«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀՈՒՍԱԼ

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀՈՒՍԱԼ
28.01.2011 | 00:00

Ազգային փոքրամասնությունների խնդիրը միշտ էլ ցավոտ է եղել Վրաստանի համար, որպես երկրի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Վրաստանը վավերացրել է ազգային փոքրամասնությունների վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը, բայց այդ փաստաթղթի պայմանների իրականացումը պայմանավորել է Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրների կարգավորմամբ։ Այդ հանգամանքը հանգեցնում է ազգային, նախ և առաջ Վրաստանի հարավում զգալի տարածքներ զբաղեցնող հայ և ադրբեջանական փոքրամասնությունների խնդիրների մեծ մասի լուծման անհնարինությանը։ Տվյալ խնդրի առնչությամբ Վրաստանում միշտ էլ փոխհամաձայնություն է գոյություն ունեցել բոլոր քաղաքական և հասարակական խմբավորումների միջև։ Ներկայումս կասկած չկա, որ Վրաստանն ազգային փոքրամասնություններին դուրս մղելու քաղաքականություն է իրականացնում՝ օգտվելով արևմտյան հանրակցության հովանավորությունից և ազգային-սոցիալական ու ազգային-քաղաքական խնդիրների մարման քաղաքականությունից։ Դրա հետ մեկտեղ վրացական քաղաքական շրջանակներում երկյուղներ են ծագում այն առնչությամբ, որ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում հնարավոր չէ լուծել էթնիկ խմբերին ամբողջովին դուրս մղելու հարցը, քանի որ դրանք հետզհետե ավելի են կազմակերպվում, կապված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի որոշակի քաղաքական կուսակցությունների ու կառավարական կառույցների հետ և փորձում են դիմադրություն ցույց տալ վրաց ղեկավարության և հասարակության ուծացման քաղաքականությանը։ Այդ դիմադրությունը դառնում է ավելի համառ, հանգեցնում քաղաքական ու հասարակական բախումների, դրանով իսկ գրավում միջազգային հանրակցության ուշադրությունը։ ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, Եվրահանձնաժողովը, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը և Կոնգրեսը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վերահսկման գործառույթներով օժտված համապատասխան հաստատությունները պատրանքներ չեն տածում Վրաստանում ժողովրդավարական սկզբունքների լիակատար անտեսման նկատմամբ, պատշաճ ուշադրություն են դարձնում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրներին։ Այդ առնչությամբ կարելի է առանձնացնել վրացական քաղաքական դասի հետևյալ գնահատականներն ու կարծիքները խնդրի վերաբերյալ։ Կառավարող վարչակարգը ներկայացնող կամ իշխանություններին մոտ կանգնած քաղաքական կուսակցություններն այն կարծիքին են, որ ազգամիջյան հարաբերությունների ոլորտում առանձնապես խնդիրներ չկան, որոնք լրջորեն սպառնային վրացական պետականությանը, ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպված խմբավորումների պահանջները տարբեր են, դրանք զբաղվում են քաղաքական շահարկումով ու ամբոխավարությամբ, դիմում Արևմուտքին՝ նպատակ ունենալով վարկաբեկել Վրաստանը և նրա քաղաքականությունը։ Այդ քաղաքական կուսակցությունների կարծիքով` Վրաստանի ազգային փոքրամասնությունները նյութ ու գործիք են արտաքին ուժերի, գլխավորապես Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ձեռնածությունների համար։ Տվյալ քաղաքական գործիչների կարծիքով` ազգային փոքրամասնությունները Վրաստանում չեն կարող իրավահավասար կարգավիճակ հուսալ իշխանության բոլոր մակարդակների կառույցներում, եթե վերջիններիս ներկայացուցիչները պատշաճ կերպով չեն տիրապետում վրացերենին, իրենց չեն նույնականացնում վրացական ազգային շահերի հետ։ Այն կարծիքը կա, որ ազգային տարածաշրջանները չեն կարող առանձնահատուկ վերաբերմունք ակնկալել տնտեսության ու սոցիալական ոլորտի զարգացման առումով։ Քաղաքական գործիչներն ու փորձագետները կարծում են, որ Վրաստանը որոշակի ծրագիր չունի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ, մինչդեռ նման ծրագիրն անհրաժեշտ է, քանի որ այդ խնդիրները դասվում են ազգային անվտանգության խնդիրների շարքը։ Վրացական իշխանությունները շատ թույլ, ոչ հետևողական և վախվորած քաղաքականություն են վարում այդ ուղղությամբ։ Ազգային փոքրամասնությունների խնդիրների առնչությամբ չկան փոխկապակցված գործողություններ նախագահի վարչակազմի, կառավարության, խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների միջև։ Ներկայումս վրաց հասարակության մեջ համոզվածություն կա, թե կառավարությունն ու խորհրդարանը ճիշտ և արդյունավետ քաղաքականություն են վարում այդ ուղղությամբ, ինչն էլ հասարակական պասիվության գործոն է դարձել։ Փորձագետները կարծում են, որ առանց հասարակության աջակցության ու մասնակցության անհնար է կարգավորել ազգային տարածաշրջանների վիճակը։ Ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքական գործիչների համոզմամբ` Վրաստանի կառավարությունն ի վիճակի չէ լուծելու այդ խնդիրները ո՛չ կառուցողական, ո՛չ էլ ապակառուցողական եղանակով։ Առանձին քաղաքական գործիչների կարծիքով` ազգային փոքրամասնություններին կոշտ միջոցներով դուրս մղելու գիծը կհանգեցնի անչափ տհաճ հետևանքների, որոնք գրեթե հավասարազոր կլինեն Վրաստանի ենթակայությունից տվյալ տարածաշրջանների դուրս գալուն։ Այդուհանդերձ, այդ քաղաքական գործիչները չեն մերժում ազգային փոքրամասնությունների թիվը կրճատելու գիծը, միայն թե դա լինի օբյեկտիվորեն, առանց ակնհայտ խտրականության կիրառման։ Նրանց կարծիքով` ազգային փոքրամասնությունների թվի կրճատումը կհանգեցնի կայունության ուժեղացմանը երկրում, առավել հանգիստ իրավիճակի՝ գավառներում։ Ընդ որում, անհրաժեշտ է լավ, վստահելի հարաբերություններ պահպանել նրանց և նրանց ներկայացուցիչների հետ։ Քաղաքական գործիչների միայն փոքր մասն է կարծում, որ կառավարության ներկայիս քաղաքականությունը, անկասկած, կհանգեցնի տարբեր մասշտաբի բախումների ազգային փոքրամասնությունների հետ հարաբերություններում, որոնցից Վրաստանը կկարողանա դուրս գալ քաղաքական ռեսուրսների մեծ ծախսերով և իր միջազգային հեղինակության համար մեծ վնասով։ Այդ քաղաքական գործիչները, որոնք ներկայացնում են ավելի շուտ ոչ թե քաղաքական կուսակցություններ, այլ հասարակական շարժումներ, համարում են, որ Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում (ստորին Քարթլի) պայթյունավտանգ իրավիճակ է հասունացել կառավարության, կառավարող կուսակցության և վրաց ուղղափառ եկեղեցու ազգայնամոլ քաղաքականության հետևանքով։ Քաղաքական գործիչների և փորձագետների մի սակավաթիվ խումբ, որը պատկանում է աջ ազգայնական շրջանակներին, առաջարկում է ընտրովի մոտեցում դրսևորել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման նկատմամբ։ Օրինակ, առաջարկվում է սատարել հայերին, որ հենվելով նրանց վրա, բացառեն ադրբեջանցիների և մեսխեթցի թուրքերի ազդեցությունն ու նախաձեռնությունները։ Սա նոր գաղափար չէ վրաց հասարակության մեջ և վերստին սկսում է տարածում գտնել։ Քաղաքական այլ գործիչներ ավանդաբար կարծում են, թե հենց հայերն են այն առավել վտանգավոր տարրը Վրաստանում, որն ընդունակ է նկատելիորեն խարխլելու վրաց պետականությունը։ Հատկանշական է, որ, ի տարբերություն 90-ական թվականների, երբ վրաց հասարակությունը պաշտպանում էր երկրում դաշնային պետություն ստեղծելու գաղափարը, քննարկելով տվյալ նախագծի զանազան տարբերակներ, ներկայումս քաղաքական գործիչների և փորձագետների գերակշիռ մասը շատ զգուշորեն և հաճախ ակնհայտորեն բացասաբար է վերաբերվում դաշնության գաղափարին։ Ընդ որում, այդ գաղափարը մերժվում է ոչ միայն Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերում առկա անորոշության, այլև Վրաստանի մասնատման, կենտրոնական իշխանության թուլացման պատճառով։
Կառավարող «Ազգային միասնություն» կուսակցության առաջատար խմբավորումը հանդես է եկել «համալիր առաջարկությամբ» Վրաստանի արտաքին քաղաքականության «պահուստում», ինչը հանգեցնում է բավականին ապակառուցողական գաղափարի՝ որպես ներգործության լծակներ երկրի արտաքին քաղաքականության մեջ օգտագործել ազգութային տարածաշրջանների հետ կապված ներքին խնդիրները։ Համարվում է, որ մինչ օրս Վրաստանն ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններին վերաբերվել է «պաշտպանական» դիրքերից, ինչը հանգեցրել է համանման նոր խնդիրների ծագման, քանի որ այդ մարտահրավերները պատշաճ պատասխանի չեն արժանացել։ Տվյալ գաղափարի հեղինակների կարծիքով` Վրաստանում ազգութային խնդիրները պետք է դառնան հարևան պետությունների խնդիրները՝ նրանց դիրքորոշման համեմատ։ Բայց քանի կա կարծիք, թե առանց բացառության բոլոր հարևան պետությունները որոշ չափով հավանական հակառակորդներ են, ապա անհրաժեշտ է ունենալ «հարձակողական արտաքին քաղաքականության» լավ մշակված պլաններ ու ծրագրեր։ Աջարիայի և մեսխեթցի թուրքերի խնդիրները պետք է օգտագործել Թուրքիայի դեմ, Քվեմո Քարթլի թուրքախոս նահանգինը՝ Ադրբեջանի դեմ, Ջավախքինը՝ Հայաստանի դեմ, իսկ Աբխազիայինը և Հարավային Օսիայինը՝ Ռուսաստանի դեմ։ Առաջին հայացքից սա բավականին բարդ խնդիր է, բայց եթե նկատի առնվի, որ լծակներն օգտագործվելու են հետևողականորեն և ոչ միաժամանակ, կարելի է հանգել այն հետևության, որ այդ պլանները միանգամայն իրագործելի են։ Պետք է նկատի ունենալ, որ Վրաստանն ունի հզոր «տանիք»՝ ի դեմս ԱՄՆ-ի և Եվրամիության, և այդ պլաններն ինչ-որ չափով վաղուց օգտագործվում են, բայց, ըստ «նոր» համադրույթի հեղինակների, եկել է ժամանակը ձևավորելու ավելի որոշակի հավակնություններ ու պահանջներ։ Հենց այդ մոտեցումը հնարավորություն կտա ուժեղ ճնշում գործադրելու այդ երկրների վրա և նրանց կոչ անելու բանակցությունների նստել այդ նույն խնդիրների շուրջ, երբ Վրաստանն ավելի գերադասելի դիրքեր կունենա։ Կառավարող կուսակցության խմբավորումն արտահայտում է առավել արմատական տրամադրություններ, որոնք առկա են կառավարող թիմում, ըստ որի` միայն իրենց վճռական գործողությունները հանգեցրին իրավիճակի «կարգավորմանը» Աջարիայում։ Այդ գործիչների հաշվարկներով` տվյալ խնդիրներից յուրաքանչյուրը ձեռնտու է միմյանց դեմ տրամադրված հարևաններից մեկնումեկին։ Այդ պլանների շրջանակներում, ըստ երևույթին, նկատի են առնվում ազգային փոքրամասնությունների` տարածաշրջաններում լարվածության ուժեղացմանը միտված գործողություններ։ Խորհրդարանում այդ թեմայի շուրջ անցկացված մասնավոր բանավեճի ընթացքում նշվել էր, որ տվյալ գաղափարի հեղինակները վկայակոչում են Իսրայելը, որը բազում տասնամյակներ գիտակցաբար լարվածություն է պահպանում ոչ միայն Պաղեստինում, այլև հարևան երկրներում, հատկապես Լիբանանում՝ օգտվելով ԱՄՆ-ի աջակցությունից։ Միանգամայն հնարավոր է, որ տվյալ գաղափարն ինչ-որ չափով ծնունդ է առել կա՛մ Իսրայելում, կա՛մ Իսրայելի հովանավորությունը վայելող շրջանակներում։
Ներկայումս Վրաստանում ապրում է 2,7-2,8 միլիոնից ոչ ավելի վրացի, իսկ բացառելով մեգրելներին, սվաններին և մահմեդական աջարներին, վրացիները 2 միլիոնից ավելի չեն։ Պետականություն գոյացնող ազգի այդչափ աննշան թիվը հնարավորություն չի տալիս հասնելու պետական հաջող շինարարության, զինված ուժերի կազմակերպման, արդյունավետ վարչարարության։ Խելամիտ կլիներ բարելավել վրացիների իրավական ու սոցիալական դրությունը Ռուսաստանում, բայց սահմանափակել Վրաստանի տնտեսական կյանքին նրանց մասնակցելու, այդ թվում` մասնավոր դրամառաքումների իրականացման հնարավորությունները։ Վրաստանին տնտեսական վնաս հասցնելու քաղաքականության առավել արդյունավետ տարր է նրա համբավազրկումը։ «Դրա հետ մեկտեղ աննպատակահարմար կլիներ սահմանափակել Վրաստանի քաղաքացիների գտնվելը Ռուսաստանում։ Ըստ տարբեր տեղեկությունների` Ռուսաստանում ապրում է 700 հազարից մինչև 1 մլն Վրաստանի քաղաքացի, որոնց 80-85 տոկոսն ազգությամբ վրացի է։ Դա կազմում է Վրաստանի բնակչության թվակազմի (2002 թվականի մարդահամարի համաձայն՝ 4360 հազար) առնվազն 20-22 տոկոսը կամ աշխատունակ բնակչության մինչև 35-40 տոկոսը։ Ռուսաստանի օգտին է վրացիներին «կլանելը», նրանց առավելագույնս մերելը Ռուսաստանի իրականությանը։ Վրացիներն աչքի չեն ընկնում ժողովրդագրական բարձր ներուժով. ծնելության մակարդակով նրանք զիջում են նույնիսկ ռուսներին և Ռուսաստանի մյուս ժողովուրդներին։ Նրանց բնորոշ չէ ժողովրդագրականորեն ծավալվելը, նրանք չեն հավակնում քաղաքական դիրքերի հասարակության մեջ, սոցիալական ոլորտում զբաղեցնում են որոշ խորշեր, որոնք հնարավորություն չեն տալիս ազդելու հասարակական կյանքի վրա։ Ռուսաստանում բնակվող վրացիները հիմնականում կողմնորոշված են Ռուսաստանի հետ իրենց երկրի լայն երկխոսության, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Բացի այդ, վրացիները, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի ժողովուրդների մեծ մասը, ենթակա են բավականին արագ ձուլման։ Ապրելով արտասահմանում` նրանք դժվարությամբ են եկեղեցիներ ու դպրոցներ ստեղծում, հաճախ փորձում են դուրս պրծնել իրենց ազգային շրջանակից և ավելի շուտ ներկալվել ազգային ու լեզվական այլ միջավայրում։ Անցյալ դարաշրջաններում՝ 18-20-րդ դարերի ընթացքում, հազարավոր վրացի ընտանիքներ են տարրալուծվել ռուսաստանյան, իրանական, թուրքական միջավայրում՝ ազգության հետք անգամ չթողնելով»։ Ռուսաստանցի փորձագետների այս մտքերը Վրաստանում օգտագործում են ոչ միայն որպես Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու փաստարկներ, այլև դիտարկվում են իբրև «հրահանգներ» գործնական քաղաքականության համար։ Այդչափ անհամարժեք գաղափարի նախաձեռնողն է դարձել Սաակաշվիլու թիմում նախարար Թեմուր Իակոբաշվիլին։ Վրաստանի կառավարության առավել աչքի ընկնող անդամներից մեկը` կառավարության տնտեսական բլոկի ղեկավար Կախի Բենդուկիձեն, վրաց քաղաքական գործիչների այդ գաղափարները համարում է վտանգավոր արկածախնդրություն, որոնք կարող են մոտ ապագայում ծնել նոր, անլուծելի խնդիրներ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1623

Մեկնաբանություններ