«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԵԹԵ... ԱՊԱ ԿԿՈՐՑՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ, ԱՅԼև ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ

ԵԹԵ... ԱՊԱ ԿԿՈՐՑՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ, ԱՅԼև ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ
01.03.2011 | 00:00

Ի՞նչ են խոսել Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը՝ միմյանց դրոշների տակ նստած: Դժվար է ասել: Այնուհանդերձ, զրույցի երեք ժամանոց գրաֆիկը, այն էլ փակ ռեժիմով, գալիս է արձանագրելու՝ «թեմա» եղել է:
«НЕ СКАЖЕТЕ ПО ЧЕМ ОПИУМ?»
Այն, որ քննարկումներն առանձնապես շատ չեն առնչվել գազի խնդրին, ինքնին հասկանալի է: Այն պարզ պատճառով, որ դեռ տարվա սկզբին հայտնի էր, անկախ ամեն ինչից, հայ սպառողի համար գազի գինը չի թանկանալու: Նույնքան հասկանալի պատճառով: Տարին նախընտրական է: Գնալ նման ռիսկի, այն էլ գնաճի այս տեմպերի ու սոցիալական բունտի «անհամբերության» ֆոնին, քաղաքական նոնսենս է: Հիշենք՝ համանման գազային «խոդ» արվեց նաև նախորդ ընտրությունների շեմին:
Չնայած շատերն էին կարծում, որ ռուսական ռազմաբազաների Հայաստանում գտնվելու ժամկետի երկարացումը որոշակի բարտերային խաղատախտակ կառաջացնի ոչ միայն «էժան ռազմամթերք», այլև «գազի սակագին» կոնֆիգուրացիայում: Այնուհանդերձ, գազի գնի շուրջ (թանկացե՞լ է, ի վերջո, այն, թե՞ մնացել անփոփոխ. թանկացե՞լ է, ասենք, «սահմանի վրա», ու «Հայռուսգազարդն» էլ իր շահույթների ու ակտիվների հաշվին է «սուբսիդավորելու» հայ սպառողին) օդում առկա հարցերը դեռ չեն ստացել իրենց պաշտոնական պատասխանը:
Ավարտելով գազային «մահակի» պատումը` տեղեկացնենք. ըստ մեր աղբյուրների՝ սահմանի վրա ևս գազը չի թանկացել: Սակայն տարվա կտրվածքով չի բացառվում՝ համաշխարհային շուկայի տենդենցները շատ «ազդեցիկ» լինեն, և ինչ-որ «իքս» պահից սահմանի վրա գազի գինը փոխվի (հուսանք՝ մինչև մարտի 5-ի բանակցություններն «ուժեղ ազդեցիկություններ» չեն լինի), այնուհանդերձ, նույնիսկ այդ դեպքում, սպառողների համար գինը մնալու է անփոփոխ:
Հասկանալի է, չէ՞, որ գազի «մահակը», բոլոր դեպքերում, Ռուսաստանը խաղից չի հանում (և չէ՜ր էլ կարող) և պահում է Հայաստանի գլխին՝ «в случае чего!»:
«ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՒՅՏ, ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆ»
Չենք սևեռվելու նաև դրոշանիստի վրա:
Սիմվոլիկան նուրբ գործ է, Պետրուխա: Մասոնական ողջ օրդենը դրա վրա է կանգնած: Նույնիսկ Ռուսաստանի նման «սապոգավոր» երկրի համար այն շատ էական է: Մանավանդ որ Պուտին Վլադիմիրը շատ է սիրում նման բաներ: Այլ կերպ նրա վերջին ելույթը Բրյուսելում, քան «սապոգավոր սիմվոլիկայի» բարձրագույն նմուշ, հնարավոր չէ որակել: Ծերուկ «Յուրոփի» սրտում, Բարոզոյի կենդանի ներկայությամբ, երիտասարդ հետախույզ-Պուտինը «չեկիստական» ոճով կրկնում էր իր սիրած ֆրազը՝ «ճՏ ֆՑՏ ՊպՎՏՍՐՈՑՌ?», երբ չեն թողնում ժողովուրդն իր կամքն արտահայտի (նկատի ուներ ոչ այլ մեկին, քան իրեն ու Ռուսաստանին):
Այլ կերպ ասած՝ հոգեբանական «մոչիտ» էր անում Վլադիմիրը ԵՄ-ին, ընդ որում՝ շատ ընդգծված «սդաչի» տալով իրեն սատանայի հետ համեմատող Արևմուտքին, ԱՄՆ-ի նախագահի էքս թեկնածու Մակքեյնին (հիշենք, որ Մակքեյնը զգուշացրել էր Պուտինին՝ Մուբարաքից հետո լավ կանի, այլևս իրեն ինքնավստահ չզգա, որովհետև հնարավոր է՝ իր հետ նույնը պատահի):
Թարսի պես էլ, ոնց ասինք, Պուտինը ԵՄ-ում զգում էր իրեն ավելի, քան «ինքնավստահ», հետն էլ իրոնիկ խորությամբ հակահարվածներ էր տալիս իր «չուզողներին» առ այն, որ ինքը («պոդրոզումիվայեմ»՝ Ռուսաստանը) հեչ էլ շահագրգիռ չէ գազի գների այս պոռթկումով (տողատակում էլ նույն թաքնված իրոնիայով Ռուսաստանի գազային մահակի տակ հայտնված «Յուրոփին» հիշեցնում էր, որ նավթի բարելը հիմա 120 դոլար է, չի բացառվում՝ առաջիկայում դառնա 220)… այո՜, սա Պուտինն է, նա կարող է ոչ միայն իրեն ոչ ցիվիլ պահել Սոչիում, երբեմնի մեզ հայտնի «պիվայի» շուրջ, այլև Բրյուսելում։
Այնուհանդերձ, Մեդվեդևի (օրն իսկապես նրա համար շատ լարված էր ոչ միայն Իսպանիայի թագավորի հաշվով, այլև նույն օրը երեք ժամ Ազատիչի հետ բանակցելու, դրանից հետո էլ Սանկտ Պետերբուրգի տիկնոջ՝ Մատվիենկոյի հետ նույնքան գործնական հանդիպման) գլուխն իսկապես խառն էր, և կարող էր զուտ պատահականություն լինել «դրոշանիստը» (չնայած Դիմա Մեդվեդևը շա՜տ լավ էր նայվում մեր դրոշի տակ), մանավանդ որ, ըստ Մեդվեդևի, «որոշ երկրներում այդպես ընդունված է» նստել, համ էլ՝ «կարևորն այն չէ, ինչ է խոսվում, այլ ինչ է արվում»:
ԲԱ ԴԵ ՈՒՐԵՄՆ` ԾՈՒՌ ՆՍՏԵՆՔ, ՇԻՏԱԿ ԽՈՍԵՆՔ
Այսպիսով, վեկտորալ քննարկումների ի՞նչ շրջանակ է ընդգրկել վերոհիշյալ երեք ժամը:
Մեզ թույլ տանք ասել. ոչ միայն գազի խնդիրը չի եղել ամենաառանցքային քննարկման թեման, այլև Ղարաբաղի հարցը:
Առանցքը, ըստ ամենայնի, եղել են տարածաշրջանում սպասվող զարգացումները՝ Մերձավոր Արևելքի ֆոնը, մանավանդ որ հաստատված տեսակետ կա, թե առաջիկա հինգ տարիներին մեր տարածաշրջանում քաղաքական քարտեզի փոփոխություն կլինի:
Չնայած դեռ ոչ ոք չգիտի` մեծ հաշվով ինչով կավարտվի արաբական մեծ խաղատախտակին սկսվածը: Խաղը հզոր ենթաշերտերով է պատված, և նույնիսկ փորձագիտական մակարդակում երկու-երեք շերտից այն կողմ չեն կարղանում տեսնել:
Այսպես. փորձագետների մի մասը պնդում է՝ ԱՄՆ-ը թուլանում է, որովհետև Ծոցի երկրներում՝ Մերձավոր Արևելքում նրա դրածոներն են տապալվում (է, ասիք, էլի. Սադամն էլ էր նրա «մարդը», բայց ողջ աշխարհի բաց աչքի առաջ, էն էլ Ծննդյան տոներին, ԱՄՆ-ը նրան կախեց):
Փորձագետների այս փաղանգը համոզված է՝ Իսրայելն ընդհանրապես, ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը, «թքել» է արաբական խնդրի «հաշվով», և կատարելապես հայտնվել է լուսանցքում։ Իմա, ԱՄՆ-ը տալիս է Իսրայելին՝ վասն իր շահերի: Որովհետև, ինչպես պնդում են փորձագետները, Իսրայելը պարտվել է արաբական աշխարհին. նախ՝ Լիբանանում, 2006-ին, ապա այս ընտրություններում, և «Հըզբոլլահի» հաղթանակը լուրջ հրում էր արաբական աշխարհի համար: Դա էր պատճառը, որ հեղափոխված Եգիպտոսն էն օրը Սիրիա զենք տեղափոխող իրանական երկու ռազմանավի թույլ տվեց առաջին անգամ անցնել իր ջրանցքով, ինչը, անշուշտ, առանցքային նշանակության իրադարձություն է:
Փորձագետների այս խումբը կարծում է նաև, որ սկսված խաղի արդյունքում, ինչպես փլուզվեց Սովետմիությունը, կփլուզվի նաև ԱՄՆ-ը: Ի դեպ, օրերս այդ փլուզման գործընթացին անդրադարձել է նաև Մեդվեդևը, բայց չի ասել, թե կոնկրետ ո՛ր միավորները նկատի ունի:
Փորձագետների մյուս մասն էլ պնդում է, որ արաբստաններում, այո՛, քաոս է, այն, ի տարբերություն նախկին ինկուբացիոն քաոսի, ավելի հրապարակային է և նույնքան կառավարելի է: ԱՄՆ-ը ղեկավարում է այդ քաոսը, փոխում աշխարհակարգը՝ շատ գրագետ:
Նոր Մեծ Մերձավոր Արևելք շախմատի այդ տախտակի վրա չի բացառվում, որ ՆԱՏՕ-ն զորք մտցնի Լիբիա (նախորդ օրն այդ մասին Թոնի Բլերը զգուշացրել է Քադաֆիին): Ի դեպ, նկատո՞ւմ եք՝ երբեմնի ամենաանհանգիստ օջախում՝ Պաղեստինում, Իսրայելի շնչի տակ, այնուհանդերձ, ի՜նչ օլիմպիական հանգստություն է (բոլոր դեպքերում, ԱՄՆ-ը խնայո՜ւմ է Իսրայելին):
Մեկ կարևոր դետալ ևս արձանագրենք ու «գնանք» տուն: Նավթի գները, հուրախություն Պուտինի, այո՛, թռչում են դեպ աստղեր, սակայն փորձագետներն արձանագրում են՝ փափուկ բարձերի տեխնոլոգիային վիրտուոզ տիրապետող ԱՄՆ-ին դա գրեթե չի վնասի:
Իրական և լրջագույն վտանգն սպառնում է Չինաստանին, որի տնտեսությունն ամբողջությամբ կախված է արտաքին ածխաջրերից: Իսկ դա նշանակում է, որ Չինաստանը, որին շրջանցել է համաշխարհային տնտեսական ճգնաժամը, խոր և անվերադարձ փլուզման շեմին կհայտնվի:
«Մեկ կրակոցով երկու նապաստակ» ամերիկյան տեխնոլոգիայի հաջորդ և իրական կանգառն արդեն մեր թեմայի շրջանակներում է:
Այո, հասել ենք «տուն»: Իրան: Ամերիկյան իրական թիրախին: Այո, սկսված փակ խաղում ԱՄՆ-ը դոմինոյի հայտնի սկզբունքով ու շատ սահուն խաղը բերում է դեպ այդ կողմ:
«КИСКА, ВЫ ЧУЖИЕ В ЭТОМ ПРАЗДНИКЕ ЖИЗНИ!»
Այսպիսով, ինչպես հասկանում ենք վերը նշվածից, մանավանդ նավթի գների մասով, է՛լ ավելի է սրվում «Հյուսիսային հոսք» և «Նաբուկո» կենաց-մահու կռիվը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև:
Ի՞նչ պարտիա է փորձում խաղարկել Ադրբեջանն այս աքցանի մեջ: Ադրբեջանը, որ «հա՜» էր ասել Աստրախանում և Աստանայում: «Հա»-ն էլ վերաբերել էր Մուսկոկում և Աքվիլայում եռանախագահների հայտնի հայտարարությանը՝ «երեք կետ, վեց ենթակետ, քանի ամեն բան համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ» կոնֆիգուրացիային, ստորագրել էր դրանց տակ, խռոված գնացել իրենց տուն, պարզվում է, վերջերս ոչ անհայտ Մամեդյարովին ուղարկել է Լավրովի մոտ, թե՝ բա, «հե՛ր օրհնած, մունք էդ պարը չինք պարում». մենք համաձայն չենք հայտարարության հետ՝ ոչ կարգավիճակի և ոչ էլ փախստականների մասով: Սա քիչ էր, հետն էլ «մեսիջ» էր «դրել», որ Մամեդյարովին, որն անչափ երկար ժամանակ վարում է ղարաբաղյան բանակցությունները, գործից հանում է: Դե պարզ է՝ նոր մարդ կգա, կսկսեն «նորից»:
Ասել է՝ Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել: Ազերիի կարճ խելքով՝ Ալիևը մտածում է. արաբական հեղափոխությունների ալիքը «կգա» Իրան, ԱՄՆ-ը «փաթեթով» կվերցնի և՛ Իրանը, և՛ տարածաշրջանը, հետևաբար՝ նաև Ադրբեջանը, խիստ «յոլդաշ» Ադրբեջանին ազատելով շատ մեծ գլխացավանքից, որի մեջ հայտնվել է Ռուսաստանի պատճառով, ու նույն պատճառով էլ շուտով ճողվածք կստանա՝ Հյուսիսային հոսքի ու «Նաբուկոյի» արանքում:
Էս հերիք չէր, ասում են՝ Իրան «գնալուց» առաջ արաբստանների ինտերնետ-հեղափոխությունը մտնելու է նաև ադրբեջանենց տուն:
Ահա, հենց այս խնդիրները պետք է որ քննարկած լինեն Սերժ Սարգսյանն ու Մեդվեդևը: Փակ ռեժիմով: Երեք ժամ շարունակ: Որովհետև հասկանալի է, թե տարածաշրջանային սպասվող զարգացումների այս կոնֆիգուրացիայում ինչ մեծ դերակատարություն է ստանում Հայաստանը, որին նոն-ստոպ տարբերակով այցելում են ամերիկյան երկու գորշ կարդինալները միաժամանակ (այո, թե՛ Գորդոնը, թե՛ Սթայնբերգը դիվանագիտական անչափ հետաքրքիր դպրոց անցած «տղերք» են) և թե Մեդվեդև Դմիտրին է նեղ մաջալին կանչում Սերժ Սարգսյանին Սանկտ-Պետերբուրգ, թողնելով Իսպանիայի թագավորին՝ յուր կնոջ հետ, գալիս է հանդիպման, արագ-արագ նստում է հայկական Եռագույնի տակ (վատ չէր նայվում), հասկացնելու, որ Հայաստանն իր ռազմավարական գործընկերն է, իրենք նրան ոչ մեկին չեն «տալու», իրենք Հայաստանի համար, ի տարբերություն ՈՒկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, գազի գինը չե՜ն թանկացնում, և այդպես շարունակ:
Որովհետև Ռուսաստանը հասկանում է, եթե տարածաշրջանում Հայաստանն էլ կորցրեց, կկորցնի ոչ միայն Հարավային, այլև Հյուսիսային Կովկասները… և «տերությունների փլուզումը» «կայցելի» ոչ թե ԱՄՆ-ին, այլ հենց իրեն` մայր-Ռուսաստանին, մանավանդ որ այդ մասին Բժեզինսկու «խաղատախտակում» ևս արձանագրում կա:
Բժեզինսկին էլ, թարսի պես, հայկական արմատներ ունի:
Հա-յե՜ր:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ