Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Օ՜, ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Օ՜, ԲԱՐՔԵՐ»

«Օ՜, ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Օ՜, ԲԱՐՔԵՐ»
21.02.2012 | 00:00

Երկու հազարամյակ անց մեծն Ցիցերոնը կզարմանար, որ իր թևավոր խոսքը չի կորցրել հնչեղությունը: Այո՛, հանճարեղ Պյութագորասն ու Պուշկինն էլ կզարմանային, որ հայոց աշխարհում հաճախ անտեսվում են իրենց հայրենաշունչ մտքերը, որոնք առավել քան արդիական են մեր ժողովրդի համար: «Հայրենիքից հեռու գտնվելիս մի՛ վատաբանիր հայրենիքդ, եթե դա նույնիսկ ճիշտ է» (Պյութագորաս), առավել ևս` եթե հայրենիքում ես և այն բազմակողմանի վտանգի մեջ է: «Ես ոտից գլուխ արհամարհում եմ իմ հայրենիքը, բայց եթե դրան համաձայնում են օտարները, վրդովմունքով եմ լցվում» (Ա. Պուշկին):
Իսկ մեր օրերում ինչպե՜ս են արտահայտվում որոշ քաղաքական գործիչներ, պատմաբաններ: Կոմունիստ քաղաքական գործիչը «Հ1»-ով հայտարարում է. «Ես չեմ կարող համագործակցել «Առաջադիմական» կոմկուսի առաջնորդի հետ, որովհետև նա իրեն, նախ, հայ է համարում, ապա միայն կոմունիստ»: Այսպես կոչված, ինտերնացիոնալ, կուսակցամոլագար այս գաղափարն արդյունք է կոմունիստական 70-ամյա միջնադարյան ինկվիզիցիայի: Այո՛, հայ բոլշևիկները մոռացության էին մատնել իրենց կենսաբանական` ցեղային ծագումը, և ստրկամտորեն ծառայում էին համաշխարհային ճիվաղներ Լենինին ու Ստալինին, իսկ հարևան քոչվորները, հնարավոր և անհնար եղանակներով, ի հաշիվ մեր հայրենիքի` Արցախի, Նախիջևանի, Ջավախքի, Կարսի ու Արևմտյան Հայաստանի, իրենց չեղած պետականությունն էին կերտում: Եվ եթե չորոտային Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, սյունյաց նժդեհյան դյուցազնական հերոսամարտերը, այսօր պարզապես հայրենիք չէինք ունենա: Այո՛, լենինյան մոլագարների դավերի արդյունքում (Բրեստ-Լիտովսկ, մարտի 3, 1918 թ., Մոսկվա, մարտի 16, 1921 թ., Կարս, հոկտեմբեր 13, 1921 թ.) ունեցանք այն, ինչ ունենք` թշնամիներով շրջափակված քաղաքական, տնտեսական, մշակութային մի անկլավ, փոքրիկ, քարքարոտ, աղքատ հայրենիք, որի համար էլ այսօր արյուն ենք թափում, զոհվում, միլիոններով արտագաղթում, և հայտնի էլ չէ, թե վերջն ինչ է լինելու:
Սակայն ցավալի է, որ նեոբոլշևիկները, ամենևին պատասխանատվություն չզգալով իրենց արած-չարածի համար, այսօր էլ փորձում են հայ ժողովրդին, մեր հայրենիքին պատուհասած աղետների մեղքը բարդել նրանց վրա, ովքեր դժոխային պայմաններում հերոսական պայքար էին մղում դրանք կանխելու համար:
Հեռուստաալիքներից մեկը պատմաբանի հոբելյանին նվիրված հաղորդում էր հեռարձակում: Հոբելյարը իր խոսքում հնչեցնում է պապի երեք պատգամները. և, ո՜վ զարմանք, հարգելի պատմաբանի պապի երեք պատգամներից մեկը հետևյալն էր` «օսմանցին չէ ցեղասպանություն կատարողը, գտեք ձեր ցեղասպանին». եթե օսմանցին չէ ցեղասպանը, հապա ո՞վ է, լեզուս չի բռնում ենթադրություն անելու, քանզի չարամիտ է ենթատեքստը: Թերևս պապը թյուրիմացության մեջ է եղել: Բայց այդ դեպքում հարգելի պատմաբանն ինչո՞ւ է թյուրիմացությունը ներկայացնում հանրությանը, իհարկե, նաև մեր թշնամիներին:
Այո, առանց այն էլ մի փառքի մեջ չենք` թշնամական շրջափակում, գործազրկություն, աղքատություն, աղետալի արտագաղթ, չավարտված պատերազմ, ոխերիմ թշնամիների ու ոխերիմ բարեկամների զրպարտանք, կեղծիք, խարդավանք, չարամիտ ծաղր ու ատելություն և հանկարծ...
Պատվարժան գրող, պատմաբան, հրապարակախոս Խաչատուր Դադայանը որոշել է գիրք գրել մեր ժողովրդի հոռի կողմերի մասին, հայտարարելով` «հերիք է գլուխներս գովենք, մի քիչ էլ խոսենք մեր թերություններից»։ Եվ հարգելի
պատմաբանը հայ ազգի հավաքական հատկանիշ է համարում երախտամոռությունը` որպես ակնհայտ իրողություն ներկայացնելով ոմն արքեպիսկոպոսի` Գաբրիել Այվազովսկու անհիմն, անարդարացի դատողությունը` «հայերը ձի հեծնան, Աստծուն կմոռնան, ձիեն կիջնան, ձիուն կմոռնան». երևի հարգելի գրողը այդ, մեղմ ասած, անընդունելի արտահայտությունը կդարձնի իր գրքի բնաբա՞նը:
Հարգելի Դադայան, հորդորում ենք Ձեզ գոնե առայժմ չգրել այդպիսի գիրք և ահա թե ինչու:
Հասկանալի է, եթե արքեպիսկոպոսը բարեհաճում է ասել` հայերը, ուրեմն նշանակում է ընդհանրապես հայ ժողովուրդը, հակառակ պարագայում կարելի էր ասել` հայ մեծահարուստները, աղաները, հոգևորականները և այլն:
Երախտամոռության ատելի արատը վերագրել մեր ժողովրդին պարզապես անարդարացի է: Մի՞թե կարելի է այդպես անվանարկել հայ ազգը, երբ աշխարհի բոլոր ծագերում խոսում են հայ մարդու ազնվության, անսահման նվիրվածության, հավատարմության, երախտագիտության, զարմանալի ներողամտության մասին, բացառիկ հատկանիշներ, որոնք անկեղծորեն գնահատվել են բազմաթիվ օտարազգի մեծերի կողմից: Փաստերը տասնյակ էջեր կլրացնեն:
Ներկայացնեմ օտարազգի հանճարներից միայն մի քանիսի ազնիվ գնահատականները, որոնք ուղղակի հպարտության զգացում են արթնացնում:
Իմանուիլ Կանտը, խոսելով հայերի մասին, փաստում է այդ «բանիմաց և աշխատասեր ժողովրդի հատուկ ծագման մասին», որը «հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևմուտք ուղղությամբ անցնում է ողջ հին աշխարհը և կարողանում գրկաբաց ընդունելություն գտնել այդ բոլոր ժողովուրդների կողմից, որոնց մոտ լինում է»:
«Հայերն աչքի են ընկնում իրենց ազնվությամբ» (Դ. Հյում):
«Արևելքի հետ ունեցած հաճախակի հարաբերություններն ինձ ներշնչել են հարգանք հայ ազգի հանդեպ, այն ազգի, որ մեզանից մոտ է նախնական աշխարհին, օրորոցին, լուսավորությանը» (Լամարթին):
«Հայաստանն այն աշխարհն է, որի առջև ոչ միայն ցանկանում ես գլուխ խոնարհել, այլև ներս մտնել, ինչպես ընդունված է արևելյան սր
բավայրերում, բոբիկ ոտքերով» (Ի. Էրենբուրգ):
«Ակամա ապշում ես` աշխարհի այդ փոքրիկ անկյունում տեսնելով այնպիսի մարդկանց, ովքեր կարող էին լինել ամբողջ աշխարհի հպարտությունն ու զարդը» (Ռ. Քենթ):
Ահա նաև մեծ հայերի ոչ թե երախտամոռության, այլ բացառիկ երախտագիտության ցնցող օրինակներ, որոնք, իհարկե, բոլորովին էլ եզակի չեն, և հազիվ թե արձանագրեք այլ ժողովուրդների մոտ:
Այսպես. Հովհաննես Բաղրամյան, Լոռիս-Մելիքով. մարդիկ, ովքեր ոչ միայն երախտամոռ չեն եղել իրենց բարեկամների, ընկերների հանդեպ, այլև արժանացել են օտարազգի մեծերի` մարշալ Ժուկովի, Ալեքսանդր II ցարի անսահման վստահությանը։ Վերջիններս մահից առաջ իրենց ընտանիքների ապահովությունը վստահել են ոչ թե յուրայիններին, այլ հենց Բաղրամյանին ու Լոռիս-Մելիքովին: Խնդրեմ, բերեք որևէ նման փաստ այլ ժողովուրդներից, իսկ հայ իրականությունում նման դեպքերը բազմաթիվ են:
Վերջապես, հայ ժողովրդի բազմահազար զավակներ` վաճառականներ, արհեստավորներ, զանազան բնագավառներում իրենց տաղանդն ու հանճարը դրսևորած անհատներ, հալածվելով թուրքական խավարամոլությունից, հանգրվանել են աշխարհի բոլոր ծագերում և իրենց ազնվությամբ, նվիրվածությամբ, հավատարմությամբ, մարդասիրությամբ, ժողովրդասիրությամբ արժանացել են այդ ժողովուրդների բացառիկ հարգանքին, ջերմագին ընդունելությանը, բարձրագույն գնահատականին և երբեք չեն համարվել երախտամոռ: Ինչպես ակնհայտ երևում է վերը նշված հանճարների ազնիվ գնահատականներից, նման մարդկանց աշխարհով մեկ գրկաբաց չեն ընդունում, ազնիվ չեն համարում, աշխարհի հպարտությունն ու զարդը չեն դարձնում:
Ընդհակառակը, հայ ժողովուրդը բացառիկ աշխատասիրության, ձեռներեցության, տաղանդի ու հանճարի շնորհիվ մեծագույն ավանդ է ներդրել ոչ միայն Անդրկովկասի, այլև Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի մի շարք ժողովրդների, նաև ԱՄՆ-ի տնտեսության, մշակույթի, հոգևոր կյանքի զարգացման գործում, նույնիսկ նպաստել ռազմական հզորությանն ու պետականության ամրապնդմանը: ՈՒրեմն ինչո՞ւ մեր ժողովրդին վերագրել այդ զազրելի արատը` երախտամոռությունը: Թերևս մեր ժողովուրդն իրավունք ունի մեղադրելու շատերին, ովքեր ոչ միայն արժանիորեն չգնահատեցին մեր անուրանելի ավանդը, այլև նրանց ներկայացուցիչներից ոմանք ամենաստոր եղանակներով զրպարտեցին, անարգեցին մեր ժողովրդին: Այդպիսի փաստերը բազմաթիվ են և այսօր էլ առկա են: ՈՒրեմն ո՞վ է երախտամոռը: Իսկ իր ազգին չճանաչող ոմն արքեպիսկոպոս առանց խղճի խայթի, տգետ, շահամոլ մեծահարուստների, աղաների, Աստծո անունը շահարկող խավարամոլ հոգևորականների խոտելի հատկանիշները վերագրում է մեր ազնիվ ժողովրդին:
Հարգելի Դադայան, Դուք այն կարծիքին եք, որ պետք է ներկայացնել և դատապարտել ժողովրդի հոռի կողմերը և հայտարարում եք` «թքած, թե ինչ կասեն ու կմտածեն մեր հարևանները»: Սակայն, ցավոք, բոլորովին էլ այդպես չէ: Այո, արժե դատապարտել ժողովրդի հոռի կողմերը: Բայց, թերևս, այս աշխարհաքաղաքական, ազգային փոխհարաբերությունների հստակեցման ոչ բարենպաստ պայմաններում դա բացարձակապես անընդունելի է: Այսօր միջնադարյան ատելությամբ ու չարությամբ մոլագարված դրացիների ստորությունը, նենգությունը, զրպարտանքը հնչում են որպես նոր ցեղասպանության կոչ:
Այս լուսավոր դարում, ի լուր համր ու խուլ աշխարհի, ինչ-որ տականք մարխուլիաներ ոչ միայն մեր հանրապետությունը, այլև մեկուկես միլիոն նահատակների հայրենիքը քաղցկեղ են հայտարարում, հրճվանքով նշելով` մեկը ջնջվել է աշխարհի երեսից, իսկ մյուսը պետք է ջնջել: Եվ մարդասիրությունից, ժողովրդավարությունից, արդարությունից բարբաջող աշխարհը չի փակում այդ վիժվածքների աղտոտ բերանը:
Ցավոք, մենք էլ մեր անհեռատես քայլերով ջուր ենք լցնում ոխերիմ թշնամիների և ոխերիմ բարեկամների ջրաղացին: Եվ ահա թուրք-ազերիները, օգտագործելով մեր լրատվամիջոցների ոչ հայանպաստ, չմտածված հաղորդումները, բարոյահոգեբանական քարոզարշավ են ծավալում մեր ժողովրդի դեմ: Այդպես չարամտորեն շահարկվեց «Հ1» հեռուստալրատվականով սենսացիոն ոգևորությամբ, հարայ-հրոցով հաղորդվող այն լուրը, թե` ժողովո՜ւրդ, բա չե՞ք իմացել, «մի երիտասարդ բռնաբարել է 80-ամյա տատիկի»: Այդ խանդավառ-սենսացիոն հաղորդումը տևեց 5 րոպե: Նույնիսկ առանց քաշվելու խոսեցրին դժբախտ տատիկին: Եվ այս զզվելի տեղեկությունը չարամտորեն օգտագործեցին մեր թշնամիները, իրենց կայքէջերում գրելով` «խնդրեմ, սա է ձեր բարոյական դեմքն ու էությունը: Եթե դուք ինքներդ այդքան պիղծ եք մերձավորի նկատմամբ, ապա ինչ կարող եք պահանջել ուրիշներից»:
Դա ասես բավական չէր, օրեր անց «Հ1» լրատվականը հանճարեղ Փարաջանովի մասին խոսելիս բարեհաճեց նշել` ժողովուրդ, բա իմացե՞լ եք` «այսօր ավելի ու ավելի հաճախ է խոսվում Փարաջանովի արվամոլության մասին»: Պարզապես զարմանք է հարուցում «Հ1» լրատվականի ղեկավարության և լրագրողի ճաշակը: Վերջապես մի՞թե կարելի է հասարակությանը մատուցել այդքան անկողնային ու սեռամոլորյալ լուրեր: Գուցե շարունակե՞ք փորփրել հանճարների անկողինները, ձեր ճաշակին հարմար նոր սենսացիաներ արձանագրեք` զվարճացնելով այդպիսի լուրերի սիրահարներին, նաև մեր թշնամիներին: Եվ վերջապես, հանճարեղ Փարաջանովի փառքն ավելացրի՞նք, թե՞ ինչ-որ չափով ստվերեցինք կերպարը` սեռամոլորյալ ներկայացմամբ:
Արդյոք պետական, քաղաքական բարձրաստիճան գործիչները գոնե դիտողություն արե՞լ են պատասխանատուներին, թե...
Երկրորդ դարի պատմիչ Լուկիանոսի հանճարեղ խոսքն այսօր էլ շատ արդիական է` «Հռոմը կործանվում է, որովհետև երգիչները ոչ թե դաստիարակում են հասարակությանը, այլ ընդամենը զվարճացնում»:
Թերևս, պատմաբանները, քաղաքական գործիչները, լրագրողներն էլ յուրօրինակ երգիչներ են:
Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Պատմաբան

Դիտվել է՝ 2987

Մեկնաբանություններ