«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՄՆ-Ը ՁԳՏՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ «ԼՈԿՈՄՈՏԻՎԸ»

ԱՄՆ-Ը ՁԳՏՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ «ԼՈԿՈՄՈՏԻՎԸ»
24.05.2011 | 00:00

Հարավային Կովկասի անվտանգության ապահովման առումով Արևմտյան ընկերակցությունում առկա է երկու հայեցակարգ. ձևավորվել են համընդհանուր մոտեցում` ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին տարածաշրջանի երկրների միավորմամբ, և տեղային մոտեցում, որը ենթադրում է տարածաշրջանային կամ էլ միջտարածաշրջանային քաղաքական ու աշխարհատնտեսական, սակայն փոխկապակցված բլոկների ստեղծում։
Եվրոպայի առաջատար պետությունները չէին կարող անտարբեր մնալ ՆԱՏՕ-ի ընդլայնման նկատմամբ, և ձգտում էին իրենց պատրաստակամությունը հայտնել հովանավորելու մի շարք պետությունների` ՆԱՏՕ-ին նրանց ինտեգրման ու անդամակցության գործում։ Միաժամանակ, չունենալով որոշակի մտադրություններ Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ, Եվրոպայի երեք առաջատար տերությունները չկարողացան նրանց կոնկրետ առաջարկություններ անել «հովանավորության» իրականացման առնչությամբ։ Ֆրանսիան (Ժակ Շիրակի Ռումինիա կատարած այցի ժամանակ) խոստացավ Ռումինիան միացնել ՆԱՏՕ-ին։ Գերմանիան որոշ խանդավառությամբ ընդունեց ՆԱՏՕ-ին Լեհաստանի, Չեխիայի և Հունգարիայի անդամակցումը, ապահովելով ոչ միայն դաշնակցային հարաբերություններ արևելյան մերձակա հարևանների հետ, այլև իր քաղաքական ազդեցությունը։ Մեծ Բրիտանիան երբեք շահագրգռված չի եղել ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնմամբ, բայց հարկադրված է եղել համաձայնել դաշինքի մեջ Կենտրոնական Եվրոպայի երեք երկրների ընդունմանը։ Այդ «անլիարժեք հովանավորությունը» ձեռնտու եղավ ԱՄՆ-ին, որը ՆԱՏՕ-ին անդամագրվելու հավակնորդներին ֆրանսիացիների ու գերմանացիների տված «խոստումներն» օգտագործեց սկզբունքային լուծման համար։ Սակայն, հայտնվելով ՆԱՏՕ-ի ուղեծրում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունները դարձան ոչ թե Ֆրանսիայի ու Գերմանիայի «մասնավոր» գործընկերները, այլ ԱՄՆ-ի։ Այդ պետությունները, դեռ մինչև ՆԱՏՕ-ին անդամագրվելը, ամերիկացիների կողմից օգտագործվում են եվրոպացիների հետ երկխոսությունում։ Կարելի է ենթադրել, որ Արևելյան Եվրոպայի պետությունների զուտ ռազմական դերը հետագայում կուժեղանա։ Ի տարբերություն Արևմտյան Եվրոպայի երկրների, արևելաեվրոպական ազգերի «բուռն խառնվածքը» շատ ավելի ընդգծուն է և, լինելով քրիստոնեական քաղաքակրթության մաս, նրանք կկարողանան կամավորներ մատակարարել ՆԱՏՕ-ի գործողությունների համար։ Ինչպես հայտնի է, Վրաստանի, Հայաստանի, նաև Ադրբեջանի մի շարք ղեկավարներ առաջարկել են ՆԱՏՕ-ի երկրների օգնությամբ ստեղծել ոչ մեծ խաղաղարար զորախմբեր։ Չցանկանալով մասնակցել ուղղափառ Սերբիայի դեմ ՆԱՏՕ-ի գործողությանը, Հայաստանը որոշեց խաղաղարար գումարտակ ստեղծել Հունաստանի հովանու ներքո և նրա օգնությամբ, և այն դրվեց դաշինքի տրամադրության տակ։
Չնայած արագ արձագանքման կորպուսի կազմավորման` եվրոպական պլանների սահմանափակության, և առհասարակ դեպի քաղաքական ինքնավարություն Արևմտյան Եվրոպայի դանդաղ ընթացքին, ԱՄՆ-ը կարող է հայտնվել Եվրոպայի ապագա անսպասելի որոշումների առջև և ձգտել ընդլայնելու եվրոպական աշխարհը, «մեկուսի պատկառելի Եվրոպային» միացնել նոր մասնակիցների, հուսալով նրանց օգնությամբ ազդեցություն գործել Եվրամիության վրա։ Բայց, միաժամանակ, այդ հույսերը կարող են զուր լինել։ ՆԱՏՕ-ին անդամակցած և դրան առավել իրականորեն հավակնող երկրներից Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Բուլղարիան և Մակեդոնիան սլավոնական պետություններ են, իսկ նրանցից երկուսը` ուղղափառ։ Այդ պետություններում խիստ ուժեղ են եվրոպամետ կողմնորոշումները, լիարժեք եվրոպական երկրներ դառնալու, կապիտալիզմի եվրոպական, մեծապես սոցիալական ուղղվածության մոդելների հետ շփվելու ձգտումը։ Այդ երկրներում ավանդաբար ուժեղ են արդարության մասին սոցիալիստական պատկերացումները և ձախ քաղաքական կուսակցությունները, որոնք արդեն «հենակետ» են գտել ի դեմս Արևմտյան Եվրոպայի սոցիալ-դեմոկրատական, լեյբորիստական և այլ ձախ կուսակցությունների։ Որոշակի դեր են խաղում նաև որոշ ռուսամետ համակրանքները Բալկաններում (օրինակ, նախկին Հարավսլավիայում, Չեխիայում ռազմական գործողություն իրականացնելու ՆԱՏՕ-ի որոշումներն ընդունելիս որոշակի բողոքներ եղան, ընդ որում, դրանք բխում էին ոչ թե ձախ, այլ ազատական շրջաններից)։ Այս ամենը կարելի է լուրջ խնդիր ներկայացնել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ապագա քաղաքականության համար, երբ, հասնելով տնտեսական ու քաղաքական հաջողությունների, Արևելյան Եվրոպայի երկրներն ավելի ու ավելի զգան իրենց իրավունքները որպես եվրոպական ազգերի։ Գերմանիան ու Ֆրանսիան ևս ջանքեր կգործադրեն նրանց իրենց շահերի հուն ներքաշելու համար (իհարկե, ԱՄՆ-ի նկատմամբ իրենց բարեհաճությունը կպահպանեն բալթյան երեք պետությունները, գուցեև զգալի չափով Լեհաստանը)։ Ելնելով այս ենթադրություններից, ԱՄՆ-ը պետք է շահագրգռված լինի ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը Արևելյան Եվրոպայի երկրները տարբեր արագությամբ ինտեգրելու հարցում, թեև դա իմաստ ունի միջնաժամկետ հեռանկարում միայն։
Գերմանիան Արևելյան Եվրոպայի երկրների հանդեպ առանձնակի պարտականություն չի ունեցել ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հարցում և բավարարված է դաշինքի կազմում առաջին «եռյակի» ընդունմամբ։ Գերմանիայի պաշտպանունակության մեծացման գործում իրական դեր կխաղա Բալթիկ ծովում գերմանա-դանիա-լեհական զորամիավորման ստեղծումը։ Գերմանական քաղաքականության զարգացման այս փուլի համար նրա արևելյան սահմաններին ստեղծված իրավիճակը լիովին բավարարում է նրան, և դեպի Արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը կարող է Գերմանիան ներքաշել այնպիսի խնդիրների իրականացման մեջ, որոնք հակասում են Արևելքում նրա ունեցած շահերին։ Արևելքում Գերմանիայի ռազմավարական նպատակը ոչ թե բալթյան երկրներում ազդեցությունը մեծացնելն է, որոնք արդեն այժմ դարձել են նրա տնտեսական գավառամասը, այլ Ռուսաստանի հետ վստահական հարաբերություններ հաստատելը, նրան եվրոպական քաղաքականության մեջ ներքաշելը և Կալինինգրադի մարզի հարցի ավելի առարկայական քննարկմանը մոտենալը։ Գերմանիան որոշ քաղաքական պարտավորություններ ունի Սլովենիայի հանդեպ, բայց ոչ երբեք բալթյան պետությունների։ Գերմանիան առավել քննադատաբար վերաբերվում է Հարավային Կովկասի երկրները ՆԱՏՕ ընդունելուն, սակայն Գերմանիայի դիրքորոշումը չի սահմանափակվում հարավկովկասյան պետությունների հանդեպ այդ վերաբերմունքով։ Տվյալ դեպքում Գերմանիան ձգտում է սահմանափակել ՆԱՏՕ-ի արագ ընդլայնումը, քանի որ նրան հուզում է Ռուսաստանի հետ և որոշ այլ առճակատումային գոտիներում հակամարտությունների մեջ ներքաշվելու վտանգը։
Ֆրանսիան, որը հավակնում է եվրոպական առաջատարի դերին, հասկանում է, որ առանց այնպիսի հրատապ խնդրին ակտիվ մասնակցության, ինչպիսին ՆԱՏՕ-ի ընդլայնումն է, ինքը կարող է ենթարկվել քաղաքական դիրքերը կորցնելու վտանգին։ Ֆրանսիան վաղուց է աշխատում ՆԱՏՕ-ին Ռումինիայի անդամակցության օգտին։ Ռումինիան աջակցություն է ստանում նաև Հարավային Եվրոպայի լատինական այլ պետություններից` Իտալիայից, Իսպանիայից և Պորտուգալիայից, ըստ երևույթին շահագրգռված լինելով ՆԱՏՕ-ում լատինական տարրի ուժեղացմամբ։ Սակայն Հարավային Կովկասի առնչությամբ Ֆրանսիայի «քաղաքական հրավերների» առումով լուրջ ակնկալիքներ չկան։ Տարածաշրջանում Ֆրանսիայի մերձավոր գործընկերը` Հայաստանը, ձգտում չունի մոտ ժամանակներս մտնելու ՆԱՏՕ, այսինքն` Հայաստանի գծով խնդիր չկա։ Ադրբեջանն էլ իր յուրօրինակ դիրքորոշումն ունի և նույնպես չի կարող իր դժգոհությունը հայտնել Ֆրանսիային ՆԱՏՕ-ին միանալու խնդրի առնչությամբ։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Ֆրանսիան այդ երկիրը համարում է ԱՄՆ-ի խամաճիկ և ամենևին շահագրգռված չէ նրան ՆԱՏՕ ընդունելու հարցում։ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության «ձգձգումը» Ֆրանսիայի քաղաքականության արդյունավետ հնարքն է, բայց ԱՄՆ-ի հետ «քաղաքական սակարկության» նպատակով։ Այդ հարցը մեծ մասամբ պայմանավորված կլինի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի փոխհարաբերություններով, որոնք երկուսն էլ պատրաստ են խաղային հարաբերությունների մեջ մտնելու ԱՄՆ-ի հետ։
Մեծ Բրիտանիան ամենաքիչն է ոգևորված ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնմամբ։ Նա այս կամ այն եվրոպական ուղղությունում ռազմավարական շահեր չունի։ ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնումը կարող է հանգեցնել աշխարհամասում Գերմանիայի կամ Ֆրանսիայի ուժեղանալուն, ինչպես նաև կամրապնդի ԱՄՆ-ի դիրքերը։ Դա նաև կնպաստի ռազմական ծախսերի ավելացմանը, ինչն ամենից շատ է հուզում Մեծ Բրիտանիայի կառավարությանն ու հանրությանը։ Կասկած չկա, որ Մեծ Բրիտանիան խոչընդոտներ չի հարուցի ՆԱՏՕ-ի կազմում Հարավային Կովկասի պետությունների ընդունման ճանապարհին։
Հիմա դժվար է ասել, կա՞, արդյոք, Հարավային Կովկասի առնչությամբ ՆԱՏՕ-ի ավարտուն և ամբողջական քաղաքականություն։ Ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, թե Հարավային Կովկասի վերաբերյալ ՆԱՏՕ-ի ռազմավարների մտորումները տեղի են ունենում ինտերակտիվ կարգով։ Այդ պլանավորման ընթացքում հաշվի են առնվում արևմտյան պետությունների և ՆԱՏՕ-ի քաղաքական գործիչների ընթացիկ քայլերի արդյունքները, արդեն կուտակված փորձի նշանակությունն ու արձագանքը Հարավային Կովկասի երեք երկրներում։ Ներկայումս Արևմտյան ընկերակցությունն ունի հարավկովկասյան պետությունների ինտեգրման որոշակի փորձ, նկատի ունենալով նրանց ընդունումը Եվրամիության մեջ, ընդ որում, հետևյալ հերթականությամբ. նախ` Վրաստանը, իսկ հետո` Հայաստանն ու Ադրբեջանը։ Նկատի ունենալով քաղաքական խնդրահարուցությունը տարածաշրջանում, սույն մոդելը կարող է կիրառվել նաև ՆԱՏՕ-ին այդ պետությունների ինտեգրման դեպքում։ Համենայն դեպս, ՆԱՏՕ-ին հարավկովկասյան պետությունների անդամակցությունը շատ ավելի խնդրահարույց է թվում, քան Կենտրոնական Եվրոպայի և Բալկանների պետությունները։
Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի անկախության հենց սկզբից (ինչպես նաև մի շարք չճանաչված պետությունների) ԱՄՆ-ն ու Ռուսաստանը փորձում էին Հարավային Կովկասը դիտարկել որպես աշխարհառազմավարական առումով միասնական տարածաշրջան, որտեղ անվտանգության խնդիրները պետք է լուծվեն համակարգված, որոշակի ստանդարտների շրջանակներում, ինչը կոչված է ապահովելու քաղաքական գործընթացների, և առհասարակ տարածաշրջանի, կառավարելիությունը։ Հետագայում եվրոպական ընկերակցությունը ևս, որի առաջատար տերությունները ձգտում էին որոշել Հարավային Կովկասում ազդեցության աշխարհատնտեսական ոլորտները, ջանում էին գործադրել կառավարման և անվտանգության խնդրի լուծման ինչ-որ բազմակողմանի եղանակներ։ Թուրքիան և Իրանը չունեին անհրաժեշտ քաղաքական ռեսուրսներ, համապատասխան քաղաքական նկարագիր, ինչպես նաև շահագրգռված չէին Հարավային Կովկասում բազմակողմանի քաղաքականության վարմամբ, որի ժողովուրդների ու պետությունների հետ ունեին վաղեմի և դժվարհաղթահարելի խնդիրներ։ Սակայն Արևմուտքի տերությունները, Ռուսաստանն ու տարածաշրջանի հարավային հարևանները նույնպես շահագրգռված էին Հարավային Կովկասի` որպես ամբողջական աշխարհաքաղաքական տարածության, պահպանմամբ, քանի որ հասկանում էին, որ այդ փոքր, բայց կարևոր տարածության «քաղաքական պառակտումը» լուրջ խնդիրներ կառաջացնի նրանց համար։ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը շահագրգռված էին ինտեգրվելու միջազգային քաղաքական, տնտեսական և ռազմական կազմակերպություններին, ինչը նպաստում էր նրանց ինքնիշխանության հաստատմանը։ Սակայն եթե Վրաստանն ու Ադրբեջանը շահագրգռված էին բազմակողմանի մոտեցումների կիրառմամբ, որոնք ենթադրում էին «տարածքային ամբողջականության պահպանման» սկզբունքներ, ապա Հայաստանը, որի առաջացումը, որպես ժամանակակից պետության, կապված է պատմական հայրենիքի միավորման գաղափարի հետ, ձգտում էր հաստատել պատմական և քաղաքական իրավիճակի առանձնահատկությունից բխող մոտեցումներ։ Դրա հետ մեկտեղ, Հայաստանին հաջողվեց միանգամայն հաջողությամբ ինտեգրվել միջազգային կառույցներին։ Ավելին, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, որոնք հիմնականում ընտրել էին արևմտյան քաղաքական կողմնորոշումը, Հայաստանն իր խաղն արեց և կարողացավ, Արևմուտքի հետ մերձեցումից բացի, շատ սերտ հարաբերություններ հաստատել Իրանի, Չինաստանի, արաբական պետությունների հետ, ակտիվորեն մասնակցելով քաղաքական ու աշխարհատնտեսական նախագծերին։ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության եվրասիական պայմանագրին և Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքին նպաստում է ոչ միայն Հայաստանի անվտանգությանը, այլև ամբողջ Հարավային Կովկասի կայունությանը։ Հաշվի առնելով այն, որ ավելի քան 1,6 մլն հայ ԱՄՆ-ի օրինապահ ու հավատարիմ քաղաքացի է և ամերիկահայ համայնքի գործունեությունից է մեծապես կախված Հայաստանի քաղաքական և տնտեսական բարօրությունը, Հայաստանի ամեն կառավարություն կձգտի գործընկերային հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ, ինչն առայժմ խնդրահարույց է` Իրանի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների պատճառով։
Ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արևմտյան ընկերակցությանը չհաջողվեց «միատարր» վիճակի բերել Հարավային Կովկասը, քանի որ դա միանգամայն անհնար բան էր։ Դա չկարողացավ անել նաև ԱՄՆ-ը, որը «հիասթափված է» ԵԱՀԿ-ի ու Եվրոպական ընկերակցության քաղաքականությունից և ձգտում է դառնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող առանց բացառության բոլոր քաղաքական գործընթացների «լոկոմոտիվը»։
ԱՄՆ-ի և Հայաստանի գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները մեծապես կախված են ամերիկա-ռուսական հարաբերությունների նոր բովանդակությունից։ ԱՄՆ-ի նավթային ու ներդրումային ընկերությունները, մասամբ նաև ռազմական ու ռազմարդյունաբերական համալիրը շահագրգռված են ամերիկա-ռուսական գործակցության վերաիմաստավորմամբ։ Դրանով շահագրգռված են նաև այնպիսի պետություններ, ինչպիսին Մեծ Բրիտանիան է։ Դա շատ պետք է, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությունը (հատկապես իշխանության քաղաքական կենտրոնը ԱՄՆ-ի հարավում), Մեծ Բրիտանիայի պահպանողական վերնախավի ավանդական գործընկերն է։ Օրինակ, Ռուսաստանի մասնակցությունը Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցմանը և դրանով ռուսական նավթի մղումը ապաքաղաքականացնում են այդ նախագիծը և զգալիորեն մեղմում տարածաշրջանային հակամարտությունները Հարավային Կովկասում։
Հայաստանում կան քաղաքական և հասարակական խմբավորումներ, որոնք կարծում են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արագացումը կնպաստի Հայաստանի տնտեսական վիճակի բարելավմանը և այդ խմբավորումների քաղաքական հաջողությանը։ Իհարկե, ԱՄՆ-ը ոչ թե աբխազական կամ ղարաբաղյան հակամարտություններն է տարածաշրջանի առանցքային խնդիր համարում, այլ ռուս-վրացական և հայ-թուրքական հարաբերությունները։ Սակայն Թուրքիան բացահայտորեն շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, քանի որ հայ-ռուսական և հայ-իրանական համագործակցությունն օգտագործում է որպես փաստարկ Թուրքիայի անվտանգությանն սպառնացող վտանգի առումով, ինչը կարևոր է ամերիկյան օգնություն ստանալու համար։
Հայկական քաղաքական դերակատարումն աստիճանաբար ձևափոխվում է, և Հայաստանը կարևոր գործոն է դարձել տարածքում։ Գալիս է «Մեծ Մերձավոր Արևելքում» առճակատման մի տևական ժամանակաշրջան, որին ներգրավված են լինելու բոլոր համաշխարհային աշխարհաքաղաքական «բևեռները»։ Հայաստանը պետք է ապացուցի իր իրավունքը` մնալու որպես տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտ, բայց արդեն ոչ թե Հարավային Կովկասի շրջանակներում, այլ շատ ավելի մեծ տարածքում։ Այդ իրադրությունը հույսեր է ներշնչում, իսկ ավելի շատ պատրանքներով է համակում տարածաշրջանի քաղաքական շատ վերնախավերի։ Բայց պատրանքները, ինչպես ընդունված է, վերանում են, և մնում է ոչ միայն մարդու ազատության իրավունքի ճանաչումը, այլև ազգերի։ Այն առաջարկության առթիվ, թե լավ կլիներ, որ Հարավային Կովկասը հայտարարվեր «չեզոք» տարածաշրջան, Փոլ Գոբլը նշել է, որ «չեզոքությունն» էլ է առճակատում նշանակում, ավելի լավ չէ՞ր լինի «պացիֆիստական» (խաղաղ) բնորոշումը կիրառել։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ