«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԴԱ ՎԻԹԽԱՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՈՒԺ Է

ԴԱ ՎԻԹԽԱՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՈՒԺ Է
07.06.2011 | 00:00

Տարբեր պատճառներով տարբեր պետություններից բնակչության արտահոսքի հետևանքով աշխարհի շատ երկրներում ձևավորվել է բազմազգ սփյուռք։ Ժամանակի ընթացքում ինքնահաստատվելով, սփյուռքյան այդ տարազգի գաղթօջախներն սկսում են ավելի ու ավելի նշանակալի քաղաքական և տնտեսական դեր խաղալ միջազգային հարաբերություններում։ Սփյուռքի կազմակերպությունները հանդես են գալիս որպես քաղաքական միջնորդներ և ինքնուրույն ազդեցիկ միավորումներ` առաջնային ռազմավարական ծրագրերի իրականացման գործում։ Ի դեպ, սփյուռքի դերը միջազգային հարաբերություններում նշվում է ԿՀՎ-ի մշակած «Համընդհանուր միտումները մինչև 2015 թիվը» փաստաթղթում։ Սփյուռքը դադարում է արևմտյան տերությունների հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքի «կցորդը» լինելուց և վերածվում է քաղաքականության կարևոր գործիքի։ Այն բավականին արագ է հարմարվում տվյալ երկրի քաղաքական և սոցիալական պայմաններին, իսկ այդ պետությունները պատասխան քայլ են անում` «կանաչ լույս» վառելով սփյուռքի կազմակերպությունների գործունեության ճանապարհին։ Հաճախ սփյուռքի բազմամիլիոնանոց գաղթօջախները, երկար տասնամյակներ հաստատվելով խոշոր երկրներում, այդպես էլ չեն կարողանում լուրջ ուժ դառնալ քաղաքականության մեջ, անգամ եթե տնտեսության մեջ որոշակի հաջողությունների են հասած լինում։ Միևնույն ժամանակ, համեմատաբար փոքրաթիվ ազգային համայնքները տվյալ պետությունների և միջազգային կազմակերպությունների քաղաքականության վրա ազդեցություն գործելու ընդունակություն են դրսևորում։ Դասական օրինակ է լիբանանյան բազմազգ սփյուռքը, որը, չնայած բաղկացած է կրոնական տարբեր համայնքներից, սակայն հսկայական ազդեցություն է գործում ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Վատիկանի, Արևմտյան Աֆրիկայի պետությունների վրա և շարունակում է մեծացնել ազդեցությունը Արևմտյան աշխարհում, իր ներկայությունը զգացնելով նաև Ռուսաստանում։
Վերջին տարիներին Ռուսաստանը, հասկանալով հայկական սփյուռքի տեղն ու դերը Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի քաղաքական գործընթացներում, աշխատում է ազեցություն ունենալ հայկական հասարակական և քաղաքական կազմակերպությունների վրա։ Անգամ Մոսկվայում հայկական սփյուռքի քաղաքական կենտրոն ստեղծելու մտահղացում կա, ինչը հազիվ թե հնարավոր լինի, հաշվի առնելով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ծանրակշիռ ազդեցությունը սփյուռքի կազմակերպությունների վրա։ Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ հայկական հասարակական-քաղաքական միջավայրում առաջ է քաշում հեղինակավոր դիրք ունեցող անձանց, որոնք, ասես պատվերով, վարձու, թերուս արկածախնդիրներ են և ունեն միայն մեկ ռեսուրս` փողը (և այն էլ հարց է` կա՞ն, արդյոք, այդ լուրջ փողերը)։ Մոսկվայում չեն կարող չհասկանալ, որ այդ ջանքերն անխուսափելիորեն ձախողվելու են, բայց, երևի, այդ սադրանքների իմաստը հայկական քաղաքականության մի այնպիսի կարևոր և իրական պաշարի ազդեցության խարխլումն է, ինչպիսին սփյուռքն է։ Դրա հետ մեկտեղ, հենց Մոսկվայում կան քաղաքական և տնտեսական լուրջ շրջանակներ, որոնք հասկանում են հայկական սփյուռքի կազմակերպությունների հետ հարաբերությունների կառուցման գործում այլ մոտեցումների անհրաժեշտությունը։
Հայկական սփյուռքի հնարավորությունները հետաքրքրում են նաև եվրոպական պետություններին` ներառյալ տարբեր ազդեցիկ կառույցների բյուրոկրատական վերնախավը։ Այդ հետաքրքրությունը որոշակի չափով պայմանավորված է հայկական սփյուռքի կազմակերպությունների ու անհատ անձանց նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի փոփոխմամբ։ Եվրոպացիներն ու ամերիկացիները լիովին կանխանշել են Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախների դերը քրիստոնեական համայնքների հետ իրենց հեռահար ծրագրերում։ Հայկական ծագում ունեցող գործիչներն ավելի ու ավելի հաճախ են ներգրավվում ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Արևելյան Եվրոպայի առնչությամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար պետությունների քաղաքականության մշակման ծրագրերում։ Ըստ այդմ, հայկական սփյուռքին այժմ միանգամայն նոր միջազգային դեր է վերապահվում։ ԱՄՆ-ում ու Եվրոպայում հայկական համայնքների հնարավորություններն օգտագործելու հարցում սեփական շահերն ունեն այնպիսի պետություններ, ինչպիսիք են Սիրիան, Իրանը, Թուրքիան։ Դեռևս զգուշավորությամբ, բայց ԱՄՆ-ի հայ համայնքի հետ հնարավոր համագործակցության հարցում մեծ հետաքրքրություն է հանդես բերում Վրաստանը։
Ամենևին չնսեմացնելով և չքննադատելով ԱՄՆ-ում ու Եվրոպայում հայկական կազմակերպությունների աշխատանքը, որը միտված է ազգային շահերի պաշտպանությանը, անհրաժեշտ է նշել, որ հայկական սփյուռքը բավականաչափ բազմազան է, ներառում է տարբեր երկրներ ներկայացնող մարդկանց, որոնք ունեն կրթության տարբեր մակարդակ, քաղաքական տարբեր կողմնորոշում և հարում են տարբեր գաղափարախոսությունների։ Հայկական սփյուռքը բաղկացած է ավելի քան 6 մլն մարդուց, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը 3,2 մլն է, իսկ ԼՂՀ-ինը` 150 հազար։ Վեցմիլիոնանոց սփյուռքը կազմակերպական ներկա մակարդակով չի կարող բավարար արդյունավետությամբ կառավարվել։ Դրանով են բացատրվում ոչ միայն նրա թերությունները, այլև տարբեր գաղթօջախների միջև առկա որոշակի անհամաձայնեցվածությունը։ Բայց, այսպես թե այնպես, անհրաժեշտ է քննության առնել «արցախահայ սփյուռքի» (տարօրինակ բառակապակցություն ստացվեց) կազմակերպման հեռանկարը, ինչը կարող է հետաքրքիր արդյունքների հանգեցնել։ Ներկայումս Արցախից գաղթածները «կորչում» են սփյուռքի ընդհանուր զանգվածում, ինքնակազմակերպման փորձ չունեն, արցախահայերի որևէ կազմակերպություն չկա նույնիսկ այնպիսի սակավախնդիր պետություններում, ինչպիսիք են Ռուսաստանը, ՈՒկրաինան, Իրանը։
Արցախյան ծագում ունեցող սփյուռքահայերի թիվը մեկ միլիոնից ավելի է։ Արցախից, ինչպես նաև Գանձակից ու նրա մերձակա շրջաններից արտագաղթած հայերը Հայաստանի Հանրապետությունում 270 հազար են, Վրաստանում` 25 հազար, Թուրքմենստանում բնակվող 32 հազար հայերի մինչև 90 տոկոսը, ՈՒզբեկստանի 26 հազ. հայերի մինչև 70 տոկոսը, Տաջիկստանի գրեթե ամբողջ հայ համայնքը։ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում (Ռուսաստան) ապրում է Արցախից և Գանձակից գաղթած առնվազն 120 հազ. հայ, ինչը կազմում է այդ շրջաններում ապրող հայերի 15 տոկոսը։ Կարելի է բավականին ստույգ նշել ՈՒկրաինայում ապրող արցախահայերի թիվը. այդ երկրում ապրող 100 հազ. հայերից 14560-ը։ Մոսկվայում և Մոսկվայի մարզում ապրում է 90-110 հազ. արցախահայ։ Ռուսաստանում ապրող հայերի ընդհանուր թվում արցախյան արմատներ ունի առնվազն 300 հազարը։ Հարկ է հիշեցնել, որ շատ իրանահայեր ունեն արցախյան ծագում (իրանահայերի առնվազն մեկ երրորդը)։ Բաքվի հայերի արտաքսումից հետո նրանցից շատերն անցան ԱՄՆ` բնակություն հաստատելով Նյու Ջերսիի, Վաշինգտոնի, Կալիֆոռնիայի, Հյուսիսային Կարոլինայի նահանգներում (առնվազն 29700 մարդ)։ Հազիվ թե կարելի է կարծել, թե այդ մարդիկ արագ կհարմարվեն իրենց բնակության նոր վայրերին։ Բայց կասկած չկա, որ նրանք աշխուժորեն հետաքրքրվում են նախնիների և իրենց հայրենիքի բախտով։ Դա է վկայում Արցախի և Բաքվի հայերի հետաքրքրությունը համացանցի այն վեբ-կայքերի նկատմամբ, որոնք նվիրված են ազգային խնդիրներին։ Օրինակ, Ստեփանակերտի «Արցախական աշխարհ» կայքն այդ մարդկանց համար բառացիորեն պատուհան է դարձել դեպի Արցախ։ Ֆրանսիացի մի փորձագետի կարծիքով` արցախյան ծագում ունեցող շուրջ 1000 սփյուռքահայեր մասնակցում են համացանցային ֆորումներին։ Շատ վայրերում նյութապես անապահով մարդիկ աշխատում են որոշ կազմակերպվածություն ցուցաբերել, անհարմարություն են զգում այն բանից, որ առայժմ ի վիճակի չեն օգնելու իրենց հայրենիքին, իրենց զավակներին հաղորդակցելու հայ մշակույթին և արցախյան ավանդույթներին։ Նրանք դժգոհում են որոշ վայ-հայրենասերների արկածախնդրական գործունեությունից, «հայրենասերներ», որոնք ինքնագլուխ տիրացել են հայ համայնքներում հասարակական գործունեության մենաշնորհային իրավունքին։
Ավելորդ չէ նշել, որ, օրինակ, եվրոպական և ամերիկյան ալբանական սփյուռքի կազմակերպությունների գոյության պայմաններում, Կոսովոյից գաղթած ալբանացիներն ստեղծել են ինքնուրույն գործող իրենց կազմակերպությունները։ Նույնը նկատվում է կիպրոսցի հույների շրջանում, որոնք նախընտրում են ինքնուրույն լոբբիստական գործունեություն ծավալել ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։ Անգամ մերձսևծովյան թուրքերը, որոնք ունեն ընդգծված ազգային առանձնահատկություններ, նույնպես նախընտրում են ունենալ իրենց կազմակերպությունները Գերմանիայում, Ավստրիայում և Հոլանդիայում։ Ռուսաստանում կարելի է նշել մեգրելների և գուրերի, Գանձակից, Շաքիից, Աղդամից, Նախիջևանից եկած ադրբեջանցիների մեկուսի հայրենակցական կազմակերպությունները և այլն։ Կան պատմական հայրենիքի շահերի հետ կապված ընդհանուր, ռազմավարական խնդիրներ, բայց կան նաև տեղային խնդիրներ, որոնք հեշտ է ավելի նեղ շրջանակում լուծել։ Բացի այդ, գաղտնիք չէ, որ Արցախի ու Գանձակի հայերն ունեն մշակութային և կենցաղային առանձնահատկություններ, կա բարբառային ինքնատիպություն։ Այս ամենը հայ ազգի հսկայական հնարավորությունն է, որը պետք է գուրգուրանքով պահպանել։
Արցախահայերի հասարակական կազմակերպությունները, իհարկե, չպետք է մեկուսանան ընդհանուր սփյուռքից, բայց դրանք կարող էին շատ ավելի մեծ դեր խաղալ պատմական հայրենիքին աջակցության և նրա շահերի պաշտպանության գործում։ Արցախից հեռացած հայերը, որտեղ էլ ապրելիս լինեն, աչքի են ընկնում նպատակասլացությամբ, ազնվությամբ, կարգապահությամբ, հասարակական գործերին անձնական մասնակցության պատրաստակամությամբ։ Ռուսաստանի արցախահայ սփյուռքում շատ չեն ունևոր մարդիկ, փոխարենը բավականին շատ են հասարակության և պետության մեջ լավ դիրք ունեցողները։ Օրինակ, առանձին դիտարկումների համաձայն, միայն Մոսկվայում կան արցախյան արմատներ ունեցող գիտության առնվազն 120 դոկտոր և 300 թեկնածու, ավելի քան 550 բժիշկ և 600 իրավաբան։ Մի քանիսը կարևոր դիրքեր են զբաղեցնում խոշոր ընկերություններում ու բանկերում, պետական հիմնարկներում։ Քիչ չեն միջազգային իրավունքի, ինֆորմատիկայի, ֆիզիկայի ու մաթեմատիկայի, ֆինանսական ու բանկային գործի մասնագետները, վիրաբույժները, ճարտարապետներն ու շինարարները, զինվորականները։ Դա փոքր զորություն չէ, և այն առայժմ գործի չի դրվել։ Երկքաղաքացիության մասին ԼՂՀ կառավարության նախաձեռնությունը, արցախահայության համախմբման տեսանկյունից, ժամանակին արված կարևորագույն քայլ է։ Դա վիթխարի տեղեկատվական-քարոզչական ուժ է։ Հետաքրքիր կլիներ սփյուռքում ստեղծել արցախյան ծագում ունեցող իրավաբանների, տնտեսագետների, արդյունաբերողների, առևտրականների, բժիշկների, մանկավարժների միջազգային միավորումներ։ Սակայն հարկավոր է Ռուսաստանում, ԱՄՆ-ում ու Եվրոպայում առայժմ ստեղծել գոնե մեկական համայնքային ընդհանրական կենտրոն կամ ակումբ, ինչը շատ լավ արդյունքներ կտա։ Պետք չէ ի դեմս արտասահմանում բնակվող հայրենակիցների սոսկ ֆինանսավորող հովանավորների տեսնել, նրանց դերը պետք է նշանակալի լինի նաև քաղաքական խնդիրներ լուծելիս։ Արտաքին ներդրումների ու քաղաքական խնդիրները փոխկապակցված են և լուծվում են համատեղ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ


Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ