«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ ՈՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ ՈՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
08.02.2011 | 00:00

Աստծո անցած յոթ օրում Հայաստանում հայտնվեց երկպալատ խորհրդարանի ուրվականը և, ինչպես փետրվարի 1-ին տեղացած ձյունը, դեռ չի հալվել:
Խուանա Բատիստա դե լա Կանդելարիա Ռոդրիգեսը մտերիմների հետ նշել է ծննդյան 126-ամյակը: Նա ծնվել է 1885-ի փետրվարի 2-ին, Կամպեչուելայում, ունեցել է 12 քույր ու եղբայր: Կուբացի լրագրողները հաղորդում են, որ տիկին Ռոդրիգեսը մտադիր է երկար ապրել և երկարակեցություն է մաղթել Ֆիդել Կաստրոյին:
Lոնդոնյան տաքսիներից հետո Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը նշանավոր են դարձնում փաբերը` սրճարանները, որտեղ դեռ 40 տարի առաջ պիեսներ էին բեմադրվում, իսկ վերջերս սկսել են օպերաներ ներկայացնել: Նախաձեռնության հեղինակը London's Little Opera House ընկերությունն է: Սրճարանային օպերան կարելի է ունկնդրել 100-ի փոխարեն 15 ֆունտով, ջինսերով ու զրուցելով: Սկսնակ ռեժիսորներն ու դերասաններն էլ սրճարանային փորձառությունից հետո առավել անկաշկանդ են զգում իրենց մեծ բեմերում:
2011-ի ապրիլի 3-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակված: Նախագահ Նուրսուլթան Նազարբաևին խորհրդարանն առաջարկել էր սահմանադրական հանրաքվե անցկացնել և մինչև 2020 թ. երկարացնել նախագահական լիազորությունները, բայց նա չընդունեց փոփոխությունը և օրինագիծն ուղարկեց Սահմանադրական խորհրդի քննարկմանը: Սահմանադրական խորհուրդը փոփոխությունը համարեց հիմնական օրենքին հակասող, որից հետո նախագահը հայտարարեց արտահերթ ընտրություններ:
Ադրբեջանի դրոշը չի ուզում ծածանվել Բաքվի վրա, ուղղակի չի ուզում, որովհետև շատ է ծանր, շատ է բարձր, քամիներն էլ խանգարում են: Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը դրոշի կողքի շենքի բնակիչներին ստիպված են եղել տարհանել, որովհետև դրոշաձողը սկսել է ուժեղ տատանվել Ապշերոնի թերակղզում մոլեգնող փոթորկի պատճառով: Եթե 162-մետրանոց և 220-տոննանոց դրոշաձողը և 35 մետր լայնությամբ ու 70 մետր երկարությամբ 350-կիլոգրամանոց դրոշը գիշերն ընկնեին շենքի վրա, հաստատ բնակիչների երազներին կխանգարեին` չնայած իրենց 20 միլիոն եվրո գնին: Այդ պատճառով էլ դրոշն իջեցվել է, իսկ առավոտյան հյուրանոցներից բնակիչները վերադարձել են կապարակնքված բնակարանները` մինչև հաջորդ փոթորիկը: Եվ այդ ամենի պատճառը Գինեսի գիրքն է:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը փետրվարի 1-ին հրաժարական տվեց` մինչ այդ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանություններին ներկայացնելով 2010-ի տարեկան զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին: Զեկույցից պարզվում է, որ ՀՀ քաղաքացիներն ամենաշատը դժգոհում են քաղաքապետարանից ու ոստիկանությունից. շատացել են ՄԻՊ-ին ուղղված դիմում-բողոքները ոստիկանության տարբեր բաժիններ անհիմն բերման ենթարկվելու և ապօրինաբար անազատության մեջ պահվելու, ոստիկանության աշխատակիցների դաժան, անմարդկային վերաբերմունքի, որպես մեղադրյալ ներգրավված անձանցից բռնությամբ և սպառնալիքով իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կորզելու վերաբերյալ: Թեպետ Արմեն Հարությունյանն իր 5-ամյա գործունեության ամփոփիչ ասուլիսում ասել է, որ մինչև 2009-ը «միանշանակ միայն ճնշումների տակ ենք գործել, 2009-ից դա բալանսավորվեց և արդեն ինչ-որ տեղ դժվար էր ասել` ընդդիմության ճնշումն էր ավելի մեծ, թե իշխանության», զեկույցում նա չի անդրադարձել 2008-ի հետընտրական զարգացումների և մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառով անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների իրավունքներին:
2010 թ. Հայաստանում ծնվել է 44810 երեխա` 20904 աղջիկ, 23906 տղա: 2009-ի համեմատ աճը 1 տոկոս է:
Փետրվարի 4-ին Փարիզից Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը հայտարարությամբ դիմել է Արևմտյան Հայաստանի, Հայաստանի Հանրապետության, Արցախի, Ջավախքի և ամբողջ աշխարհի հայությանը` կոչ անելով «մասնակցեք մեր կառավարության գործունեությանը, օգնեք մեզ ձեր գիտելիքներով, փորձով և մասնագիտական հմտություններով»: Ծավալուն հայտարարությունից հայտնի է դառնում, որ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը հանձն է առնում Արևմտյան Հայաստանի հայերի տարածքային ու բարոյական իրավունքների վերականգնման խնդրի լուծումը:
Ճիշտ ժամանակին Կալիֆոռնիայում ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձրաձայնեց խորհրդարանի վերին պալատի` Սենատի ստեղծման գաղափարը` աշխարհասփյուռ հայությանը Հայաստանի պետական կառավարմանը մասնակից դարձնելու համար: ՀՀ նախագահի խոսնակն այդ առնչությամբ պարզաբանեց, որ դեռ 2010-ի մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում քննարկվել են Հայաստան-սփյուռք կապերի ընդլայնման ուղիները և առաջարկվել է մեկ տարվա ընթացքում գաղափարներ ներկայացնել: Սենատի ձևավորումը հնարավոր առաջարկներից մեկն է, որ բազում այլ առաջարկների թվում արժանի է քննարկման:
Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության վերսկսման վերաբերյալ ԵԽԽՎ բյուրոյի որոշումը հակասում է միջնորդ երկրների հորդորներին` խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են խանգարել բանակցային գործընթացին: ԵԽ դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ` ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներն իրենց դժգոհությունն են արտահայտել ԵԽԽՎ բյուրոյի որոշումից` նշելով, որ այդ փաստը բացասականորեն կազդի բանակցությունների գործընթացի վրա, որի հետևանքների համար պատասխանատվությունը կրում է ԵԽԽՎ բյուրոն: Ֆրանսիայի ու Ռուսաստանի ներկայացուցիչները նշել են, որ հարցի քննարկումը քաղաքական գործիչների կողմից, ովքեր տեղյակ չեն բանակցությունների մանրամասներին, չի կարող սատարել գործընթացին: Բանակցային գործընթացին վնասելու անթույլատրելիության մասին հունվարի 13-ի ասուլիսում խոսել էր նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«ԵԱՀԿ-ն աջակցում է Մինսկի խմբի ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման և հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման ուղղությամբ», ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ