ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:
Պայմանագրի 2-րդ հոդվածը սահմանում է.
Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին: