«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՅԴ ՍԿԱՆԴԱԼՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ «ԳԻՇԱՆԳՂՆԵՐԻ» ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼՆ Է»

«ԱՅԴ ՍԿԱՆԴԱԼՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ «ԳԻՇԱՆԳՂՆԵՐԻ» ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼՆ Է»
02.07.2010 | 00:00

Լրտեսի կամ, ինչպես ավելի հարգալից է հնչում` հետախույզի մասնագիտությունը, անշուշտ, հնագույններից մեկն է։ Հնարավոր է, որ դրանցից առաջինները եղել են քարանձավային մարդիկ, որոնք հետևել են մյուս ցեղերին, նրանց որսորդության ու կյանքի առանձնահատկություններին։ Բայց անմիջապես այն բանից հետո, երբ մարդկային քաղաքակրթությունը ծնեց «քաղաքականություն» հասկացությունը, գործունեության այդ տեսակն սկսեց ծառայել ամեն տիպի ու կարգի քաղաքական գործիչներին։ Հետախուզության պատմությունից բավականին հրապուրիչ «լրտեսական պատմություններ» գիտենք, որոնք ազդել են պետությունների, նրանց կառավարիչների ճակատագրերի վրա, աղմկալից սկանդալներ և նույնիսկ պատերազմներ բորբոքել։ Ահա և ներկայիս ռուս-ամերիկյան «լրտեսական խայտառակությունը», թեպետ ակներև է` չի դառնա ուսումնական ձեռնարկ հետախուզական դպրոցների համար կամ, վատթարագույն դեպքում, հրապուրիչ բեստսելլերի նյութ, այդուհանդերձ, թե՛ դրա շուրջ ստեղծված քաղաքական մթնոլորտը, թե՛ հնարավոր քաղաքական հետևանքներն անչափ հետաքրքիր են և, ինչպես թվում է, պատահական չեն։
Եվ այսպես։ Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարեց սկզբում տասը, այնուհետև ևս մեկ մարդու Կիպրոսում ձերբակալելու մասին, որոնց կասկածում են Ռուսաստանի կառավարության օգտին լրտեսությամբ զբաղվելու մեջ (որոշ աղբյուրներ պնդում են, թե «ցանցն» ավելի մեծաթիվ է, և նոր ձերբակալություններ կլինեն)։ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կայքում հաղորդվում են ամբաստանյալների անունները, բայց դրանք բոլորը վերցված են չակերտների մեջ, և նշվում է, որ իսկական անունները դեռ պետք է պարզել։ Արժե նշել, որ դրանցից միայն մեկն է սլավոնական անուն։ Ամերիկյան իրավապահ մարմինները պնդում են, թե նրանք բոլորն էլ Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության գործակալներ են, բացի այդ, լրտեսական խայտառակության մեջ կարող է ներգրավված լինել նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի ռուսաստանյան ներկայացուցչությունը։ Նյու Յորքի հարավային օկրուգի դատարանի կողմից նրանց բոլորին օտար պետության օգտին լրտեսական գործունեության մեղադրանքներ են ներկայացված (ի դեպ, նրանց չեն մեղադրում գաղտնի տեղեկություն հայթայթելու մեջ)։ Բացի այդ, 11 «լրտեսներից» 9-ը մեղադրվում են փողերի լվացման մեջ։ Շատ հետաքրքրական մի մանրամասն. առաջին իրարանցումից հետո ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը շատ արագ հաստատեց, որ ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացիներ են։
Դե ինչ, սկզբունքորեն ծեծված պատմություն է, և լրտեսներին էլ կարելի է «տեղավորել» հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող «ազդեցության գործակալներ» հասկացության մեջ։ Ճիշտ է, նրանց թիվը փոքր-ինչ մեծ է։ ՊԱԿ-ի նախկին գեներալ Օլեգ Կալուգինը, որը ներկայումս ապրում է ԱՄՆ-ում, հայտարարել է, թե իրեն «ցնցեցին ակցիայի մասշտաբները, ինչպես նաև այն, թե ինչքան շատ ընդհատակայիններ էին ներգրավված դրանում»։ «Սառը պատերազմի» նույնիսկ ամենածանր օրերին, կարծում եմ, ԱՄՆ-ում մեկ տասնյակից ավելի ընդհատակայիններ չկային, թերևս, նույնիսկ ավելի քիչ»,- պնդում է նա։ Սակայն առավել սևեռուն ուշադրության ու քննարկման առարկա են դարձել ձերբակալությունների ժամկետները։ Ակներև է այն փաստը, որ լրտեսական խայտառակությունը պայթեց բառացիորեն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները ճաշկերույթ անցկացրին փոքր ռեստորանում, պայմանավորվեցին շատ բաների շուրջ, հայտարարեցին անձնական բարեկամության և Մոսկվայի ու Վաշինգտոնի փոխհարաբերությունների ջերմացման մասին (այս ամենը բնավ էլ հանգամանքների պատահական զուգադիպություն չէ)։ Հատկանշական մի մանրամասն. պարզվում է` հետաքննությունը սկսվել է առնվազն յոթ տարի առաջ, իսկ այն, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) գործողության ժամանակն ընտրել էր այն հիմնավորմամբ, թե որոշ դեմքեր մտադիր էին հեռանալ երկրից, այնքան էլ համոզիչ չէ։ Չէ՞ որ նրանք «լրտեսներից» մեկին ձերբակալել էին ԱՄՆ-ի սահմաններից դուրս։ Այսպիսով, բացի այն, որ տեղի ունեցածը դարձել է գլխավոր նորությունն աշխարհում, շատերի մեջ տարակուսանք է հարուցել ու ստիպել նմանություն փնտրել սառը պատերազմի ժամանակների հետ, այն նաև ինտրիգային հարց է ծնել` «Ինչո՞ւ հենց այժմ»։
Սերգեյ Լավրովն արդեն «դրվատել» է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը` «պահի նրբահնար ընտրության համար», Վլադիմիր Պուտինն իրեն բնորոշ եղանակով հայտարարել է, թե ամերիկյան «ոստիկանությունը չափն անցել է, մարդկանց բանտ է նստեցնում», սակայն, դատելով Մոսկվայի նյարդային հակազդեցությունից, այնտեղ էլ են նույն հարցը տալիս. «Ինչո՞ւ այժմ» և, որ պակաս կարևոր չէ, թե «հատկապես ի՞նչ նպատակներ է հետապնդում լրտեսական խայտառակությունը»։ Չհավակնելով միանշանակ ճշմարտացի լինելուն` փորձենք գլուխ հանել այս պատմությունից։
Ինչպես և սպասվում էր, ռուսաստանյան ԶԼՄ-ներն ու քաղաքական գործիչներն անմիջապես սկսեցին պնդել, թե «այդ խայտառակությունը ձեռնտու է միայն ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին», թե «այդ սկանդալն ամերիկացի «գիշանգղների» պատասխան քայլն է ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացմանը», «դա հարված է նախ և առաջ հենց իրեն` նախագահ Օբամային» և «նպատակամղված է երկու երկրների միջև առաջացած ջերմացման խարխլմանը»։ Ինչ վերաբերում է «խարխլմանը», այդ առնչությամբ նկատենք, որ երկու կողմերն էլ աճապարեցին հայտարարել, թե հարաբերությունների վատթարացում չի լինի, դիվանագիտական հետևանքները «շատ սահմանափակ կլինեն»։ Իսկ ինչ վերաբերում է մյուս բոլոր վարկածներին, ապա նախ նշվում է, որ ձերբակալությունները ՀԴԲ-ի, Նյու Յորքի հարավային օկրուգի դատախազի նստավայրի, ԱՄՆ-ի արդարադատության նախարարության լրտեսության դեմ պայքարի բաժնի և ազգային անվտանգության վարչության հետախուզության բաժնի անցկացրած հետաքննության արդյունք են։ Երկրորդ, ձերբակալման կարգադրությունները տրվել էին արդարադատության նախարարի, այսինքն, Օբամայի կառավարության անդամի կողմից։ Ավելին, ԱՄՆ-ի դաշնային օկրուգային դատախազը հայտարարել է, թե «տվյալ գործում հանցանշանները գերակշռող են, դրանք պարզ են ու համոզիչ», իսկ երկրի իշխանություններն էլ տասը ձերբակալվածներին մերժել են գրավի դիմաց ազատ արձակել։ Այսինքն, գործը լուրջ է։ Երևի պետք է անչափ բուռն երևակայություն ունենալ պնդելու համար, թե, շրջանցելով կենտրոնական իշխանություններին, հատուկ ծառայություններն ինչ-որ անջատական գործողություններ են ձեռնարկել, «գաղտնի ուժերն» էլ` ինչ-ինչ մեքենայություններ։ Բոլոր փաստերը վկայում են, որ գործողությունն իրականացվել է ամերիկյան բարձրագույն իշխանության գիտությամբ ու հավանությամբ։ Ինչպես երևում է, Միացյալ Նահանգները ցանկանում է այդ ձերբակալություններով ցույց տալ, որ իրեն դուր չի գալիս Ռուսաստանի նման ակտիվությունը, և այն պետք է դադարեցնել, բայց առայժմ, ինչպես թվում է, փորձեր չեն արվում ուռճացնելու գործը` այն վերածելով միջազգային խոշոր սկանդալի։ Վարչակազմը, ամենայն հավանականությամբ, քայլ անելով` այժմ սպասում է, թե այդ աղմկալից խայտառակությունից ինչ հետևություն կանի Ռուսաստանի կառավարությունը։ Հնարավոր է, որ Մոսկվայի նկատմամբ վերաբերմունքն ու «արդիականացման» հարցում Արևմուտքի հետ կապված նրա հույսերը կախված կլինեն այն բանից, թե Կրեմլի հակազդեցությունն արդյոք չի՞ լինի սառը պատերազմի «ակն ընդ ական» սկզբունքով։
Որ այդ վարկածը ճշմարտանման է, վկայում է նաև այն, որ նմանօրինակ «լրտեսական կրքեր» են սկսել բորբոքվել նաև Եվրոպայում։ Այսպես, Գերմանիայի ՆԳՆ-ն 300-էջանոց զեկուցագիր է հրապարակել` երկյուղ հայտնելով Ռուսաստանի կողմից տնտեսության, գիտության և հետազոտությունների ոլորտում արդյունաբերական եռանդուն լրտեսության առնչությամբ։ Բրիտանական հատուկ ծառայություններն էլ հայտարարում են, թե ռուսաստանցի գործակալների քանակը հիշեցնում է «սառը պատերազմի» ժամանակները։ Որպես ապացույց` նախապատրաստել է հին գաղտնի ծալաթերթի վերահրատարակում` «միայն ծառայողական օգտագործման համար» նշումով, որում խորհուրդ է տրվում` ինչպես չհայտնվել «ռուս լրտեսների» ցանցում։ Սկանդալ է հասունանում նաև Ֆրանսիայում։ Այնտեղ հատուկ ծառայությունները տագնապում են, որ ուղղափառ եկեղեցին, որը կառուցվելու է Փարիզի կենտրոնում` Ֆրանսիայի արտգործնախարարության և Հետախուզության կենտրոնական վարչության կենտրոնակայանի հարևանությամբ, Ռուսաստանը կօգտագործի լրտեսության համար։ Երկյուղները կապված են այն բանի հետ, որ տաճարի համար հողամաս ձեռք բերելու խնդրով զբաղվել էր Վլադիմիր Կոժինը` Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցը, ով, ըստ ֆրանսիացիների տվյալների, ՊԱԿ-ի նախկին գործակալ է և ներկայումս Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-մայորի կոչում ունի։ Անհանգստությունը խորանում է նրանով, որ ֆրանսիական հատուկ ծառայությունները բախվել են ռուսաստանցի լրտեսների կտրուկ ակտիվացմանը, որը համեմատելի է 80-ականների կեսերին տիրող վիճակի հետ։ Համաձայնեք` այս ամենից բազմանշանակ և ակներևորեն ոչ պատահական շղթա է գոյանում։
Բայց դարձյալ վերադառնանք ԱՄՆ-ում պայթած «լրտեսական խայտառակությանը»։ Ինչպես հաղորդում են ամերիկյան թերթերը, դատարան հանձնված փաստաթղթերում հանգամանորեն նշվում է, այսպես կոչված, «ընդհատակայինների ծրագրի» մասին, որը հավակնոտ է և մտահղացված է որպես ռուսաստանցի լրտեսներ ներդնելու և նոր գործակալներ հավաքագրելու նպատակ հետապնդող ՌԴ արտաքին հետախուզության ծառայության նախագիծ` տևական ժամանակի հեռանկարով։ «Ընդհատակայինների» նախագիծը տարածվում է և՛ ԱՄՆ-ի, և՛ աշխարհի այլ երկրների վրա։ Հատուկ ծառայությունների գծով ռուս մասնագետները զարմացած էին նախագծի մասշտաբներից և տևականությունից, ինչպես նաև նրա նպատակասլացությունից։ Այն սկսվել է դարասկզբին և շարունակվում է մինչ օրս։ Շեշտվում է, որ Վլադիմիր Պուտինը և՛ նախագահի, և՛ վարչապետի պաշտոնում անձամբ է զբաղվել ռուսաստանյան հետախուզության վարկի վերականգնման և ֆինանսական հարցերով։ Նման «արտահոսքերը», ամենայն հավանականությամբ, պատահական չեն։ Ստացվում է, որ Օբամայի վարչակազմն այդ կերպ փորձում է «տապալե՞լ» Պուտինի կառավարությունը, իսկ հետախուզության սպաները պարզապես մանրադրա՞մ են։ Եթե հավելենք, որ Ռուսաստանում ուժեղացել են հարձակումները «ուժայինների» նկատմամբ, ապա է՛լ ավելի լիակատար ու նշանակալից պատկեր է ստացվում, հատկապես նախագահական ընտրությունների շեմին և Մեդվեդևի հանդեպ Արևմուտքի համակրանքի առկայության պարագայում։
Այս առնչությամբ վերհիշենք մոտ անցյալի ևս մի պատմություն` ԳՀՎ-ի սպա՞, թե՞ մաֆիայի անդամ (գուցե` երկուսը մեկտեղ) Գենադի Պետրովի գլխավորությամբ զենքի առևտրով զբաղվող ցանցի ձախողման աղմկալից խայտառակությունը։ Հիշենք նաև ռուսական բեռնանավի հետ կապված ոչ պակաս խորհրդավոր պատմությունը, Թաիլանդում ռուսաստանցի «գործարար» Բուտի ձերբակալությունը և «զենքի առևտրականների» գործակալային ցանցի լիակատար քայքայումը։ Դրանից հետո բարձրաստիճան շատ պաշտոնյաներ «թռան» ՌԴ ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունից, իսկ երբեմնի ահեղ այդ կառույցն առայսօր չի կարողանում ուշքի գալ հարվածից։ Ինչպես այն ժամանակ գրել էին ռուսաստանյան ԶԼՄ-ները, ձերբակալությունները սկսվել էին այն բանից հետո, երբ ՀԴԲ-ի գործակալների «պաշարած» և ահաբեկած Պետրովը կապի բաց գծով Ռուսաստանի պաշտպանության նախարարից պահանջել էր «հանել իրեն ցանցից»։ Հեռախոսազրույցը համապատասխանաբար ձայնագրվել էր և ներկայացվել ուր հարկն է, իսկ ձերբակալությունների դեմ առանձնապես բողոքներ չէին հնչել Մոսկվայից։ Գործն արագ «մոռացել» էին։
Այս պատմությունը, իսկ որ գլխավորն է, Ռուսաստանի հատուկ ծառայությունների «պրոֆեսիոնալիզմը», իրոք համադրելի են այն բանի հետ, որ ամերիկյան պատմությունն էլ է անճշմարտանման թվում «լրտեսների» տարօրինակ գործողությունների պատճառով։ Դատարան ուղարկված մեղադրանքների տեքստերն ընթերցվում են որպես հնաոճ պատում «սառը պատերազմի» մասին։ Ասվում է, օրինակ, թե հաղորդումներն արվել են ռադիոկապի միջոցով` Մորզեի այբուբենով։ Կեղծ փաստաթղթեր հանձնելու համար Հռոմում կայացած հանդիպումներից մեկի ժամանակ գործակալները պետք է ծածկագրված հաղորդումներ փոխանակեին «Ներեցեք, մենք չէի՞նք կարող հանդիպել Մալթայում` 1999 թվականին» հարցի և «Հնարավոր է։ Ես Լա Վալետայում էի, բայց 2000 թվականին» պատասխանի ձևով։ Նրանք նաև աննկատելիորեն հաղորդումներ ու փողեր են հանձնել կայարաններում, զբոսայգիներում և մարդաշատ այլ հրապարակներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ։ Օրինակ, լրտեսները փոխանակել են միատեսակ նարնջագույն ծրարներ` կայարանի շարժասանդուղքին։ Հավանաբար, այս «եղանակները» մասամբ բացատրում են այն, որ դատական փաստաթղթերում առկա են «խոր քողարկմամբ» աշխատող գործակալների աշխատանքի շատ համեստ արդյունքներ։
Այս ամենն առնվազն տարօրինակ է։ Եվ մեզ` խորհրդային հետախույզների սխրանքներով դաստիարակվածներիս (ասում եմ առանց հումորի նշույլի), այդ ամենը թվում է անհաջող ու անհեթեթ սադրանք։ Սակայն նկատենք, որ «զենքի առևտրականներն» արդեն դատապարտված են և պատիժ են կրում, իսկ նրանց ձախողումը պատահական չի թվում։ Թե ինչ կլինի ներկայիս «լրտեսների» հետ, շուտով կիմանանք։ Համենայն դեպս, եթե մեղադրանքներն ապացուցվեն, իսկ Ռուսաստանից, ինչպես նախորդ անգամ, առանձնապես բողոքներ չհետևեն, ապա կարելի է արձանագրել, որ սա վերջին մեկ-երկու տարում տեղի ունեցած ռուսաստանյան հատուկ ծառայությունների երկրորդ խոշորագույն ձախողումն է։ Միայն թե այս անգամ հերթական «զոհը» կլինի Արտաքին հետախուզական ծառայությունը։ Իսկ դա արդեն օրինաչափություն է։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1187

Մեկնաբանություններ