«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ի՞ՆՉ Է, ԲՀԿ-Ի ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՉԵ՞Ն ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ»

«Ի՞ՆՉ Է, ԲՀԿ-Ի ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՉԵ՞Ն ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ»
11.02.2011 | 00:00

Երեկ ներքաղաքական զարգացումների շուրջ բանավիճում էին Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ և նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցության նախագահ ՍԻՄՈՆ ՂՈՆԱՂՉՅԱՆԸ։
Թեև խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2012-ին, սակայն Արշակ Սադոյանն արդեն իսկ որոշակի ակտիվություն քաղաքական դաշտում նկատում է։ «Նայելով երկրի վիճակին, ԱԺ-ին, կարծում եմ՝ փոփոխությունների և լրացուցիչ ակտիվության անհրաժեշտություն կա։ Որևէ մեկն այսօր որևէ հույս չի կապում իշխանական այդ մարմնի գործունեության հետ»,- ասաց Հանրային խորհրդի անդամը, հավելելով, թե պետք է ամեն կերպ նպաստել, որ քաղաքական դաշտում լուծվի սերնդափոխության խնդիրը, երիտասարդներին տեղ հատկացվի, բայց միայն այն երիտասարդներին, ում ճակատին գրված չէ «կարիերիստ»։ Ա. Սադոյանը նշեց նաև, որ ոչ անմիջականորեն, բայց որոշակի ուժերի հետ համագործակցությամբ գուցե փորձի մասնակցել խորհրդարանական ընտրապայքարին։
«Շրջադարձ» կուսակցության ղեկավար Սիմոն Ղոնաղչյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նորաստեղծ քաղաքական ուժն ստեղծվել է երեք հենքի վրա՝ ժողովրդավարության, ազգային և ազատական գաղափարախոսությունների։ Կուսակցությունը տարբերվելու է նույն հենքի վրա գործող այլ կուսակցություններից ծրագրերի թարմությամբ ու նոր առաջարկություններով։ Ըստ Ղոնաղչյանի՝ գաղափարական հենքի մասին շատ կուսակցությունների հայտարարությունները որևէ էական բան չեն ասում իրական վարքագծի մասին, քանի որ դրանք հաճախ տարբերվում են կուսակցության վարքից և կոնկրետ քայլերից։ Նա տեղեկացրեց, որ «Շրջադարձն» ընդդիմադիր դաշտում գործող միավոր է լինելու։ Իրենց կուսակցությանն անդամակցում են և՛ նախկին հանրապետականներ, և՛ ԲՀԿ, և՛ ՕԵԿ, և՛ այլ կուսակցությունների նախկին անդամներ։ Այստեղ, սակայն, չկան մականունավորներ։
«Իրատես de facto»-ի խնդրանքով Սիմոն Ղոնաղչյանը, որպես նախկին ՀՀԿ-ական, անդրադարձավ օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե 2003 և 2007 թվականների խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակները համաձայնեցվել են անձամբ իր հետ։ «Քոչարյանի հայտարարությունն ակտիվ քննարկումների առիթ է դարձել, և քաղաքական դաշտը բևեռացվել է։ Երկրորդ նախագահը, իհարկե, բացարձակ ճշմարտություն է ասել։ Կարծում եմ նաև՝ ՀՀԿ-ից նրան հակադարձած գործիչները նույնպես ճշմարտությունն են ասել։ Իհարկե, երկու ճշմարտություն չի լինում, բայց դրանք ճշմարտության երկու մասերն են։ Երկրորդ նախագահը չէր կարողանա ստանձնել իշխանությունն այն ծավալով, ինչ ինքը հետագայում ստանձնեց, եթե չլիներ հանրապետական կուսակցությունը։ Ինչ վերաբերում է ցուցակների ճշտմանը, ապա, ի՞նչ է, ԲՀԿ-ի ցուցակները Ռոբերտ Քոչարյանի հետ չե՞ն համաձայնեցվել։ Համաձայնեցվել են ոչ միայն ԲՀԿ-ի, այլև շատ այլ կուսակցությունների։ Եթե ազնիվ լինենք և խաղաթղթերն ամբողջովին բացենք, ապա բոլորովին այլ պատկեր կստացվի»,- ասաց «Շրջադարձի» ղեկավարը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ