ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Տուր, կարեկցիր, կառավարիր»

«Տուր, կարեկցիր, կառավարիր»
10.02.2023 | 09:57

Արժանահիշատակ Պերճ Զեյթունցյանը մի հիանալի հոդված ունի՝ «Ցուլերը դեռ այնտեղ են» վերնագրով, որ հարապարակել էր 1989 թվականին: Թեպետ խորհրդային վարչակարգը բավականաչափ թուլացած էր այդ ժամանակ, ամբողջ ճշմարտությունը բարձրաձայնելը դեռևս համարձակություն էր պահանջում, ինչով և աչքի էր ընկնում գրողը իր հրապարակագրության մեջ:

(Ի դեպ, իրենց հրապարակախոս համարող գրապերսոն շատ անձինք «խելամտորեն» լռում են ընթացիկ ճակատագրական իրադարձությունների ֆոնին): Հեղինակը մատնացույց էր անում կոմկուսակցական-պետական այն խոշոր գործիչներին, ովքեր ցուլերի պես գրավել էին երկրի կառավարման հարթակը և թույլ չէին տալիս այլոց մոտենալ «սրբազան մատուռին»: Բայց ցուլերին հեռացնել հաջողվեց:


Նկարագրվող անցյալը զուգահեռելով ներկա իրականության հետ՝ արձանագրենք, որ մեր երկրի ղեկավարման հարթակն այսօր զավթել են… օ՜, ո՛չ, ո՛չ ցուլերը, այլ, փոխաբերորեն ասած, շնագայլերը, ոհմակային կյանքով ապրող, քինոտ, համառ և մանր ու սուր ժանիքներով այդ կենդանիները: Նրանք շատ ավելի մեծաքանակ են, քան նախկին ցուլերի նախիրն էր: Շնագայլերին հեռացնելն առավել գլխացավանք է պահանջում, ավելի մեծ հմտություն ու ջանք:


Շատ-շատերն են հիմա փորձում վերնահարկից վտարել իշխող քաղաքական ոհմակին, առայժմ՝ ապարդյուն, քանի որ դեռևս գտնված չէ նրանց մեկուսացնելու ճիշտ ձևը: Պայքարը շնագայլերի դեմ շարունակվում է, ինչը տրամաբանական ու պահանջված է, բայց և հղի՝ կրկնաշար ձախողմամբ: Չինական ասացվածքը հուշում է. «Վիշապի դեմ երկար պայքարելով՝ ինքդ կարող ես վիշապ դառնալ»: Այո, ՀՀ-ում իշխանության դեմ պայքարողների համար վտանգ կա վերածվելու նոր շնագայլերի: Երևի ժամանակն է միառժամանակ դադար տալու, կենտրոնանալով ուժերը համախմբելու, ազգապահպան որոշակի գործեր ձեռնարկելու վրա՝ անտեսելով իշխանություններին և նրանց կեղծ ու պատիր քարոզչաժխորը:


Հարգարժան ընդդիմադիր-ազգային ուժեր, գտեք ձևերը և սատարեք շրջափակված արցախցիներին, օգնեք ունեզրկված ու հայրենազրկված հայրենակիցներին, սատարեք զոհված հայորդիների հարազատներին և այլ կարգի տուժյալներին, աջակցեք հալածվողներին, երկխոսեք բոլոր առողջ ուժերի հետ, ասպարեզ հանեք նոր առաջնորդներ՝ ահա մի փոքր ցանկը այն հրատապ գործերի, որ կարելի է անել սեփական հնարավորություններով՝ ջլատիչ պայքարի մեջ չմտնելով դեռևս մեծաքանակ և կատաղի շնագայլերի դեմ: Միևնույն է՝ առաջացող ժամանակը նրանց դեմ է:
Մի ասացվածք ևս, այս անգամ՝ հին արամեական մշակույթից. «Տուր, կարեկցիր, կառավարիր»: Այդպես շատ ավելի ուժգին ու դիպուկ հարված կհասցվի երկրակործան իշխանությանը: Այդպես մոտ ապագայում հնարավոր կլինի պահանջված իշխանափոխությունը:


Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 10695

Մեկնաբանություններ