«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՐ ՉԲԱՐԿԱՆԱՆ ԿՐԵՄԼԻ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ԼՈՒՐՋ «ՔԵՌԻՆԵՐԸ»

ՈՐ ՉԲԱՐԿԱՆԱՆ ԿՐԵՄԼԻ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ԼՈՒՐՋ «ՔԵՌԻՆԵՐԸ»
31.05.2011 | 00:00

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում նորից հին ասացվածքն են հիշել. «Եթե մարդուց էշ չլիներ, էշի գինը հարյուր հազար կլիներ»։ ՈՒշադրություն են դարձրել իրենց «էշերի» զգալի արժեզրկմանը, և որոշել են, որ հին ժողովրդական մոտեցումը` «երբ ոչխար չկա, այծն էլ ոչխարի տեղ կանցնի», այսօր շատ օրախնդիր է ու հեռանկարային։ Համենայն դեպս, ուրիշ ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել այն, որ «Եվրատեսիլ-2011» մրցույթում ադրբեջանցի կատարողների հաղթանակն ամենաբարձր պաշտոնական մակարդակով ուղղակիորեն շաղկապում են պետության հաջող քաղաքականության, «քաղաքական-տնտեսական տեսակետից իրենց անկախ ներքին ու արտաքին քաղաքական կուրսի հետ»։ Այնուհետև գալիս է է՛լ ավելի ապշեցուցիչ մեկնաբանություն` այն, որ «Ադրբեջանի հետ սերտորեն համագործակցող որոշ երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Նորվեգիան, Բուլղարիան, Դանիան, Ադրբեջանին երեք-չորս միավոր էլ չեն տվել», բացատրվում է ոչ թե երգի նկատմամբ վերաբերմունքով, այլ «որոշակի դիրքորոշմամբ»։ Գլխի ընկա՞ք, թե ինչպիսի։ Իհարկե, հայամետ դիրքորոշմամբ։ Ընդ որում` բոլորի, սկսած ժյուրիից և վերջացրած շարքային հեռուստադիտողներով։ Պարզվում է` հեղինակավոր The New York Times-ը «չի կարողացել» թաքցնել իր կանխակարծությունը, նրանք նույնիսկ չէին էլ փորձում դա թաքցնել։ Իսկ հետո, առհասարակ, զավեշտական զուգահեռներ են բերվում. նրանք այնտեղ Արևմուտքում (պատկերացնո՞ւմ եք), «կողմնակալ վերաբերմունք ունեին մեր երազանքի նկատմամբ` ապրելու ուրախության նույնպիսի զգացում նաև գրավյալ տարածքների վերադարձման պարագայում»։ Եվ իհարկե, բոլոր այս հայտնությունները «շաղախված» են արևելյան հյութեղ համեմունքներով «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի իրականացման հետ կապված հաղթանակների ու նվաճումների» դաշտից։ Դժվար է դիմանալ և ինչպես կրկեսում չբղավել` «Բրավիսիմո, մաեստրո», առավել ևս, որ քաղաքական ակրոբատիկայի այդ գլուխգործոցի հեղինակը, ով ոչ ավելի, ոչ պակաս երկրի արտաքին քաղաքական կուրսի գլխավոր ռեժիսորն է` մեզ քաջ ծանոթ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը։ Իսկ մի այլ, ասես թե հասուն և կարգավիճակով էլ խելքը գլխին մարդ` Միլի Մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովը, լրջորեն նշում է, որ «ամբողջ աշխարհում ամեն օր տասնյակ մարդիկ ապօրինի ձերբակալվում են, նրանց հանդեպ բռնություն է կիրառվում, բայց այդ առթիվ ոչ մի փաստաթուղթ չի ընդունվում», իսկ ահա խեղճ (ախ, այդ հայկական լոբբին) Ադրբեջանի առնչությամբ վերջերս Եվրախորհրդարանում քննադատական բանաձև ընդունվեց` երկրում մարդու իրավունքների ու ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Եվ, ինչպես միշտ, դրանից հետևում է, որ «Ադրբեջանի հանդեպ ոչ բարյացակամ ուժերը չեն տեսնում երկրի զարգացումը և հնարավոր ամեն ինչ անում են մեր երկիրը հեղինակազրկելու համար»։ Իսկ այնտեղ իրականում, ինչպես պնդում են հավատարիմ վասալները, ամեն ինչ հիանալի է, «ուղին ընտրված է ճիշտ, քաղաքականությունն անկախ է, և մենք պիտի շարունակենք ընթանալ այդ ճանապարհով»։ Իսկ հաղթանակը մրցույթում, ինչպես պետք է ենթադրել, իմաստուն ղեկավարման ներքո ձեռք բերված «հաջողությունների ու նվաճումների» ևս մեկ ապացույց է։
Իհարկե, շատերի, այդ թվում նաև` երաժշտության գիտակների ու բուն երաժիշտների համար անսպասելի հաղթանակը և հաջորդ մրցույթը Բաքվում անցկացնելու հանգամանքը սոսկ մի գդալ մեղր է Եվրոպայից ադրբեջանական իշխանությունների գլխին թափվող լափի տաշտի մեջ։ Եվ այն ոչ միայն ոչինչ չի փոխի, այլև, ավելին, Արևմուտքին հիմքեր կտա առանձնակի ուշադրությամբ հետևելու իրադրությանն ու քաղաքական փոփոխություններ պահանջելու, որոնք, անշուշտ, ոչ միայն չի ուզում, այլև պարզապես չի կարող կատարել Ալիևը։ Եվ այստեղ բանը ոչ միայն այն է, որ Ադրբեջանն առաջին երկիրն է նախկին ԽՍՀՄ տարածքում, որտեղ իշխանության գերդաստանային փոխանցում է տեղի ունեցել, իսկ «միապետությունը», ընդ որում` ասիական, իր կանոններն է թելադրում։ Եվ անգամ ոչ ընդդիմության հիպոթետիկ ազդեցությամբ. այն թույլ է, պառակտված, անհիմն հավակնոտ ու անմարտունակ։ Անգամ եթե, ինչպես հայտարարված է, մայիսին սահմանվելու է ընդդիմության միասնության նոր ձևաչափ, մոտ ժամանակներս նրանից հեղափոխական փոթորիկներ բացահայտորեն չարժե ակնկալել (մեծապես հատկանշական մի հանգամանք. առաջ ընդդիմադիր ճամբարում, միասնության հասնելու համար, ձգտում էին վերսկսել Ղարաբաղի համար շարժումը, բայց նախաձեռնությունը հաջողություն չունեցավ և ձախողվեց, իսկ հիմա առաջ է քաշվում «Հանուն մարդու» թեզը)։ Շատ ավելի կարևոր է այն, ինչի մասին վերջին ժամանակներս կանոնավորապես խոսում են փորձագետներն ու գրում լրատվամիջոցները` «հին և երիտասարդ գվարդիաների», գործող նախագահի շրջապատի տարբեր խմբավորումների միջև եղած հակասությունները, որոնք միմյանց դիմակայում են տնտեսական լծակների համար պայքարում։ ՈՒ թեև որոշ դիտորդներ հայտարարում են, թե հակասություններ չկան Ալիևների ու Փաշաևների կլանների միջև (Փաշաևների ընտանիքը հայրական կողմից Ադրբեջանի առաջին տիկնոջ հարազատներն են), կենցաղային հին իմաստությունն ասում է, որ մեծ իշխանությունն ու մեծ փողերը «երկուսի միջև անհնար է բաժանել»։
Եվ այստեղ հարց է ծագում` ինչո՞ւ է, այնուամենայնիվ, «ընտանիքին» լուրջ վտանգ սպառնում, ինչի մասին խոսում են փորձագետները, և ինչո՞ւ են փորձագետները նշում, թե կլանը դանդաղորեն ու անշեղորեն անդունդ է գլորվում։ Պարզվում է, եթե առաջ, «խորամանկ աղվես» Հեյդար Ալիևի կառավարման տարիներին, դժգոհ էին միայն փախստականներն ու գործազուրկները, իսկ նրանց վրա պետք էր ուշադրություն դարձնել հենց միայն հակահայկական աղմկարարության նպատակով, ապա հիմա դժգոհությունը հասունանում է «բարձր դասի» անձանց շրջանում։ Նկատենք, որ դեռ խորհրդային ժամանակներից «նախիջևանյան կլանը» չէր վայելում Բաքվի կամ, այսպես կոչված, թաթերի կլանի համակրանքը։ Այդուամենայնիվ, ժամանակին շատերը, մոռանալով նախկին անվստահությունն ու վիրավորանքները, հայր Ալիևին իշխանության բերեցին։ Սակայն նրանք բոլորը, երևի, մտքներով իսկ չէին անցկացնում, որ ուխտադրժությունն Ալիևների գործունեության անքակտելի մասն է։ Կարճ ժամանակ անց ոմանք ֆիզիկապես ոչնչացվեցին կամ ձերբակալվեցին, իսկ մյուսները թաքնվեցին իշխանության ծալքերում, ուժային կառույցներում` «մինչև հարմար ժամանակների գալը»։ Եվս մեկ շատ կարևոր հանգամանք` ապակայունացնող գործոնների շարքից։ Վերջին տարիներին ադրբեջանական մամուլում շարունակ տեղեկություններ են սպրդում այն մասին, որ հազարավոր քրդեր զանգվածաբար Ադրբեջանի այլ շրջաններից տեղափոխվում և վերաբնակվում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում և երկրի արևմուտքում։ Որպես կանոն, դրանք լավ ապահովված և խոշոր բիզնես ունեցող ընտանիքներ են։ Բացի այդ, վերջին ժամանակներս մի նոր ուժով են սկսել պնդել, թե Իլհամ Ալիևը, ինչպես նաև հանրապետության մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ էթնիկ քրդեր են (որոշ տեղեկությունների համաձայն` Ալիևների տոհմը ծագում է քուրդ խաներից, որոնք Հայաստանից են տեղափոխվել Նախիջևան)։ Այնպես որ, ընդդիմությունն ու մամուլը նորից խոսքները մեկ արած, խոսում են ադրբեջանցիների դեմ «քրդական դավադրության» մասին։
ՈՒշադրություն դարձնենք այն բանին, որ մինչև վերջերս աշխարհը, կուրացած «նավթի փայլից», ասես չէր ուզում նկատել, թե ինչ է տեղի ունենում երկրում։ Սակայն վերջին ժամանակներս «լռության ուխտը» խախտվեց։ Անցյալ տարի համաշխարհային մամուլի էջերից մերկացումների մի պղտոր հեղեղ հորդեց։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, ապա, ինչպես գրում են լրատվամիջոցները, ադրբեջանցիների 45-60 տոկոսը վաստակի հետևից ընկած գտնվում է երկրի սահմաններից դուրս. միայն Ռուսաստանում Ադրբեջանի ավելի քան երեք միլիոն քաղաքացի կա։ Բացի այդ, բնակչության գերակշիռ մասը կենտրոնացած է Բաքվի ու Ապշերոնի շրջանում, իսկ շրջաններում մնացել է մեկ միլիոնից ոչ ավելի մարդ։ Ավելի խոշոր քաղաքներում գործազրկության «համաճարակ» է, ամենուրեք հակասանիտարական վիճակ է, մոլեգնում է հանցավորությունը, տեղի են ունենում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ, խափանումներ են լինում գազամատակարարման համակարգում։ Ընդ որում, կլանը դժգոհության հնարավոր բռնկումները հաջողությամբ «բարդում» է ղարաբաղյան թեմատիկայի վրա։ Այստեղից էլ բնակչության զոմբիավորումը թշնամու կերպարով, հակահայկական հիստերիան ու մշտական ռազմաշունչ հայտարարությունները։
Սակայն Ադրբեջանի շուրջ, իսկ ավելի ճիշտ նրա շրջակա տեղեկատվական դաշտում տեղի են ունեցել այլ հետաքրքրական իրադարձություններ։ Նախ, Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը հայտարարեց, թե «տեղեկություններ կան, որ Վրաստանը պետական հեղաշրջում է նախապատրաստում Ադրբեջանում»։ Նշված է նաև հեղաշրջման պատճառը. «Ադրբեջանի իշխանությունները չեն ուզում Վրաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք կազմել Ռուսաստանի Դաշնության դեմ», և տեխնոլոգիան` ստեղծել երիտասարդական կազմակերպություն, ինչպես նաև մատնանշված է համակարգողը` Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան։ Դրանից հետո լուրեր հայտնվեցին, թե անխոնջ Բրայզան հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար, գեներալ-գնդապետ Քեմալեդդին Հեյդարովի հետ։ Այդ մարդը համարվում է ադրբեջանական կառավարության ամենաազդեցիկ ու հարուստ անձանցից մեկը։ Հետաքրքրական է, որ Բաքվի բլոգերները նրան անվանում են «Կամո» և «Գաբալեդդինի մեծ իշխան»։ Նրանք պատմում են քուրդ արմատական կուսակցությունների հետ վերջինիս կապերի մասին, պնդում, թե «թեքվանդոյի ֆեդերացիայի հովանավորը» մոտավորապես Չիկագոյի գանգստերների ոգով դարձել է ալկոհոլային մենաշնորհատեր, որը գինու-օղու արտադրության մենաշնորհային շրջանակից դուրս գտնվող մասնավոր արտադրողների համար սահմանել է ստրկական պայմաններ. շահույթի բաժանումը կոռուպցիոն բուրգ է հիշեցնում և կատարվում է 90:10 տոկոս հարաբերակցությամբ։ Տասը տոկոսը, իհարկե, բուն արտադրողի բաժինն է։ Ի դեպ, երկրի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռայիլ Ռզաևի 2009-ին տեղի ունեցած աղմկալի սպանությունը, վարկածներից մեկի համաձայն, հետևել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարի հետ նրա ընդհարմանը։ Եվ հենց Հեյդարովի հետ է (նրա հզորությունը համեմատում են նախագահ Ալիևի հզորության հետ) ԱՄՆ-ի դեսպանը քննարկել երկրում բողոքի գործողությունների և բռնությունների ակտիվացման հետ կապված հարցերը, բռնություններ, որոնց ենթարկվում են ընդդիմության ղեկավարներն ու ակտիվիստները։ Հաղորդվում է նաև, որ գեներալ-գնդապետ Հեյդարովը ձեռնամուխ է եղել սեփական քաղաքական կուսակցության կազմավորմանը, որը կոչվելու է, հատուկ ուշադրություն դարձնենք, «Ադրբեջանի բարենորոգչական կուսակցություն»։ Հնարավոր է, որ այն պետք է դառնա նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության յուրօրինակ այլընտրանքը։ Բացի այդ, Բաքվում ավելի ու ավելի են տարածվում լուրերը թե հենց Քեմալեդդին Հեյդարովն է շուտով նշանակվելու վարչապետի պաշտոնում, ինչը կդառնա իշխանական բուրգում այդ մարդու իրական կարգավիճակի ներկա ձևակերպումը։ Պերճախոս է նաև այն, որ Ռուսաստանի «Ռեգնում» գործակալության էջերում Ֆուադ Ախունդովը, որը ներկայացված է որպես անկախ վերլուծաբան, բայց մինչև հիմա էլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների սեկտորի վարիչն է, հայտարարել է. «Դրա համար էլ նախագահ Իլհամ Ալիևը, երևի, հարկադրված կլինի իր կամքով կամ ճնշմամբ իշխանությունը կիսել գեներալ-գնդապետ Քեմալեդդին Հեյդարովի հետ, որն էլ կդառնա տնտեսության մեջ և սոցիալական ոլորտում հասունացած վերափոխումների իրագործողը»։
Թեև ադրբեջանական հասարակության ցավոտ խնդիրներն իրականում ոչ մեկի համար գաղտնիք չեն, միանգամայն հնարավոր է, որ մոտ ժամանակներս առիթ չի լինի հեղափոխական սցենարների սպասել։ Չէ՞ որ, ինչպես ասվում է, «սոխը սխտորից քաղցր չէ», վարչակազմում շատ ջանքեր ու միջոցներ են ներդրվել, իսկ Բաքվում ոչ հեռու անցյալում իշխանության փոփոխությունները, ըստ էության, ոչինչ չեն տվել։ Այնպես որ, շատ ավելի հավանական է, որ արտաքին ուժերն այս անգամ էլ լոկ թեթևակի կվախեցնեն «չարաճճիություն թույլ տվող Իլհամչիկին», կաշխատեն նրան դնել «կառուցողական հունի» մեջ և խորհուրդ տալ չնյարդայնացնել Մոսկվայի ու Վաշինգտոնի լուրջ «քեռիներին»։ Իհարկե, եթե այնտեղ ոչ ոքի «նյարդերը չդավաճանեն» ադրբեջանական նոր արկածախնդրության (նկատի է առնվում «չմիանալու շարժմանը» երկրի անդամակցությունը) կապակցությամբ։ Բայց այս մասին` մեկ ուրիշ անգամ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից


Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ