«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՉՊԵՏՔ Է ՎՍՏԱՀԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ

ՉՊԵՏՔ Է ՎՍՏԱՀԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ
28.09.2010 | 00:00

1915-ի ապրիլին Օսմանյան կայսրությունում պետականորեն կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանությունն արմատապես փոխեց իր բնօրրանում ապրելու և զարգանալու հայ ժողովրդի հազարամյակների երթի ուղղությունը:
Իսկ ինչո՞ւ պատմությունը նման աննախադեպ դաժանությամբ պատժեց հայ ժողովրդին: Անշուշտ, օբյեկտիվ պատճառները, դրդապատճառները և սուբյեկտիվ գործոնները բազում են ու տարաբնույթ: Վերջին 95 տարիներին թե՛ հայ, թե՛ արտասահմանցի գիտնականները (պատմաբաններ, թուրքագետներ, քաղաքագետներ, գրականագետներ և այլք) փորձել են տարբեր մեթոդներով ու մեթոդաբանությամբ յուրովի վեր հանել այն բոլոր պատմական ու քաղաքական նախադրյալները, որոնք այս կամ այն չափով կարող են լույս սփռել կատարված ոճրագործության էությունն ու նպատակները բացահայտելու փորձերի վրա:
Իհարկե, խնդրո առարկայի վերաբերյալ առկա է հսկայածավալ գրականություն` աշխարհի տարբեր լեզուներով, ուստի, երբ լույս է տեսնում մի նոր աշխատություն, ընթերցողը, հատկապես հայ ընթերցողը, ձգտում է այնտեղ նոր միտք, նոր փաստարկում ու գիտական հիմնավորում գտնել այդ ոճրագործության իրական դրդապատճառների համակարգված վերլուծությունների ու մեկնաբանությունների մեջ: Վերջերս գիտական արժեք ներկայացնող մի նոր աշխատություն է հրատարակել ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը: «Օսմանյան կայսրություն. ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը (1876-1920 թթ.)» մեծարժեք աշխատության հեղինակն է հանրաճանաչ թուրքագետ, գիտնական, վերլուծաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ: Ականավոր գիտնականի վերոհիշյալ աշխատությունն այդ ինստիտուտի տասնամյակների ընթացքում կատարած բեղմնավոր աշխատանքի և գիտական ավանդույթների արժանի շարունակությունն է:
Սույն աշխատության մեջ առաջին անգամ ցեղասպանությունը, որպես սոցիալ-քաղաքական երևույթ, դիտարկվում է ոչ թե, այսպես կոչված, «անտեր» ժողովրդին բարբարոսաբար բնաջնջելու փորձ, այլ նախորդ դարերում զանգվածային բազմաթիվ կոտորածների հիմքի վրա գրեթե հայեցակարգային մակարդակով մշակված համապարփակ պետական-քաղաքական և աշխարհաքաղաքական ծրագրի իրականացման արտահայտություն: Այլ խոսքով, հեղինակը հայ պատմագրության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը քննում է թուրք էթնոսի գոյատևման կենսափիլիսոփայության համատեքստում, անում հետաքրքիր և ուսանելի հիմնավոր եզրակացություններ:
Մանրակրկիտ ու հանգամանալից անդրադառնալով հայ և արտասահմանցի բազմաթիվ հեղինակների (Ռ. Լեմկին, Հ. Ֆայն, Ռ. Հովհաննիսյան, Ֆ. Չոք, Ք. Յոհանսոն, Ֆ. Լիթլ, Իվ Թեռնոն, Ռ. Սմիթ, Ի. Հորովից, Վ. Տատրյան, Լ. Քումփր և շատ ուրիշներ)` հայ և այլ ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանություններին նվիրված աշխատություններին` Ռուբեն Սաֆրաստյանն ընթերցողի ուշադրությունն է հրավիրում մի քանի էական հանգամանքների վրա:
ԱՌԱՋԻՆ: Հեղինակը համոզիչ հիմնավորում է տալիս այն իրողությանը, որ եթե որևէ երկրում (կայսրությունում` առավել ևս) ապրող ազգային փոքրամասնությունը ենթարկվում է զանգվածային բռնությունների, կոտորածների կամ էլ ցեղասպանության, ապա նման բարբարոսական ոճրագործությունները բացարձակապես չեն կարող տեղի ունենալ ո՛չ «տարերայնորեն», ո՛չ էլ տարաբնույթ «կողմնակի» գործոնների ազդեցության տակ: Այդպիսի գործողությունների հիմքում ընկած է ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ հանգամանքը, և բացարձակապես անհնար է այդ գործողությունների իրականացումն առանց տվյալ պետության (կայսրության) կենտրոնական կամ տեղական իշխանությունների թողտվության, որքան էլ այդ ամենը տեղի ունենա գաղտնի կամ գերգաղտնի պայմաններում: Այլ կերպ ասած, նման պարագաներում, ի դեմս տվյալ ժամանակաշրջանի իշխանությունների, ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ կասկածի տակ դնելը, մեղմ ասած, անլուրջ զբաղմունք է, եթե չասենք, պարզապես անհեթեթություն: Մենագրության մեջ պետության դերի (state power) հայեցակարգային մակարդակով հանգամանալից պարզաբանումն ու կարևորումը, տողերիս հեղինակի կարծիքով, սույն աշխատության աչքի ընկնող արժանիքներից մեկն է:
ԵՐԿՐՈՐԴ: Ինչպես արդեն վերևում նշվել է, և՛ հայոց, և՛ այլ ազգերի ցեղասպանությունների մասին շատ է գրվել, առավել ևս, խոսվել: Միանգամայն հիմնավորված է գիտնականի նոր հայացքը, նոր մոտեցումը խնդրո առարկայի հանդեպ, երբ նա առաջարկում է ստեղծել, մշակել ցեղասպանության ծրագրի ծագումնաբանության առանձնահատկությունների ուսումնասիրության հայեցակարգ, որը գիտականորեն կհամակարգի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ և արտասահմանցի գիտնականների ասելիքը, ինչը հայության պայքարը կդարձնի է՛լ ավելի զորեղ, կանոնակարգված և առավել արդյունավետ:
Միանգամայն արդարացիորեն հեղինակն արձանագրում և բացահայտում է այն ակնհայտ իրողությունը, որ ցեղասպանությունն իր բնույթով, մասշտաբներով և հետևանքներով այնպիսի երևույթ է, որին առնչվող քաղաքական և իրավական խնդիրներ լուծելիս գիտությունն ու քաղաքականությունը չեն կարող առանձին-առանձին պայքարել նման չարիքի հետևանքների վերացման դեմ: Նա իրավացիորեն կարծում է, որ ցեղասպանության հարցում մենք` հայերս, վերջնարդյունքում հաջողություն կարձանագրենք, եթե ընդունենք, որ դեմագոգիայով ու բացահայտ կեղծիքներով պարուրված թուրքական իշխանությունների քաղաքականությանը կարելի է հակադրել ոչ թե առանձին գիտության և առանձին քաղաքականության հակադարձումները, այլ գիտական փաստարկների ուժը, համադրաբար` քաղաքական-դիվանագիտական միջոցները, որոնք փոխլրացնում են միմյանց:
ԵՐՐՈՐԴ: Աշխատության մեջ հեղինակը Հայոց ցեղասպանությանը վերաբերող հայրենական պատմագրության (նաև` ցեղասպանագիտության) մեջ ցուցաբերում է բոլորովին նոր մոտեցում, այն է` ցեղասպանության էությունը խորությամբ և ամբողջությամբ ըմբռնելու համար հարկավոր է մշակել նախացեղասպանության հայեցակարգ, որի նպատակն է ներկայացնել նախացեղասպանության և ցեղասպանության առնչությունները, ինչպես նաև զանգվածային կոտորածների, նախացեղասպանության և ցեղասպանության տարբերությունները, պետական քաղաքականության միջոցով դրանց միջև ապահովվող օրգանական-տրամաբանական կապն ու հաջորդականությունը: Վերը նշված երևույթների համոզիչ վերլուծությունն ու գիտական հիմնավորումները գրքում տրված են հենց Օսմանյան կայսրության օրինակի հիման վրա (մասնավորապես առանձնացվում են 1876 թ., 1915 թ. և 1920 թ. իրականացված ցեղասպանությունների ծրագրերի ծագումնաբանության գործընթացները):
Քննության առնելով Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ծագումնաբանությունը պետական գաղափարախոսության մակարդակի բարձրացրած հիմնահարցերի փունջը` հեղինակն անհերքելի փաստերով հիմնավորում է այն պատմական աներկբա իրողությունը, որ կոնկրետ Հայոց ցեղասպանության իրագործումը հենց այնպես, երիտթուրքերի քաղաքական-գաղափարախոսական իմպրովիզացիայի (նկատի ունենք, թեկուզ, 1908-ից մինչ 1915 թ. ընկած ժամանակահատվածը) արդյունք չէր, այլ նախորդ տասնամյակների (նախաթանզիմաթային և թանզիմաթի ժամանակները ներառյալ) աշխարհայացքային-գաղափարական կարծրացած ավանդույթների հետևողական շարունակությունը:
19-րդ դարի 50-ականների կեսերից մինչև 70-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածը, որը Թուրքիայի պատմության մեջ հայտնի է որպես թանզիմաթի երկրորդ փուլ, թուրք գործիչներ Մեհմեդ Էմին Ալի փաշան և Մեհմեդ Ֆուադ փաշան ոչ միայն կրկնեցին իրենց նախորդների (մասնավորապես Մուսթաֆա Ռեշիդ փաշայի, որը համարվում է «Թանզիմաթի հայրը», և այլոց) գաղափարները, այլև, զարգացնելով դրանք, առաջ քաշեցին հետևյալ թեզը. «Օսմանյան կայսրության բոլոր բնակիչները, անկախ իրենց ազգային ու կրոնական պատկանելությունից, պետք է հավատարիմ լինեն «միախառնման և միաձուլման» գաղափարախոսությանը»:
1867-ի մայիսին Ֆուադ փաշան այդ մասին պարզորոշ հայտարարեց Կոստանդնուպոլսում Ռուսաստանի դեսպան Ն. Պ. Իգնատևին, որն էլ թուրք գործչի հետ զրույցից հետո հաղորդեց Պետերբուրգ։ «Նա (այսինքն` Ֆուադը) պնդում է, որ կայսրության փրկությունը ՄԻԱՅՆ մահմեդական և քրիստոնյա ժողովուրդների ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՄԵՋ է, ոչ թե նրանց զուգահեռ համագործակցության մեջ,- գրում է Ռուբեն Սաֆրաստյանը:- Ավելին, «միաձուլման» անհրաժեշտության մասին թուրք գործիչները հայտնում էին ոչ միայն օտարերկրյա տերությունների ներկայացուցիչներին: Կյանքի վերջում իր գաղտնի քաղաքական կտակում Ֆուադը մեկ անգամ ևս զգուշացրեց սուլթանին. «Առանց միաձուլման իրականացման Օսմանյան կայսրության գոյությունն ինձ անհնար է թվում»:
Ինչպես տեսնում ենք, Հայոց ցեղասպանության արմատները գնում են ավելի հեռու, և թե՛ արյունարբու Աբդուլ Համիդը, թե՛ երիտթուրքերի գաղափարական և հոգևոր հայրերը վաղուց «հոգացել էին» Օսմանյան կայսրության գոյության փրկության մասին և իրենց հաջորդներին էին փոխանցել քրիստոնյա հպատակներից ազատվելու («միախառնում և միաձուլում») գաղափարախոսական-հայեցակարգային արյունոտ «դեղատոմսերը»։
Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանության առանձնահատկությունները վերլուծելիս գիտնականը քննարկման առարկա է դարձրել 19-րդ դարի 50-60-ական թվականներին հայ ազգի վերաբերմունքը (ի դեմս նոր ամրապնդվող հայ բուրժուազիայի և մտավորականության ներկայացուցիչների)` «արևմտանալու» ձգտում ցուցաբերող «Նոր օսմանցիներ» սահմանադրական շարժման գաղափարների նկատմամբ: Կարծում եմ, որ ընթերցողի համար հետաքրքիր կլինի իմանալ, թե ժամանակի հայ մամուլի ներկայացուցիչներն ինչպես են արձագանքել այդ ազատական շարժմանը:
«Թուրք սահմանադրականները և հայ ազատականները» բաժնում գրքի հեղինակը ցուցաբերել է շատ յուրօրինակ մոտեցում, որով և այս տասն էջը տարբերվում է մյուս բոլոր պարագրաֆներից: Այս պարագրաֆում նա հակիրճ և հստակ ներկայացրել է տվյալ ժամանակաշրջանի հայ մտավորականության (մեծ մասի) ոգեցունց արձագանքը սահմանադրականների («Նոր օսմանցիների») շարժման նկատմամբ` ընդսմին նրանց վարքագծին չտալով որևէ գնահատական: Ինչո՞ւ: Որովհետև այդ ժամանակների հայերի ցուցաբերած ցնծությունը «Նոր օսմանցիների» շարժման հանդեպ այնքան անկեղծ է, հուզախառն ու միամիտ, որ, իսկապես, գնահատականներ տալու կարիք չկա: Բերենք, թեկուզ, մի քանի օրինակ: «Մասիս» թերթը, որ ժամանակի ամենաազդեցիկ ազատական պարբերականն էր, իր էջերում գրում է. «…օսմանյան ազգն ունի բացարձակ վստահություն հայ ազգի նկատմամբ»: Նույն թերթի մեկ այլ համարում կարդում ենք. «Նոր օսմանցիները» վերջապես հասկացան, որ այն ժամանակները, երբ մուսուլմանները թույլ չէին տալիս քրիստոնյաներին կառավարել երկիրը, ԱՆՑԵԼ ԵՆ, և քրիստոնյաները պետք է ունենան հավասար ներկայացուցչություն Օսմանյան կայսրությունում»: «Մասիսում» կարդում ենք նաև հետևյալ տողերը. «Մեր բոլոր հույսերն ու բարության սպասումները մեր հարազատ երկրի համար կապված են միայն կայսերական կառավարության հետ»: Մեջբերումները կարելի է երկար շարունակել։ Այստեղ, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են, քանզի նմանատիպ մտքերի, վերաբերմունքի, սպասումների մենք հանդիպել ենք և՛ Աբդուլ Համիդ 2-րդի գահ բարձրանալու ժամանակ, և՛ երիտթուրքերի իշխանության գալու տարիներին, և, ինչու չէ, նման ռոմանտիկ պատկերացումներ թուրքերի մասին առկա են ոչ միայն ներկայիս որոշ քաղաքական և հասարակական գործիչների, այլև ժողովրդի միայն սպառողական հոգեբանություն ունեցող մի շերտի շրջանում: Նշենք հետաքրքրական ևս մի հանգամանք. ներկայիս թուրքական պետությունը որդեգրել է «նոր օսմանիզմի» գաղափարախոսությունը` «Հարևանների հետ զրո խնդիր» կարգախոսով, որի ընդգծված ջատագովն ու գլխավոր արտահայտիչը արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն է: Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ նման ենթատեքստ ունեցող և մտորումների տեղիք տվող ներկայիս Թուրքիայի արտաքին-քաղաքական ուղեգիծը կարող է լինել պատմական զուգադիպություն: Ես կարծում եմ, որ ներկայումս նման քաղաքականության իրականացումը ոչ թե պատմական պարզ զուգադիպություն է, այլ թուրքական քաղաքական վերնախավի կողմից Օսմանյան կայսրության ավանդական քաղաքական-դիվանագիտական մեթոդների նկատմամբ հավատարմության դրսևորում: Պատմական փորձը վկայում է, որ, երբ թուրք կառավարողները իբր ժամանակի պահանջները բավարարող նոր քաղաքական գաղափարախոսություն են որդեգրում (անշուշտ, իրենց պետական շահերից բխող), անկախ այն բանից, թե որքանով է այն առաջադիմական կամ ինչպիսի «կառուցողական» շղարշով է պատված, պետք է ենթադրել, որ այդ քաղաքականությունը պարունակում է և՛ ծուղակներ, և՛ ինտրիգներ:
Հիմք ընդունելով ժամանակակից ցեղասպանագիտության մեջ լայն տարածում գտած ցեղասպանությունների համեմատական հետազոտությունների մեթոդաբանությունը և խոր ուսումնասիրելով, մասնավորապես, 1876 թ. բուլղար ժողովրդի ապստամբության ճնշման հետ կապված իրադարձությունները (զանգվածային կոտորածներ և այլն), ինչպես նաև 1915 և 1920 թթ. Հայոց ցեղասպանությունների փաստաթղթերի ուսումնասիրությունները, Ռուբեն Սաֆրաստյանը ցեղասպանությունների նախապատրաստման ծրագրերում պետության դերի բացակայության հանգամանքը բացատրում է իր կողմից առաջարկվող նոր մեթոդի օգնությամբ, որն անվանում է ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ-ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ մեթոդ: «Այն իր մեջ ներառում է համեմատական, ինչպես նաև կոնկրետ տեքստերի հետազոտությունների տարրեր և հնարավորություն է տալիս լավագույնս քննության առնելու ամերիկացի հասարակագետ Սթիվեն Քացի նշած ցեղասպանության վերլուծության երեք հիմնական հարցերը` բնորոշում, փաստացի նյութ և մեկնաբանություն»,- գրում է մենագրության հեղինակը:
Այս մենագրության մեջ առկա հարուստ աղբյուրագիտական նյութերը պարունակում են նաև արդիականությունը չկորցրած փաստեր թե՛ մեր ժողովրդի, թե՛ պետական-քաղաքական գործիչների համար, որոնք անմիջականորեն վերաբերում են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման փորձերին: Կարծում եմ` ավելորդ չի լինի մենագրությունից որոշ մեջբերումներ կատարել, որոնք լրացուցիչ անգամ ապացուցում են, որ թուրքական իշխանությունները նաև արդի փուլում` 21-րդ դարի սկզբներին, իրենց քաղաքական-դիվանագիտական ձեռագիրը մտադիր չեն փոխել:
1920-ի նոյեմբերի 8-ին քեմալական Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ահմեդ Մուհթար բեյը ծածկագիր է ուղղում Արևելյան ռազմաճակատի հրամանատար Քյազըմ Քարաբեքիր փաշային:
«Կասկած չկա, որ Հայաստանի զինադադարի առաջարկն այս պահին, երբ նա մեկուսացված է և՛ արևմտյան, և՛ արևելյան աշխարհներից, նպատակ ունի խուսափել վրա հասնող աղետից: ՈՒժեղանալուն պես Հայաստանը, բնականաբար, կաշխատի իրականացնել Սևրի պայմանագրով իր վրա դրված Արևելքի հետ մեր կապը կտրելու պարտականությունը, ինչպես նաև հույների հետ համատեղ կխաթարի մեր կյանքն ու զարգացումը: Այդ պատճառով ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՈՒ ՆՅՈՒԹԱՊԵՍ ՄԵՋՏԵՂԻՑ ՎԵՐԱՑՎԻ: …Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, ԱՅԼ ՀԱՅԵՐԻՆ ՄՈԼՈՐԵՑՆԵԼՈՒՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՂԱՂԱՍԵՐ ԵՐԵՎԱԼՈՒՆ: …Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել ՔՈՂԱՐԿՎԱԾ ՈՒ ՓԱՓՈՒԿ ՁԵՎՈՎ, ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` ՀԱՅԵՐԻ ԱՉՔԵՐՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԽԱՂԱՂԱՍԵՐ ԵՐԵՎԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ»:
Աշխատությանը ծանոթանալուց հետո ընթերցողի մեջ կրկին ամրապնդվում է հետևյալ միտքը. քաղաքականությանն ու դիվանագիտությանը պետք է վերաբերվել մշտապես վերապահումներով, իսկ թուրքական քաղաքականությանն ու դիվանագիտությանը չպետք է վստահել ընդհանրապես:
Ականավոր գիտնական Ռուբեն Սաֆրաստյանի «Օսմանյան կայսրություն. ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը (1876-1920 թթ.)» բազմաթիվ կողմերով հաջողված աշխատությունը, ըստ իս, շոշափելի ներդրում է հայ պատմագիտության մեջ ընդհանրապես, իսկ ցեղասպանագիտության բնագավառում` մասնավորապես:
Սիրակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՀՊՃՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ

Դիտվել է՝ 1877

Մեկնաբանություններ