«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ «ԳԱԶՊՐՈՄԸ» ԺՈՂՈՎՐԴԻ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉԷ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է «ԳԱԶՊՐՈՄԻ» ՀԱՄԱՐ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ «ԳԱԶՊՐՈՄԸ» ԺՈՂՈՎՐԴԻ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉԷ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է «ԳԱԶՊՐՈՄԻ» ՀԱՄԱՐ
22.03.2011 | 00:00

Կուզենայի հիշեցնել մի կարևոր ճշմարտություն, որ մեր քաղաքական գործիչները հաճախ հռչակում են, բայց որով, ցավոք, միշտ չէ, որ առաջնորդվում են։ Պետությունը համարվում է ինքնիշխան, եթե ունակ է որոշումներ ընդունելու իր ազգային շահերին և ազգային անվտանգությանը համապատասխան։ Այդ շահերը տարածվում են ոչ միայն երկրի ներսի, այլև նրանից դուրս տեղի ունեցող գործերի վրա։ Դրանք պետք է համապատասխանեն բնակչության մեծամասնության պահանջներին ու հույսերին, և ոչ թե մարդկանց առանձին խմբերի կամ առանձին քաղաքական ուժերի նկրտումներին։ Մեզ համար առանձնապես կարևոր է այդ պահանջներին հետևել այսօր, քանի որ, թվում է, կարող ենք ոչ միայն պարզապես վերածվել մեծ տերությունների խամաճիկի, այլև սպառնալիքի տակ դնել բուն Հայաստանի գոյությունը որպես ինքնիշխան պետության։ Եվ հետո։ Վերջին տասնամյակների քաղտեխնոլոգներն արձանագրում են, որ այս կամ այն երկրի վրա աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության տարածումն ընթանում է երկու ուղղությամբ, և գոյություն ունի երկու, թե՛ տրամաբանությամբ, թե՛ արդյունավետությամբ միմյանցից բավականին տարբեր, մոտեցում։ Առաջինն այլ պետության ներքին գործերին կոշտ և ուղղագիծ միջամտությունն է, երբ հաշվի չի առնվում ժողովրդի տրամադրությունը, որը, վերջին հաշվով, հանգեցնում է իրականացվող քաղաքականության և այդ քաղաքանությունը վարող ուժի սկզբունքային իրարամերժության։ Երկրորդ մոտեցումը մեկ այլ երկրի ազգային շահերի հետ սեփական ձգտումների և նրա ժողովրդի կամքի արտահայտման նուրբ զուգորդումն է։ Իսկ դա, ի վերջո, ապահովում է իր շահերի օգտին խնդիրների լիակատար, անբռնազբոս ու ներդաշնակ լուծումը` գործընթացի և այն իրականացնող ուժերի բարյացակամ վերաբերմունքով հանդերձ (որպես այդ տեխնոլոգիայի օրինակ կարող ենք բերել մի շարք եվրոպական երկրների գործողությունները հայերի ցեղասպանության առնչությամբ, որտեղ, հավանաբար հաջողությամբ, զուգորդվել են եվրոպացիների հակաթուրքական տրամադրություններն ու հայկական կողմի շահագրգռությունը)։ Հայաստանի Հանրապետությունն այսօր այդ երկու, տրամագծորեն հակառակ մոտեցումների իրացման յուրօրինակ փորձադաշտ է։ Մեկը, երևի դժվար չէ գուշակել որը, իրականացնում է Կրեմլը, ընդ որում չարիքի բացահայտ և իռացիոնալ տեսքով։
Հայտնի է, թե Ռուսաստանը, համենայն դեպս, խոսքով, որքան է փայփայում հարաբերությունները հարավկովկասյան միակ «ֆորպոստի»` Հայաստանի հետ։ Սակայն այդ «հենադաշտը» պահպանելու համար նա վերջին բոլոր տարիներին հետևողականորեն բավականին կոպիտ տնտեսական ու քաղաքական հարկադրանքի մեթոդներ է կիրառում։ Այսպես, հետևողականորեն, նպատակասլաց կերպով, անշուշտ, ոչ պատահաբար, ավելին, բարձրագույն իշխանության հորդորներով ռուսները, փաստորեն, սեփականացրին Հայաստանի բոլոր շատ թե քիչ նշանակալի արտադրությունները, այդ թվում` ռազմավարական նշանակության օբյեկտները և, որ ամենահատկանշականն է, կենսապահովման օբյեկտները (թե այս ամենում ինչ մեղք ու դերակատարում են ունեցել Հայաստանի առանց բացառության բոլոր վարչակազմերը, առանձին խոսակցության թեմա է)։ Ռուսները, ըստ երևույթին, հստակորեն յուրացնելով քաղաքատնտեսության այն դասընթացը, ընդ որում, խորհրդային տարբերակի, թե «տնտեսությունն է որոշում քաղաքականությունը», հավանաբար, որոշել են այս կերպ տևականորեն, եթե ոչ առհավետ, ամրապնդել իրենց տիրապետությունը, տնտեսական շղթաներով կաշկանդել թե՛ երկիրը, թե՛ ժողովրդին։ Ավելին, դժվար չէ գուշակել, որ նման «ռացիոնալ քաղաքականությունը», Կրեմլի կարծիքով, երաշխավորում է թե իշխանության հեշտ փոխման հնարավորություն` իրենց համար ցանկալի տարբերակով, թե՛ աշխարհաքաղաքական ազդեցություն, թե՛ տարածաշրջանում իրենց շահերի տարածում։
Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանի բնակչության մեծ մասը երկրի ինքնիշխանության և ազգային անվտանգության վրա այդ ակնհայտ հարձակման առթիվ կամ կողմնակի հայեցողի դիրք է բռնել կամ էլ, որքան էլ դառը լինի նշել, վերաբերվել է մեծ ոգևորությամբ։ Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ շարքային հայ քաղաքացուն հաճախ հատուկ է սեփական հնարավորությունների թերագնահատման խոտելի զգացումը։ Լուրջ դեր է խաղացել նաև «ավագ եղբոր» հանդեպ եղած սրբազան հավատը, որը երբեք իրեն չի դավաճանի, կօգնի ու կպաշտպանի։ Ավելին, ավերի, վայրի սեփականաշնորհման և մարտնչող գռեհկության ահավոր տարիները շատերին համոզեցին, թե մենք «ինքներս չենք կարող», ու հետևաբար, օտար, բարի քեռիները պետք է գան, ամեն ինչ տեղը դնեն ու բանեցնեն։
Բայց իրողությունը շատ ավելի բարդ ու նենգ էր։ Նախ, հենց սկզբից և հետևողականորեն Կրեմլը սկսեց շեշտը դնել հայկական քրեական բիզնես-վերնախավի վրա։ Հասկանալի է, որ նա, իր հերթին, լիովին ներդաշնակում էր ոչ պակաս քրեական ռուսական տնտեսական «կարգուկանոնին», լիովին գիտեր և իրեն հիանալի էր դրսևորում թալանվող տնտեսության գոյապայմաններում։ Բայց ինչը, հնարավոր է, ավելի էական է, քրեական աշխարհի բիզնեսը միանգամայն կառավարելի է ու հաշվետու։ Այսօրվա դրությամբ պետք է արձանագրել, որ հայկական տնտեսական քրեականների մի ամբողջ շերտ ռուսական ծագում ունի։ Սակայն այդ մոտեցումը, լավ թե վատ, ներդաշնակում է թեև արատավոր, բայց գոնե որևէ տրամաբանության։
Իսկ հետո սկսվեց մի իսկական ռուսական շիլաշփոթ, որը, զարմանքից ու վրդովմունքից բացի, այլ զգացում չի առաջացնում։ Հայտնի է, որ Հայաստանում գազի գլխավոր խոշոր սպառողները ռուսական ձեռնարկություններն են, օրինակ, ալյումինի գործարանը։ Բայց դա ամենևին չի խանգարում «ռուսական ազգային արժեքին»` «Գազպրոմին», շարունակ բարձրացնելու երկնագույն վառելիքի գինը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ «ֆորպոստի» տարածքում ապրող և, վերջին հաշվով, «պաշտպանության առաջին գծում» կանգնած բնակչության շահերը վելիկոռուս վայ-գործարարները հաշվի չեն առնում։ Ինչպես որ նրանց չի հուզում նաև այն, որ բնակարանների ջեռուցման չափազանց ծանր բեռին չդիմանալով, հայը նորից բռնել է օտար երկրների ճանապարհը։ Ավելին, երևի հիշելով ցարական կայսրության` «կազակներ կբնակեցնենք» կարգախոսը, ռազմավարական գործընկերները խիստ եռանդուն վերաբնակեցման քաղաքականություն են իրականացնում Հայաստանում։ Հնարավոր է, հույսը դնելով ռուսական սովորական «մեկ էլ տեսար» խոսքի վրա, կամ էլ ակնկալում են, թե սահմանները կպաշտպանի հայկական «օպերետային» կազակությունն իր արդեն ամենևին էլ ոչ դեկորատիվ «Դեսպանական ստանիցայով»։ Իսկ այն, որ կազակները, ինչպես գրում է հայկական մամուլը, «ըստ էության վելիկոռուսական շովինիզմի և ազգայնականության կրողներն են, ավելին` ագրեսիվ կրողները», նկատենք, ամենևին էլ չի նպաստում հաջողությամբ դիմակայելու հարձակումներին ոչ միայն Հյուսիսային Կովկասում, այլև կազակների մյուս պապենական հողերում։ Թեև այսօր մեր խոսքն այլ բանի մասին է։
Դառնանք գազին։ Այսպես, ռուսական մամուլը նշում է, որ թեև Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների` Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքում, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական գազի գինը Հայաստանի սպառողների համար 2011-ին չի բարձրանա, այդուամենայնիվ, բառացիորեն մի քանի օր անց «Ռեգնում» գործակալությունը հաղորդեց, որ սակագները, չգիտես ինչու, որոշվելու են մարտի վերջին։ Իսկ «Գազպրոմի» ներկայացուցիչը հայտարարեց. «Երկու պետությունների նախագահները, իհարկե, կարող են քննարկել այդ հարցը, սակայն վերջնական որոշումն ընդունում են տնտեսավարող սուբյեկտները»։ Այսինքն, պարզ ասած, ռուսական պետության ղեկավարի կարծիքը «մեզ համար օրենք չէ», առավել ևս` ինչ-որ մի «ռազմավարական գործընկերոջ» խնդրանքը։ Եվ եթե հաշվի առնենք, որ վաղուց արդեն Ռուսաստանում «Գազպրոմը» ժողովրդի համար չէ, և անգամ պետության համար չէ, այլ, ընդհակառակը, պետությունն է «Գազպրոմի» համար, ապա բանը, հնարավոր է, կլուծվի հենց ի հաճույս և հօգուտ նրա։ Իսկ Հայաստանի իշխանությունները, թվում է, էլի բավարար համարձակություն չեն ունենա այս ամենին համարժեք պատասխան տալու։
Եվ այստեղ ակամա հիշում ես մի շատ զավեշտալից իրավիճակ։ Ինչպես հայտնի է, Հայաստանում շատերն են զարմանում, որ ռուսական ռազմաբազաների կոմունալ ծախսերը հոգում են հայ հարկատուները։ Եվ միանգամայն հիմնավոր կերպով դրանում մեղադրում են կառավարությանը (հատկապես հաճախ այդ բանն անում է ընդդիմությունը, թեև պայմանագիրը հենց այս տեսքով ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ այն, որ այդ բանն արվել է 96-ի ամոթալի ընտրություններից հետո և նրա հարկադրական հրաժարականից առաջ, ազատ երևակայության լայն դաշտ է ապահովում)։ Բայց քչերն են ասում, որ Հայաստանի բյուջեի փողերը, որոնք հատկացվում են, որ ռուս զինվորականների համար լինի լուսավոր ու տաք, որ կապն աշխատի անխափան, երկրի քաղաքացիները վճարում են... հենց ռուսական ընկերություններին։ Համաձայնեք, Գարի Հուդինիին արժանի աճպարարություն է։ Իսկ հիմա, եթե գազի գինը բարձրանա, ապա հնարավոր է` հարկ լինի ավելի շատ վճարելու։ Եվ այս կապակցությամբ նկատենք. եթե «Գազպրոմի» գնային քաղաքականությունը քաղաքական ենթատեքստ ունի և ճնշման միջոց է, ավելին, եթե տարածաշրջանում միակ բարեկամի շահերի նման ոտնահարումն աննկատ է մնում Մոսկվայում, իսկ հնարավոր է` նաև խրախուսվում է, ապա այս ամենի ցինիզմն արդեն բացահայտ մարտահրավեր է ամբողջ հայ հասարակությանը։ Համապատասխանաբար, ուշ չէ վերջապես սթափվելու և խելքի գալու։
Նորից դառնանք հանրահայտ ճշմարտություններին։ Համակարգերի անվտանգությանը նվիրված հետազոտություններում, իսկ պետությունը, ըստ էության, այդպիսի մի համակարգ է, հսկայական տեղ է հատկացվում անվտանգության ինչպես բարձրագույն, այնպես էլ նվազագույն շեմին։ Բարձրագույն շեմին հասնելու համար հարկավոր է առաջին հերթին լուծել անվտանգության նվազագույն շեմի խնդիրը։ Այն նշված է որպես «պաշտպանություն հիմարներից»` պաշտպանություն ծայրաստիճան պարզունակ, բիրտ, ուղղամիտ գործողություններից, որոնք ընդունակ են աղետի դռանը հասցնելու։ Ընդ որում, ինչպես ճնշման օբյեկտի, այնպես էլ սուբյեկտի։ ՈՒ թեև մենք հույս ունենք, թե Ռուսաստանը բավականաչափ մտավոր պաշար ունի, որ, քանի դեռ ուշ չէ, ապահովի անհրաժեշտ «պաշտպանություն հիմարներից», սակայն դեռ հարց է` նա դրա անհրաժեշտությունը զգո՞ւմ է, թե՞ ոչ։ Արդյոք հերթական անգամ չի՞ գործի սպասքի կրպակում փղի (ավելի ճիշտ` արջի) եռանդով։ Իսկ մեզ, իհարկե, եթե պարտադրում են սցենար Ռուսաստանի համար սովորական և անգամ ցանկալի «ժողովուրդների բանտից», ապա այլ բան չի մնում, քան ապրել հենց նույն հին բանտային պատգամներով, այսինքն` «Մի՛ հավատա, մի՛ վախեցիր, մի՛ խնդրիր»։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ