Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԵՐԲ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԸ ՆԱԽԱՐԱՐՆ Է

ԵՐԲ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԸ ՆԱԽԱՐԱՐՆ Է
12.11.2010 | 00:00

2009-ի ապրիլին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի 147-Ա որոշմամբ անվավեր է ճանաչվել «Սիփան-1» ընկերությանը տրված` հանքը շահագործելու մասին լիցենզիան` պատճառաբանելով, որ օրենքով սահմանված ժամկետում լիցենզիայի համար պայմանագիր չի կնքվել: Խոսքը Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի մասին է: Այդ օրից ընկերությունը փորձում է նախարարի և նախարարության հետ հարաբերությունները պարզել ՀՀ դատական ատյաններում, օրենքով սահմանված կարգով: Իսկ թե այդ ճանապարհին ի՞նչ զավեշտների են հանդիպելու, ընկերության ներկայացուցիչները երևակայել միայն կարող էին. միևնույն հարցի վերաբերյալ միևնույն դատարանի, անգամ միևնույն դատավորների տարբեր, իրար հակասող որոշումներ` իրավական անտրամաբանական հիմնավորումներով, սակայն ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում: Հիշեցնենք, որ ընկերության տնօրենն է Սիլվա Համբարձումյանը, իսկ հանքավայրն ամբողջությամբ պատկանում է ավստրալական հայտնի «Թամայա ռիսորսիզ» ընկերությանը: Մեղրու ոսկու այս հանքի նկատմամբ մշտապես և անթաքույց հետաքրքրություններ է դրսևորել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա): Նա անգամ Սիլվա Համբարձումյանին անձամբ է այդ մասին ասել, նույնիսկ սպառնալիքներ է տեղացել: Այժմ, պարզվում է, հանքը նաև ծնունդով կապանցի նախարար Արմեն Մովսիսյանի հետաքրքրությունների շրջանակում է: Նա նույնիսկ չի զլացել և խախտել է վարչական դատարանի հունիսի 23-ի որոշումը, որով, բավարարելով ընկերության միջնորդությունը, դատարանն արգելել է էներգետիկայի նախարարությանը հանքավայրի հանքարդյունահանման իրավունքն այլ անձանց տրամադրելու, փոխանցելու վերաբերյալ որևէ գործողություն կատարել: Նախարարը մամուլում հայտարարություններ է արել, որ հանքն աճուրդի է հանվելու, և հետաքրքրվողներ արդեն կան:
Ինն ամսվա քննությունից հետո ՀՀ վարչական դատարանը մերժել է «Սիփան-1»-ի հայցն ընդդեմ պետական մարմնի: 2010-ի հունիսի 30-ին վճռաբեկ դատարանը բեկանել է վարչական դատարանի որոշումը, սակայն հոկտեմբերի 1-ին նախարար Մովսիսյանը երկրորդ անգամ է գրոհում` արձակելով նույն լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին երկրորդ որոշումը` պատճառաբանելով, թե հանքավայրն իբր օրենքով սահմանված կարգով և ժամկետներում փորձաքննություն չի անցել: Ինչևէ, հերթական դատական ատյանում պետական մարմինը կրկին ստիպված է ապացուցել իր իրավացիությունը: ՀՀ վարչական դատարանում այս գործի նախնական լսումը բավականին տպավորիչ էր: Երեսուն րոպեից ավելի ուշացումով, շնչակտուր դատարանի դահլիճ ներխուժած նախարարության երեք ներկայացուցիչներն այդպես էլ պետական մարմնի իրավացիությունն ապացուցող որևէ հիմնավոր խոսք չասացին: Նախարարության ներկայացուցիչ Ռուզան Փիլոյանը պնդեց, որ լիցենզիան վերաբերում է երկու տարբեր հանքավայրերի, որ կա նաև ոսկու բազմամետաղային հանքավայր. «Ընկերությունը չի բերել շահագործման նախագիծ, չի կնքել լիցենզիոն պայմանագիր, մինչդեռ լիցենզիան ուժի մեջ է մտնում պայմանագրի կնքման պահին: ՈՒստի լիցենզիան չկա»: Մինչդեռ «Սիփան 1»-ի շահերի պաշտպան Կարեն Թունյանն այս ամենը լավ բառախաղ է անվանում. «Լիցենզիայի մեջ գրված է երկու հանքավայր: Այսինքն, խնդիրն անվան մեջ չէ»: Դատական այս քաշքշուկները նա վառ ապացույցն է համարում այն փաստի, որ «կան ընկերությամբ շահագրգռված մարդիկ»: Ըստ նրա` «անցած տարվա մարտ ամսին դադարեցվեց ընկերության լիցենզիան, և ընկերությունը դեռ վեց ամիս ժամանակ ուներ նոր պայմանագիր կնքելու համար»: «Սակայն, մեկ տարի ընկերությունը փաստացի կաթվածահար անելուց հետո, երկու ամիս անց նորից նույն ակտն են ներկայացնում: Այս ամենը նշանակում է, որ կան անձինք, ովքեր հետաքրքրված են ընկերությունով, և նրանք կարող են մոտ լինել այն մարդկանց, ովքեր փորձում են ամեն կերպ խոչընդոտել «Սիփան-1»-ի գործունեությանը»: Կարեն Թունյանը, ի դեպ, միջնորդեց դատարան կանչել Արմեն Մովսիսյանին և հարցի պարզաբանումն ստանալ, այսպես ասած, առաջին ձեռքից, քանի որ նախարարն ինքն է ստորագրել վիճարկվող հրամանը: Դատավոր Կարինե Բաղդասարյանը մերժեց միջնորդությունը: Ըստ հայցվորի ներկայացուցչի, սակայն, բավականին դժվար կլինի արդյունքի հասնել` առանց նախարարի շահագրգռվածությունը հիմնավորելու: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ