ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ադրբեջանի կողմից կռվում են Սիրիայից վարձկաններ

Ադրբեջանի կողմից կռվում են Սիրիայից վարձկաններ
21.10.2020 | 21:44

Ռազմական հակամարտությունների հետաքննությամբ զբաղվող Conflict Intelligence Team-ը հաստատել է Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների օգտագործումը։ Conflict Intelligence Team-ը հետաքննական հոդված է հրապարակել և հերքել Բաքվի և Անկարայի հայտարարությունները, թե, իբր, ԼՂ հակամարտության գոտում վարձկաններ չեն օգտագործվում։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հենց սկզբից հաղորդագրություններ էին ստացվում Ադրբեջանի կողմից մարտերում սիրիացի վարձկանների մասնակցության մասին։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է վարձկանների ներկայությունը հակամարտության գոտում։ Օրինակ, այդ տեղեկությունը հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «France 24»-ին հարցազրույցում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խորհրդարանում ունեցած իր ելույթում։


Սակայն այդ մասին գրում էին ոչ միայն հայամետ փորձագետները, այլև Սիրիայի հակամարտությամբ զբաղվող անկախ փորձագետները և Սիրիայում բազմաթիվ արևմտյան ԶԼՄ-ների լրագրողները, և նույնիսկ պաշտոնապես հայտարարել են շատ երկրների իշխանությունները, այդ թվում ՝ անձամբ Ֆրանսիայի նախագահը»,- նշում է Conflict Intelligence Team-ը։ Conflict Intelligence Team-ը ներկայացրել է, թե ինչպես է սոցցանցերի օգտատերերին հաջողվել գտնել սիրիացի վարձկանների մասնակցությամբ տեսանյութերի նկարահանման վայրերը՝ հաստատելով, որ դրանք իսկապես նկարահանվել են ինչպես Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում, այնպես էլ Արցախի Հանրապետության տարածքում, ուր կարողացել են թափանցել ադրբեջանական դիվերսիոն խմբերը։ «Սիրիացիները ներկա են եղել ռազմաճակատի գծի հարավային մասում, որտեղ վերջին օրերին ծանր մարտեր էին ընթանում Հադրութ բնակավայրի համար։ Բաց աղբյուրներից ստացված տվյալները հերքում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները, թե սիրիացի վարձկանները չեն մասնակցում հակամարտությանը ։ Ընդ որում, հակամարտության ընթացքում ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվություն, որը թույլ է տալիս ավելի շատ հասկանալ վարձկանների կազմի եւ պատրաստման, ժամանակագրության եւ նրանց արցախա-ադրբեջանական հակամարտության գոտի մտցնելու նպատակների մասին: Սիրիացիները, որոնք կռվում են Լեռնային Ղարաբաղում, ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ հավաքագրվել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ Բացի տեղի բնակիչներից, այնտեղ բնակվում են բազմաթիվ փախստականներ (ավելի ճիշտ ՝ ներքին տեղահանված անձինք) երկրի այն շրջաններից, որոնք վերահսկվում են Դամասկոսի կողմից ։ Այդ տարածքներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերահսկվում են թուրքական զորքերի կողմից, որոնք 2016 թվականից ընդլայնում են իրենց ներկայությունը Սիրիայի տարածքում, այդ թվում ՝ սիրիացիներից հավաքված խմբավորումների միջոցով»,- նշված է հոդվածում։


Conflict Intelligence Team-ը գրում է, որ թուրքական զորքերին հաջողվել է Սիրիայի մի մասը զերծ պահել Ասադի իշխանությունից, սակայն երկրի այդ մասը չի խուսափել սիրիական տնտեսական կոլապսից և համատարած գործազրկությունից, որոնք պայմանավորված են պատերազմով և ազգային արժույթի՝ վերջերս կրկնակի արժեզրկմամբ ։
«Սիրիայի հակամարտությունը հետազոտող Ելիզավետա Ցուրկովան պատմում է, որ հակամարտության 9 տարվա ընթացքում մեծացել է երիտասարդ սիրիացիների սերունդ, ովքեր չունեն գրեթե ոչ մի հմտություն, բացի մարտերում կռվելուց, և նույնիսկ դժվարությամբ են կարդում և գրում:


Ընդ որում, ինչպես գրում է The Guardian-ը, թուրքամետ խմբավորումների շարքային մարտիկները ամսական ստանում են 450-550 թուրքական լիրա (մոտ 70 դոլար), ինչը հազիվ է բավականացնում կյանքի համար։ Այս ամենը պարարտ հող է ստեղծում վարձկանների հավաքագրման համար, որոնք պատրաստ են փողի դիմաց պաշտպանել թուրքական շահերը Լիբիայում, իսկ այժմ՝ նաև Ադրբեջանում»,- նշված է հոդվածում։
Ըստ Conflict Intelligence Team-ի՝ դեռևս այս տարվա հուլիսին, երբ սկսվեցին բախումները հայ-արդբեջանական սահմանին, The Independent թերթին հայտնի էր դարձել Հարավային Կովկասի հակամարտության մեջ սիրիացիներին ներգրավելու պլանների մասին։
«Ինչպես գրում է Ցուրկովան, արդեն օգոստոսի սկզբին Աֆրինում սկսել են հայտնվել միջնորդներ, որոնք ավելի ուշ սկսել են զինյալների հավաքագրումը:
The Guardian-ի զրուցակիցները սեպտեմբերի 13-ին եւ 18-ին հայտնել են, թե երբ են պայմանագրեր կնքել, իսկ WSJ-ն էլ գրել է, որ նույն ամսվա կեսերին արդեն սկսվել է զինյալների տեղափոխումը: Վերջապես, սեպտեմբերի 23 -ին ՝ պատերազմի սկսվելուց չորս օր առաջ, SyriacPress անանուն աղբյուրը հայտնել է թուրքամետ խմբավորումներից մեկի անդամներին Ադրբեջան ուղարկելու մասին ՝ ներկայացնելով մանրամասներ, որոնք համընկել են արևմտյան մամուլում պատերազմի սկսվելուց հետո արդեն լույս տեսած հոդվածների հետ։ Այս և այլ տեղեկությունների համադրմամբ կարելի է վստահաբար եզրակացնել, որ ներկայիս ռազմական գործողությունները պլանավորվել են թուրք-ադրբեջանական կողմից նախապես, այլ ոչ թե հերթական պատահական սրացման հետևանք են»,- եզրափակում է Conflict Intelligence Team-ը։ CIT-ն ավելի վաղ զբաղվել է Արեւելյան Ուկրաինայի եւ Սիրիայի հակամարտությունում ռուս վարձկանների մասնակցության, ինչպես նաեւ աֆրիկյան երկրներում նրանց գործունեության հետաքննությամբ:


CIT-ի տվյալներն ու եզրակացություններն ավելի ուշ բազմիցս օգտագործել և հաստատել են Արևմուտքի երկրների պաշտոնական պետական կառույցները։

Դիտվել է՝ 2882

Մեկնաբանություններ