Հոկտեմբերի 29-ին Արարատբանկի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը և բելգիական Incofin Investment Management կազմակերպության ներդրումների գծով գլխավոր տնօրեն Գիրթ Պետերմանսը ստորագրեցին համաձայնագիր, որով Incofin Investment Management-ը դարձավ Արարատբանկի 10 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր: Նախատեսվում է, որ բելգիական մասնակցությունն Արարատբանկի կապիտալում թույլ կտա բանկին ամրապնդել հայկական ֆինանսական շուկայում իր դիրքերը` առաջարկելով վարկավորման նոր հնարավորություններ, բանկային նոր ծառայություններ` հիմնված միջազգային բանկային փորձի ժամանակակից չափորոշիչների վրա: Incofin Investment Management-ի և Արարատբանկի համագործակցությունը սկսվել է 2011 թվականին` 3 միլիոն ԱՄՆ դոլար վարկային ծրագրի իրականացման միջոցով: Միջազգային ֆինանսական շուկայում Incofin Investment Management-ը իրականացնում է պարտքային ֆինանսավորում` հիմնականում միկրոֆինանսավորման և գյուղատնտեսության ֆինանսավորման միջոցով, նաև կապիտալի ֆինանսավորում: Incofin Investment Management-ը կառավարում է այն ներդրումային հիմնադրամները, որոնք շեշտը դնում են բալանսավորված սոցիալական և ֆինանսական արդյունքների վրա: IIM-ի կառավարած RURAL IMPULSE FUND-ը 120 միլիոն եվրո արժողությամբ հիմնադրամ է, ներդրումներ է անում միկրոֆինանսական հաստատություններում, որոնք ունեն աճի ներուժ և առողջ ֆինանսական կառուցվածք, կարևորում են սոցիալական ծրագրերը: Հիմնադրամի հիմնական նպատակն է հասանելի լինել այն մարդկանց, ովքեր ապրում են մեկուսի գյուղական վայրերում կամ ակտիվ են գյուղատնտեսական ոլորտում: Incofin Investment Management-ը գրասենյակներ ունի Բելգիայում, Կոլումբիայում, Հնդկաստանում, 40 երկրներում ֆինանսավորում ու աջակցում է բանկային կազմակերպություններին:
Համաձայնագրի ստորագրումից առաջ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ողջունելով հայ-բելգիական համագործակցության նոր դրսևորումը, ասաց, որ Արարատբանկն իր բազմամյա գործունեության ընթացքում մշտապես նպաստել է Հայաստանի բանկային համակարգի զարգացմանը, կորպորատիվ էթիկայի և աշխատանքային օրինակելի գործելաոճի շնորհիվ վայելում է ներդրողների վստահությունը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս, ինչի ապացույցը համագործակցությունն է Incofin Investment Management-ի հետ: ԿԲ նախագահը հատկանշական համարեց բանկի ակտիվ դերակատարումը փոքր ու միջին բիզնեսի վարկավորման ոլորտում` բանկի պորտֆելի 1/3-ը: Նրա գնահատականով` բաժնետերերի կազմի փոփոխությունը բանկի համար զարգացման նոր հորիզոններ կբացի: Վարկերի 99-ի տոկոսի վերադարձելիությունը նա համարեց ռիսկերի կառավարման գործուն մեխանիզմների արդյունք: «Միջազգային կորպորատիվ մշակույթի ներդրմանը Հայաստանում իր մասնակցությամբ Արարատբանկը նպաստում է միջազգային փորձառու ընկերությունների ներգրավմանը հայկական ֆինանսական աշխարհում»,-ասաց Արթուր Ջավադյանը և վստահություն հայտնեց, որ Incofin Investment Management ընկերությունը նույնպես իր ներդրումը կունենա բանկի զարգացման և հաստատուն դիրքերի ամրապնդման մեջ: ԿԲ նախագահը շնորհակալություն հայտնեց Արարատբանկին` ֆինանսական համակարգի և տնտեսության զարգացման գործում ունեցած ներդրումի համար, ֆինանսական կայունություն ու հաջողություններ մաղթեց:
Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցում էր Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արտակ Դավթյանը: Նա իրադարձությունը որակեց կարևոր քայլ Հայաստանի տնտեսության ու բանկային համակարգի համար: «Արարատբանկը մեր բանկային համակարգի լավագույն բանկերից է, արագ զարգացող և վստահելի: Այս քայլով ևս մեկ հստակ ուղղվածություն է ընդգծվում բանկի զարգացման համար, որն ամրապնդվում է օտարերկրյա ընկերության մասնակցությամբ», ասաց նախարարը: Նա կարևորեց բանկի ակտիվ մասնակցությունը երկրի տնտեսության զարգացմանը, նշելով, որ Արարատբանկը օրինակ է տալիս, թե ինչպես կարելի է աջակցել տնտեսությանը և հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրության վարկավորմանը:
Արարատբանկի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը չանդրադարձավ բանկի տնտեսական գործունեությանը, այլ իր ելույթի առանցքում դրեց բանկի վարած քաղաքականությունը: Նա հիշեցրեց, որ Արարատբանկն ընդամենը 8 տարվա պատմություն ունի և ստեղծվել է իբրև փակ բաժնետիրական ընկերություն, բաժնեմասերի 100 տոկոսն էլ իր տրամադրության տակ է եղել: Կորպորատիվ կառավարման մեթոդիկայի ներդրումը և Աշոտ Օսիպյանի` իբրև բանկի վարչության նախագահի պաշտոնավարումը հնարավորություն տվեցին փակ բաժնետիրական ընկերությունից անցնելու աշխատանքային նոր որակի: Համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ իր դրական դերն ունեցավ` ակնառու դարձնելով բանկի զարգացումը: Incofin Investment Management-ը ներգրավելով Արարատբանկի գործունեության մեջ` կորպորատիվ կառավարման ընդլայնման հերթական քայլն է կատարվում: «Լինելով բանկի խորհրդի նախագահ` ես կարծում եմ, որ բանկը մեկ մարդ չպետք է ղեկավարի, բանկի գործադիր կառավարման և խորհրդի միջև տարակածությունները պետք է լինեն զարգացման հիմքը: Ես միշտ դեմ եմ եղել գրպանային կառավարմանը, վստահել եմ և համատեղ աշխատանքով հաջողության հասել»,- ասաց բանկի խորհրդի նախագահը: Պարոն Բեգլարյանը ողջունեց բելգիական կազմակերպության մուտքը Հայաստան և վստահություն հայտնեց, որ համագործակցությունը կընդլայնվի:
Incofin Investment Management -ի ներդրումների գծով գլխավոր տնօրեն Գիրթ Պետերմանսը նշեց, որ իր կազմակերպությունն աշխատում է Եվրոպայում գտնվող ինստիտուցիոնալ ներդրողների համար և նրանց անունից, ապահովում է ֆինանսապես կայուն ներդրումներ: «Մենք ֆինանսավորման միջոցով հասարակության վրա կարող ենք ազդել` տրամադրելով ֆինանսավորում և վարկավորում գյուղաբնակներին, զարգացնելով հատկապես մանր ձեռներեցությունը»,- ասաց նա: Գիրթ Պետերմանսը կարծում է, որ Արարատբանկը արժանի գործընկեր է, և ուրախ է համագործակցության համար, համոզված, որ բանկն ունի արհեստավարժ կառավարիչներ ու աշխատակազմ, մասնաճյուղեր ամբողջ երկրում, ինչը շատ կարևոր է ցանկացած բանկի համար:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայկական մասնաճյուղի ղեկավար Վալերիու Ռազլոգն առանձնապես հաճելի համարեց, որ բելգիական կողմը Հայաստանում կապիտալի ներդրման համար ընտրել է հենց Արարատբանկը: Նա կարծում է, որ Արարատբանկը դինամիկ, նորարար և շրջահայաց բանկ է և շատ ուժեղ թիմ ունի: Ընտրելով փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման մարտավարությունը` Արարատբանկը լուրջ աջակցություն է ցույց տալիս տնտեսության զարգացմանը: Իր 42 մասնաճյուղերով բանկը բոլոր մարզերում բիզնեսի լայն ծածկույթ է ապահովում, հատկապես գյուղական բնակավայրերում, դա շատ հոգեհարազատ է ՎԶԵԲ-ի գործունեությանը, որի խնդիրն է ֆինանսավորման հասանելիության ապահովումը գյուղատնտեսությանը:
Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը գործարքը բանկի համար որակեց պատմական, նոր բաժնետերերի հրավիրումը նա համարեց բանկի երկարատև զարգացման ծրագրի մաս: «Incofin Investment Management-ը համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություն է, 40-ից ավելի երկրներում ներկայացված և մեծ փորձ ունի միկրովարկավորման, վարկավորման, կապիտալի մասնակցության գործընթացում: 2008 թ., երբ սկսվեց ֆինանսատնտեսական ճգնաժամը, Արարատբանկը հրավիրեց համաշխարհային ճանաչում ունեցող ներդրումային ընկերություն` ՎԶԵԲ-ին և ունեցավ ակնհայտ հաջողություններ: Արարատբանկը վերջին 4 տարիներին համաշխարհային փորձից բխող բանկային տեխնոլոգիաներ է ներդնում իր գործունեության մեջ` ռիսկերի կառավարումից մինչև մասնաճյուղերի կառավարում: Այդ համագործակցությունը ստեղծեց համակարգաստեղծ բանկ, որովհետև Արարատբանկն ունի արդեն 43 մասնաճյուղ: Համագործակցության արդյունքում բանկը գրավիչ դարձավ նաև այլ ներդրողների համար»,- նշեց նա: Պարոն Օսիպյանը կարևորեց Հայաստանում ներդրումների կլիման, որը նպաստում է նման գործարքների կնքմանը, Կենտրոնական բանկի` կարգավորման բարձր մակարդակը:
Համաձայնագրի ստորագրումից հետո Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը և Incofin Investment Management-ի ներդրումների գծով գլխավոր տնօրեն Գիրթ Պետերմանսը պատասխանեցին լրագրողների հարցերին: Աշոտ Օսիպյանը կարծում է, որ համագործակցությունն ընդհանրապես դրական ներգործություն է ունենում։ Նա նշեց, որ Incofin Investment Management-ը բանկի խորհրդում մեկ տեղ կունենա և, հմուտ լինելով փոքր ու միջին ձեռներեցության, գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, նոր հնարավորություններ կբացի բանկի զարգացման համար: Նա պարզաբանեց, որ նոր բաժնետիրոջը տրված 10 տոկոս բաժնետոմսերը «Ֆլեշ» ընկերության հաշվից են, բայց ոչ թե պակասեցվել են «Ֆլեշի» բաժնետոմսերը, այլ ավելացվել է բանկի կապիտալը:
«Ինչո՞վ է Արարատբանկը գրավել Ձեզ» «Իրատես de facto»-ի հարցին Incofin Investment Management-ի ներդրումների գծով գլխավոր տնօրեն Գիրթ Պետերմանսը պատասխանեց. «Նախ և առաջ մեզ գրավել է Հայաստանի ֆինանսական համակարգը: Կարծում եմ` լավ կարգավորման պայմաններում այդ համակարգը շատ լավ կզարգանա: Այս ներդրումից մենք ոչ միայն ֆինանսական օգուտ ենք ակնկալում, այլև փորձում ենք աջակցել երկրի զարգացման ընթացքին: Մեզ պետք է շատ արհեստավարժ կազմակերպություն, որը կկարողանա աշխատել հենց այն հաճախորդների հետ, որոնց հետ մենք ենք ուզում աշխատել` փոքր ձեռնարկատերերը, գյուղական ձեռնարկատերերը: Մեր, բանկի բաժնետերերի և ՎԶԵԲ-ի նպատակները շատ համահունչ են, ահա և համագործակցության համար ընտրվեց հենց Արարատբանկը: Կարևոր են և հաճախորդների պաշտպանության սկզբունքները, որոնք գործում են Արարատբանկում»: Նա առաջին քայլերի հաջողության հետ կապեց բանկի հետ համագործակցության հետագա զարգացումը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ