«Գնացե՛ք այսուհետև, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19, Մարկ. 16:15-16):
Վարդանանք չերկյուղեցին կյանքը զոհելու իրենց Աստծու համար, քանի որ «Աստծու սերն ավելի մեծ է, քան ամեն երկրավոր մեծություն. և այն այնպես աներկյուղ է դարձնում մարդկանց, ինչպես հրեշտակների անմարմին զորքերը»,- Վարդանանց պատմության մեջ գրել է Եղիշեն: Աստվածասիրությունը, անշուշտ, ավելի բարձր է, քան ազգասիրությունը, բայց առանց երկրորդի չկա և առաջինը, քանզի ազգասիրությունը եղբայրասիրություն է, իսկ «նա, ով չի սիրում իր եղբորը, ում տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, ՈՒմ չի տեսնում» (Ա Հովհ. Դ 20): «Աստծու սերը մենք ճանաչեցինք նրանով, որ Նա Իր անձը դրեց մեզ համար, և մենք էլ պետք է մեր անձերը դնենք մեր եղբայրների համար» (Ա Հովհ. Գ 17): Տղերքը շարք են կանգնել: Այս անգամ պետք է մկրտվեն, հետո զենք վերցնեն ու հակառակորդին հարված հասցնեն՝ հայի անկասելի ուժով: Հոգևորականները նույնպես պատրաստ կանգնած են՝ Վարդանանց սուրբ պատգամը հոգիներում դրոշմած:
Սևակ սարկավագն ամեն օր աղոթքներով է սկսում և ավարտում։ Մկրտության ժամանակ էլ նույնն էր, ավելի խորհրդավոր։ «Չնայած այս ծանր օրերին` չպետք է մոռանանք Աստծո զորության մասին։ Մենք մկրտեցինք տղերքին, որ պաշտպանեն հայրենիքն ու հավատը։ Մենք քրիստոնյա ենք ու կհաղթենք մեր Աստծով ու քաջ տղաների շնորհիվ»,- ասում է Սևակ սարկավագը։
Մենք՝ հայերս, եղբայրներ ու քույրեր ենք, ծնունդով որտեղից էլ լինենք՝ Հայաստանից, Արցախից, թե Սփյուռքից, միմյանց սիրելու և հարկ եղած դեպքում միմյանց համար մեր կյանքը տալու առաքելությունն ունենք, որ այսուհետ սուրբ ուխտի պիտի վերածվի։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ