ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԿՐԵՄԼԻ ՀԱՄԱՐ ՆԱՎԹԸ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՐևՈՐ Է»

«ԿՐԵՄԼԻ ՀԱՄԱՐ ՆԱՎԹԸ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՐևՈՐ Է»
22.07.2011 | 00:00

Քաղաքական կանխատեսումը, ինչպես հայտնի է, ոչ միշտ է շնորհակալ գործ, շատ անգամ նույնիսկ վտանգավոր է։ Միաժամանակ, քիչ թե շատ լուրջ ենթադրություններ անել այնպիսի սառն ու հմուտ քաղաքական գործչի առնչությամբ, ինչպիսին Լուկաշենկոն է, կարող է կա՛մ մոլորված, կա՛մ բացարձակապես վարձու մարդը։ Չէ որ վաղուց ակնհայտ է, որ Բելառուսի նախագահի համար ցանկացած գաղափարախոսական շրջանակ սոսկ հուզական ֆոն է` միանգամայն ցինիկ և լավ հաշվարկված քաղաքականության համար։ Այսպես, ռուսական ղեկավարությունը, թեև որոշ տատանումներից հետո, այդուամենայնիվ, Ալեքսանդր Լուկաշենկոյին աջակցեց անցյալ տարեվերջի ոչ դյուրին հետընտրական օրերին, երբ շատերի համար բելառուսական իշխանություններին հայհոյելը ճիշտ վարվելակերպի դրսևորում էր դարձել։
Ավելին, հենց Մոսկվան (ո՛չ «բարեկամ ՈՒգոն», ո՛չ պեկինցի նոր բարեկամները) տրամադրեց Բելառուսին այնքան անհրաժեշտ միջպետական վարկը։ Այն ժամանակ շատերը համարեցին, թե վաղեմի լեզվակռվին վերջակետ է դրված, և հիմա Մինսկը երբեք այլևս դուրս չի գա «եղբայրական տաք գրկից», իսկ լրատվամիջոցներում կծու, ոչ այնքան դուրեկան խոսքուզրույցը պատմության գիրկը կանցնի։ Բայց ամենևին էլ այդպես չէ։ Ամենայն հավանականությամբ, խորամանկ Բատկան հաշվարկել էր. ռուսական 800 մլն վարկը, ամեն դեպքում, ձեռքներից չեն առնի, իսկ մինչև հաջորդ վարկը դեռ ժամանակ կլինի հաշտվելու։ Եվ նա նորից լեզվին ազատություն տվեց ու հերթական սկանդալի սկիզբը դրեց բելառուսա-ռուսական հարաբերություններում։
Պետական լրատվամիջոցներում Ռուսաստանի ղեկավարության վրա հերթական տեղեկատվական գրոհի համար առիթ դարձավ այն, որ, հակառակ ավանդույթի, նախագահ Մեդվեդևը շնորհավորական ուղերձ չհղեց «Սլավոնական բազար» փառատոնի առթիվ, որը վերջերս բացվեց Վիտեբսկում։ Երկրի գլխավոր վերլուծական ծրագրով հայտարարվեց, թե «Կրեմլը պարզորոշ հասկացնում է, որ ո՛չ եղբայրությունը, ո՛չ պատմությունը, ո՛չ մշակույթը, ո՛չ հոգևոր կապն իրեն չեն հետաքրքրում», որ իր քսանամյա պատմության մեջ առաջին անգամ փառատոնը ներքաշվել է քաղաքականության մեջ, որ այդ փառատոնը հոգի ունի, իսկ իր քամահրանքով Կրեմլը «թքեց այդ հոգու մեջ»։ Թեման շարունակեցին ինչպես բելառուս, այնպես էլ ռուս քաղգործիչները։ Վլադիմիր Պուտինն ափսոսանք հայտնեց Ռուսաստանի ու Բելառուսի հարաբերություններում նոր լարվածության ծագման և այն առթիվ, որ «հիմա նույնիսկ կենցաղային մակարդակում խնդիրներ են առաջանում»։ Իսկ ռուսական քաղաքական վերնախավի այնպիսի թրծված դերակատար, ինչպիսին Ժիրինովսկին է, հանկարծ սկսեց ինքնամոռաց աղմկել, թե «մենք կունենանք նոր` տասներորդ, Մինսկի դաշնային օկրուգը», թե «Ռուսաստանը մեծ տերություն է, իսկ Բելառուսը` ձրիակեր»։ Հասկանալի է, որ կարելի էր պարզապես ուշադրություն չդարձնել տեղի ունեցածին, ասենք, Ռուսաստանի ղեկավարը չի ողջունել ռուսական և նախկին խորհրդային երգերի տոնը, ի՞նչ մեծ ողբերգություն է։ Միգուցե նա այդ երգերը չի սիրում։ Սակայն ՈՒկրաինայի ղեկավար Վիկտոր Յանուկովիչը շնորհավորանքներ էր հղել մշակութային համաժողովի մասնակիցներին։ «Իսկ ահա Ռուսաստանի նախագահն այս տարի անտեսեց ընդհանուր սլավոնական տոնը, անգամ սեփական ռուս արտիստներին նախագահ Մեդվեդևը ոչ մի բառի չարժանացրեց»,- հայտարարել է Մինսկի նորությունների ամփոփիչ ծրագրի հաղորդավարը և տեղի ունեցածը բնութագրել որպես «աննախադեպ ակտ»։
Ասենք, դեպքն ամենևին էլ «աննախադեպ» չէ, չէ՞ որ դրանից առաջ Մոսկվան «մոռացել էր», որ Հայրենական պատերազմն սկսվել է Բելառուսում, ու թեև 2011-ի հուլիսի 22-ի վշտալի տարելիցի նախօրեին Լուկաշենկոն հրավեր էր ուղարկել Դմիտրի Մեդվեդևին` հարգանքի տուրք մատուցելու Բրեստի ամրոցի հերոսներին, Ռուսաստանի նախագահն ամրոցում այդպես էլ չերևաց։ Հատկանշական է, որ դրանից առաջ էլ Բելառուսի նախագահը չէր հրավիրվել Մոսկվայում կայացած հոբելյանական հանդեսին։ Համապատասխանաբար, Լուկաշենկոն Բրեստում հայտարարեց. «Մեզ այսօր փորձում են խեղճացնել»։ Իսկ Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավարը «Կրեմլի աղբյուրին» առհասարակ մեղադրել է բելառուսական իրականությունը խեղաթյուրելու մեջ» և «բացարձակ զառանցանք» անվանել այն հայտարարությունը, թե Բելառուսում ռուսական լրագրողների գործունեության հերթական սահմանափակումը բացասական ազդեցություն կունենա Ռուսաստանի կողմից հանրապետության վարկավորման վրա։
Խիստ հատկանշական է, որ լրատվամիջոցներում հաղորդումներ են երևացել այն մասին, որ Արևմուտքի և Բելառուսի միջև կոշտ առճակատումն ավարտվել է, իսկ պատճառը Լուկաշենկոյի այն հայտարարությունն է, թե ընդդիմադիր գործիչներին, հավանաբար, բանտից բաց կթողնեն։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, թե Բելառուսը կհրավիրվի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որը կկայանա 2011-ի սեպտեմբերին` Վարշավայում, «ամենաբարձր մակարդակով»։ Այս ամենը մի շարք փորձագետների հիմք է տվել պնդելու, թե Մոսկվայի հետ լարվածության նոր սրումը կապված է Արժույթի միջազգային հիմնադրամից հերթական վարկի ստացման հեռանկարի հետ, քանի որ, նրանց կարծիքով, «ԱՄՀ-ից փող կարելի է ստանալ միայն այն դեպքում, եթե Արևմուտքն առաջնորդվի աշխարհաքաղաքական շարժառիթներով» և «ահա հանուն դրա էլ ջանում է բելառուսական քարոզչամեքենան»։
Բայց ճիշտ չէր լինի կարծել, թե լարվածությունը խորանում է բացարձակապես մշակույթի ու պատմության դաշտում։ Առավել ևս, որ այդ նույն օրերին Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵԱՏՀ) հակաճգնաժամային հիմնադրամից Բելառուսին կայունացման վարկի տրամադրման պայմանները կարող են վերանայվել` մի շարք պարտավորությունների չկատարման պարագայում։ Հերթական վարկի տրամադրման հաջորդ փուլը նոյեմբերին է, երբ կամփոփվեն Մինսկի ստանձնած պարտավորությունների կատարման արդյունքները։ Նա նկատել է. «Ես այն տպավորությունն ունեմ, թե բելառուսական իշխանությունները պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում ճգնաժամից դուրս գալու համար, իսկ տնտեսությանը լրացուցիչ ռեսուրսներ կարող է տալ սեփականաշնորհումը։ Եթե կառավարությունը պատրաստ չէ օգտագործելու այդ ռեսուրսը, ապա վարկային օգնության տրամադրումն այնքան էլ հիմնավորված չեմ համարում»։ Իսկ մենք այս խոսքերից հետո միանգամայն հիմնավոր կարող ենք համարել, որ «եղբայրական երկրների» նոր ընդհարման պատճառ դարձած «շան գլուխը հենց այստեղ է թաղված»։
Ինչպես հայտնի է, խոսքը բելառուսական առաջատար ձեռնարկությունների սեփականաշնորհման (ռուսական կապիտալի հաշվառմամբ), ԱԷԿ-ի շինարարության, մի շարք այլ խոշոր տնտեսական նախագծերի իրականացման մասին է։ Մոսկվան 7,5 մլրդ դոլարի գույքի սեփականաշնորհման պահանջը մեկնաբանում է որպես վարկավորման պայմանագրի մի մաս, որը բելառուսական կողմը ստորագրել է առանց առանձնակի ոգևորության։ Պաշտոնական Մինսկի կարծիքով` դա «լկտի վերաբերմունք է, ոչնչով չարդարացված պահանջ, որը ոչ մի առնչություն չունի վարկային պայմանագրի հետ»։ Բելառուսից պահանջում են հանձնել նավթավերամշակման ձեռնարկությունների ակտիվները, ընդ որում, ռուսական հատուկ սցենարով, այսինքն, ինչպես գրում են Բելառուսում, «անաղմուկ, արագ, էժան և օլիգարխներին»։ Իսկ նավթավերամշակման գործարանների վաճառքն առանձնահատուկ հարց է, որովհետև դրանք բելառուսական տնտեսության գլխավոր հարստությունն են, և Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն քանիցս կոնկրետացրել է իր դիրքորոշումը` էժան ոչ ոք ոչինչ չի ստանա։ «Մեզնից այսօր երեք բան են ակնկալում` ջրի գնով պետական ակտիվների վաճառք, մեր մարդկանց սոցիալական պաշտպանությունից հրաժարում և մեր ինքնիշխանության զիջում։ Ասեմ ուղղակի. ծոծրակները կտեսնեն»,- օրերս հերթական անգամ հայտարարել է Լուկաշենկոն։ Մինսկում խիստ նյարդային են վերաբերվում նաև ռուսների այն պնդումներին, թե այդ գործարքներում առկա է հարցերի մի ամբողջ թնջուկ` նավթամատակարարումների արժեքը, գազի հարցը, իսկ ռուսական ընկերություններին «նավթավերամշակման գործարանների հանձնումը Բելառուսին հնարավորություն կտա նավթամատակարարումների առումով առաջիկա տարիներին հանգիստ զգալու իրեն»։ Մինսկում վաղուց չեն հավատում Կրեմլի խոստումներին և նախընտրում են «կանխիկ փողը», առավել ևս, որ Ռուսաստանից ու Վենեսուելայից հետո բելառուսական նավթավերամշակման գործարանները նոր հնարավոր գնորդ ունեն։ Բելառուսի պետական սեփականության այդ «համեղ պատառի» համար որոշել է պայքարել նաև Ադրբեջանը, որի հետ 2011-ի սկզբից նավթային սերտ հարաբերություններ են սկսվել։ Դրանք շատ ավելի լուրջ բանակցություններ են, քան պարզապես նավթավերամշակման գործարանների մյուս հնարավոր ներդրողների հետ գնման պայմանների քննարկումը։ Պարզվում է, Իլհամ Ալիևը, միանգամից մոռանալով իր մոսկվացի բարեկամներին, պատրաստ է լուրջ այլընտրանք առաջարկելու ռուսական կապիտալին։ Նա արդեն հայտարարել է, որ Բելառուսի նավթավերամշակման ակտիվների մի մասի գնորդ կարող է դառնալ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, որը Ռուսաստանում, Ղազախստանում և Եվրոպայում ակտիվների գնման համար 20 մլրդ դոլար ներդնելու ծրագիր ունի։ Ինչո՞վ կավարտվի այս նոր վեճը։ Չէ՞ որ սեփականաշնորհումը երեք տարում` Մինսկին վարկ տրամադրելու հիմնական պայմաններից մեկն է։ Հնարավոր է` բելառուսական կողմը հարկադրված կլինի ընդունելու ռուսական կողմի պայմանները։ Բայց Լուկաշենկոն հիանալի է հասկանում, որ դրանով բանը չի սահմանափակվի, և ավելի երկարաժամկետ հեռանկարում դա կնշանակի նաև քաղաքական իշխանության կորուստ։ Եվ նա, տեղյակ լինելով ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերից Ռուսաստանի երկյուղների մասին, ամենայն հավանականությամբ, նոր քայլ է մտածել և հայտարարել է, թե Բելառուսը կարող է դառնալ ռուսական օդային-տիեզերական պաշտպանության առաջավոր գիծ։ Երևում է` հենց այսպիսի պլանների է հակվում Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Մասնավորապես, Բելառուսը կարող է դառնալ առաջին երկիրը, ուր կտեղակայվի ռուսական առաջին «Տրիումֆ» Ս-400 զենիթահրթիռային համակարգը։
Մինչդեռ բելառուսական լրատվամիջոցները հետաքրքիր տվյալներ են հրապարակում. հարցումների համաձայն` այն բելառուսները, ովքեր հանդես են գալիս եվրաինտեգրման օգտին, երբեմն նույնիսկ ավելի մեծ ըմբռնումով են վերաբերվում ռուսական քաղաքականությանը, քան նրանք, ովքեր հանդես են գալիս ռուսական վեկտորի օգտին։ Չէ՞ որ առաջինների համար Ռուսաստանն ընդամենը իր հետաքրքրություններն ունեցող հարևան երկիր է։ Այլ բան են նրանք, ովքեր Ռուսաստանը համարում են իրենց օրգանական մասը, իսկ ռուսներին` իրենց եղբայրները։ Իսկ եղբայրների միջև ի՞նչ հաշիվ, շուկայական ի՞նչ գին կարող է գոյություն ունեալ։ Եվ այստեղ հիասթափությունը շատ մեծ է։ Բացի այդ, թեև Լուկաշենկոն հատկապես ռուսների ներկայությամբ պնդում է, թե «մենք նույն ժողովուրդն ենք», և դա զգացվում է միջպետական հարաբերությունների ամբողջ սպեկտրում, այն միտքը, որ Կրեմլի համար նավթը եղբայրությունից կարևոր է, գերիշխող է դառնում։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ