«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱԶԱՏԱԿԱՆ ՈՒՂԵ՞Ղ

ԱԶԱՏԱԿԱՆ ՈՒՂԵ՞Ղ
10.06.2011 | 00:00

Գիտականորեն հաստատվում է, որ ընդդիմադիր կողմնորոշում ունեցող մարդիկ (մեզանում` ՀԱԿ-ականները) հենց ուղեղով են էապես տարբերվում հասարակության մյուս մասից։ Թե ինչպես, կիմանաք` կարդալով ներքոշարադրյալը։
Վերջերս Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականներն արտասովոր հետազոտություն են անցկացրել. համեմատել են քաղաքական տարբեր հայացքներ դավանող մարդկանց ուղեղի կառուցվածքը և պարզել, որ ընդդիմադիրները, իրոք, մյուսներից էապես տարբերվում են ուղեղի մեծ կիսագնդերի կեղևի մի շարք հատվածներոով։ Հետազոտությունը հրապարակվել է «Current Biology» հանդեսում։
Ինչպես ապացուցել են գիտնականները, այն մարդիկ, ովքեր իրենց դասում են ազատականների շարքին, ունեն ուղեղի զարգացած առջևի շերտագոտի, իսկ ահա ավելի պահպանողական հայացքների հետևողները` մեծ նշաձև մարմիններ (նշակորիզներ)։
Փորձերի մասնակիցների ուղեղի տվյալ մասերում ի հայտ բերված տարբերությունները ոչ ոքի չզարմացրին անգամ... Բանն այն է, որ նշակորիզները, օրինակ, պատասխանատու են վախի զգացում ձևավորելու համար։ Հետազոտողների կարծիքով` լավ զարգացած նշաձև մարմինները պահպանողականներին օգնում են զգալու սպառնալիքը և ժամանակին հակազդելու վերահաս վտանգին։ Ի դեպ, ազատականները ևս ունեն իրենց ուժեղ կողմը։ Ինչպես համարում են աշխատանքի հեղինակները, «ազատամիտները» հմտորեն են գլուխ հանում հակասական տեղեկություններից։ Եվ դրանում նրանց օգնում է մեր կիսագնդերի կեղևի առջևի շերտագոտին։ «Նախկինում մարդու քաղաքական կողմնորոշման մասին կարելի էր դատել, ելնելով նրա բնավորության հոգեբանական գծերից։ Իսկ հիմա մենք պարզել ենք, թե ինչպես է ուղեղի կառուցվածքը բնորոշում այդ կողմնորոշումը։ Դա ազատականների ու պահպանողականների կենսաբանական տարբերությունների առաջին նեյրոգիտական ապացույցն է»,- պատմում է այդ հետազոտության ղեկավար Ռիոտա Քանայը։
ՄԱՐԴՈՒ ԳԼԽՈՒՂԵՂԻ ՍԽԵՄԱՏԻԿ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Գիտնականներն ասում են, թե իրենց աշխատանքում օգտագործվել են նախորդ հետազոտությունների տվյալները։ Այսպես, օրինակ, առաջ ցույց էր տրվել, թե պահպանողականներն ավելի զգայուն են սպառնալիքների նկատմամբ և հակված են ապրումների և անհանգստության։ Իսկ ահա ազատականները, ընդհակառակը, անվեհերություն են դրսևորում և միշտ ծարավի են նոր իրադարձությունների և զգացողությունների։ Քանայի խումբը, հենվելով հոգեբանների ուսումնասիրությունների արդյունքների վրա, հանգել է այն ենթադրությանը, որ ընդդիմախոսների հոգետիպերում նման տարբերությունները կարելի էր բացատրել ուղեղի կառուցվածքի առանձնահատկություններով։
Հետազոտողների կարծիքով` գլխուղեղի կառուցվածքներում նման բացահայտ տարբերությունները հազիվ թե բնածին երևույթներ լինեին և դրանք, ավելի շատ, ձևավորվել են կյանքի ընթացքում։ «Մարդը հակված է փոխելու իր հայացքները կյանքի ընթացքում։ Այնպես որ, ուղեղի որոշակի կառուցվածքները կարող էին զարգանալ բավականին երկար ժամանակում»,- բացատրում է Քանայը։
Գիտնականները կարծում են, որ գլխուղեղի կառուցվածքի տարբերություններով կարելի է բացատրել նաև որոշ մարդկանց շրջանում քաղաքականության նկատմամբ հետաքրքրության իսպառ բացակայությունը, ինչպես նաև այն, թե ինչու են ոմանք սիրում օգտագործել Windows գործառական համակարգը, իսկ մյուսները` Macintosh-ը։ Միևնույն ժամանակ, Քանայն առայժմ չի համարձակվում չափազանց բարձրագոչ հետևություններ անել։ «Քիչ հավանական է, որ քաղաքական կողմնորոշումը հստակորեն ծածկագրված և «նստած» լինի գլխուղեղի հատվածներում։ Այդ հատվածները սոսկ այս կամ այն խմբի մարդկանց որոշ հատկանիշներն են սահմանում»,- ամփոփում է գիտնականը։ Այսպիսով, հիշենք, որ հակադիր քաղաքական հայացքների տեր մարդիկ ունեն ուղեղի կառուցվածքի էական տարբերություններ. օրինակ, ազատականների մոտ լավ զարգացած է ուղեղի մեծ կիսագնդերի կեղևի առջևի շերտագոտին, իսկ պահպանողականներն էլ իրենց հակառակորդներին բացահայտորեն գերազանցում են ուղեղի նշակորիզների չափսերով։
ԻՍԿ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵՆՔ, ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, «ԽԵԼՔԻ ԳԵՆԵՐԻ»` ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՀԵՏ
Մարդու մտավոր կարողությունները, ճիշտ այնպես, ինչպես հոգեկան մի շարք հիվանդությունների առաջացումը, կախված են գլխուղեղի նյարդաբջիջների ցանցի արդյունավետ աշխատանքից, ինչն ուղղակիորեն պայմանավորված է գենետիկ գործոններով, հայտարարում են ավստրալացի գիտնականները։ Հետազոտողների կարծիքով, հետագա ուսումնասիրությունները, հնարավոր է, կօգնեն ի հայտ բերելու առանձին գեներ, որոնք որոշում են մարդու մտավոր կարողությունները, ինչպես նաև հակումը մի շարք հոգեկան և նյարդային ախտերի նկատմամբ, ինչպիսիք են շիզոֆրենիան և Ալցհեյմերի հիվանդությունը։
Մելբուռնի համալսարանի նյարդահոգեբանական կենտրոնի պրոֆեսոր Ալեքս Ֆորնիտոյի ղեկավարությամբ` գիտնականների աշխատանքն առաջին անգամ ցույց տվեց կապը գենետիկ գործոնների և մարդու մտավոր ընդունակությունների միջև։ Գիտնականները հայտարարում են, որ իրենց աշխատանքի արդյունքները կօգնեն հասկանալու, թե ինչպես ոմանք առաջադրված խնդիրներից ավելի լավ ու ավելի արագ են գլուխ հանում, քան ուրիշները, ինչպես նաև ի հայտ բերելու հակումը մի շարք հոգեկան հիվանդությունների նկատմամբ։ Հետազոտությունների նախորդ աշխատանքը ցույց էր տվել, որ այն մարդիկ, ովքեր ունեն գլխուղեղի «նյարդաբջիջների արդյունավետորեն աշխատող ցանցեր», մտավոր բարձր ընդունակություններ են դրսևորում։ Ֆորնիտոյի խոսքերով` «ուղեղը տրիլիոն նյարդաթելերով շաղկապված միլիարդավոր նյարդաբջիջների մի չափազանց բարդ ցանց է»։
«Նեյրոնների միջև արդյունավետ հաղորդակցությունն է որոշում մտավոր ունակության մակարդակը։ Որքան շատ են կապերը նյարդաբջիջների միջև, այնքան արագ են անցնում ազդանշանները և այնքան արդյունավետ են գլխուղեղի տարբեր մասերը «շփվում» իրար հետ։ Մյուս կողմից, մեծ քանակությամբ նման կապերը էներգիայի մեծ սպառում են պահանջում, և ամեն օրգանիզմ չէ, որ կարող է իրեն այդպիսի հսկայական ծախսումներ թույլ տալ»,- ասել է Ֆորնիտոն։ Արդեն երկար տարիներ է, ինչ գիտնականները ջանում են գլուխ հանել մարդու գլխուղեղի նեյրոնային ցանցի աշխատանքի կազմակերպման սկզբունքներից։ Հիմնական խնդիրն այն է, որ «կենդանի մարդկանց ուղեղի նեյտրոնների կապի քարտեզ կազմելը շատ դժվար բան է»։ Սակայն ուղեղի աշխատանքի կազմակերպման գործում գենետիկ գործոնի դերը գնահատել կարելի է, օրինակ, օգտագործելով երկվորյակների մեթոդը։ Երկվորյակները «անզուգական գենետիկ օբյեկտ են գիտնականների համար»։ Այսպես, միաձվային երկվորյակներն ունեն գեների նույնական հավաքանի, իսկ երկձվային երկվորյակները տարբերվում են։ Միաձվային և երկձվային երկվորյակների գենետիկ տարբերությունների համադրումը թույլ է տալիս դատել այն ավանդի մասին, որ ժառանգականությունն ու միջավայրն ունեն մարդու օրգանիզմի հատկանիշների ձևավորման գործում։
Իրենց աշխատանքում գիտնականները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի եղանակով վերլուծել են 38 նույնական և 26 ոչ նույնական երկվորյակների գլխուղեղի կառուցվածքը։ Գիտափորձի ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչ կերպ են կազմակերպված նյարդաբջիջների ցանցերն ինչպես ամբողջ ուղեղի, այնպես էլ նրա առանձին մասերի համար։ Արդյունքում հայտնաբերվել է, որ երկձվային երկվորյակների մոտ նկատվել են հենց նեյրոնների ցանցի կազմակերպման զգալի տարբերություններ։
Հետաքրքիր է, որ գլխուղեղի կեղևի ճակատամասում տարբերությունները խիստ բացահայտ են եղել։ Երկվորյակների մոտ նեյրոնների ցանցի կազմակերպման տարբերությունները մատնանշում են այն, որ գենետիկ բաղադրիչը քիչ դեր չի խաղում մարդու մտավոր կարողությունների որոշման գործում։ «Գլխուղեղի այդ մասն է հենց պատասխանատու այնպիսի բաների համար, ինչպիսիք են ռազմավարական մտածողությունը, պլանավորումն ու հիշողությունը։ Այդ ամենից բացի, այդ մասը խիստ փոփոխված է նաև շիզոֆրենիայի դեպքում»,- բացատրում է Ֆորնիտոն։
Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1864

Մեկնաբանություններ