«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԳԱՂԱՓԱՐԱՊԵՍ ՏԱՐԲԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՉԻ ԼԻՆՈՒՄ»

«ԳԱՂԱՓԱՐԱՊԵՍ ՏԱՐԲԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՉԻ ԼԻՆՈՒՄ»
04.06.2010 | 00:00

«Այս տխրահռչակ նեոլիբերալիզմից իշխանությունները պետք է ազատվեն, որովհետև սա հիմնված է միայն օլիգոպոլիաների, մենաշնորհների վրա։ Անհրաժեշտ է տնտեսությունն ազատել այս ծանր քարերից»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որը «քարերից ազատվելու» կառավարության ցանկությունը «տեսնում» է, բայց ակնկալում է իրական գործողություններ։ «Եթե առաջիկա մեկ տարում երկրում լուրջ փոփոխություններ չկատարվեն, այս իշխանությունները կգնան քաղաքական ինքնասպանության ճանապարհով»,- ընդգծեց բանախոսը` հավելելով, թե 2012-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար դառնալու են սահմանագիծ, որը ցույց կտա` մենք «հետնաբեմո՞ւմ» ենք լինելու, թե՞ առաջ ենք գնալու։ Դեմկուսի նախագահի դիտարկմամբ` Հայաստանում իշխանությունների գաղափարախոսությունը, 20 տարի է, չի փոխվել, ուստի նախ և առաջ դա պետք է շտկել։ «Չեմ կարծում, որ այսօրվա կառավարությունը միանգամից կարող է այս համակարգից հրաժարվել, բայց որ կարող է էվոլյուցիոն ճանապարհով փոփոխություններ կատարել, միանշանակ է»,- նկատեց նա` շեշտելով, որ այդ ուժերի մեջ չի տեսնում այսօրվա ընդդիմությանը, մասնավորապես` ՀԱԿ-ին, քանի որ «նրանց անցած ճանապարհն արդեն հայտնի է»։
«1996-ին գաղափարապես տարբեր կուսակցություններով փորձեցինք միավորվել, արդյունքը տեսանք։ 98-ին դրան չգնացինք։ 2003-ին նորից ստեղծվեց «Արդարություն» դաշինքը։ Գաղափարապես տարբեր կուսակցությունների միավորում չի լինում։ Պիտի նույնանման ուժեր միևնույն ծրագրի շուրջ համախմբվեն, որ կարողանան փոփոխություններ իրականացնել։ Եթե ՀԱԿ-ն իր շուրջը համախմբված ուժերով կարող է ինչ-որ գաղափարախոսություն առաջ տանել, թող տանի, բայց մենք նրանց հետ ոչ մի ընդհանրություն չունենք»,- պարզաբանեց ՀԴԿ առաջնորդը։
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենք մասնակցելու են ընտրություններին, չնայած արտահերթ ընտրությունների անցկացման համար, ըստ նրա, ոչ մի նախադրյալ չկա։ «Եթե ֆորս մաժոր չլինի, գնալու ենք հերթական ընտրությունների։ Չեմ տեսնում քաղաքական ուժերի այն պատրաստվածությունը, որը ժողովրդի մեջ մի այնպիսի ալիք բարձրացնի, որ արտահերթ ընտրություններով գան իշխանության։ Դրանք ընդամենը հռետորական հայտարարություններ են, ցանկություններ։ Ժամանակին մոդա էր ասելը, թե ժամը 17-ին այսինչ բանը կլինի, հետո էլ թե` կհանդիպենք երեք ամիս հետո։ Այս բոլորը քաղաքական ներկայացման դրվագներ են»,- նշեց ակումբի հյուրը։
Արտաքին քաղաքական խնդիրների շուրջ Արամ Սարգսյանի գնահատականները լավատեսական էին, բայց նոր փոփոխությունների համար պետք է հայեցակարգային մոտեցումներ որդեգրել։ «Որոշ խնդիրներ, որոնք այսօր առաջ է տանում Մերժ Սարգսյանը, հատկապես հայ-թուրքական հարաբերություններում, կարելի է ասել` նոր մոտեցումներ են` ի նպաստ Հայաստանի»։
Բանախոսի համոզմամբ` ԵԽ-ի 2216 բանաձևը մեր արտաքին գործերի նախարարության, դիվանագետների, Հայաստանի պատվիրակության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքն է։ «Հերիք է ասենք` այսինչը մեր դեմ դավադրություն է անում։ Ի՞նչ ենք անում, որ դա չլինի։ Եթե այսպես են աշխատելու, ավելի լավ է չաշխատեն»,- ասաց նա` մեկնաբանելով Ադրբեջան-Թուրքիա տանդեմի գործողությունները։ «Ադրբեջանն ու Թուրքիան տանդեմ ստեղծել են արդեն 15 տարի, որին մենք պետք է համապատասխան հայեցակարգային մոտեցում ցուցաբերենք։ Իսկ որ Ադրբեջանն ու Թուրքիան իրարից չեն բաժանվելու, ինչպես չեն բաժանվում իրար չսիրող ամուսինները, որոնք դատապարտված են միմյանց հետ ապրելու, դա միանշանակ է»,- եզրահանգեց Արամ Սարգսյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ