ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
09.09.2011 | 00:00

Ֆինանսական ճգնաժամի պայմաններում ավելի խորանում են հատկապես ազգային տնտեսությունների կայացման փուլում տեղ գտած բացթողումները: Չնայած այն հանգամանքին, որ բանկային համակարգը մեր երկրում համարվում է առավել մրցունակ ճյուղերից մեկը, այնուամենայնիվ, քիչ չեն նաև մտահոգություններն ու անելիքները:
Վերջին շրջանի տնտեսական տեղաշարժերի խորապատկերի վրա որոշակի մտահոգություն է առաջացնում Հայաստանի բանկային համակարգի, այսպես կոչված, ավելորդ իրացվելիության հիմնախնդիրը, երբ բանկային համակարգի միագումար ակտիվների մոտ կեսը գտնվում է արտաքին թղթակցային հաշիվներում (ինչպես հայտնի է՝ դրանք ամենանվազ եկամտաբեր ակտիվներն են)։ Նման վիճակը վկայում է, որ ներկայումս առկա են ոչ միայն դժվարություններ ներքին դրամական հոսքերն ու խնայողությունները համախմբելու և վերաբաշխելու տեսանկյունից, այլև ներքին միջոցները դուրս են մղվում արտերկիր։
Փաստորեն, բանկային համակարգն այսօր ոչ միայն դժվարություններ ունի ներքին դրամական հոսքերն ու խնայողությունները համախմբելու և վերաբաշխելու, այլև դժվարություններ ունի կանխելու ներքին միջոցների զանգվածային արտահոսքը: Այս ամենի վրա զգալի ազդեցություն ունի նաև կապիտալի շուկան, որը կոչված է արդյունավետ վերաբաշխելու հասարակության ներսում ձևավորված ֆինանսական միջոցները և ներկայացնելու շուկայի գլխավոր «դերակատարների» ֆինանսական վիճակի իրական և համարժեք պատկերը: Ներկայումս պարտատոմսերի շուկայի զարգացումը պայմանավորված է բաժնետիրական ընկերությունների կապիտալի կենտրոնացման մակարդակով և մարդկանց կողմից արժեթղթերի ձեռքբերման հակումներով, որոնք, իրենց հերթին, կախված են ներդրումների տարբեր ձևերի նկատմամբ ձևավորված վստահության աստիճանից: Մինչ տեղական ներդրումները կրում են խորհրդանշական ծավալներ, իսկ արտաքին ներդրումները հիմնականում քաղաքականացված բնույթ են կրում, կապիտալի շուկայում կարևոր դերակատարություն ունեցող բնակչության բավարար գնողունակ մի զանգվածը, այնուամենայնիվ, ձեռք է բերում արժեթղթեր, միայն թե նախընտրում է ոչ թե տեղական, այլ արտերկրի հայտնի ընկերությունների բաժնետոմսերը:
Իհարկե, գործերի նման վիճակը բանկային համակարգում չի կարելի բացատրել միայն բուն բանկային համակարգի հիմնախնդիրներով, այն արտացոլում է նաև Հայաստանի տնտեսությունում ստվերային շրջանառության բարձր մակարդակը, ինչպես նաև վկայում իրական հատվածում բարձր ռիսկերի, ֆինանսական շուկայի մյուս հատվածների թերզարգացածության և այլ խնդիրների առկայության մասին։
Մասնավորապես հետաքրքրական է դիտարկել նաև վարկային շուկայի ոչ ընտրանքայնության հիմնախնդիրը, որովհետև արժեթղթերի շուկայի զարգացման ոչ բավարար մակարդակն անհնար է դարձնում ֆոնդային գործիքների միջոցով ներքին խնայողությունների և արտաքին ներդրումների ներգրավումը տնտեսության իրական հատված։ Այսպես, եթե ՀՆԱ-ի համեմատ արժեթղթերի շուկաների կապիտալացման մակարդակը ԱՄՆ-ում կազմում է 190 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 214 տոկոս, Ֆրանսիայում՝ 210 տոկոս, Ռուսաստանում՝ 20 տոկոս, Էստոնիայում՝ 36 տոկոս, ապա Հայաստանում նույն ցուցանիշը մոտ 2 տոկոս է։ ՈՒստի ընկերությունների դրամական միջոցների դեֆիցիտի համալրման հիմնական աղբյուրը շարունակում է մնալ բանկային համակարգը, որն իր հերթին, ինչպես նշվեց վերևում, դեռևս անհամապատասխանորեն փոքր է։ Այս կապակցությամբ կարևոր է նշել, որ ներկայումս ֆինանսական շուկայի առավել էական հատվածը կազմում են ֆինանսաարդյունաբերական խմբերը, որոնց ներսում տեղի է ունենում բիզնեսի տարբեր հատվածների փոխֆինանսավորման բավականին դրական գործընթացը ոչ միայն տվյալ ֆինանսաարդյունաբերական խմբի շրջանակներում, այլև միմյանց միջև՝ շրջանցելով ֆինանսական շուկայի ինստիտուցիոնալ կառույցները։ Այսպիսով, ֆինանսական շուկայի, այդ թվում` բանկային հատվածի, անարդյունավետությունը պատճառ է դառնում իրական հատվածի ներսում ֆինանսական միջոցների «ոչ պաշտոնական» վերաբաշխման: Այս երևույթի առավել արդիական պատճառների շարքում կարելի է առանձնացնել ստվերային տնտեսության, հետևաբար՝ բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական շրջանառության մեծ ծավալները, ֆինանսական շուկայի ոչ բանկային հատվածի, հատկապես ֆոնդային բորսայի, ինչպես նաև ապահովագրական ու մասնավոր կենսաթոշակային ինստիտուտների զարգացման անբավարար մակարդակն ու ոչ բանկային վարկային հաստատությունների, հատկապես փոխադարձ վարկավորման հիմնադրամների և վարկային կազմակերպությունների բացակայությունը, ինչպես նաև բնակչության խնայողությունների ներգրավման ցածր մակարդակը, այդ թվում՝ ավանդների լիարժեք ապահովագրման համակարգի բացակայության պատճառով:
Հիշատակված պատճառներից կապիտալի շուկան ոչ միայն տնային տնտեսությունների և արժեթղթեր թողարկողների միջև ֆինանսական միջոցները արդյունավետորեն վերաբաշխելու գործառույթ ունի, այլև փոխադարձ տնտեսական շահերի յուրահատուկ համակարգի միջոցով ապահովում է հասարակության իրազեկումը շուկայում խոշոր ընկերությունների գործերի վիճակի մասին: Հենց դրանով է բացատրվում զարգացած երկրներում հասարակության հետաքրքրությունը շուկայայնպիսի համալիր ցուցիչների նկատմամբ, ինչպիսիք են բորսայական ցուցանիշները, առևտրի ծավալները, շուկայի կապիտալացումը և այլն, որոնք արդի շուկայական տնտեսությունում դարձել են նույնպիսի որոշիչ բնութագրեր, ինչպես արժեզրկումը, արտարժույթի փոխարժեքը, տնտեսական աճի տեմպերը, զբաղվածությունը և այլն: Պակաս կարևոր չէ, որ ՆԷՊ-ի (НЭП - новая экономическая политика) ավարտից հետո 1930-ական թվականներին Խորհրդային Միությունում և մյուս համայնավարական երկրներում կապիտալի շուկա գոյություն չուներ, ինչը, անկասկած, պատճառ դարձավ դրա ձևավորման համեմատաբար հետ մնալուն արդեն շուկային անցնելու գործընթացում, և նրա ձևավորման նախնական խթանը հանդիսացավ պետական սեփականության մասնավորեցումը:
Անցումային տնտեսության պայմաններում, տնտեսական բարեփոխումների ընտրված տարբերակից կախված («շոկային թերապիա» և «գրադուալիզմ»), կիրառվեցին պետական սեփականության մասնավորեցման երկու հիմնական մոտեցումներ: Մի շարք երկրներում (ինչպես դա տեղի ունեցավ Հայաստանում) մոդելի ընտրությունը կանխորոշվեց արտաքին ու ներքին տնտեսական օբյեկտիվ իրավիճակի առկայությամբ: «Շոկային թերապիայի» քաղաքականությունը, որի էությունը հանգում է գների, արտաքին առևտրի ազատականացման, ֆինանսական կայունացման և պետական սեփականության մասնավորեցման իրականացմանը, պարունակում է ներքին (նախասկզբնական) հակասություն. գների ազատականացման և դրան հետևած գերսղաճի հետևանքով բնակչության խնայողությունները (ներդրումների հիմնական աղբյուրը) գործնականում արժեզրկվեցին, իսկ տնտեսական ու քաղաքական անկայունությունը կտրուկ նվազեցրեց օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները։ «Արագ» բարեփոխումների ուղին ընտրած երկրներում ձևավորվեց ներդրումային վակուում։ Գների ազատականացման և պետական սեփականության մասնավորեցման միաժամանակյա իրականացումը ներդրումային պաշարների բացակայության պատճառով հայտնվեց ձախողման սպառնալիքի տակ։ Ի տարբերություն զարգացած և զարգացող երկրներում մասնավորեցման պատմական փորձի, տնտեսական քաղաքականությունն առաջին անգամ բախվեց այնպիսի իրավիճակի հետ, երբ մասնավորեցումը նախատեսվում էր իրականացնել վճարունակ պահանջարկի բացակայության պայմաններում։ Նման վիճակում անցումային երկրների մեծ մասն ընտրեց տվյալ հիմնախնդրի լուծման միասնական մոդել՝ մասնավորեցման գործընթացում արհեստական վճարունակ պահանջարկի ստեղծում։ Հիմնականում այս ուղղությունն ընտրեցին Լեհաստանը, Չեխիան, Ռուսաստանը, Մոլդովան, Ղրղզստանը, Հայաստանը, Վրաստանը և այլ երկրներ։ Որոշ երկրներում կիրառվեց մասնավորեցման բանկերում անվանական հաշիվների բացման մեխանիզմը, որտեղ պետության կողմից նշվում էր մի որոշակի գումար, որը կարելի էր օգտագործել բացառապես մասնավորեցմանը մասնակցելու նպատակով (Մոլդովա)։ Որոշ երկրներ էլ գնացին վաուչերային մասնավորեցման ճանապարհով` բնակիչներին բաժանելով արժեթղթերի հատկանիշներով օժտված գործիքներ, որոնց միջոցով կարելի էր մասնակցել մասնավորեցմանը (մի շարք երկրներում դրանք անվանական արժեթղթեր էին, մյուսներում՝ ըստ ներկայացնողի)։ Նշված հիմնական տարբերակների (բնական է, կային նաև այլ վերափոխակներ) հիմնական բովանդակությունը հանգում էր պահանջարկի արհեստական ձևավորման խնդրին։ Բարեփոխումների «շոկային թերապիայի» տարբերակն ընտրած բոլոր երկրներում պետական սեփականությունը գործնականում օտարվեց իր տնտեսական արժեքին բազմակիորեն զիջող գնով (ապագայում տնտեսական արժեք արտադրելու տվյալ ներդրումային ակտիվի կարողությանը)։
Այսուհանդերձ, դիտարկվող հարցի շրջանակներում, թերևս, առավել էական պատճառ պետք է համարել գների և տնտեսական մեխանիզմի ավելի վաղ իրականացված «ցնցումային» ազատականացման հետևանքով բնակչության խնայողությունների համընդհանուր արժեզրկումը։ Ավելի ուշ արդեն հասկանալի դարձավ, որ բնակչության միջոցների ներգրավմանն ուղղված ցանկացած զանգվածային օբյեկտիվ միջոցառման իրականացում դիտարկվող ժամանակահատվածում ի սկզբանե դատապարտված էր ձախողման։ Բացի այդ, բնական է, որ ինչպես նախկին խորհրդային երկրների մեծ մասում (բացառությամբ, թերևս, բալթյան տարածքի երկրների) կորպորատիվ մշակույթի տարրերը բոլորովին բացակայում էին։ Բավականին մեծ դեր խաղացին նաև բիզնես վարելու ազգային առանձնահատկություններն ու պատմական փորձի բացակայությունը։ Այս օբյեկտիվ նախադրյալներն ի սկզբանե բացառում էին զանգվածային մասնավորեցման արդյունավետ մոդելի իրականացումը։
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 5771

Մեկնաբանություններ