«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՌՈՒՍ ՄԱՐԴՈՒ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ

ՌՈՒՍ ՄԱՐԴՈՒ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
19.04.2011 | 00:00

«Եվրասիականություն» հասկացությունը վաղուց ի վեր Ռուսաստանում ինչպես խանդավառություն, այնպես էլ բողոքի տրամադրություններ է առաջացրել, ընդ որում, թե՛ ազատական, թե՛ պահպանողական-ազգայնական միջավայրում։ Ռուս մտավորականները և ճանաչված քաղաքական գործիչները ենթագիտակցորեն, հաճախ էլ միանգամայն գիտակցված համարում էին, որ եվրասիական գաղափարը թեև կայսրապետական դոկտրին է ենթադրում, սակայն կարող է հանգեցնել նաև շատ տհաճ հետևանքների, եթե բավականաչափ գրավիչ չդառնա։ Եվրասիական ինչ-ինչ արդիականացված հատկանիշներ որդեգրած ռուս շատ «իմպերիալիստներ» այս գաղափարն ընկալում են որպես «հետամնացություն», որպես «մնացորդային» ռազմավարություն, երբ ո՛չ միապետական, ո՛չ բոլշևիկյան կայսրություններն արդեն չկան ու չեն էլ լինի։ Եվրասիական գաղափարը, որ 19-րդ դարի վերջում փոխարինելու եկավ սպառված սլավոնասիրությանը, մտահղացել էին շատ նեղ շրջանակի մտավորականներ, հենց սկզբից այն շաղկապվում էր ազնվականության քաղաքական մշակույթից ռուսական վերնախավի խոր հիասթափության և ռուսական միապետականության ուժեղացող ճգնաժամի հետ։ Խորհրդայնացումից հետո եվրասիականներին ոչինչ չէր մնում անելու, քան բացահայտ կամ ծածուկ ընդունել ու ողջունել բոլշևիկյան կայսրությունը։ ԽՍՀՄ փլուզումից հետո եվրասիականները, ինչպես կայսրապետական գաղափարի մյուս ջատագովները, գլուխները կորցրած, պատրաստ էին ընդունելու տարբեր գաղափարախոսություններ, միայն թե եվրասիական գաղափարը դարձնեին օրախնդիր և պետական իշխանության գործիք։
ԽՍՀՄ փլուզումից հետո անցած բոլոր 20 տարիներին Ռուսաստանի մեկուսացման ճանապարհը միարժեք չի եղել. որքան շատ են նոր կայսրություն կամ ազդեցության տարածաշրջանային գոտիներ ստեղծելու փորձեր ձեռնարկ-վել, այնքան մեկուսացումը խորացել է։ Բալթյան երկրները բուֆեր են դարձել Ռուսաստանի և Հյուսիսային Ատլանտիկայի միջև, Վրաստանն ու Ադրբեջանը` տարբեր նշանակության տարանցիկ միջանցքներ, Կենտրոնական Ասիան` ԱՄՆ-ի, Չինաստանի, Պակիստանի և այլ տերությունների պայքարի ասպարեզ, բայց միայն ոչ Ռուսաստանի միջև։ Մոլդովան խոշոր պայթուցիկ է Սևծովյան տարածաշրջանում, ՈՒկրաինան` Ղրիմով հանդերձ, Ռուսաստանի գլխավոր աշխարհաքաղաքական խնդիրներն են, Եվրոպայում և աշխարհում կորցրած դիրքերը վերադարձնելու հույսերն ի չիք դարձնողը։ Հայաստանն ու Բելառուսը դիտվում են որպես հակառուսական լայնածավալ գործողության վերջին տարրեր։ Բալթյան-սևծովյան տարածությանը վերապահվում է Եվրոպան երկատելու, Ռուսաստանն ու Արևմտյան Եվրոպան միմյանցից հեռացնելու ավանդական գործառույթ։ Սլավոնական պետությունները հայտնվել են Ռուսաստանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նվաճողականության փորձերի դեմ պայքարի առաջին շարքերում։ «Սլավոնական հարցը» 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի համար լուծվեց ամենաաննպաստ ձևով. «սլավոնական հարցի» այդ լուծումն ամենալուրջ «տեկտոնական տեղաշարժին» հանգեցրեց Կենտրոնարևելյան Եվրոպայում և Եվրասիայում, ինչի հետևանքով Ռուսաստանը դուրս մղվեց Եվրոպայից, և այժմ նրան փորձում են «կաղապարել» իսլամական աշխարհի, Չինաստանի և Հյուսիսային օվկիանոսի արանքում։ Սա չի կարող չանդրադառնալ ռուսական վերնախավի նոր հոգեբանության ձևավորման և ամբողջ հանրության վրա, որին համակել է վիրավորանքի, չարության, զայրույթի զգացումը, ինչը խիստ վտանգավոր է նրա համար։ Որոշ բարձրախավ խմբերի փորձերը` Ռուսաստանի հանդեպ կիրառելու Կանադայի կամ Շվեդիայի տարբերակները, պարզապես ծիծաղելի են և, իհարկե, ամենևին ընդունելի չեն եվրոպացիների համար, քանի որ առհավետ փակում են Ռուսաստանի կայսերական պատմության էջը։
Երբ փլուզվում է կայսրությունը, շատ հաճախ տպավորություն է ստեղծվում, թե փլուզման ու քայքայման գործընթացը կանգ է առել, պետությունն ունի կայսրության վերականգնման հնարավորություն և բավականին համոզիչ ապացուցում է դա։ Յուրաքանչյուր կայսրություն քայքայվում է յուրովի, բայց բոլոր պատմական դեպքերում նկատվում են միևնույն գործոնները։ Բյուզանդիան, որին այնքան նման է Ռուսաստանը, մեկ անգամ չէ, որ վերելքի ու անկման ժամանակներ է ապրել, բայց նրան այդպես էլ չհաջողվեց դիմակայել եվրասիական քոչվորների հարվածներին։ Այն ռուս մտավորական մարդիկ, ովքեր առավել մերձ են գործող իշխանությանը, ջանում են Ռուսաստանը ներկայացնել որպես եվրասիական պետություն, թեև մինչև հիմա ոչ ոք այդպես էլ որևէ ձևակերպում չի տվել, թե արդի աշխարհում ինչ է նշանակում եվրասիականություն։ Եղավ մի պահ, երբ ռուս քաղաքական գործիչներն ու քաղնախագծողներն իրական վտանգ զգացին, հասկացան որ իրենց երկիրը կլինի ոչ թե եվրասիական, այլ ասիական պետություն` եվրոպական նկարագրի տարրերով։ Ռուսաստանը պատեպատ էր խփվում։ Կայսրության անկումից հետո ռուս քաղաքական գործիչներն Արևմուտքի հետ սերտ փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների հույսեր էին փայփայում, բայց հասկանալով, որ իրենց այնտեղ սպասող չկա, նախընտրեցին ավելի սերտ հարաբերությունների մեջ մտնել Ասիայի առաջատար պետությունների հետ։ Սակայն այդ նախագիծն էլ ձախողվեց, և Ռուսաստանը նախընտրեց «փոխըմբռնողական» հարաբերություններ հաստատել Եվրոպայի առաջատար պետությունների հետ, ինչն էլ այժմ մեծապես պայմանավորում է նրա արտքաղաքական և տնտեսական առաջնայնություններն ու նպատակները։ Փորձեր են արվում ավելի պարտավորեցնող հարաբերություններ հաստատելու ԱՄՆ-ի հետ, միաժամանակ Չինաստանի հետ ինչ-որ դաշինք կազմելու, որի ուրվագծերը դեռ այնքան էլ պարզ չեն։ Ռուսաստանը փորձարկումներ է անում Թուրքիայի հետ հարաբերություններում, որոնք պարզություն չեն ստանում շատ հարցերում, ձգտում է Իրանի հետ իր հարաբերություններն օգտագործել ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ քաղաքական սակարկությունում, և առայժմ ոչ մի հույս` ավելի սերտ հարաբերությունների հաստատման համար։ Նախկին խորհրդային տարածքում, որը Ռուսաստանը համարում է իր ազգային շահերի գոտի, տեղի են ունենում չափազանց հակասական գործընթացներ ու իրադարձություններ, և Մոսկվան այդպես էլ չի կարողանում ստեղծել ռազմաքաղաքական ու տնտեսական ամուր դաշինք։ Նկատի ունենալով անվտանգության հարցերին սևեռված համապարփակ ուշադրությունը, կարելի է նշել, որ Ռուսաստանի անվտանգության արմատական խնդիրները լուծված չեն, ու դեռևս հստակ պատկերացում չկա, թե ինչպես են դրանք լուծվելու։
Ռուսաստանը շարունակում է զարգանալ որպես հումքային երկիր` նավթի, գազի և մետալուրգիական արդյունաբերության գերակշռությամբ, միաժամանակ փորձեր են արվում ապահովելու ռազմարդյունաբերական համալիրի վերելքը։ Ռուսաստանին չի հաջողվում զարգացնել մեքենաշինությունը, էլեկտրոնիկան, բարձր տեխնոլոգիաներն ընդհանուր առմամբ, անկում են ապրում նույնիսկ թեթև արդյունաբերության ճյուղերը։ Երկիրը մեծապես կախված է արդյունաբերական արտադրանքի և պարենամթերքի ներմուծումից։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ավերիչ ազդեցություն գործեց ռուսական տնտեսության և սոցիալական ոլորտի վրա։ Ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան շատ փորձագետների բազմաթիվ գնահատականները վկայում են, որ Ռուսաստանին չի հաջողվելու կանգնել առաջատար արդյունաբերական տերությունների հետ միևնույն շարքում։ Ներկայումս կասկածի տակ է անգամ հումքային ճյուղերի հետագա հաջող զարգացումը, քանի որ անհրաժեշտ ներդրումներ չկան։ Բայց ամենևին էլ տնտեսությունը չէ ռուսական պետականության այս անուրախ վիճակի պատճառը։
Ռուսաստանում տեղի է ունենում «ժողովրդաթափություն», շարունակում է կրճատվել բնակչության թիվը, իսկ աճի մասին տարբեր գնահատականները խիստ կասկածելի են։ Երկրի 143 մլն բնակչությունից ավելի քան 32 միլիոնը կենսաթոշակառու է, ավելի քան 2 մլն-ը` անապաստան երեխաներ, 10-11 մլն մարդ թմրանյութ է օգտագործում, բնակչության առնվազն 15 տոկոսը հարբեցող է։ Բնակչությունն առավել արագ է կրճատվում տարածաշրջաններում, որոնք կարևոր ռազմավարական նշանակություն ունեն, լքվել են հարյուրավոր փոքր քաղաքներ, վերացել են տասնյակ հազարավոր գյուղեր։ Բնակչությունը կենտրոնանում է տնտեսապես կայուն շրջաններում, իսկ դրանք, դաշնության 80 սուբյեկտների շարքում, ընդամենը քսանն են։
Ռուս ուղղափառ եկեղեցին և առանձին հայրենասիրական խմբեր փորձում են վերածնել ժողովրդի հավատը, բայց կրոնի նկատմամբ վերաբերմունքը դարձել է անկումային տրամադրությանը համարժեք արձագանք։ Ռուսաստանը լեփ-լեցուն է ռուս ժողովրդի և երկրի մյուս ժողովուրդների համար միանգամայն խորթ աղանդավորական պաշտամունքներով, որոնցից շատերն ունեն մոլեռանդ ու հոգեխեղիչ բնույթ։ Ռուսաստանի մահմեդական բնակչությունը, օտարամուտ կրոնական աղանդների ու շարժումների ազդեցությամբ, սոցիալ-մշակութային առումով, ըստ էության, ապակողմնորոշված է։
Ռուս երիտասարդությանն այլևս չի հետաքրքրում ծառայությունը զինված ուժերում, որոնք առաջվա վարկը չունեն, քանի որ ոչ մի կերպ չի հաջողվում ստեղծել նոր նկարագրի բանակ և նավատորմ։ Շատ զորամասեր հիշեցնում են ավելի շուտ պահպանության կառույցներ, քան բանակային ստորաբաժանումներ։ Հազիվ թե հիմա Ռուսաստանի զինված ուժերն ընդունակ լինեն դիմակայելու, ասենք` թուրքական բանակին, ռուսական սևծովյան նավատորմն էլ անհուսալիորեն զիջում է Թուրքիայի սևծովյան ուժերին։ Ներկայումս Ռուսաստանը կարող է հույսը, փաստորեն, դնել միայն միջուկային սպառազինության վրա, որի օգտագործումը, կանխարգելիչ նպատակով, թույլատրված է 90-ականներին ընդունված ռազմավարական դոկտրինով։ Կարծիքներ կան, թե նոր տիպի զինված ուԺերի կազմավորման մասին ռուս ռազմավարների ներկա պատկերացումները չեն համապատասխանում արդի պահանջներին և, ինչն ավելի կարևոր է, չեն համապատասխանում Ռուսաստանի ժողովուրդների նոր սերունդների վարքագծի դրսևորումներին։ Ռուս քաղաքական գործիչներն ու գեներալները սարսափով են պատկերացնում ապագա հնարավոր զինված հակամարտությունների ելքը, որոնք, այսպես թե այնպես, սպասվում են Ռուսաստանին դրկից տարբեր տարածաշրջաններում։
Ռուսաստանի իշխող վարչակազմն աներևակայելի կոռումպացված է, ինչը, միգուցե, ազգային անվտանգությանն սպառնացող գլխավոր վտանգն է։ Դա հանգեցնում է Ռուսաստանի իշխանության ապակենտրոնացման, պետականության թուլացման։ Տեղի ունեցավ այն, ինչ սպասվում էր. ռուսաստանյան պաշտոնական շրջանները դարձել են իշխանական մի խմբավորում, որը մրցակցության, հաճախ առճակատման մեջ է ինչպես այլ խմբավորումների հետ, այնպես էլ ինքն իր ներսում։ Տեղի է ունենում Ռուսաստանի աստիճանական տրոհում. մի քանի տնտեսապես բարվոք խոշոր տարածաշրջաններ, ինչպես նաև ազգային հանրապետություններ ավելի ու ավելի են փայփայում իրենց տեղայնական շահերն ու շատ խնդիրներում ազդեցություն գործում կենտրոնական իշխանությունների վրա։ Ռուսաստանի վերլուծական շրջանակներում քննարկվում են Հյուսիսային Կովկասի, ՈՒրալի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի առավելապես ռուսական սուբյեկտներում ինքնավար կազմավորումների ստեղծման հարցեր։ Երկրի ղեկավարությունը հասկանում է նաև, որ անհրաժեշտ է վերակազմավորել Ռուսաստանի տարածքը, բայց առայժմ խելամիտ ոչինչ չի գտել, բացի մի քանի տարածաշրջանների միավորումից, ինչը շատ քիչ բան է տվել կառավարման համակարգին։
Ապագայում Ռուսաստանը չի կարողանալու ապահովել իր ազգային անվտանգությունը և հարկադրված կլինի կամ մտնել որևէ տարածաշրջանային դաշինքի մեջ, ինչն առայժմ քիչ հավանական է, կամ դառնալ ՆԱՏՕ-ի սերտ գործընկեր, որը կկարողանար ապահովել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ամբողջ Եվրասիայի պաշտպանությունը։ Ռուսաստանն այժմ պետք է հրաժարվի ռոմանտիկ երազանքներից ու մշակի զարգացման և անվտանգության ավելի իրատեսական մոդել։ ՆԱՏՕ-ն էլ այսօր նախանձելի վիճակում չէ, կազմակերպության հետագա պառակտման վտանգ կա, ըստ էության, անդրատլանտյան հարաբերությունների շրջանակներում միասնական քաղաքականություն չի իրականացնում։ Շատերին թվում էր, թե ՆԱՏՕ-ն շատ շուտով կկորցնի իր նշանակությունն աշխարհում և կվերածվի բացարձակապես քաղաքական կազմակերպության, առանց ռազմական ներուժի։ Բոլորը հասկանում են, որ ՆԱՏՕ-ն ներկա ձևաչափով անհնար է պահպանել։ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի մեջ Ասիայի և Օվկիանիայի ժողովրդավարական պետությունների` Կորեայի, Ճապոնիայի, Թայվանի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ներգրավման ակտիվ քաղաքականություն է վարում, քննարկվում են Բրազիլիայի, Հարավային Աֆրիկայի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ ՆԱՏՕ-ի սերտ համագործակցության հնարավորություները։ ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել ԱՍԵԱՆ-ի և առհասարակ Հարավարևելյան Ասիայի անվտանգության համակարգի վերակազմավորմանը և վերաիմաստավորմանը։ Չինաստանի շուրջ ստեղծվում է բոլոր անվտանգության ուղղություններով, այդ թվում նաև` Եվրասիայի ուղղությամբ, չինական զավթողական նկրտումների զսպման համապարփակ «գոտի»։ Առայժմ ԱՄՆ-ի այս նախաձեռնությունները դեռ ամբողջ թափով չեն ծավալվել և Եվրոպայի ու Ասիայում նրա գործընկերների պատշաճ աջակցությունը չեն ստանում, բայց այդ ռազմավարությունը շատ շուտով կդառնա ավելի շոշափելի ու իրական։ Անհրաժեշտ է ստեղծել անվտանգության իրոք համապարփակ համակարգ` ՆԱՏՕ-ի անդամների պատասխանատվության գոտու, գործառույթների և կազմի համապատասխան ընդլայնմամբ։ Հասկանալի է նաև, որ առանց Ռուսաստանի մասնակցության, որն առանցքային աշխարհաքաղաքական դիրք է գրավում, անհնար է նման համապարփակ համակարգի ստեղծումը։ Այս հեռանկարը համապատասխանում է Ռուսաստանի արմատական շահերին։
Այսպես թե այնպես, տարածաշրջաններում իր ազդեցությունը պահպանելու Ռուսաստանի ջանքերը շարունակվում են։ Առանց այդ խնդիրները լուծելու Ռուսաստանը ոչ միայն չի կարող հուսալ, թե կպաշտպանի իր ազգային շահերն ու անվտանգությունը, այլև չի կարողանա կատարել Արևմուտքի հանդեպ ունեցած պարտավորությունները։ Համընդհանուր անվտանգության խնդիրների լուծումը մեծապես կախված է մերձսևծովյան, կովկասյան, կենտրոնական տարածաշրջանների կայունությունից։
Ռուսներն այլև չեն հպարտանում «Умом Россию не понять» արտահայտությամբ։ Ռուս վերնախավը ոչ միայն ուզում է այլ, ավելի իրատեսական կյանքով ապրել, այլև ուզում է ապրել հենց ամերիկյան կյանքով։ Ռուս ժողովուրդը հոգնել է պատմությունից և փորձում է պատճենել «արծաթե դարի» բարոյագիտությունն ու գեղագիտությունը, միայն թե ինչպե՞ս պիտի այս ամենը համատեղվի ռուս մարդու ամերիկյան երազանքի հետ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ