ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել 8 ռազմագերիների մասով, ում վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել՝ ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«ՄԻԵԴ դիմում է ներկայացվել բոլոր 8 ռազմագերիների վերաբերյալ։ Պահանջել ենք, որպեսզի անհապաղ միջոց կիրառի ՄԻԵԴ-ը Ադրբեջանի նկատմամբ։ Տեղեկատվություն ենք պահանջել անձանց որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ, որտեղ են գտնվում, ինչ պայմաններում են պահվում, ինչպես նաև պահանջել ենք միջոցներ ձեռնարկվեն նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասաց Կիրակոսյանը։
Նա, չհայտնելով անունները, նշեց, որ 5 ռազմագերիների մասով ստացել են ՄԻԵԴ-ի պատասխանը, որովհետև ի սկզբանե կարողացել են նրանց նույնականացնել, հետագայում՝ երկրորդ փուլում արդեն 3 հոգու մասով են դիմում ներկայացրել։
«ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից տեղեկություն է պահանջել այդ 5 գերիների մասով և ժամկետ է սահմանել մինչև հոկտեմբերի 29-ը։ Այս պահին սպասում ենք պատասխանին։ Կարծում եմ, 3 ռազմագերիների մասով էլ ևս նույն պատասխանը կստանանք Դատարանի կողմից»,- ասաց Կիրակոսյանը։
Հայկական կողմը նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է տեղեկացրել են 8 ռազմագերիների մասով ՄԻԵԴ դիմելու, դատարանից ստացած պատասխանի մասին։