«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԼԿՏԻ ՍՈՒՏ Է»

«ԼԿՏԻ ՍՈՒՏ Է»
30.03.2010 | 00:00

Երեկ Ռոբերտ Քոչարյանն իր գրասենյակով ու դրա պատասխանատուով էր փորձում հերթական անգամ «ջրից չոր դուրս գալ» ու «զավզակողներին» իր «պատմական փաստերով» լուսավորել: «ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցային գործընթացը դադարել է գոյություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելուց դեռ մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին սկսած 1990-ից` Մինսկի գործընթացին զուգահեռ: Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցել է և՛ Այազ Մութալիբովի, և՛ Աբուլֆազ Էլչիբեյի, և՛ Հեյդար Ալիևի հետ: Ավելին, միևնույն ժամանակ հաճախակի հանդիպումներ էին կազմակերպվում երկու նախագահների ներկայացուցիչների` Ժ. Լիպարիտյանի և Վ. Գուլուզադեի միջև (1995-1996թթ. տեղի է ունեցել 11 այդպիսի հանդիպում): Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները շարունակվել են նաև Ռոբերտ Քոչարյանի ընտրվելուց հետո, խնդրո առարկա հարցի համատեքստում այն կարևոր տարբերությամբ, որ ՀՀ նոր նախագահի պահանջով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարտադիր կերպով (չհաշված եզակի բացառությունները) այցելում էին ԼՂՀ և բանակցում պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ »,- այսպիսի մեկնաբանություն է արել Քոչարյանի գրասենյակը:
«Լկտի սուտ է»,- Քոչարյանի «հանրահայտ փաստերին» հակիրճ հակադարձեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` հավելելով, որ նա խեղաթյուրել է պատմությունը 1991-ից սկսած:
Հայաստանը միջազգային կառույցներում ժամանակին ներկայացրած լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ փաստեց, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է պատմությունը շարադրել հօգուտ իրեն: «98-ին Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալու նպատակներից մեկն էլ այն էր, որ նա միաժամանակ պետք է ներկայացներ Ղարաբաղի տեսակետը: Սա միջազգային հանրությանը և Մինսկի խմբին շահեկան էր, այդ իսկ պատճառով նրանք 98-ի խայտառակ ընտրությունը հանդուրժեցին: Այնպես որ, Քոչարյանը փաստերը խեղաթյուրում է, պատմական բեռը փորձում է իր վրայից գցել և բանակցություններից Ղարաբաղը դուրս մղելու մեղքը բարդել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա: Մի բան, որն անընդունելի է և գեղեցիկ չէ»:
Իր հերթին անհեթեթություն որակելով հայտարարության ողջ բովանդակությունը` ՀԱԿ-ի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանն «Իրավունքը de facto»-ին փոխանցեց, որ այն «արժանի չէ» լուրջ մեկնաբանության: «Նույնիսկ Մինսկի խմբի համանախագահներն են մի քանի տարի առաջ արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը բանակցություններից դուրս թողել: Մինչ 98-ը բոլոր առաջարկությունները, որոնք ներկայացնում էր Մինսկի խումբը, ոչ միայն քննարկվում էին Լեռնային Ղարաբաղի հետ, այլև Արցախն ուներ վետոյի իրավունք:
Եթե ԼՂՀ-ն մերժում էր որևէ առաջարկ, այն անմիջապես դուրս էր մնում բանակցություններից, այնպես, ինչպես Հայաստանի և Ադրբեջանի պարագայում: Իսկ Քոչարյանի ժամանակ բանակցությունները վերածվել էին Քոչարյան-Ալիև անպտուղ հանդիպումների: Ավելին, Հայաստանը ներկայացվեց որպես մի երկիր, որը, իբր, Ադրբեջանից հող է պոկել»։
Իսկ իշխանության կորիզը կազմող հանրապետականնե՞րն ինչ են մտածում Քոչարյանի պատմական «էքսկուրսի» առնչությամբ: «Մեր խնդիրը ոչ թե երկրորդ և երրորդ նախագահների գործունեության մեջ հակասություններ փնտրելն է, այլ հակամարտության կարգավորման արդյունավետ ուղիներ գտնելը: Բանակցային յուրաքանչյուր փուլ ունի իր մարտավարությունը, այդ իսկ պատճառով պետք չէ հետ նայել, այլ առաջ` նախագահ Սարգսյանի գլխավորությամբ համախմբելով ուժերը»:
Եվ վերջում։ Նախկին նախագահի «պատմություն խեղաթյուրելու» փաստի առնչությամբ Հայաստանի արտգործնախարարությունը «ոչ մի մեկնաբանություն չունի»։ Այսպես մեր հարցադրմանը պատասխանեցին ԱԳՆ-ից:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1466

Մեկնաբանություններ