«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԴՀՈՒՊ ՄԻՆՉԵՎ ԱՐՄԱՏԱԿԱՆ, ԵՂԵԼ ՈՒ ՄՆՈՒՄ Է ԱՄՆ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԴՀՈՒՊ ՄԻՆՉԵՎ ԱՐՄԱՏԱԿԱՆ, ԵՂԵԼ ՈՒ ՄՆՈՒՄ Է ԱՄՆ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
05.11.2010 | 00:00

«Ընտրողները բարձրագոչ հայտարարել են նախագահ Օբամային, որ իրենց դուր չի գալիս, թե ինչպես է նա կատարում իր աշխատանքը»։ Այսպես է The New York Times թերթը մեկնաբանել երեքշաբթի օրը կայացած ԱՄՆ-ի, այսպես ասած, միջանկյալ ընտրությունների արդյունքները։ Դրանցով պետք է լիովին փոխվեին Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը, Սենատի մեկ երրորդը, և պետք է տեղի ունենային 37 նահանգապետների ընտրություններ։ Ինչպես նշվում է հատկապես ռուսական լրատվամիջոցներում, այդ արշավի վրա ծախսվել է «համը հանելու չափ շատ փող»` մոտ չորս միլիարդ դոլար (թեև, իհարկե, դժգոհությունը տեղին չէ, քանի որ ընտրությունների վրա ամերիկացիները ծախսում են ոչ թե բյուջեի միջոցները, այլ սեփական և նվիրաբերված)։
Հանրապետականները, արդեն մի քանի ամիս է, բորբոքում են ամերիկացիների ցասումը տնտեսական քաղաքականության և «կառավարության ծայրաստիճան մեծ լիազորություններից» վախի առթիվ և, դրանց շնորհիվ, ոչ միայն կատարեցին, այլև, ինչը շատերի համար անակնկալ էր, գերակատարեցին առաջադրանքը։ Ինչպես ընդգծում են ԱՄՆ-ում, 1948 թվից ի վեր ստորին պալատի կազմն ընդդիմության օգտին այդպիսի կտրուկ փոփոխություններ չէր կրել։ Հանրապետականները բացահայտ առավելությամբ հաղթանակ են տարել Ներկայացուցիչների պալատում։ Իսկ Սենատում, թեև դեմոկրատներին հաջողվել է պահպանել մեծամասնությունը, այն որակյալ մեծամասնություն չէ, և արդեն հնարավորություն չկա անտեսելու փոքրամասնության կարծիքը։ Ինչպես հայտնի է, հանրապետականները դեմոկրատներից խլել են Իլինոյսի (հատկանշական փաստ` այդ նահանգն Օբամայի քաղաքական օրրանն է) և Փենսիլվանիայի նահանգների ներկայացուցիչ սենատորների տեղերը, բայց Կալիֆոռնիայում և Արևմտյան Վիրջինիայում նրանք պարտություն են կրել։ Ընդ որում, Կալիֆոռնիայում Բարբարա Բոքսերի (Հայաստանում նրան լավ ճանաչում են, հատկապես Ադրբեջանում դեսպանի պաշտոնում Բրայզայի թեկնածության շրջափակումից հետո) և Ջոզեֆ Մանչինի առաջատար դիրքերը, իրենց հերթին, հանրապետականներին զրկեցին Սենատում տեղերի մեծամասնությունն ստանալու հնարավորություններից։ Փոփոխություններ տեղի ունեցան նաև երկրի ղեկավարության շրջանում. նոր խոսնակ (ԱՄՆ-ի պետական հիերարխիայի երրորդ դեմքը) կդառնա 60-ամյա Ջոն Բեյները։
ՈՒ թեև ԱՄՆ-ում նախագահի ընտրություններից հետո առաջին միջանկյալ ընտրությունները, որպես կանոն, շահում է ընդդիմադիր կուսակցությունը, հարկ է նկատել, որ խորհրդարանը ոչ միայն «սպիտակել» է (Սենատում հիմա ոչ մի աֆրոամերիկացի չկա), ոչ միայն «աջացել» է, այլև շարքային ամերիկացիները պարզորոշ հասկացրել են, որ պահպանողականությունը, ընդհուպ մինչև արմատական, եղել ու մնում է երկրի գլխավոր գաղափարախոսությունը։ Այսպես, որոշ նահանգներում քվեարկության են դրվել տեղական նշանակության հարցեր, իսկ դրանց արդյունքները մտահոգության տեղիք են տալիս։ Կալիֆոռնիայում, օրինակ, բնակիչները հանդես են եկել մարիխուանայի օրինականացման դեմ, իսկ Օկլահոմա նահանգում ընտրողները մերժել են վճիռ կայացնելիս դատավորներին շարիաթի իրավունքի չափորոշիչների կիրառման հնարավորություն ընձեռելու առաջարկությունը։ Բայց «ավանդական Ամերիկայի» ամենակարևոր և համոզիչ նվաճումը «Թեյասերների» շարժման հաստատումն է` որպես ծայրաստիճան ազդեցիկ քաղաքական ուժի։ Հիշեցնենք, որ անցած տարվա գարնանը քաղաքական առաջաբեմ դուրս եկավ «Թեյասերների» ընդդիմադիր պահպանողական շարժումը, որն այդ անունն ստացել է «Բոստոնյան թեյասիրության» նմանությամբ, որից սկսվեց անկախության պայքարը։ «Թեյասերներն» արագորեն և շատ զորեղ իրենց մասին հայտարարեցին բողոքի աղմկոտ գործողություններով։ Նրանք սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության վայրից ոչ հեռու մզկիթի շինարարության գլխավոր հակառակորդներն էին, հանդես էին գալիս Վաշինգտոնի ֆինանսական առողջացման, մի շարք նախարարությունների փակման, սոցիալական ապահովագրության համակարգի մասնավորեցման օգտին, «սոցիալիստական վերաբաշխման» դեմ և այլն։ Սկզբում ոչ ոք ի դեմս նրանց քաղաքական լուրջ ուժ չէր տեսնում, բայց այսօր արդեն հասկանալի է, որ «Թեյասիրությունը», իրոք, ժողովրդական զանգվածային շարժում է («Թեյասիրության» կողմնակից է արդեն իրեն համարում ամերիկյան ընտրողների ավելի քան 19 տոկոսը) և Ամերիկայում վաղուց արդեն նման երրորդ ուժ չի եղել։ Եվ նա, վերջին հաշվով, կարող է միատեսակ թշնամական լինել թե՛ դեմոկրատների, թե՛ այսօր հաղթարշավող հանրապետականների համար։ Այս մասին արդեն խոսում է «թեյասերների» պարագլուխներից մեկը` Մարկո Ռուբիոն, որը Սենատի անդամ է ընտրվել Ֆլորիդայի նահանգից. «Ծանր սխալ կլիներ ենթադրել, որ այսօրվա արդյունքները կարող են գոնե ինչ-որ կերպ ընկալվել որպես հանրապետական կուսակցության քաղաքականության պաշտպանություն»։ Դրա հետ մեկտեղ, թվում է, «Թեյասիրություն» շարժումը շատ օգտակար է երկրի համար։ Այն հանդես է գալիս բնակչության լայն զանգվածների կողմից` ըստ էության անվերահսկելի վերնախավի կոշտ քննադատությամբ, և այս առումով այդ շարժումը, ասես, վերականգնում է ամերիկյան դեմոկրատիայի հնամյա տարրերը։
ՈՒ թեև Բարաք Օբաման համաձայն չէ, որ հանրապետականների հաղթանակը նշանակում է, թե ԱՄՆ-ի քաղաքացիներն ընդհանուր առմամբ հավանություն չեն տալիս իր քաղաքականությանը, այդուամենայնիվ, շատերն այժմ հարց են տալիս` «ինչո՞ւ է, այնուամենայնիվ, խռովություն բարձրացրել Ամերիկան»։ Չէ՞ որ նախագահական ընտրություններում Օբամայի, խորհրդարանական ընտրություններում դեմոկրատների հաղթանակից ընդամենը երկու տարի անց (որի շնորհիվ նրանք, ըստ էության, բացարձակ իշխանություն նվաճեցին) ընտրողները քվեները տվեցին ընդդիմությանը, այդ թվում` արմատական։ Նկատենք, հիմնական հարցերը վերաբերում էին ոչ թե Իրաքին ու Աֆղանստանին կամ միջազգային ահաբեկչությանը, այլ երկրի ներքին քաղաքականությանը։ Առողջապահության մասին օրենքի ընդունումը և բանկերին պետական աջակցությունը, միջին խավի վրա հարկային բեռի մեծացման փորձերը շատերի կողմից ընկալվում են որպես հեռացում ամերիկյան ավանդական ձեռներեցությունից։ Շատ ամերիկացիների համար Օբամայի քաղաքականությունը շատ է ձախ, նրան անվանում են կոմունիստամետ, իսկ իրեն` Օբամային, սոցիալիստ։ Ահա սա է, առաջին հերթին, դեպի ավելի պահպանողական կողմ երկրի տեղաշարժի պատճառը։ Եվ հիմա, դատելով ըստ ամենայնի, ԱՄՆ-ի նախագահը երկար ժամանակ «հեշտ կյանք» չի ունենա։
ԱՄՆ-ի քաղաքական համակարգը կառուցված է այնպես, որ օրենսդիր իշխանության հետ կոշտ դիմակայության շրջանակներում շատ թե քիչ լուրջ արդյունքների նախագահը գործնականորեն չի կարող հասնել։ Համապատասխանաբար, փորձագետները ենթադրում են, որ Օբաման, ուզի թե չուզի, պետք է սովորի ականջ դնել հանրապետականներին` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում (նշվում է, որ մինչ օրս նա այնքան էլ հաշվի չի նստում Կոնգրեսի կարծիքի հետ և ոչ մի հանդիպում չի ունեցել ընդդիմության հետ)։ Հակառակ դեպքում, իհարկե, նախագահի ընդդիմախոսներն արմատախիլ կանեն նրա նախաձեռնությունները, իսկ «վետոյի իրավունքը», անշուշտ, իրավիճակը պահպանելու ամենալավ եղանակը չէ։ Ի դեպ, այս օրերին հաճախ են վերհիշում, որ ժամանակին ճիշտ նույնպիսի վիճակում էր հայտնվել նախագահ Քլինթոնը, բայց նա կարողացավ հաղթահարել իրեն և լեզու գտնել հանրապետականների հետ։ Կհաջողվի՞, արդյոք, այդ բանն Օբամային։ Նա, համենայն դեպս, ընտրություններից անմիջապես հետո հայտարարել էր, որ «ծարավի է բանակցությունների սեղանի շուրջ նստելու երկու կուսակցությունների անդամների հետ» և համատեղ որոշելու հետագա ընթացքի ուղին։ Այդուամենայնիվ, արդեն հանրապետականներն են պնդում, որ, օրինակ, առողջապահության բարեփոխման օրենքի չեղարկման հարցում «զիջում չի լինի»։ Ի՞նչ է մնում, նախագահին անելու։
Կարծիք կա, որ, կորցնելով հսկողությունը Կոնգրեսի նկատմամբ և անկարող լինելով արմատապես ներգործելու ներքին քաղաքականության վրա, Օբաման կարող է ձգտել իշխանության դեֆիցիտը համալրել արտաքին քաղաքական գործունեության կտրուկ ակտիվացման միջոցով։ Դա կարվի այն հույսով, թե միջազգային ասպարեզում աննախադեպ նվաճումները հաջորդ նախագահական ընտրություններում կբարձրացնեն իր «բաժնետոմսերի» արժեքը։ Նկատենք, որ, համաձայն ԱՄՆ-ի Սահմանադրության, ինչպես նաև քաղաքական պրակտիկայի, նախագահի դերն արտաքին քաղաքականության մեջ առաջնային է։ Ավելին, հենց Սենատն է (որտեղ նախագահը լիովին չի կորցրել դիրքերը) օժտված միջազգային պայմանագրերը վավերացնելու լիազորություններով։ Սակայն, այս ամենով հանդերձ, ընտրությունների արդյունքները, այնուամենայնիվ, կարող են էապես փոփոխել արտաքին քաղաքական ուղին։ Այսպես, օրինակ, կարող են դժվարություններ առաջանալ ՌՀՍ պայմանագրերի վավերացման հարցում, ինչպես նաև ընդհանուր առմամբ կարող են փոփոխվել ամերիկա-ռուսական հարաբերությունները։ Թեև դեռ խորհրդային ժամանակներից ընդունված էր համարել, որ հանրապետական կուսակցության հետ Մոսկվայի համար ավելի հեշտ է համաձայնության գալ, քանի որ դեմոկրատները «շատ են շեշտադրում մարդու իրավունքները» (Օբաման, ի դեպ, այդ բանը չարեց), այսօրվա դրությամբ մի շարք հարցերում հանրապետական կուսակցությունը շատ կոշտ ընդդիմության մեջ է Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ, և ամենից հաճախ է հանդես գալիս «վերաբեռնման» դեմ։ Փոփոխություն հնարավոր է նաև մերձավորարևելյան խնդիրների առնչությամբ։ Թեև պետական դեպարտամենտն արդեն ընտրություններից հետո հայտարարել էր, որ արդյունքները չեն ազդելու Մերձավոր Արևելքում խաղաղության ձեռքբերմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերի վրա, շատ հավանական է «Թել Ավիվի ճնշման» թուլացումը։ Պատահական չէ, որ Պաղեստինի պարագլուխները հայտարարում էին, թե «Իսրայելը դեմ է գնում հաշտության գործընթացին և Կոնգրես է անցկացրել իր հանրապետական կողմնակիցներին»։ Հանրապետականների հաջողությունները կարող են նաև անորոշություն ստեղծել Թուրքիայի հետ հարաբերություններում։ Հանրապետականներն ավանդաբար պաշտպանել են ՆԱՏՕ-ի գծով այդ դաշնակցին։ Սակայն կուսակցության շարքերում խիստ նյարդայնացել են, երբ Թուրքիան վեճի մեջ է մտել Իսրայելի հետ և սկսել է կապեր հաստատել Իրանի հետ։ Դրա պատճառով հանրապետական կոնգրեսական Մայք Փենսը, առաջնորդվելով կուսակցական ռազմավարությամբ, հայտարարել է, որ կարող է Իսրայելի նկատմամբ թուրքական դիրքորոշման պատճառով վերանայել իր մերժողական վերաբերմունքը հայերի ցեղասպանության բանաձևի նկատմամբ։
ԱՄՆ-ի քաղաքական քարտեզի արմատական փոփոխությունների կապակցությամբ շատ հայեր հիմա բնական հարց են տալիս` լա՞վ է դա, թե՞ վատ Հայաստանի համար։ Նկատենք, որ ամերիկահայերն ակտիվորեն մասնակցել են և ուշադրությամբ հետևել ընտրություններին, իսկ բոլոր հայկական կազմակերպություններն աշխատել են ընտրական շտաբների հետ, աջակցելով նրանց, ովքեր նպաստում են Հայ դատի, Ղարաբաղի, Հայաստանի ամրապնդմանը։ ՈՒ թեև որոշ կորուստ կարելի է համարել խոսնակի պաշտոնից Նենսի Փելոսիի հեռանալը, որը հսկայական դեր էր խաղում հայկական նախաձեռնությունների պաշտպանության գործում, այնուամենայնիվ, 31 նահանգներում, որտեղ ապրում են հայերը, Ներկայացուցիչների պալատի 158 թեկնածուներից պարտություն են կրել ընդամենը յոթը։ Գործերը վատ չեն նաև Սենատում. «հայամետ» վեց սենատորներից հինգը հաղթանակ են տարել, այդ թվում` Սենատում մեծամասնության պարագլուխ Հարրի Ռիդը, Մարկ Քիրկը, Բարբարա Բոքսերը, Չակ Շումերը և Բարբարա Միկուլսկին։ Սակայն, թվում է, որ չարժե առանձնապես ընկնել թմբիրի մեջ, առավել ևս, որ բազմամյա փորձը ցույց է տալիս, որ հայերի ցեղասպանության ճանաչման օրինագծերի համար ոչ մի դեր չեն խաղում ո՛չ կուսակցական պատկանելությունը, ո՛չ նախընտրական խոստումները։ Այն, որ քաղաքականությունը պատեհապաշտական է և անգամ ցինիկ (և ոչ միայն ԱՄՆ-ում), մեզ պետք է քաջ հայտնի լինի։ Այսպես, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը, որն իր հետաքննությունն է անցկացրել Բայդենի աղմուկ հանած տեսահոլովակի առթիվ, գրում է. «Նա փորձում էր իր կողմը գրավել ամերիկահայերին, որպեսզի ընտրություններում, որոնք անցան սուր պայքարում, նրանք աջակցեին դեմոկրատներին»։ Եվ այն, որ Ցեղասպանությունը դարձել է սակարկության առարկա, մեզ համար դառը, բայց հայտնի իրողություն է։ Այլ բան է, որ «կաթիլը քար է ծակում», իսկ համաշխարհային գործընթացները կարող են ցանկացած պահի ստեղծել հայերի համար նպաստավոր որոշումներ ընդունելու պայմաններ։
Եվ վերջում մեկ անգամ ևս նշենք, որ Ամերիկայում ցանկացած քվեարկության (Կոնգրեսի թե նախագահի ընտրությունների) արդյունքներից են կախված տնտեսական զարգացման հաջողությունները, գործազրկության նվազեցման տեմպերը, բավականաչափ նոր աշխատատեղերի ստեղծումն ու կյանքի որակի բարձրացումը։ Ժամանակը միայն ցույց կտա, թե արդյոք Օբամայի վարչակազմը դրան կհասնի՞ առաջիկա երկու տարում, թե՞ ոչ։ Բայց, ամեն դեպքում, առայժմ մեկ բան է պարզ` առաջիկա օրերը տխուր չեն անցնի, և ոչ միայն Ամերիկայում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ