«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄՈՉԻՏԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՆ Է ԼԱՎ

«ՄՈՉԻՏԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՆ Է ԼԱՎ
02.11.2010 | 00:00

Աստրախանյան հանդիպման և նրա արդյունքների նկատմամբ բավականին հետաքրքիր արձագանքներ եղան միջազգային հանրության, համանախագահող երկրների կողմից: Աստանայից առաջ պարտիան դեռ բաց է, և ամենքը յուրովի փորձելու են վերմակը քաշքշել իրենց ոտքերին:
«ՈՂՋՈՒՅՆ ԱՐԽԱԴԱՇ ԱԼՈՒՆ, ՀԱՂԹԱՆԱԿ ԳՈՐԾԻՆ ԻԼՅԻՉԻ»
Եթե շատ կարճ և դիպուկ, ապա «միջազգայինի» արձագանքները խիստ «անտաղանդ դամքաշությունից» այն կողմ չանցան: Համանախագահող երկրներից ԱՄՆ-ը և Ֆրանսիան մշտապես նույն «դամն» են պահում. մի բան մտածել, մեկ այլ բան ասել, երրորդն անել (այս առումով Ռուսաստանն ահագին բաց է և «անկեղծ»` «զուգարանում կմորթենք» և վերջ):
Այո, ԱՄՆ-ը և նրա արբանյակ Ֆրանսիան մտածում են` լավ չէ, որ Ռուսաստանն է զբաղվում Հարավային Կովկասի հարցերով, բայց քանի որ մայր Ռուսն էդ կողմերում ազդեցիկ «պապա» է, իրենք հերթական անգամ պետք է երկու մատները մոտեցնեն յուրյանց ճակատին, բացականչեն` «եստ, Ռուսիա»: Իմա` ողջունում ենք բանակցություններում Ռուսաստանիդ աննախադեպ «հաջողությունները»:
Բայց, դե, ոզնուն էլ է պարզ. Ռուսաստանն իր հերթին մտածում է` գործն էնպես տանի, որ էդ համանախագահող ԱՄՆ-ին և Ֆրանսիային խաղից արագ հանի, հարցի լուծման ողջ «պատասխանատվություն»-մենաշնորհը դնի «մոչիտից» հասկացող իր ուսերի վրա:
Բայց, մյուս կողմից էլ, «միջազգայինները» տեղ ունեն Ռուսիային ողջունելու, որովհետև Աստրախանում ընդունված ոչինչ չասող «կոմյունիկեն» հատկապես իրենց ուզած թիրախին է խփում: Գաղտնիք չէ` «միջազգայինը» շատ է վախենում, որ Ռուսաստանն էլի բլիցկրիգ կսկսի էդ կողմերում (մի մոռացեք` Սարկոզին 2008-ի օգոստոսին հասել էր համարյա Թիֆլիսի «մատույցների» մոտ կանգնած Ռուսաստանի դուռը` բանակցելու, Պուտինն էլ թե` լավ իմացիր, Նիկոլա, Սաակաշվիլուն իր էն մի տեղից ու էս մոտակա ծառից կկախեմ. էն Բեռլուսկոնին էլ, որ օրերս ասում էր` մենք փրկեցինք Սաակաշվիլուն կախվելուց, հենց սա նկատի ուներ), իսկ աստրախանյան Հռչակագիրն արձանագրեց ռազմական գործողությունների և հրադադարի նկատմամբ վստահության անհրաժեշտություն և գերիների ու զոհվածների փոխանակում:
Ակնհայտ է` «երրորդ բան անելու» իմաստով էլ համանախագահ երկրները կոնսենսուս չունեն. ԱՄՆ-ը և Ֆրանսիան, մինչ Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողով, անելու են ամեն ինչ, որ փաստաթուղթ պոկեն հակամարտող կողմերի և Ռուսաստանի ձեռից` «դամքաշության «նոմինացիան» բաշխելով Ռուսաստանին:
Այսպիսով, ողջ միջազգային հանրությունն աննախադեպ պրեսինգի միջոցով, պահեստում եղած թույլատրելի, իսկ առավել հաճախ` անթույլատրելի ալքիմիկ մեթոդներով փորձելու է դեկտեմբերին Աստանայում «թուղթ» ստանալ օդից` չեղած տեղից:
Մի անգամ էլ շեշտենք` պրեսինգային ալքիմիան կարող է հանգեցնել նրան, որ խնդրի լուծման միակ ուղին դառնան բացառապես ուժի կիրառումն ու պատերազմը: Ասել ենք և պնդում ենք` ո՛չ հայկական կողմը կգնա տարածքների զիջման` առանց ինքնավարության նորմի ամրագրման, ո՛չ էլ Ադրբեջանը նման նորմով փաստաթուղթ կստորագրի:
Հարցն էլ կմնա այնպես, ինչպես կա, որովհետև «միջազգայինը» ռեգիոնում և այս պահին կնախընտրի խաղաղությունը` փորձելով ամեն ինչ անել: Բայց դա չի նշանակում, որ նույն «միջազգայինը» չի անելու ամեն ինչ` կողմերից «խաղաղության» վեքսիլ պոկելու համար: ՈՒստի մինչև դեկտեմբեր զբաղված կլինի կոմպրոմատների-չկոմպրոմատների դասդասմամբ:
Առաջինի դասական օրինակը «Պզոն» ու Լուժկովն էին:
Ահա և սկսվում է պրեսինգի երկրորդ փուլը:

«ԱԼԻ ՊԼՈԽ, ԱԼԻ ԱՂԼԻՈՐ` ՆԵ՞Տ ԽՈՐՈՇՈ»
Ճնշումների այս փուլի առանձնահատկությունն այն է, որ կոմպրոմատային գործիքները սկսում են փոխարինվել քաղաքական գործիքներով:
Արևմտյան համանախագահների դեպքում օրակարգում է հայտնվում ՆԱՏՕ-ի ԽՎ-ն (այնտեղ նոյեմբերի 12-ին ղարաբաղյան խնդրի քննարկում կլինի, դա մեզ մոտ պետք է ասոցացվի Բելգրադի ռմբակոծությա՞ն հետ)։ ՆԱՏՕ-ն, փաստորեն, փորձ է անում «փայ» մտնել ղարաբաղյան հարցում: Չմոռանանք` իր «փային» է սպասում նաև ՄԱԿ-ը` առաջիկայում սպասվելիք նստաշրջանով, ուր կրկին պետք է օրակարգ մտցվի ադրբեջանական նախագիծը` «օկուպացված» տարածքներին վերաբերող:
Ընդ որում, փորձագետները պնդում են, թե ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ղարաբաղյան հարցի առնչությամբ քննարկվող տեքստի մեջ առանձնապես թակարդներ չկան... բացի «օկուպացված» բառից:
Եվ քանի որ «միջազգայինը» մշտապես առաջ է շարժվում «step by step» տարբերակով և խիստ սինխրոն, փաստորեն, ստացվում է, որ բոլոր կարգի քննարկումներում տարածքների «օկուպացվածն» է լավ, որն էլ ինչ-որ իքս պահի կամբողջանա ու հիմք կդառնա, ասենք, այլևս ո՛չ խորհրդատվական փաստաթղթերի համար: Չմոռանանք Կոսովոն: Ղարաբաղն էլ ինչ-որ մի պահի կարող է դառնալ տարածաշրջանի խաղաղությանը սպառնացող գործոն ու մտցվել միջազգային վարչական վերահսկողության ներքո. անհրաժեշտ պահին անհրաժեշտ կոն-յունկտուրայի համար:
ՈՒ էդպես էլ սիրո՜ւն-սինխրո՜ն արևմտյան «միջազգայինները» «փայ» են մտնում, որովհետև կասկած ունեն, որ, այո, ինչ-որ «իքս» պահի Ռուսաստանն իսկապես կարող է արանքը ճղել ու բլից-կրիգ գլուխ բերել:
Էստեղ, ուրեմն, պետք է պաուզան մի պստիկ ձգել: Այսպիսով, որքան էլ տարօրինակ, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, որը մեզ հոկտեմբերի 27-ին կանչել էր հանդիպման փոքր Ալիևի հետ` մեծ Ալիևի ֆոնին, ցանկանում է, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դե, որ շատ մերկապարանոց չհնչի ասվածը, ճշգրիտ ձևակերպենք ռուսաստանյան որոշակի շրջանակների այդ «նոու հաուն»: Ռուսաստանի ու իր փորձագիտական շրջանակների հաշվարկում կա նաև խնդրի լուծման վերջին` «ոսկե տարբերակը», որը տիրաժավորվում է նույն այդ փորձագիտական շրջանակների միջոցով և արդեն տևական ժամանակ:
Հայաստանյան կողմի ականջին ներկայացուցչական մակարդակներում շշնջում են, որ ճիշտն ու լավը Ղարաբաղի ճանաչումն է (ասենք, Ղարաբաղի ճանաչման ջատագովներից է ռուսական ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, խի՜ստ հայտնի, ո՞վ ասաց` գեներալ, պարոն Ռեշետնիկովը. նա, օրինակ, մասնավոր զրույցներում հաճախ է հայտնում տեսակետ, որ երբ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, Ռուսաստանն էլ «կհետևի» Հայաստանի օրինակին ու «պոդերժկա» կանի յուր ռազմավարական գործընկերոջը` սույն գործընթացում... Դո՛ւ ասացիր)։
Դե, հիմա միայն ոզնուն է կարող, չէ՞, անհայտ լինել, որ իր ռազմական բյուջեն օրեցօր մեծացնող, Հայաստանի եղած-չեղած բյուջեին հասցնող փոքրիկ Ալիևը որքան օրինական «պովոդ» կունենա ղարաբաղյան հարցը լուծելու նույն այդ բյուջեով, իսկ եթե առավել կոնկրետ` Ռուսաստանից Ադրբեջանին տրված ոչ թե C-300-ներով, որոնք, հասկանո՜ւմ եք, «պաշտպանողական» են, այլ Ռուսաստանից Ադրբեջանին տրված «Պեչորաներով», որոնք «օտ ի դո» հարձակողական են:
Չէ, մենք ոչ մի վատ բան, բացի լավից, չենք տեսնում մեր և Ռուսաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման խնդրում: Ոչ էլ պնդում ենք, թե մի բան ասվում, մեկ այլ բան մտածվում և երրորդն է արվում մեր ռազմավարական «սիրելիի»` Ռուսաստանի կողմից: Պարզապես «թերթում» ենք նույն ինստիտուտի` PNCN-ի փորձագետներից մյուսի (Վլադիմիր Զախարով) փորձագիտական «նյութը»:
Այս փորձագիտական մոտեցումները, ընդհանուր առմամբ, վերաբերում են ՀԱՊԿ-ին, նրա ապագային, բայց, չգիտես ինչու, դիդակտիկ վահանակի դերում է Հայաստանը: Ընդ որում, ամեն բան ասված է ուղիղ` առանց ենթատեքստերի:
Համարե՞նք դա էլ ռուսաստանյան արձագանքն Աստրախանին և սպասվող Աստանային: Ով` ինչպես:
Միայն թե մի փոքր զարմանալի է այն (չնայած Ռուսաստանի մասով ինչ-որ բանի վրա զարմանալը «դուրնոյ տոն» կարող է համարվել), որ 49 տարով իր ռազմաբազաները Հայաստանում թողած Ռուսաստանը դեռ կարող է նման դիտարկումներ «ունենալ»:
Նախ, «դիտարկումների» առաջին բլոկը վերաբերում է խնդրին, որ ՀԱՊԿ-ի երկրները, իրենց պաշտպանական-անվտանգության դոկտրինները գրելիս, «այլ երկրների» էլ են դիմել («օ՜ դերժավա, օ՜ Ռուս»), և ուղիղ օրինակը բերվում է 2007-ին «գրված» Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի վրա, որի մշակմանը, հասկանում եք, մասնակցել է նաև ամերիկյան Կոնգրեսը (դե, լավ է, գոնե ամերիկյան դեսպանատունը ժխտեց Բայդենի յութուբյան մարգարիտները, թե չէ ընդհանրապես դուրս կգար, որ էս աշխարհը «լրիվ անաղուհաց... է». սա` հենց էնպես` լիրիկական «մոմենտով»):
Եվ ուրեմն, հարգելի բարեկամներ, ռազմավարական գործընկերներ, հերիք չէ ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ մի քիչ մշակել ենք այդ դոկտրինը, հետն էլ Ռուսաստանի աչքի առջևով, այդ «դոկումենտը»` բարաթաձև, առել-գնացել ենք «համաձայնության» (բռնվե՜ք), ոչ ավել-ոչ պակաս Բրյուսել (ա՜խ-ա՜խ-ա՜խ)` ՆԱՏՕ-ի «շտաբ-կվարտիրա», նոր հետո` վերջում, դոկումենտը «եկել»-հասել է Ռուսաստան` ծանոթանալու ռուսների հետ:
Էրեխեք, ախր շատ հետաքրքիր է, որ «վաղեմության» այդ դոկտրինը մեկ էլ ու այս օրերին հիշել են (հոդվածը թվագրված է` 29.10.2010, «ՆԳ»-ում): Եվ այն էլ` ռուսական ռազմաբազաների 49 տարով երկարացնելուց «մի քանի օր անց» (չբռնե՞նք չվավերացնենք էդ պայմանագիրը պառլամենտում կամ էլ մի ահագին փող ուզենք էդ բազաների` մեր հողում գտնվելու համար):
Ընդ որում, ռուսական որոշ շրջանակներ չեն կարողանում ներել ոչ միայն դա, այլև հետևյալը, որ Հայաստանն անհատական համագործակցության ծրագիր է իրականացնում ՆԱՏՕ-ի հետ: Որ Հայաստանը չճանաչեց Աբխազիան և Օսիան: Եվ այդպե՜ս շարունակ:
Իսկ ի՞նչ էին ուզում մեր «ռազմավարականները». իրենց «օրհնված» ոտը, որ առանց այդ էլ խեղդում էր մեզ ու դեռ կխեղդի 49 (քառասունի՜նը) տարի, հոժարակամ տեղակայեինք մեր ազգային անվտանգության դոկտրինո՞ւմ, որպես վերջնական և անփոփոխ պոստուլա՞տ, տեղակայեինք մեր հարևան երկրներո՞ւմ, որպես վերջնական և անփոփոխ գործոն նրանց հետ հարաբերություններո՞ւմ:
Ի դեպ, ռուսաստանցի այդ փորձագետները հարցրե՞լ են երբևէ, թե ինչու ՀԱՊԿ-ի անդամ մայր Ռուսաստանը զենք է տալիս ՀԱՊԿ-ի չանդամ Ադրբեջանին, ինչու նույն ՀԱՊԿ-ի երկրները և նույն Ռուսաստանը միջազգային ասպարեզներում, անհրաժեշտ քվեարկությունների ժամանակ հօգուտ ՀԱՊԿ երկրի` Հայաստանի չեն քվեարկում... Շատ կարելի է թվել:
Եվ վերջապես, արդեն իսկ խոսվում է Ռուսաստանի` ՆԱՏՕ-ի կազմում տեղ գտնելու մասին (ինչը, հասկանալի է, նոնսենսների շարքից է), և այնուհանդերձ, Ռուսաստանը համաձայնեց, որ Լիսաբոնում տեղի ունենա ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթաժողովը, ուր լիքը կարևոր հարցերում իրենք համաձայնությունների կգան: Չթվենք։
Եվ ամենավերջում. գիտե՞ արդյոք Ռուսաստանը, թե Հայաստանի նկատմամբ իր մեծապետական դրսևորումների, ինչպես նաև տարրական նրբանկատության բացակայության պատճառով, ինչպիսին հոկտեմբերի 27-ին երկրի նախագահին հանդիպման կանչելն է, ինչքան սրընթաց է կորցնում հայ հասարակության վստահությունն իր և իր ռազմաբազաների նկատմամբ, և ո՞ւր կարող է հասցնել նման «դեմոգրաֆիան» Հարավային Կովկասում, Վրաստանի կողքին: Երբևէ:
Անկախ նրանից` 49 տարո՞վ են նրա ռազմաբազաներն այստեղ, վավերացվա՞ծ են պայմանագրերը, թե ոչ: Չմոռանանք, որ Հայաստանում նոր սերունդը, եթե անգամ անտիռուս չէ, ապա հաստատապես նրա «օրհնված օրգանոիդի», հատկապես ոտքի, զգացողություն բացարձակապես չունի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ