«Այս տարվա գարունը նպաստավոր էր հատկապես պտղատու ծառատեսակների համար, քանի որ սկսվեց մթնոլորտային օդի աստիճանական տաքացումով, առանց ցրտահարությունների և օդի հարաբերական ցածր խոնավությամբ, շնորհիվ դրա բույսերի վեգետացիան և հետագա աճը նորմալ ընթացան, իսկ սնկային հիվանդությունները բուռն զարգացում չապրեցին»,- «Իրատես de facto»-ին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, նշելով, որ բանջարանոցային ցանքատարածքներից սպասվելիք բերքն այսօր լավ վիճակում է, իսկ համախառն պտուղը, կանխատեսումների համաձայն, կգերազանցի անցած տարվա ցուցանիշները:
ԵՂԱԾԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ «ԳԱՐՈՒ ԵՎ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԵՐ
«Բայց սակավ տեղումներով գարունն ու հողի խոնավության պակասն այնքան էլ նպաստավոր չէին հացահատիկային մշակաբույսերի, հատկապես որոշ գոտիներում ձնածածկույթից զերծ մնացած և մասամբ ցրտահարված 2011 թվականի աշնանացան ցորենի ցանքերի համար: Լիարժեք չզարգացած-չձևավորված բույսերին նշված գործոնները «ստիպեցին» ժամանակից շուտ հասունանալ և հասկակալել»,- հավելեց նա:
Եղածին զուգահեռ իրականացվել են նաև «Գարու և եգիպտացորենի արտադրության զարգացման» ծրագրեր:
Կարևորելով ընթացիկ տարում շրջանառության մեջ դրված առավել բերքատու մշակաբույսերի սերմերը, հողի պարարտացման, ինչպես նաև բույսերի վնասատուների դեմ պայքարի աշխատանքները, Գ. Հարությունյանն անդրադարձավ նաև հանրապետության հողագործներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի աջակցության պետական ծրագրերին: «Դրանց շրջանակներում հողօգտագործողներին մատակարարվել է 25000 տոննա ազոտական սելիտրա տեսակի պարարտանյութ (1 պարկը` 6000 դրամ) և 12600 տոննա դիզելային վառելանյութ (1 լիտրը` 350 դրամ)»,- ասաց նա, նշելով, որ ազոտական պարարտանյութն արդեն ամբողջությամբ բաշխվել է մարզերին:
Վարչության պետի պաշտոնակատարը նշեց, որ ընթացիկ տարում շարունակվել է նաև «Աշնանացան ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը», որը նպատակաուղղված է հանրապետությունում սերմարտադրության զարգացմանն ու սորտաթարմացմանը: 2011 թվականի աշնանացանքի համար 7 հա և ավելի հողատարածք ունեցող տնտեսավարողներին, պայմանագրային հիմունքներով, հատկացվել է 1100 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու` 2013 թվականի բերքահավաքից հետո 1:2 հարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով: Միաժամանակ առաջին վերարտադրության 3317 տոննա սերմացու էլ տրամադրվել է մարզպետարաններին, որոնք պայմանագրային հիմունքներով հատկացրել են մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարող հողագործներին:
Գ. Հարությունյանի խոսքերով, 2011 թվականին իրականացվել են նաև «Գարու ու եգիպտացորենի արտադրության զարգացման» ծրագրեր, որոնց շրջանակներում, նույնպես ՌԴ-ից, բարձրորակ սերմեր են ներկրվել և մարզպետարանների միջոցով պայմանագրային հիմունքներով տրամադրվել են գյուղացիական տնտեսություններին:
«ՊԱՅՔԱՐ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ»
«Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրով», մկնանման կրծողների դեմ անցկացրած մոնիթորինգի հիման վրա, պայքար կիրականացվի հանրապետության շուրջ 128000 հեկտար վարելահողերում և բազմամյա տնկարկներում: Կրծողներով առավել վարակված 24000 հա տարածքների վրա, հողատերերը 3000 կգ ցինկի ֆոսֆիտի միջոցով արդեն սկսել են պայքարի աշխատանքները»,- նշեց վարչության պետի պաշտոնակատարը:
Բացի դրանից, 225,3 լիտր «Կռալ» թունաքիմիկատ է հատկացվել նաև Արարատի, Սյունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերին, որով համայնքները պայքար կիրականացնեն մորեխներով առավել վարակված 1502 հեկտար տարածքներում: Նշված տեղանքներում մասնագիտական դիտարկումները դեռևս շարունակման փուլում են:
Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի անտառներում (ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացրած մոնիթորինգի արդյունքների) 9000 հեկտարի վրա ներկայումս սկսվել են ավիացիոն եղանակով քիմիական պայքարի աշխատանքները, որոնց ավարտը նախանշվել է հունիսի վերջին: Տեղական ԶԼՄ-ներով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն` արգելվել է մարդկանց և կենդանիների մուտքը նշված տեղամասեր: Այդ տեղանքներից դուրս են բերվել նաև մեղվաընտանիքները: Բնակիչներին նախազգուշացվել է նաև սրսկումներից հետո հատապտուղներ և բույսեր չհավաքել` առնվազն 20 օր:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ
Գևորգ Հարությունյանը նշեց, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկում ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ, իսկ թե այն երբ կգործի, դեռ հայտնի չէ, քանի որ գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, իսկ ապահովագրությունը ենթադրում է երկկողմանի շահավետություն: «Աշխատանքը դյուրին չէ, համակարգը պետք է ձեռնտու լինի ինչպես հողը մշակողի, այնպես էլ ապահովագրող կազմակերպության համար: Այդուհանդերձ, հարցը նախարարության օրակարգում է: Այդ ուղղությամբ կատարվող աշխատանքներին զուգահեռ ուսումնասիրվում է նաև միջազգային փորձը»,- նշեց վարչության պետի պաշտոնակատարը:
«Գյուղատնտեսությունը երկրի տնտեսության այն ոլորտն է, որը մեծ մասամբ կախված է եղանակային պայմաններից։ Որքան էլ հողի մշակման նոր տեխնոլոգիաներ ներդրվեն, որքան էլ մեքենայացվի աշխատանքը, եղանակային պայմանները եղել և մնում են այդ ոլորտի և՛ հաջողության, և՛ անհաջողության հիմնական գործոնը: Հուսանք, որ տարին բարեհաջող ավարտ կունենա»,- եզրափակեց Գևորգ Հարությունյանը:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ