«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՏԵԿՏՈՆԻԿ ՑՆՑՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՏԵԿՏՈՆԻԿ ՑՆՑՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
01.10.2010 | 00:00

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկության պատմությունը, դրա շուրջ ծավալված ամեն ինչով հանդերձ, չափազանց հետաքրքիր է և ուսանելի։ Ընդ որում, այն արտացոլում է ոչ միայն ռուսական իրողությունները, այլև արձագանք է գտնում նախկին Միության ամբողջ տարածքում։ Մի ավելորդ անգամ չենք թերթի բոլոր իրադարձությունները` «սենսացիոն» մերկացումներից մինչև` «իսկ դատավորներն ովքե՞ր են» սրտաճմլիկ բացականչությունները։ Այս ամենը լավ է հայտնի, առավել ևս, որ ինչպես ռուսական, այնպես էլ համաշխարհային լրատվամիջոցներն առանձնակի գոհունակությամբ են մեկնաբանում տեղի ունեցող իրադարձությունները, ասես այն ամենը, ինչ թվարկվել է վարկաբեկիչ հոդվածներում, անսպասելի է եղել, և ոչ միայն ռուսների համար։ Առավել ևս նշենք, որ բուն այս պաշտոնանկությունն առաջին հայացքից ռուսական ծանրքաշային նահանգապետերի հետևողական ապամոնտաժման օրինաչափ շարունակությունն է, որ սկսվել է անցած աշնանը` Սվերդլովսկի նահանգապետ Էդուարդ Ռոսելից և Թաթարստանի նախագահ Մինթիմեր Շայմիևից, և, թվում է, մենք հիմա, փաստորեն, այդ դրամայի վերջին գործողությունն ենք դիտում։ Սակայն այս անգամ Մոսկվայի քաղաքապետի հեռանալու հանգամանքները, ազատման ծայրաստիճան կոշտ ձևակերպումները և դրանց ուղեկցող կրքերի բորբոքումը աննախադեպ էին, շոշափում էին ռուսական վերնախավի (և ոչ միայն) կատարները։ Եվ, ամենայն հավանականությամբ, դա ամենալուրջ շարունակությունն ու հետևանքները կունենա, հուսով ենք` ոչ «ստրելեցյան խռովությունների» աստիճանի։ Ռուսաստանում տեկտոնիկ ցնցում է տեղի ունեցել իշխանության ամենաբարձր շրջանակներում, և այն առայժմ ավելի շատ հարցեր է առաջադրում, քան պատասխաններ տալիս։
Այսպես, այսօրվա դրությամբ կարելի է հետևության հանգել, որ Դմիտրի Մեդվեդևը, այնուամենայնիվ, որոշել է գնալ «վաբանկ», այսինքն, համարձակվել է բացահայտորեն թքած ունենալ Վլադիմիր Պուտինի կարծիքի վրա։ Պուտինի «բարձր հովանավորության» մասին Լուժկովի ու նրա տիկնոջ հրապարակային և, ամենայն հավանականությամբ, անկեղծ հավաստիացումներից հետո, նախագահի գործողություններն առնվազն բացահայտ մարտահրավերներ են, իսկ դատելով վարչապետի «ատամների արանքից» արված մեկնաբանություններից և դժգոհության վատ քողարկված դիմախաղից, այս շրջադարձը, մեղմ ասած, նրան այնքան էլ չի գոհացնում։ Իսկ որքա՞ն է վտանգավոր Դմիտրի Մեդվեդևի համար նման խաղը, և որքա՞ն են մեծ, վերջին հաշվով, հաղթող դուրս գալու նրա հնարավորությունները։ Այժմ շատ դժվար է այդ առումով որևէ հավաստի բան ասել։ Մեդվեդևը, թվում է, ավելի շուտ տանուլ չի տվել, կարելի է ասել, վերջնականորեն հաղթել է։ Ակնհայտ է, որ նա կարող էր տանուլ տալ, եթե Լուժկովը մնար իր պոստում, իսկ շահել նա կարող է, եթե հաջորդ քաղաքագլուխը լիովին իր մարդը լինի։ Արդյոք այդ բանը տեղի կունենա՞։ Ծայրաստիճան քիչ հավանական է, չէ՞ որ Լուժկովի հեռանալով Ռուսաստանում իշխանության համար պայքարը միայն սրվել է, ավելին, հրապարակայնորեն և մեծ աղմուկով փուլ եկավ իշխանության երկու հիմնական կլանների միջև եղած քաղաքական հաշվեկշիռը։ Ճիշտ է, այդ հաշվեկշիռը վերջին ժամանակներս շատ փխրուն էր դարձել, անհուսալի և սկսել էր կողմերի համար ծայրաստիճան տհաճ ճաքեր տալ։ Ինչ արժեն միայն նախագահի աշխատակազմի վերջին հարձակումները Պուտինի սիրելի հոգեզավակի` պետկորպորացիայի վրա, կամ «իրանական» բազմամիլիարդ վնասները «Ռոսվոորուժենիա»-ի համար, որը Վլադիմիր Վլադիմիրովիչը ստեղծել էր դեռ նախագահ եղած ժամանակ, և այն ամենևին էլ չէր դադարել «սիրելի» մնալ վարչապետ Պուտինի համար։ Բայց այս ամենով հանդերձ, մինչև վերջին ժամանակներս հաշվեկշիռը կառավարող ուժերի միջև մնում էր, այն գործում էր, զսպում «տիտանների պայքարը», և հենց այդ հաշվեկշռի վրա էլ խարսխված էր ռուսական դանդաղաշարժ վարչական մեքենան։ Ինչպես կարող էին Կրեմլում չհասկանալ, որ բուրգից դուրս քաշելով «լուժկովյան քարտը», նրանք կսասանեն հակակշիռների ամբողջ համակարգը։ Ակնհայտ է, որ իրավիճակը լավ են հասկացել և պատկերը տեսել են ամբողջությամբ։ Այդ դեպքում ինչո՞ւ այդ քայլին դիմեցին հենց հիմա։ Հույզե՞ր։ Պատվախնդրությո՞ւն։ Մեդվեդևը զզվե՞լ է «փոխնախագահ» լինելուց։
Իհարկե, նաև այս ամենը միասին։ Բայց ոչ միայն դա։ Նախ և առաջ, «Լուժկովի որսը», ամենայն հավանականությամբ, պետք է Կրեմլի հղացմամբ աշխարհին ցույց տա «Ռուսաստանի նոր դեմքը»։ Չէ՞ որ կոռուպցիայի և իշխանության չարաշահումների դեմ պայքարը երկրի հայտարարած արդիականացման ծրագրին արևմտյան «հավանության» պայմաններից մեկն է։ Եվ համապատասխանաբար «ի շահ պետության» պետք էր հռչակել` «հերիք եղավ, 18 տարի նստած ես քաղաքապետի աթոռին»։ Իսկ ինքը` Լուժկովը, առանց ավելորդ աղմուկի, ինչպես ենթադրվում էր այդ նույն մտահղացմամբ, պետք է ծպտուն չհաներ ու հանգիստ հեռանար։ Թերևս, այդ նույն շարքում է դիտարկվում ռուսական «Ֆորբս»-ի կողմից Լուժկով-Բատուրինա ընտանեկան կլանի վարկանիշի հրապարակումը ցուցակի վերին մասում։ Այստեղ մեծ դեր խաղաց նաև Կրեմլի նյարդայնությունն այն կապակցությամբ, որ Լուժկովը Մոսկվայից բացակայում էր ամռան թեժ օրերին (մայրաքաղաքում «տանդեմի» առկայության պայմաններում), ինչպես նաև հրապարակային խոսք ու զրույցն այդ առնչությամբ։ Բայց բանն այդ չէ. Լուժկովը, որն արդեն նման բաներ տեսել է, հիանալի էր հասկանում ռուսական իշխանության տրամաբանությունը և հակակշիռների թուլությունը, չէր ուզում լինել «քավության նոխազ»։ Դիմադրելով Կրեմլի ճնշմանը, նա մոբիլիզացնում էր իր բոլոր ուժերը, դիմելով նաև անթույլատրելի հնարքների։ Կրեմլի և Մոսկվայի քաղաքապետի հակամարտությունը հրապարակային դաշտ տեղափոխվեց այն բանից հետո, երբ նախագահի աշխատակազմի աղբյուրը հայտարարեց, թե «Մոսկվայի իշխանությունները չափն անցել են նախագահին և վարչապետին գժտեցնելու իրենց փորձերում, և նման փորձերն առանց համապատասխան արձագանքի չեն մնա»։ Այդուամենայնիվ, թվում էր, թե Յուրի Լուժկովը (հատկապես վարչապետի կողմից ծննդյան օրվա շնորհավորանքից հետո) բոլոր հիմքերն ուներ մտածելու, որ Վլադիմիր Պուտինն առնվազն կհանդիմանի «կրտսեր գործընկեր» Դմիտրիին, և վերջինս Մոսկվայի քաղաքապետով զբաղվելու տրամադրություն արդեն չի ունենա։ Եվ ամուսիններն սկսեցին համերաշխորեն յուղ ավելացնել կրակին։ Բայց «խոփը քարին դեմ առավ»։ Կրեմլը, հասկանալով ժամանակի խիստ սահմանափակությունն ու իրավիճակի աներկիմաստությունը, միանգամայն ակնհայտորեն սկսեց կրկնապատկված ուժով շարունակել սրել իրավիճակը։ Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ։
Թվում է` Լուժկովը ոչ այնքան սխալվել էր իր «տանիքի» հարցում, որքան հաշվի չէր առել ժամանակի սրությունն ու արտաքին քաղաքական իրավիճակը։ Տեղի ունեցավ ամենագլխավորն ու վտանգավորը. տխրահռչակ և առասպելական «տանդեմի համաձայնությունը» դրվել էր ուղղակի հարվածի տակ և կասկածելի ընտրության առջև։ Եվ, ինչը կարևոր է, այդ բանն արվեց թույլատրված ժամկետից շատ շուտ (մինչև ընտրությունները դեռ երկու տարի կա) և արտաքին ֆինանսական ու տեխնոլոգիական օգնության մեծ ակնկալիքների համատեքստում (ո՞վ ներդրումներ կանի մի երկրում, որտեղ կարող է արյունալի գոտեմարտ սկսվել իշխանության համար, իսկ նախագահը, ում երաշխիքով են պատրաստվում ներդրումներ անել, թույլ է ու ծիծաղելի)։ Նկատենք, որ Արևմուտքում շատ փորձագետներ սկսել են Լուժկովին անվանել Բորիս Ելցինի դարաշրջանի դինոզավր և ասում են, թե «քաղաքապետի ազատումը կարող է պետության ղեկավարին օգնել «քաշ հավաքելու» և ամրապնդելու իր դիրքերը քաղաքական շրջանակներում, որոնք թերագնահատում են որոշումներ կայացնելու նրա ունակությունը»։ Այս իրավիճակում Մեդվեդևին ոչինչ չէր մնում անելու, բացի «վճռական քայլի» դիմելուց։ Ավելին, այս իրավիճակում Պուտինին, իր հերթին, մնում էր, ատամները կրճտացնելով, համաձայնել նախագահի որոշմանը։ Իսկ նա երկա՞ր կարող է զիջել։ Ամենայն հավանականությամբ` ոչ։ Առավել ևս, որ դեռ Մեդվեդևը չէր հասցրել պաշտոնանկ անել Մոսկվայի քաղաքապետին, երբ փորձագետներն սկսեցին կանխագուշակել «Պուտինի մեկ այլ մարդու»` Պիտերի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի առաջիկա պաշտոնանկությունը։ Ասենք` նաև քրեական գործերը, որ արդեն հարուցվել են Լուժկովի շրջապատի դեմ, անհայտ է, թե ուր կտանեն և ում շահերը կշոշափեն, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում։ Այսինքն, վարչապետը, հավանաբար, ծանր օրեր է ապրելու և դժվարին որոշումներ է կայացնելու։ Ընդ որում, «ազգային առաջնորդը» պայքարել սիրում է և կարողանում։
Այստեղ ուշադրություն դարձնենք մի շարք այլ հետաքրքրական հանգամանքների վրա։ Սկսենք բոլորին հուզող հարցից. ինչո՞ւ Յուրի Լուժկովը, այնուամենայնիվ, ինքը չհեռացավ։ Չէ՞ որ, դատելով որոշ «արտահոսքերից», նրան առաջարկվել էին նախանձելի և հեռանկարային տարբերակներ` ընդհուպ մինչև Դաշնության խորհրդի նախագահի պաշտոն ու փողոտ «Օլիմպստրոյը» (ահա թե որտեղ շինարար Բատուրինան կկարողանար գործունեություն ծավալել)։ Բայց Յուրի Միխայլովիչը հպարտորեն հրաժարվեց։
Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, կառավարությունում և Կրեմլում համարում են, որ քաղաքապետի «ձեռքերը լիովին ազատվել են» և նա պատրաստ է շարունակելու քաղաքական դիմակայությունը։ Այս կապակցությամբ որոշվել է շարունակել քարոզարշավը հեռուստատեսությամբ, որը պետք է «պարզություն մտցնի», թե ինչու իշխանությունը Լուժկովին չի վստահում։ Ռուսական ընդդիմության առաջնորդներից մեկը` Բորիս Նեմցովը, մասնավորապես պատմել է, որ HTB հեռուստաալիքն իրեն հրավիրել է նկարահանվելու «Թանկագին Յուրի Միխայլովիչ» ֆիլմում, որը ծրագրվում է ցուցադրել առաջիկա շաբաթ օրը։ Ի՞նչ է մնում անելու Յուրի Միխայլովիչին։ Թվում է, ճիշտ նույն բանը, ինչ Դմիտրի Մեդվեդևին։ Այսինքն, գնալ «վաբանկ»։ Առավել ևս, որ որոշ «հաղթաթղթեր» նա ունի։ Շատ հետաքրքրական է այս կապակցությամբ ռուս հայտնի տնտեսագետ և քաղաքական գործիչ Գավրիիլ Պոպովի կարծիքը, որը լավ է ճանաչում Լուժկովին և ժամանակին նրան զիջեց Մոսկվայի քաղաքապետի աթոռը. «Ես կարծում եմ` նրանց չի հաջողվի Լուժկովին ստիպել հանձնվել, դա միանգամայն ակնհայտ է, դա պարզապես նրա բնավորությունը չի լինի։ Իսկ եթե Լուժկովը հեռացվի մեծ խայտառակությամբ ու պատժամիջոցներով, ապա տարբերակ կառաջանա, որ Լուժկովը կարող է վերջապես ժողովրդի աչքում դառնալ այն, ինչը հիմա աղետալիորեն չի հերիքում` առաջնորդ, որը ժողովրդական զանգվածների աչքում մարմնավորեր իր համար ընդունելի ինչ-որ բան»։ Նկատենք, որ իր ամբողջ կարիերայի ընթացքում Մոսկվայի քաղաքապետը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել քաղաքական քայլերով ու կոչերով։ Եվ դրանք բոլորը եղել են ռուսների սիրելի «վեհապետության» հունում։ Դրանք են նրա ելույթները Կովկասի առնչությամբ, ուղևորությունները Ղրիմում և ՈՒկրաինայում և այլն, և այլն։ Այսինքն, քաղաքական գաղափարախոսությունը, ընդ որում, զանգվածային և հանրամատչելի, նա յուրացրել է, ու նրա համար առաջնային է, առավել ևս, որ Մեդվեդևը և անգամ Պուտինն ավելի զգույշ են նման թեմաներ արծարծելիս։ Այնուհետև, չմոռանանք, որ եթե դժվարություններ սկսվեն (իսկ արդեն խոսում են պարենամթերքի հետ կապված հնարավոր խնդիրների և սպասվող գնաճի մասին), ապա շարքային մարդիկ կհիշեն, որ Լուժկովն աշխատում էր ինչ-որ բան անել` գներն էր զսպում, թոշակառուներին ինչ-որ նպաստներ էր բաժանում ու «լուժկովյան» լրավճարումներ էր անում։ Իսկ եթե, Աստված չանի, ցուրտ ձմեռ լինի, ճանապարհները սառցակալեն և ձյան կուտակումներով պատվեն, ապա Լուժկովի հեռացումը կարող է առհասարակ լուրջ աղետների մեկնարկ դառնալ։ Այդ դեպքում ի՞նչ պիտի անեն Դմիտրի Անատոլևիչն ու Վլադիմիր Վլադիմիրովիչը, հատկապես, եթե նման հանգամանքներում պարզվի, որ այդ ամբողջ աղմուկի հետևում ոչ ոք և ոչինչ չկա, այդ ժամանակ էլ հենց վրա կհասնի մոսկովյան բրենդ «Յուրի Լուժկովը», դեռ մի բան էլ նրա կնոջ փողերի աջակցությամբ։ Դա, անշուշտ, այնպիսի ծանրակշիռ ռեսուրս է, որի հետ ստիպված կլինեն հաշվի նստել և՛ Պուտինը, և՛ Մեդվեդևը։
Դատելով ըստ ամենայնի, խարդավանքներում և ապարատային ճակատամարտերում կոփված Լուժկովն այս ամենը լավ է հաշվարկել և արդեն առաջին քայլն արել է. նա դուռը շրխկացնելով հեռացել է բնակչության շրջանում ոչ ամենաժողովրդական «Եդինայա Ռոսիայից»։ Քայլը վճռական է ու տղամարդավայել, և հավանաբար, շատերի մեջ հարգանք առաջացնող։ Իսկ դա առաջին շրջանի համար արդեն քիչ չէ։ Իսկ հաջորդ քայլը նրա համար կարող է դառնալ սեփական կուսակցության ստեղծումը (փորձը կա, ժամանակին նա էր հիմնել «Օտեչեստվո Վսյա Ռոսիա» ընտրական դաշինքը։ Նրա նկատմամբ հալածանքները կշարունակվե՞ն։ Չի բացառվում։ Բայց ևս մեկ «խոդորկովսկի» ունենալը, կարծես, ձեռք չի տալիս, ասենք, ռուս ժողովուրդն էլ սիրում է «իշխանությունից հալածյալներին»։ Կբավարարե՞ն, արդյոք, Լուժկովի ուժերը «հակաշարժում» գլխավորելու համար։ Թվում է, եթե հետագայում էլ նրան շատ ցավագին սեղմեն պատին, ապա նա ուղղակի այլ ելք չի ունենա։ Արդյունքում Լուժկովը կարող է դառնալ «դիմադրության» խորհրդանիշ, որին սպասում է բնակչության զգալի մասը։ Նման իրավիճակ լիովին կարող է առաջանալ, բայց այն կստեղծի հենց նույն Կրեմլը։ Մեկ բան ակնհայտորեն պարզ է` հարցերը շատ են, և դրանք, ամենայն հավանականությամբ, միայն կբազմապատկվեն։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ