ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեծերի միակ նպատակն իրենց շահն է, ուրիշ ոչինչ

Մեծերի միակ նպատակն իրենց շահն է, ուրիշ ոչինչ
20.02.2024 | 06:55

Մարդկային համակարգերի վարքի ու գործունեության մասին գիտության անկյունաքարը այն պնդումն է, որ մարդ արարածի հիմնական նպատակը կյանքի հարատևմանը առավելագույնս նպաստելն է, որն էլ բաժանվում է սեփական գոյությունն առավելագույն հավանականությամբ հնարավորինս երկարաձգելու և առավելագույն հավանականությամբ սերունդ ունենալու երկու ենթանպատակների։

Այդ նպատակներին հասնելու համար էլ մարդը ձգտում է լինել հնարավորինս ազդեցիկ՝ ունենալով հնարավորինս մեծ ուժ, իշխանություն, հարստություն, հեղինակություն, ճանաչում և այլն, ու, ամենակարևորը, սխալներ, մանավանդ գոյաբանական սխալներ քիչ անի։

Այն էլ ասենք, որ կյանքի համար մղվող մրցակցային պայքարի համար առաջնահերթ նշանակություն ունեցող վերը նշված նպատակների շարքում արդարության մասին խոսք անգամ չկա, քանի որ, վերջին հաշվով, հարցերը լուծվում են մերկապարանոց ուժով։

Դրանից բացի, եթե կյանքի հարատևման ձգտումը ընդհանուր է բոլորի՝ և աղքատի և հարուստ ու ազդեցիկ մարդու համար, ապա արդարություն ասածը հարաբերական է, արդարություն ու՞մ համար։

Ինչքան մարդ, այնքան արդարության մասին որևէ էգոիստական մեկնաբանություն, դրա համար էլ լավագույն դեպքում խոսքը պետք է գնա բոլորին շատ թե քիչ ձեռնտու հարաբերական հասարակական արդարության մասին։

Իսկ հարաբերական արդարության ասելով հասկացվում է հասարակական հարաբերությունների այն համակարգը, որի դեպքում պետականությունն ամենակայունն է, իսկ մարդկանց կյանքի որակը՝ հնարավորիս բարձր։

Այս իմաստով արդարություն ասածն ինքը ածանցյալ է հասարակական կյանքի հարատևման սկզբունքից։

Ասվածն ավելի առարկայական ձևով հասկանալու համար կարելի է, ասենք, թուրքի հետ հարցերը փորձել լուծել արդարության սկզբունքից ելնելով, որը պարզապես անհնարին է։

Մյուս կողմից էլ կա բարդության մասին գիտություն (Complexity science), որն ասում է, որ տարբեր տիպի գործիքներով, գիտելիքներով, հմտություններով ու կյանքի փորձով զինված մարդը ավելի բարդ համակարգ է, քան չզինվածը։

Դրանից բացի, բարդության մասին նույն գիտությունն ասում է, որ, նախ, մարդու իշխանությունը, հարստությունը, հեղինակությունը, ճանաչումը և այլն նրա ուժի ու հզորության տարբեր տեսակներն են և, մյուս կողմից էլ, ինչքան ուժեղանում ու հզորանում է մարդը, այնքան շատանում են կյանքի հետ կապված հարցերի լուծման նրա տարբերակները։

Դրանից բացի, մարդն ընտրում է լուծումների այն տարբերակները, որոնք ավելի մեծ հավանականությամբ են նրան տանում դեպի հաջողություն կամ հիմնարար նպատակների իրականացում։

Սիստեմների տեսության լեզվով դա նշանակում է, որ համակարգն ընկնում է իր համար ամենահավանական վիճակը։

Այս տեսանկյունից շատ հետաքրքիր է, օրինակ, այն հարցը, թե ինչ կկատարվի, եթե թույլերի հասարակության մեջ բոլորին զինես մի-մի ավտոմատով, տաս փամփուշտներ ու հետն էլ ձգանի տեղը ցույց տաս։

Չմոռանանք նաև, որ ժողովրդին զինելու գաղափարը նոր չէ և նաև վնաս էլ չի տա, որ հիշենք նաև դրա հետևանքները, առանց ուրիշ շատ բաները հաշվի առնելու։

Եթե փորձում ենք այս և նման այլ հարցերին մոտենալ գիտական մեթոդներով, ապա առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չկան։

Մասնավորապես, ի՞նչ կլիներ, եթե Օսմանյան կայսրությունը քանդել ուզեցող նրա թշնամիների կողմից մեզ օգտագործելը տեսնելով, մենք ու հույները մեզ մի քիչ ավելի իմաստուն, զգոն ու զուսպ պահեինք։

Բայց այստեղ առաջ է գալիս մի այլ հիմնարար բնույթի հարց՝ դրա անողը հայ ու հույն ժողովու՞րդն էին, թե՞ որևէ միջոցով մեյդան ընկնել ցանկացող մեր ու նրանց ոչ ու փուչ քաղաքական վայ գործիչները, որոնք իրենց անձնական ազդեցիկությունից ու սեփական քթից այն կողմ որևէ բան չէին տեսնում։

Այս իմաստով էլ շատ կարևոր է, որ մենք հասկանանք՝ մեծերի միակ նպատակն իրենց շահն է, ուրիշ ոչինչ, որն էլ ամենից հաճախ հնարավոր է համեմատաբար թույլերի կյանքի կամ էլ նույն թույլերի շահի հաշվին։

Խեղճի համար ամենդժվարը թյուրիմացությունների ծովից դուրս գալն է, իսկ ուժեղներին էլ ձեռնտու է այդ ծովը ավելի մեծացնել ու խորացնել։

Ապրելու միակ ձևը հասկացողներին տեղ տալն է, հակառակ դեպքում, կունենանք այն, ինչ հիմա ունենք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2406

Մեկնաբանություններ