«Արևելք» վերլուծական և հետազոտական կենտրոնի տնօրեն, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ զրուցում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի թեմայով։
-Պարոն Մելքոնյան‚ ի՞նչ իրավիճակ է ստեղծվել այսօր Հայաստանում։ Ինչպե՞ս կբնութագրեք այն։
-Հայաստանում ստեղծվել է ավանդական մի իրավիճակ, երբ վերևինները չեն կարողանում, իսկ ներքևինները չեն ուզում։ Իշխանությունը չի կարողանում համարժեքորեն պաշտպանել հանրապետության ու հանրության շահերն անընդհատ խորացող մարտահրավերներից։ Սա փաստ է։ Մյուս կողմից էլ, ընդդիմությունը, որ փորձում է համախմբել ուժերը, անընդհատ ստանում է հարվածներ՝ ի դեմս նախկիններ-ներկաներ կարգախոսների, և այս պահին, ըստ էության, կոնսոլիդացիան շատ դանդաղ է ընթանում, բայց կարծում եմ՝ ի վերջո կստացվի։ Եվ ամենասարսափելի իրավիճակը, որը երբևիցե չէի պատկերացնի, ըստ էության, բանակում տիրող քաոտիկ վիճակը։ Ես չեմ վախենում դա հնչեցնելուց ու դրա համար քննադատվելուց։ Մենք տեսնում ենք, որ բանակում առկա խնդիրները արագ և համարժեք արձագանքի չեն արժանանում։ Բացի այդ, ունենում ենք աննախադեպ թվով գերիներ, ինչը մեր պատմության ընթացքում բացառիկ երևույթ է։ Սա, կարծում եմ, առաջին հերթին զորքերի ոչ ճիշտ կառավարման‚ ներքաղաքական խնդիրների հետևանք է։ Ըստ էութան, բանակը չի կողմնորոշվում իր անելիքներում։ 1920 թվականի Կարսի պատմությունը, ցավոք, և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական առումով ուղղակիորեն կրկնվում է մեր օրերում։ 1920 թվականին Կարսում զինվորները չէին կռվում, որովհետև մի մասն ասում էր՝ ես դաշնակցականների համար չեմ կռվելու, մյուս մասը՝ ես բոլշևիկների դեմ դուրս չեմ գա, զորքը բաժանվել էր մասերի։ Ցավոք, նույն գործընթացը մենք տեսնում ենք այսօր։ Ես մեկ տարի առաջ ձեր թերթին տված հարցազրույցում ասել եմ՝ չպետք է թույլ տալ, որ քաղաքական ցեցն ընկնի բանակի մեջ, դա մեզ համար լինելու է կործանարար։ Պահը բաց է թողնված, և քաղաքական խմորումները հասել են նաև բանակ։ Բանակի կաթվածահար վիճակը, այսքան գերի ունենալը հենց քաղաքական խմորումների հետևանք է։ Ցանկանում եմ նաև հիշել, որ 1992-93 թվականներին, ինչ կատարվում էր Ադրբեջանում, նույնը պրոյեկտվել է մեզ մոտ։ Ադրբեջանը պարտվեց հիմնականում այն պատճառով‚ որ բանակը սկսեց քաղաքական խնդիրների մեջ շահարկվել։ Մեր պարտության գլխավոր պատճառներից էր այն‚ որ նախ երկուսուկես տարի հասարակությունը բաժանվեց հների-նորերի‚ սև-սպիտակի‚ կանաչ-կապույտի‚ այդ տրամադրությունները ներթափանցեցին զինված ուժեր‚ և զինվորները սկսեցին մտածել‚ թե ում հրամանին ենթարկվեն։ ՈՒ դա հանգեցրեց այս խայտառակ իրավիճակին։ Ցավոք‚ ես‚ որպես պատմաբան‚ մտածում էի‚ որ Կարսի պայմանագրից 100 տարի անց այլևս նման սխալներ թույլ չենք տա‚ որովհետև մենք տեսել ենք դա ու անընդհատ խոսել այդ մասին‚ սակայն, ցավոք, 100 տարի անց Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունն արեց նույն սխալները։ Արդյունքում ունեցանք մի մեծ ողբերգություն և մի իրավիճակ‚ որը շտկելու համար տասնամյակներ են անհրաժեշտ։
- Իրավիճակը շտկելու ի՞նչ ճանապարհներ եք տեսնում։
-Առաջին հերթին Հայաստանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության իշխանություն՝ առանց նախկին-ներկա պիտակների։ Պետք է ունենանք բացարձակ պրոֆեսիոնալ ղեկավարություն՝ պետական կառավարման փորձ‚ գիտելիքներ ունեցող մարդկանց ներգրավմամբ՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից։ Ամենակարևոր քայլերից պետք է լինի պաշտպանության նախարարության ամբողջ անձնակազմի վերանայումը՝ սկսած գեներալիտետից։ Պետք է ենթարկվեն պատասխանատվության նրանք‚ որոնք ռազմական խոշոր գործողություններում ունեցել են ձախողումներ և մշակել ոչ ճիշտ ռազմավարություն ու մարտավարություն։ Հասարակական պահանջն այսօր դա է։ Եթե չպատժվեն‚ սխալները կլինեն շարունակական։ Երրորդ՝ անհրաժեշտ է բանակի ամբողջովին նոր ռազմավարության և մարտավարության մշակում՝ նոր պատերազմին համահունչ‚ նոր սպառնալիքներին համապատասխան զինտեխնիկայի գնում։ Չորրորդ՝ երկրում նոր տնտեսական քաղաքականության մշակում ու ներդրում։ Հայաստանը պետք է ունենա մրցունակ տնտեսություն‚ այլապես հաջորդ պատերազմում նույնպես պարտվելու ենք։ Երկրի տնտեսությունը պետք է ոտքի կանգնի‚ այլապես բոլոր մյուս քայլերն անիմաստ են լինելու։ Հինգերորդ՝ մեծ աշխատանք պետք է տարվի կրթության նոր որակ ունենալու համար‚ մենք այդ ռեսուրսը դեռ ունենք։ Առանց նոր կրթական ծրագրերի ու քաղաքականության մենք առաջընթաց ապահովել չենք կարող։ Սրանք 5 կարևորագույն խնդիրներն են‚ որ պետք է մեր առաջնահերթությունները լինեն‚ և օր առաջ անցնենք դրանց կատարմանը։ Այս քայլերից հետո կարող ենք մտածել կորուստները վերականգնելու և առաջ ընթանալու մասին։ Հակառակ դեպքում մեզնից ամեն օր նոր զիջումներ են կորզելու‚ քանի որ կառավարությունը, ըստ էության, ի վիճակի չէ պաշտպանելու հայության շահերը‚ պարզապես չունի հանրության վստահությունն ու որևէ ռեսուրս։ Դրանք սպառվել են։
-Մենք նաև աշխարհաքաղաքական շատ բարդ իրավիճակում ենք հայտնվել՝ գտնվում ենք Թուրքիայի‚ Սիրիայի‚ Իսրայելի‚ Ռուսաստանի‚ Իրանի շահերի բախման կենտրոնում։ Այդ համատեքստում ինչպե՞ս պետք է մեզ դրսևորենք։
-Հաշվի առնելով Հայաստանի ներկա տնտեսական‚ ռազմական վիճակը՝ մեր երկիրը պետք է հնարավորինս չեզոք քաղաքականություն վարի։ Եթե մենք ընկնենք ևս մեկ հարվածի տակ‚ այլևս չենք կարող ուղղվել կամ էլ կուղղվենք տասնամյակներ անց։ Մենք չպետք է խառնվենք մեծ տերությունների շահերի բախմանը‚ մենք տեսել ենք, թե 1915 թվականին ինչպես են մեզ զոհաբերում համաշխարհային քաղաքական շահերին։ Մենք դրան ականատես եղանք նաև այս տարի։ Հնարավորինս չեզոք‚ զուսպ քաղաքականություն պետք է վարվի։ Պետք է մեր բառապաշարից հանվի «հակա» բառը։ Եթե մեզ փորձեն ներքաշել իրանական‚ ռուսական‚ թուրքական խաղերի մեջ‚ մենք կստանանք ևս մեկ ուժգին հարված‚ որից հետո հարց է՝ երբևէ կկարողանա՞նք վերականգնվել։ Եվ չի բացառվում‚ որ Հայաստանի տարածքը վերածվի փոքրիկ Սիրիայի‚ ինչը մեզ համար կլինի կործանարար։
Զրուցեց Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ