«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՇԵՂՈՒՄ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԻՑ

ՇԵՂՈՒՄ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԻՑ
29.03.2011 | 00:00

Կարելի է շնորհավորել իշխանություններին. «թեման» ստացվեց: Այսպիսով, Րաֆֆու շուրջն առկա խորհրդարանական (հետաքրքիր է, չէ՞, հենց նախագահականից ասին՝ «դավայ», պառլամենտը յուր մեծով-փոքրով, «Շանելով» ու «անշան», շարվեց Րաֆֆի Հովհաննիսյանի առաջ) ուժերի «վերադասավորությունից, ոչ մի վայրկյան չդադարած Տեր-Պետրոսյան-Հովհաննիսյան կրակոտ «պոլեմիկայից» կարո՞ղ ենք եզրակացնել, որ Րաֆֆին ու «Ժառանգությունը» տեղ կունենան առաջիկա պառլամենտում:
Որպեսզի իշխանությունը 2012-ին չմնա միայն ՀԱԿ-ի հույսին: Որպես ընդդիմության:
Ով՝ ինչպես:
Քաղաքականություն է, ամեն ինչ այս «երկրորդ» (առաջինից հետո) մասնագիտության մեջ թույլատրելի է, սակայն՝ «դո սոպոգա»:
Բանն այն է, որ Տեր-Պետրոսյանը կարող էր և չբարևել Րաֆֆիին, Րաֆֆին էլ սիրտն ուզածի չափ կարող էր փսորել ՀԱԿ-ի խաղը՝ բոլոր մակարդակներում, սակայն մեկ բանում նրանք արժեն միմյանց:
Նրանք երկուսն էլ խաղի կանոնների խստագույն խախտում գրանցեցին այնտեղ, որտեղ իրավունք չունեին, ուր իրավունքն իրենցը չէր: Եվ այս առումով, նրանք խոշոր, թույլ տվեք ասել՝ գրեթե անդառնալի պարտություն կրեցին:
Բանն այն է, որ երկու գործիչների պարագայում էլ կա մի շատ նուրբ հանգամանք. Տեր-Պետրոսյանը, որի վրա է նստել Մատենադարանի ողջ ոսկե փոշին, որին տիեզերքը թույլ է տվել արևմտահայերենից արևելահայերենի փոխադրել (ընդ որում՝ չքնաղ) Դավթի սաղմոսները, ինչպես ոչ այլ ոք, շատ լավ գիտե Աստվածաշունչն ու այնտեղ արձանագրված ոսկե կանոնը. իրավունք չկա շատը քչի տեղ օգտագործել:
Նույնը՝ Րաֆֆին: Հետաքրքիր է, որ երկուսն էլ սփյուռքահայ արմատներից են սերվել, և խորհրդային աթեիզմը նրանց հնարավորինս շրջանցել ու քիչ է վնասել: Րաֆֆին ևս ահավոր հավատացյալ ու լուսավոր նախնիներ ունի, ընտանիքն էլ հավատացյալների ամբողջություն է:
Բայց, արի ու տես, որ թե՛ առաջին նախագահը, թե՛ առաջին արտգործնախարարը չխորշեցին իրենց քաղաքական նպատակների համար պտույտի մեջ դնելուց անպտույտն ու անշարժը:
Իր քաղաքական նպատակները «պարզաբանելու» համար նրանցից մեկը դուրս ելավ պատգամավորական շարքերից (ասում են՝ այդ ժամանակ «բանակի խորքից նամակ էր հասել» «Ժառանգությանը», որ խորհրդարանական ապագա քարտեզում իրենց համար տեղ չի նախանշված, և իրենք ոչ ևս են լինելու ապագա պառլամենտից), ու վիրավորված Րաֆֆին, ոչ մեկ, ոչ երկու, իրենց մանդատները Քրիստոսի արյան ու մարմնի հետ էր համադրել (մեղա, հազար անգամ մեղա, պասի այս լուսավոր ու զատկական օրերի մեջ)` մեջբերում անելով Աստվածաշնչից (այս մասին մենք արդեն գրել ենք):
Պակաս «հետաքրքիր» չէր նաև Տեր-Պետրոսյանի մեջբերումը Հ. Մանդակունուց, երբ ինքն ու իր շրջապատը հասկացան, որ իրենց հերթական մեծապետական-հպարտության ցուցանքը հայ էթնոսն այս անգամ չի մարսելու, և բումերանգի էֆեկտով այն իրենց է վերադառնալու: Եվ կրկին շատը գործածվեց քչի փոխարեն, քրիստոնեության անունից մերժվեց ինքը՝ քրիստոնեությունը:
Երկու պարզ պատճառով` գիրն սպանում է, հոգին կենդանացնում:
Աստված սեր է:
Ինչն էր էստեղ ցավեցնողը: Այն, որ Քոչարյանը գիրք կարդալ չէր սիրում, ինքն էր, իր մեղքը: Սակայն երբ «կարդացվորներն» են շեղում ուղին՝ հանուն այսրոպեականության, և այն էլ, երբ երկուսն էլ «առաջիններ» են, որպես գլուխ ու գլխավոր, տիեզերքի պատասխանը չի ուշանում: Իսկ հոգևոր սխալների պատասխաններն ավելի հուժկու են լինում, քան նյութավորներինն ու մարմնավորներինը:
ՈՒ ողջ ցավն էն է, որ երկուսն էլ՝ Րաֆֆին, է՛լ առավել Տեր-Պետրոսյանը, շատ լավ գիտեն սա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ