Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԽՈՋԱԼՈՒԻ ԱՆՄԵՂ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ-ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՂԻ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԻ ԶՈՀԵՐՆ ԵՆ

ԽՈՋԱԼՈՒԻ ԱՆՄԵՂ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ-ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՂԻ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԻ ԶՈՀԵՐՆ ԵՆ
21.02.2012 | 00:00

Փետրվարի 26-ին լրանում է հայ ազատամարտիկների կողմից Խոջալուն (այժմ` Իվանյան) վնասազերծելու և ազատագրելու 20-ամյակը: Արդեն երկու տասնամյակ ադրբեջանական քարոզչությունը ճգնում է համաշխարհային հանրությանն ապացուցել, համոզել, որ հայերն այստեղ ադրբեջանցիների ցեղասպանություն են կազմակերպել: Նպատակը մեկն է` հավասարության նշան դնել Սումգայիթում ու Բաքվում, Կիրովաբադում ու ադրբեջանական մյուս բնակավայրերում թուրք հրոսակների կողմից հայազգի բնակչության նկատմամբ կիրառված սպանդի, բռնությունների, տեղահանման ու Խոջալուի դեպքերի միջև:
Իրականում ի՞նչ է եղել 1992 թվականի փետրվարի 26-ին Ստեփանակերտի հարևանությամբ տեղավորված Խոջալու ավանում: Թերթենք պատմության էջերը:
Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի առաջին օրերից Ստեփանակերտը շրջապատող Շուշի, Աղդամ քաղաքները, Խոջալու, Մալիբեյլի և ադրբեջանաբնակ մյուս բնակավայրերը դարձել էին Արցախի մայրաքաղաքը շուրջօրյա հրետակոծության տակ պահող կրակակետեր: Ահա թե ինչ է գրում ռուս լրագրողուհի Անժելիկա Չեչինան այդ օրերի մասին. «Հունվարի 21-ից 25-ին ես Ստեփանակերտում էի: Քաղաքում ոչ էլեկտրականություն կար, ոչ ջուր: Ջուրն այնպիսի դժվարությամբ էր ձեռք բերվում, որ ամաչում էիր թեյ խմել: Սննդի կտրոններն իրացնել անհնար էր, խանութները դատարկ էին: Քաղաքում արդեն սովից ուռչելու, մահանալու դեպքեր էին արձանագրվել… Ստեփանակերտը հիշեցնում էր Լենինգրադի բլոկադայի կինոկադրերը…»։
Ղարաբաղի հայության գոյատևման միակ ելքը ադրբեջանական կրակակետերը վերացնելն էր, որին էլ հայ ազատամարտիկները ձեռնամուխ եղան 1992 թվականի սկզբներին:
Հիմնականում մեսխեթցի թուրքերով վերաբնակեցված Խոջալու ավանում էր գտնվում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ օդանավակայանը, որն ադրբեջանցիները վերածել էին մինչև ատամները զինված օմօնականների կենտրոնատեղիի` նախօրոք դուրս բերելով խաղաղ բնակչությանը: Օգտվելով քաղաքի բարենպաստ ռազմավարական դիրքից ու Ստեփանակերտին մոտ լինելուց, ադրբեջանցիներն այստեղից օրական մի քանի հազար արկ էին նետում Արցախի մայրաքաղաքի վրա` պատճառելով ավերածություններ ու մահ խաղաղ բնակչության շրջանում:
Խոջալուի կրակակետերի վերացումը ղարաբաղցի ջոկատայինները ձեռնարկեցին 1992-ի փետրվարի 26-ին: Ինչպես նշում են անկախ դիտորդներն ու լրագրողները, մինչև գրոհի սկսումը հայերը, գործելով Ժնևի պայմանադրույթներին (կոնվենցիա) համապատասխան, բարձրախոսներով հորդորել են բնակիչներին` հեռանալ քաղաքից անիմաստ զոհեր չտալու համար: Այս և Խոջալուի դեպքերին վերաբերող այլ ճշմարտություններ հրապարակելու համար ցայսօր անազատության մեջ գտնվող ադրբեջանցի լրագրող, «Ռեալնի Ազերբայջան» և «Գյունդալիկ Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը 2005 թ. տպագրած «Ղարաբաղյան օրագիր» նյութում գրում էր. «Հարձակումից մի քանի օր առաջ հայերն անընդհատ բարձրախոսներով նախազգուշացնում էին բնակչությանը ծրագրվող գործողության մասին, առաջարկում քաղաքացիական բնակչությանը` լքել ավանը և շրջապատումից դուրս գալ Կարկառ գետի երկայնքով հատկացված մարդասիրական միջանցքով: Իրենց` խոջալուցիների խոսքով` նրանք օգտվել են այդ միջանցքից, և, իրոք, միջանցքի այն կողմում գտնվող հայ զինվորները նրանց վրա կրակ չեն բացել:
…Ծանոթանալով աշխարհագրական տեղանքին` ամենայն համոզվածությամբ կարող եմ ասել, որ հայկական միջանցքի բացակայության մասին պնդումներն անհիմն են: Միջանցք, իրոք, եղել է, այլապես լիովին շրջապատված և արտաքին աշխարհից մեկուսացված խոջալուցիները ոչ մի կերպ չէին կարողանա ճեղքել օղակը և դուրս գալ շրջապատումից: Սակայն, Կարկառ գետից այն կողմ տեղանքը հաղթահարելով` փախստականների շարանը բաժանվեց, և, չգիտես ինչու, խոջալուցիների մի մասն ուղղվեց կամ, ավելի ստույգ` ինչ-որ անձանց կողմից ուղղորդվեց Նախիջևանիկի կողմը: Թվում էր` Ադրբեջանի ժողճակատի գումարտակները ոչ թե խոջալուցիների ազատագրմանն էին ձգտում, այլ Մութալիբովին տապալելու ճանապարհին ավելի շատ արյուն հեղելուն: …Տարօրինակն ու զայրացուցիչն այն է, որ հայերի տեղատարափ կրակի տակ Աղդամի մատույցները դժվարությամբ հասնող մեր ուղղաթիռները` թողած մի կերպ Աղդամ հասած ու փրկված Խոջալուի բնակիչներին, հապշտապ այնտեղից տեղափոխում էին անասունները: Ո՞վ էր նրանց այդպիսի սահմռկեցուցիչ հանձնարարություն տվել: Հայե՞րը…»:
Հոդվածի հեղինակին ձերբակալել և 2,5 տարվա ազատազրկման են դատապարտել 2007 թ. ապրիլին` «Խոջալուի բնակիչներին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով: Ձերբակալությունից հետո արդեն նոր մեղադրանքներ են առաջադրվել, և 2007 թ. հոկտեմբերի վերջին Ֆաթուլլաևին դատապարտել են 8,5 տարվա ազատազրկման: Արդեն Ալիևների կլանի իշխանության գալուց հետո բոլոր այդ «ցուցմունքները» պաշտոնապես համարվեցին «ստահոդ» և «դավաճան»:
Բանն այն է, որ Խոջալուն դարձնելով շահարկման առարկա` ադրբեջանցիները, ավելի ստույգ` ժողճակատը` Էլչիբեյի գլխավորությամբ, հետագայում էլ` հայր և որդի Ալիևները, դրանով, ինչպես ասում են, մի ձեռքով երկու ձմերուկ էին բռնում. նախ, երկրի նախագահի բաղձալի աթոռին տիրանալու համար վարկաբեկեցին և իշխանությունից հեռացրին գործող նախագահ Այազ Մութալիբովին, և ապա` Բաքվում ու Սումգայիթում, Կիրովաբադում ու Մարաղայում, Ադրբեջանի այլ բնակավայրերում հայ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանությանը հակակշիռ ստեղծելու նպատակով շինծու մեղադրանքներ վերագրեցին հայերին, թե նրանք էլ Խոջալուում են սպանդ արել: Այդ կեղծիքն ապացուցելու համար ադրբեջանցիները հավաքել են աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած վայրագ սպանությունների լուսանկարներ, մոնտաժել ու իրենց նպատակներին ծառայեցնելու համար տարբեր լեզուներով հրատարակելով, տարածում են աշխարհով մեկ, շոուներ են կազմակերպում, հիշատակի երեկույթներ ու ցերեկույթներ, «ականատեսների» են վկայաբերում` հայերին մեղադրելով ցեղասպանության մեջ: Հատկանշական է, որ ադրբեջանցի իրենց եղբայրակիցներին, ըստ ամենայնի, սատարում են Թուրքիայի «մարդասեր ու ճշմարտության աչքերին ուղիղ նայող» իշխանությունները:
Իսկ իրականում ի՞նչ էր տեղի ունեցել Խոջալուում: Արտասահմանյան, հայկական, ադրբեջանական անկախ աղբյուրների, Ադրբեջանի 1-ին նախագահ Այազ Մութալիբովի ասածների վերլուծությունները ցույց են տալիս, որ Աղդամում տեղակայված ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» ներկայացուցիչները դիտմամբ ապակողմնորոշել են Խոջալուի բնակիչներին և նահանջող զինվորական խմբավորումներին` նրանց Աղդամի փոխարեն ուղարկելով իբրև արդեն ադրբեջանցիների կողմից ազատագրված հայկական Նախիջևանիկ գյուղ: Ընդհարվելով գյուղի ինքնապաշտպանական ուժերի հետ և տալով մի քանի տասնյակ զոհեր` խուճապահար ադրբեջանցիները փախչում են դեպի Աղդամ: Հենց Աղդամի մոտ էլ տեղի են ունենում ադրբեջանցիների զանգվածային սպանությունները հատուկ հանձնարարություն ստացած յուրայինների կողմից: Այս տարածքը գտնվում է Աղդամից 3,5 և Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա և մինչև 1993 թվականի հուլիսի վերջերը ադրբեջանական զինված ուժերի մշտական հսկողության տակ էր: Ավելորդ է ասել, որ հայկական ջոկատների ներկայությունն այդ տարածքում անհնար էր: Անկախ աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանցի զինվորները մթության մեջ նահանջող յուրային զինվորներին ու Խոջալուի բնակիչներին շփոթել են հարձակվող հայերի հետ ու նրանց առել տեղատարափ կրակի տակ: Հետո են ժողճակատայինները դիակներն ազատորեն «հարմարեցրել» իրենց նպատակներին, մանավանդ որ նրանք ոչ թե ադրբեջանցի էին, այլ թուրք մեսխեթցիներ, որոնց նկատմամբ ադրբեջանցիներն այնքան էլ բարեհաճ չեն:
Ահա թե ինչ է գրում 2005 թվականի մարտի 2-ին Բաքվի իր տան մոտ մինչև այսօր չբացահայտված չարագործի ձեռքով գնդակահարված «Մոնիտոր» ամսագրի հիմնադիր խմբագիր, Ադրբեջանում հայտնի վերլուծաբան Էլմար Հուսեյնովը «Մոնիտորում» տպագրված հոդվածներից մեկում.
«Այսօր Ադրբեջանում նշում են մահվանից հետո որդու կողմից «համաժողովրդական առաջնորդ» հռչակված Հեյդար Ալիևի մահվան 6-րդ տարելիցը: Ասում են` մեռյալների հետևից կամ` լավը, կամ` ոչինչ: Քանի որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Հեյդար Ալիևի մասին լավ բան ասել հնարավոր չէ, ավելի լավ է պահենք ավանդույթն ու լռենք, չնայած լռելն այս դեպքում այնքան էլ հեշտ չէ: Բայց կլռենք: Կլռենք նրա «երկակի» ծննդի, դասալքության, փաստաթղթեր կեղծելու մասին, որի շնորհիվ հաջողացրեց խուսափել Հիտլերի դեմ կռվող խորհրդային բանակ զորակոչվելուց, չենք հիշի նրա ազգության մասին, չենք պատմի նրա հարյուրավոր ընդդիմախոսների մասին, որոնք խորհրդավոր պայմաններում արագորեն անհետանում են ասպարեզից կամ ոչնչացվում, չենք պատմի նրա կողմից կազմակերպված Խոջալուի բնակիչների կոտորածի, ռազմական հեղաշրջման մասին: Մի խոսքով մենք կլռենք... Կլռենք, քանի որ նա մահացած է, իսկ մեռյալների մասին, ինչպես ասացինք, կամ` լավը, կամ` ոչինչ»:
Իսկ այժմ լսենք Խոջալուի դեպքերի ականատես, չեխ լրագրողուհի Դանա Մազալովային. «Դիակներն առաջին օրն այլանդակված չէին, և բոլոր մահացածները հագուստներով էին: Այդ դիակներն այլանդակվել են հետո»: Մազալովան նաև պատմել է Խոջալուի մատույցներում տեղի ունեցած այլ գազանությունների մասին: Նրա խոսքով, սկզբում կրակել են մարդկանց ոտքերին, որպեսզի նրանք չկարողանան փախչել, հետո կացիններով սպանել են ու հանել գանգամաշկը: Մազալովան հայտնել է, որ ադրբեջանական կողմից Խոջալուի դեպքերը ճշմարտորեն լուսաբանել է միայն Չինգիզ Մուստաֆաևը, ով մի քանի ամիս անց մահացել է խորհրդավոր հանգամանքներում, իսկ ճշմարտությունն ասող մյուս լրագրողը` Էյնուլլա Ֆաթուլլաևն էլ արդեն քանի տարի սուտ մեղադրանքներով գտնվում է ճաղերի հետևում: Լրագրողն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից այսօր ցուցադրվող կադրերը Մուստաֆաևի նկարահանածները չեն, սարքովի են: Դա բարձրաձայնել է նաև Ֆաթուլլաևը:
1992 թ. ապրիլի 2-ին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն ասել է. «Ինչպես ասում են այն խոջալուցիները, որոնք փրկվել են, այդ ամենը կազմակերպված է եղել, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար: Ինչ-որ ուժ է գործել նախագահին վարկաբեկելու համար: Ես չեմ կարծում, թե հայերը, որոնք շատ ճշտորոշ կերպով և գործիմացությամբ էին վերաբերվում նման իրավիճակներում, կարող էին թույլ տալ, որ ադրբեջանցիները ֆաշիստական գործողություններում իրենց մերկացնող փաստաթղթեր ստանան... Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը շահագրգռված է եղել, որպեսզի հետագայում այդ կադրերը ցուցադրվեն ԳԽ նստաշրջանում, ու ամեն ինչ սևեռեն իմ անձի դեմ: Եթե ես հայտարարեմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, թե ես նրանց զրպարտում եմ: Բայց դատողությունների ընդհանուր ֆոնն այնպիսին է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից, այնուամենայնիվ, թողնված է եղել: Այդ դեպքում նրանք ինչո՞ւ պետք է կրակեին: Առավել ևս, Աղդամին մոտ տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ ուժեր կային (ադրբեջանական- Ա. Ա.), որպեսզի դուրս գան և օգնեն մարդկանց»:
Մինչդեռ Խոջալուի բնակիչներից շուրջ հար-յուր սպանված քաղաքացիական անձանց գտել են բուն գյուղից 11-12 կիլոմետրի վրա, նախկին Ադր. ԽՍՀ Աղդամի շրջանի վարչական սահմանին գտնվող Նախիջևանիկ հայկական գյուղի և Աղդամի մերձակայքի ադրբեջանական դիրքերի միջև ընկած դաշտում: Այդ տարածքն այն ժամանակ լիովին վերահսկվում էր Ադրբեջանի «Ժողովրդական ճակատի», նախագահ Մութալիբովին ընդդիմադիր կառույցի` հատուկ նշանակության ջոկատների կողմից: Ավելին, այն բանից մեկ օր անց, ինչ այդտեղ էին տարվել լրագրողները, այդ թվում և` արտասահմանյան, ինչ-որ մեկը նորից է վերադարձել այդ դաշտը, որպեսզի որոշ դիակներ պղծի` ողբերգության վայր արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների նոր այցելությունից առաջ: Ադրբեջանի այն տարիների Գերագույն խորհրդի նախագահ Տ. Կարաևը ևս, ուզած թե չուզած, ասել է ճշմարտությունը` հայտարարելով, որ Խոջալուի դեպքերից ընդամենը երկու օր հետո «Ժողճակատի» առաջնորդ Էլչիբեյի կողմից իշխանությունը զավթելն ու Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելը Մութալիբովի ասածի լավագույն ապացույցն են:
Մեր կողմից էլ հավելենք, որ պատերազմական իրավիճակում, երկու կողմից կատաղի կրակոցների պայմաններում հայերն ինչպե՞ս մտան ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքներ, կամ ինչի՞ համար կյանքները վտանգեցին ու այլանդակեցին ադրբեջանցիների դիակները:
Փետրվարի վերջին Խոջալուում և հատկապես Աղդամում ազերիները կուտակել էին հսկայական քանակի զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա ու նաև մարդկային ուժ: Ռուս գրող-վերլուծաբան Կ. Ստոլյարովը գրում է, որ աղդամյան խմբավորումը ոչ միայն կարող էր ցանկացած պահի օգնության հասնել Խոջալուին, այլև նույնիսկ սպառնալ Ստեփանակերտին (Կ. Ստոլյարով, «Անկում. Լեռնային Ղարաբաղից մինչև Բելովեժյան թավուտ»): «Ռեալնի Ազերբայջան» թերթի հարցերին պատասխանում է 1992-ի մարտից 1993-ի փետրվար պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևը: Լրագրողի հարցը. «Ինչո՞ւ Աղդամում տեղակայված ուժերի կողմից ժամանակին օգնություն չցուցաբերվեց Խոջալուին»: Պատասխան. «Փետրվարի 25-ի գիշերը Աղդամում կար Տ-72 տիպի 12 տանկ, 12 միավոր ՀՄՄ-2, 4 հատ «Գրադ» կայանք, 44 զրահատեխնիկա, 40 հրանոթ և 2500 զինվոր: Այդ բոլոր ուժերը կարող էին նետվել օգնության, սակայն դա տեղի չունեցավ»: Լրագրողի «ինչո՞ւ» հարցին Ղազիևը պատասխանել է. «Չգիտեմ: Բավական էր «Գրադից» կրակ բացել: Իսկ մենք լավ նշանառու ունեինք` ռուս զինվոր Ինչիպիրենկոն: Նա կարող էր «Գրադից» խոցել ցանկացած թիրախ: Պատկերացնո՞ւմ եք: Հետո պարզվեց, որ «Գրադն» անհետացել է: Չկարողացան գտնել...» (www.realazer.com, 27.05.2005): Ըստ անկախ ռազմական փորձագետների` տվյալ ժամանակահատվածում Ադրբեջանի տրամադրության տակ հայտնված ռազմամթերքը նպատակային կիրառելու դեպքում լիովին կբավարարեր մեկ տարվա լարված մարտական գործողությունների համար («Սովերշեննո սեկրետնո», թիվ 8, 1994):
Զավեշտի է հասնում նաև այն, որ հենց ադրբեջանական կողմի աղբյուրները մեկը մյուսին հակասող են, որովհետև առաջին հաղորդագրությունները, որ տարածել են ադրբեջանցիները փետրվարի 26-ի առավոտյան, այն էր, որ Խոջալուում ընդամենը երկու զոհ է եղել, մարտի 1-ին արդեն սկսեցին խոսել հազարավոր զոհերի մասին, իսկ մարտի երեքին «որոշվեց», որ նրանց թիվը եղել է 1324 հոգի, այնուհետև հանդես եկան 485 թվով, իսկ Ալիևը հայտարարել է 235 թիվը և, ի վերջո, պաշտոնապես հաստատվեց 613 թիվը: Ադրբեջանցիները հակասական թվեր են ներկայացրել նաև միջազգային ատյաններին: Մարդասիրական կազմակերպություններին ուղղված դիմումներում խոսվում է 3000-3500 զոհերի մասին: 1993-ի նոյեմբերի 30-ին նախկին վարչապետ, հետո` ԱԳ նախարար Հ. Հասանովը ԵԱՀԽ (այժմ` ԵԱՀԿ) արտգործնախարարների նիստում հայտարարել է «ավելի քան 800» զոհերի մասին: 1992-ի նոյեմբերի 12-ին Ադրբեջանի խորհրդարանի` Միլի մեջլիսի պատգամավորական քննչական հանձնաժողովը հայտարարեց, որ «ողբերգության ժամանակ Խոջալուում եղել է շուրջ 4000 բնակիչ: Հանձնաժողովի տվյալներով` այդ իրադարձությունների ընթացքում զոհվել է 450, վիրավորվել 400 հոգի, անհետ կորել են մոտ 80-ը, իսկ 20-ը գերի են ընկել» («Իզվեստիա», 14.11.1992):
Ո՞ր տվյալներին հավատաս: Սուտն էլ պետք է տրամաբանված հնարել։
Այնուհետև, խորացնելով «Խոջալուի» հյութեղ թեման, ադրբեջանական կողմն այն հասցրեց, իրենց կարծիքով, տրամաբանական վախճանին. փետրվարի 28-ը հայտարարվեց ադրբեջանական ցեղասպանության օր, որն ի լուր աշխարհի նշվում է ամեն տարի: Ոգևորված սեփական մտքի փայլատակումներով, ադրբեջանցիներն ու նրանց եղբայր թուրքերն ավելի առաջ գնացին` «ապացուցելով», որ այդպիսի բան եղել է նաև ոչ վաղ անցյալում, օրինակ` 1918-20 թվականներին, երբ հայերը Բաքվում ու Շուշիում կոտորեցին տասնյակ հազարավոր անմեղ ադրբեջանցիների։
ՈՒշադրության արժանի է նաև կարևոր մի փաստ` Խոջալուի մասին որևէ տեղեկության տիրապետողների մեծ մասն այս կամ այն կերպ վերացվել է:
Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են: Մի բան պարզ է. Խոջալուի անմեղ նահատակները, որոնց մահվան համար ցավում են բոլորը, այդ թվում նաև` հայ ժողովուրդը, Ադրբեջանի իշխանություններ-ընդդիմություն կատաղի մրցապայքարի զոհերն են, հայերը` քավության նոխազ, որոնց այսօր վերագրում են Թուրքիայի ու նրա եղբայր Ադրբեջանի բոլոր անհաջողությունները, այս երկրներում տեղի ունեցող յուրաքանչյուր անհաճո դեպք ու ողբերգություն... Նույն ազգն է, նույն ձեռագիրը:
Այնուհանդերձ, առողջ տրամաբանությունը, աշխարհի ճշմարտախոս լրագրողներն ու անշահախնդիր դիտորդները, մանրակրկիտ ուսումնասիրելով տեղի ունեցածն ու զրուցելով ականատեսների հետ, վերլուծելով նրանց ասածները, համոզված են ու սկզբունքորեն փաստում են, որ ադրբեջանական ու թուրքական ստահոդ պնդումներն ինչ-ինչ նպատակների են միտված, և որ նրանց հավատում են միայն որոշակի շահեր հետապնդողներն ու թուրքամետ հայատյացները:
Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ