Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերն անհանգիստ էր նաև Երևանի երկնքում: ժամը մոտ 1-ից հետո, ողջ գիշեր Երևանի և Երևանի մերձակայքի երկնքում սուրում էին մեր ռազմաօդային ուժերի կամ (և) Ռուսաստանի ՕՏՈՒ-ի կործանիչները: Մանևրներն իրականացվում էին տարբեր բարձրությունների վրա: Ինքնաթիռների շարժիչների վերջին գոռոցը լսվեց ժամը 7-ին, բայց մի քանի ժամից, օրվա ընթացքում որոշակի առաջադրանք կատարող կործանիչների ձայնը դարձյալ լսվեց: Նույնիսկ խաղաղ ժամանակ չեմ հիշում որևէ դեպք, որ Երևանի երկնքում կործանիչները գիշերն այսքան երկար թռիչքներ կատարեին, ավելին` պատերազմի ընթացքում նույնիսկ ցերեկը, միգուցե չնչին բացառությամբ, թռիչքներ չեն եղել:
Կարելի է ենթադրել, որ կործանիչներն օդ էին բարձրացել տագնապով` հայ-ադրբեջանական, միգուցե նաև հայ-թուրքական սահմանի մոտ թշնամու կործանիչների և ԱԹՍ-ների աննախադեպ ակտիվություն նկատելով և արձագանքելով դրան, այսինքն` երկնքում կազմուպատրաստ լինելով ցանկացած պահի դրանց դեմ մարտի դուրս գալու:
Մյուս հնարավոր բացատրությունը կարող է լինել այն, որ Հայաստանը (Ռուսաստանը) նկատի ունենալով Ադրբեջանի հայտարարությունները ՀՀ տարածքից իբր Ադրբեջանին հարվածելու վերաբերյալ, միգուցե նաև ունենալով որոշակի հետախուզական տեղեկություններ, Արցախում խիստ լարված գիշերվա ընթացքում չի բացառել Ադրբեջանի տարածքից հրթիռային հարվածն «Էրեբունի» ռազմական օդանավակայանին, հետևաբար կործանիչները նախապես օդ է բարձրացրել, որ չվնասվեն: Ով ինչ ուզում է ասի, և ով ուզում է, թող հավատա (իր գործն է), ես չեմ կարող հավատալ, որ դրանք օդ էին բարձրացել ուսումնավարժանքների նպատակով և ողջ գիշեր և այսօր ցերեկն զբաղված էին միայն դրանով:
Թուրքական «CNN Turk» հեռուստաալիքը, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրների վրա, նոյեմբերի 7-ին հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար: Դատելով ամենից, ՌԴ նախագահը մերժել է նրան (և ճիշտ է արել)` անթույլատրելի համարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն այլընտրանքային մարմնի ստեղծումը: Հակառակ պարագայում, եթե Պուտինն Էրդողանի առաջարկին համաձայներ, մենք հիմա այդ մասին կիմանայինք և՛ ռուսական, և՛ թուրքական աղբյուրներից:
Հարկ է ուշադրություն դարձնել, թե Էրդողանը նշված առաջարկը երբ է արել Պուտինին: Շուշին, ապա նաև Արցախը գրավելու առաքելությամբ նոյեմբերի 8-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին Բաքու գործուղելուց անմիջապես առաջ, դրա նախորդ օրը: Ստացվում է, որ Էրդողանը մարտահրավեր նետեց Պուտինին` չհամաձայնեցիր համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, բանակցել, ուրեմն պատերազմով կվերցնենք Արցախը:
Երեկ ժամը 17:00-ից հետո Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ մասնավորապես հայտնեց.
«Առայսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս:
Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…»:
Հարկ է նկատել, որ Շուշին թշնամու կողմից մասամբ գրավվել էր դեռ նոյեմբերի 8-ին, և այն, ինչ կատարվեց նոյեմբերի 9-ին, Հայաստանի և Արցախի իշխանությունների համար միանգամայն սպասելի, կանխատեսելի էր, եթե նկատի ունենանք, որ այդ օրը ադրբեջանական դրոշի օրն էր: Ավելին` Թուրքիայի պաշտպանության նախարարը նոյեմբերի 8-ին Բաքու է ժամանել Ադրբեջանի ԶՈՒ ողջ հրամանատարությունն իր ձեռքը վերցնելու և հենց Շուշին գրավելու նպատակով: Հիշենք նաև, որ Լեդի Գագայի «911» տեսահոլովակում հայերիս զգուշացված էր նոյեմբերի 1-8-ի ընթացքում մեր հանդեպ թշնամու ինչ-որ խոշոր գործողության մասին:
Սպասե՞նք «Հարսանիք լեռներում-2»-ի, թե՞ Հայաստանը կհամակերպվի Շուշիի, ապա նաև Արցախի կորստի հետ… Ժամանակին Շուշիի պաշտպանությունը բավարար չկազմակերպելը չի՞ հանգեցնելու պատերազմում Արցախը փրկելու համար Հայաստանի ներգրավմանը։
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ