«Միջազգային կազմակերպությունների մասնակցություն չունենալը չի կարող ստվեր գցել Արցախի ընտրությունների վրա»
03.04.2020 | 00:57
Հասարակական-քաղաքական գործիչ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ Արցախում անցկացված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները մրցակցային ու ժողովրդավարական է համարում: «Իրատեսի» հետ զրույցում նա նշեց, որ միայն այն փաստը, որ ընտրություններին մասնակցում էր նախագահի 14 թեկնածու, ևս մեկ անգամ ապացուցում է՝ Արցախը բռնել է ժողովրդավարության ուղին: Նա թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական, թե՛ ընտրական բուն ընթացքը դրական է գնահատում, իսկ ինչ վերաբերում է իրավապաշտպան կազմակերպությունների ու հասարակական կամակերպությունների արձանագրած խախտւմներին, ապա, ըստ մեր զրուցակցի, դրանք այնպիսի աղաղակող խախտումներ չեն եղել, որ ազդեն արդյունքների վրա:
-Նախագահ ընտրելու համար ընտրությունների երկրորդ փուլ պետք է կազմակերպվի: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որ դիտորդական առաքելությամբ Արցախում է եղել, ասում է, որ «Արցախի իշխանությունները կգտնեն այն տարբերակը, մեխանիզմը, որով կորոնավիրուսի տարածման վտանգները կկանխեն, և կկազմակերպվեն 2-րդ փուլի ընտրությունները, եթե` ոչ, դա Արցախի ժողովրդի, իշխանության որոշումը կլինի, որը մենք կընդունենք»: Փաստորեն՝ ՀՀ իշխանությունները նույնպես մտադրություն չունեն հորդորելու ընտրությունները հետաձգել որոշ ժամանակով: Պատահակա՞ն է:
-Որևէ մեկի խոսքերը չեմ ցանկանում մեկնաբանել, բացի այդ՝ նախագահի ընտրության երկրորդ փուլի օրն արդեն իսկ նշանակված է՝ ապրիլի 12: Արցախը, լինելով ինքնիշխան ու ազատ պետություն, ինքը պետք է որոշի՝ հետաձգե՞լ ընտրությունները, թե՞ ոչ: Տեղին ու ճիշտ չէ, որ Հայաստանը խառնվի Արցախի ներքին գործերին ու միջամտի ընտրությունները հետաձգելու կամ չհետաձգելու հարցին: Այնուամենայնիվ, եթե կարողանան անվտանգային ու հակահամաճարակային միջոցներ ձեռնարկել, կարողանան երկրորդ փուլն էլ առաջինի նման անցկացնել, ապա ընտրություններն անպայման պետք է տեղի ունենան: Չեմ կարծում, թե հետաձգումը բխում է Արցախի ժողովրդի ու պետության շահերից:
-Ի դեպ, պատահականության մասով, ավելի քան 49 տոկոս քվե ստացած թեկնածու Արայիկ Հարությունյանն ընտրություններից հետո հայտարարել է, թե ընտրություններից մեկ օր առաջ զրույց է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, Ստեփանակերտում էլ պատահաբար հանդիպել ու զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: ՀՀ իշխանությունների համար Հարությունյանը կարո՞ղ է «ցանկալի» թեկնածու լինել:
-Հարությունյանի՝ ընտրություններից մեկ օր առաջ ԱԺ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցը կամ նրա հանդիպումը պատգամավորների հետ, չեմ կարծում, թե որևէ ազդեցություն կարող էր ունենալ ընտրության արդյունքների վրա, որովհետև ընտրությանը մասնակցել են Արցախի քաղաքացիներն ու ժողովուրդը: Իսկ գուցե մնացած թեկնածուները նույնպե՞ս զրուցել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կամ հանդիպումներ ունեցել: Եթե անգամ 14 թեկնածուներն էլ հանդիպեին Հայաստանից մեկնած պատգամավորական խմբի հետ, ապա դա որևէ կերպ չէր կարող ազդեցություն ունենալ ընտրության ելքի վրա: Այդտեղ ոչինչ փնտրել պետք չէ, ամեն բան նորմալ է, սպասենք ընտրության երկրորդ փուլին:
-Արայիկ Հարությունյանն ասում է, թե «մեր՝ թեկնածուների մեջ մի փորձեք սեպ խրել»: Արցախում իսկապե՞ս շատ ավելի քաղաքական է պայքարը, քան, օրինակ, մեզ մոտ, թե՞ դրանք ուղղակի խոսքեր են:
-Հարությունյանի այդ խոսքերը ես տեղին ու ճիշտ եմ համարում, քանի որ ընտրություններից հետո կյանք կա, ու թեկնածուներից ոմանց ճանաչելով՝ կարող եմ ասել, որ նրանք անգամ բարիդրացիական հարաբերություններ ունեն: Արցախը փոքր պետություն է, այնտեղ մեկը մյուսին ճանաչում է, ու ընտրություներից հետո այն թեկնածուները, որ չեն ընտրվել, պետք է համախմբվեն թեկնածուի շուրջը, եթե անգամ չհամախմբվեն, գոնե չխանգարեն ընտրվող թեկնածուին, որ Արցախի 4-րդ նախագահը կարողանա էլ ավելի ուժեղացնել հայկական երկրորդ պետությունը, տնտեսությունն ու պաշտպանական համակարգը, իսկ Հայաստանն էլ ավելի ամուր դիրքերից կարողանա մասնակցել Արցախի հարցի խաղաղ կարգավորման բանակցություններին:
-Միջազգային որևէ կառույց հայտնի պատճառներով չի մասնակցել Արցախի ընտրություններին, սա կարո՞ղ է հետագայում պատճառ լինել, որ այդ կառույցները որոշակի անվստահություն հայտնեն ընտրությունների ընթացքի ու արդյունքի մասին: Կամ ասեն՝ պանդեմիայի ժամանակ ընտրություն չպետք է անցկացվեր:
-Միջազգային որևէ կազմակերպության մասնակցությունը կամ չմասնակցությունը չի կարող ստվեր գցել ընտրությունների վրա, որովհետև համաճարակի պատճառով միջազգային որևէ կառույց ցանկություն չի հայտնել ռիսկային այս ժամանակահատվածում ներկա լինելու ընտրություններին: Եվ դա բնավ չի նշանակում, որ ապագայում կարող է լինել որևէ կազմակերպություն, որ կասկածի տակ առնի ընտրությունների ընթացքն ու արդյունքները: Այնպես չէ, որ Արցախի վարած քաղաքականության պատճառով չեն մասնակցել ընտրություններին, պատճառը բոլորիս էլ հայտնի է՝ փակ սահմաններն են: Արցախն ինքնիշխան պետություն է, ու ինքն է որոշում՝ համաշխարհային պանդեմիայի պատճառով ընտրություններ կազմակերպի՞, թե՞ ոչ: Միջազգային որևէ կազմակերպություն չի կարող ասել, թե ինչու է համավարակի ընթացքում համապետական ընտրություն կազմակերպվել, ու հատկապես այն դեպքում, երբ այնտեղ կորոնավիրուսի գեթ մեկ դեպք չի հայտնաբերվել:
-«Վրաստանն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում ԼՂ-ում տեղի ունեցած այսպես կոչված ընտրությունները». սա Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունն է: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը, և արդյո՞ք մեր ԱԳՆ-ն համարժեք քայլեր ձեռնարկել է այս մասով:
-Այո, պաշտոնական Թիբիլիսին նման դիրքորոշում է հայտնել, փոխարենը կարող էր ուղղակի զերծ մնալ որևէ դիրքորոշում հայտնելուց, չեզոքություն ցուցաբերել ու պահպանել այդքան թմբակահարվող եղբայրության ու համերաշխության սկզբունքը: Նույն տրամաբանությամբ` Վրաստանը Հյուսիսային Կիպրոսում կամ Կոսովոյում տեղի ունեցող ընտրություններից հետո պետք է հայտարարի, որ չի ճանաչում ընտրության արդյունքները: Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանի արձագանքին, ապա մինչ այս պահը որևէ արձագանք չկա: ՈՒզում եմ հիշեցնել, որ ամիսներ առաջ էլ Աբխազիայում էին ընտրություններ, ու նույն հաջողությամբ՝ Հայաստանը կարող էր հակառակ բովանդակությամբ հայտարարություն տարածել, ողջունել ընտրությունների կազմակերպումն ու ճանաչել դրա արդյունքները: Բայց, արի ու տես, Հայաստանը, հավատարիմ մնալով Վրաստանի հետ եղբայրական հարաբերություններին, չեզոքություն ցուցաբերեց ու որևէ հայտարություն չտարածեց:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ