմիջական հակառուսական ուղղվածություն ունեն։ Ի՞նչ է անհրաժեշտ եղել Ռուսաստանի դիրքերն ու անվտանգությունն ամրապնդելու համար, որ Հայաստանը չի կատարել։ Այսինքն, հասել ենք այնտեղ, որ այդ «փորձագետների» տրամաբանությամբ Ռուսաստանն ու Թուրքիան մի հարթության վրա են դրվում` Հայաստանի շահերի տեսակետից։ Երբ անհեթեթությունը սահման չի ճանաչում, այն կործանարար է դառնում նրա ջատագովների համար։
Ի դեպ, Ամերիկայի մասին։ Տասը տարի առաջ ես առաջին անգամ մեկնեցի Վաշինգտոն` հետազոտական նպատակներով։ Մարտին էր, թե ապրիլին։ Այն ժամանակ հայ և հույն լոբբիստները մեծ աղմուկ էին բարձրացրել Թուրքիային գրոհային ուղղաթիռներ վաճառելու ԱՄՆ-ի մտադրության առիթով։ Եթե չեմ սխալվում, ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հետո այդ ուղղաթիռներն այդպես էլ չվաճառվեցին Թուրքիային։ Հատկանշական է, որ այդ նույն օրերին Անկարա էր ժամանել Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովը` նույն կարգի ուղղաթիռներ վաճառելու շուրջ Թուրքիայի հետ պայմանավորվելու համար։ Այն ժամանակ պետդեպարտամենտում մի չինովնիկ հարցրեց ինձ, թե «ի՞նչն է պատճառը, որ Ռուսաստանում հայկական լոբբի չկա, հիմա հենց ժամանակն է ձայն բարձրացնելու Ռուսաստանի այդ մտադրությունների առթիվ»։
Հենց այն պատճառով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ամուր կապված է ռազմաքաղաքական խնդիրներով, չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը բացահայտորեն դավաճանի Հայաստանի շահերին, ռազմաքաղաքական առումով ուժեղացնի Ադրբեջանը` հանուն ռուս ծախու պաշտոնյաների մանր շահերի, որոնք ընչաքաղցության մոլուցքից գլուխները կորցրել են։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ