Այսօր Արցախը թեկուզ վիրավոր, սակայն կանգնուն է, և այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, ժողովրդի, մարդու շնորհիվ է, իր ուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ ժողովուրդը կռվելու է անմնացորդ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի, ամեն միլիմետրի համար, և անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու: Հենց այս պահը հասունացնելն է Արցախի պաշտպանության բանակի խնդիրը, և մենք պետք է ամեն առումով աջակցենք: Այս խնդիրների լուծման համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում և կարգապահության: Ռազմական դրության, առավել ևս մարտական դրության ժամանակ պիտի գործի հրամաննները անվերապահորեն և առանց քննարկման կատարելու տրամաբանությունը: Հրամանները չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության և հանրային արգահատանքի: Որևէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետև խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, և մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում», - նա:
Վարչապետը նշեց` տեղյակ է, որ երեկվա իր ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել, և նկատեց` թող տարօրինակ չթվա, բայց ուրախ է դրա համար: «Այդ ելույթն ուներ երկու նպատակ` միջազգային հանրությանը ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը և նաև հայ ժողովրդի հաստատակամությունն Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ: Երկու խնդիրն էլ լուծված են լիովին, մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձևով», - նկատեց վարչապետ Փաշինյանը: «Ամեն ինչ հանուն Արցախի», այս տրամաբանությունը պետք է գործի բոլորի մոտ:
Բացի այդ, նա նկատեց` ամբողջ աշխարհում արդեն լրիվ այլ է պատկերացումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, այժմ, ըստ նրա, բոլորի համար է հասկանալի, որ Ադրբեջանը ինչպես առաջ, այնպես էլ հիմա պատրաստ չէ որևէ փոխզիջման: «Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչնչից, թույլ չենք տալու ներքին և արտաքին որևէ ուժի կասկած սերմանել ազատ և երջանիկ մեր ապագայի նպատակ, մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից», - կոչ արեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ իր ղեկավարած կառավարությունը որևէ վայրկյան չի շեղվելու հաղթանակի ճանապարհը ցույց տալու իր գործից ու պարտականությունից: