«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՍԱԼՅՈ՜ՒՏ, ՍԱՐԿՈԶԻ

ՍԱԼՅՈ՜ՒՏ, ՍԱՐԿՈԶԻ
20.05.2011 | 00:00

Անկեղծ ասած` Սարկոզիին սպասում էինք 2008-ի աշնանը: Պիտի գար, մերոնց նախաձեռնողականությանը զարկ տար, ամեն բան լեգիտիմացներ, հորով-մորովացներ: Չեկավ:
ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՌԱ՜Վ
Նալբանդյանն էլ, որպես ֆրանսիաներում «կռված» մարդ, ամեն ինչ անում էր, որ այդ այցը գլուխ բերի։ Չստացվեց:
Հիմա կգա: Ոչ թե, որ «սրոկն» ավարտում է, ինչպես իր «սրոկի» ավարտին Հայաստանում հայտնվեց Ժակ Շիրակը. մարդը եկավ, իրենց լեգեոներ Քոչարյանին տեսավ, ամրապնդեց (վասն ապագա վարչապետացո՞ւ), գնաց: Չնայած հայաստանյան այցը նրա վրա չեկավ, գնաց ու դատվեց (ոչ Հաագայում, այլ սեփական Փարիզում, քաղաքապետ եղած ժամանակվա, Վանոն կասեր` «ղալաթների» համար):
Հետաքրքիր է, չէ՞. Քոչարյանը մայրամուտ ապրող գործիչների հետ «մի ուրիշ» տեսակ հաղորդակցության մեջ է. կյանքում գեթ մեկ անգամ տեսած ամերիկյան նախագահը Քլինթոնն էր, որը ևս ավարտում էր իր պաշտոնավարումը, հայ լոբբին մի կերպ Սպիտակ տուն էր խցկել Քոչարանին. պատմել ենք, մեկ ժամվա հանդիպման կես ժամն իրար էին նայել Ռոբերտն ու Բիլը. Բիլը նրան բան չէր ունեցել ասելու, Ռոբերտն էլ` նրան (իսկ ինչքա՜ն «ասելիք» ուներ Վանոն Քլինթոնին, նրա հարազատներին):
Եվ ուրեմն` հակաթուրք Ֆրանսիայի նախագահը աշնանը կլինի Հայաստանում: Ներքաղաքական և արտքաղաքական օրակարգով:
Սարկոզիի այցը, փաստորեն, բրգացնում է այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջը, եթե չասենք` ողջ տարածաշրջանում տեղի ունեցողը:
Բրգացումն ավելի ակնառու է հարևան Թուրքիո պարագայում, ուր մեր հակաթուրք «կուրատորն» այդպես էլ չցանկացավ գիշերել (ո՜նց են սիրում էս եվրոպացի, ամերիկացի տղերքն ու տիկինները մեզ մոտ գիշերելու, փողոցները չափչփելու «մոմենտը», օրինակ, էն Հիլըրին), և իր այցը դեպ «պատմական» Թուրքիա ձևակերպեց ոչ թե որպես Ֆրանսիայի նախագահի աշխատանքային այց, ինչպես նախատեսված էր, այլ որպես G-20-ի ղեկավար, ինչը մահացու վիրավորեց Եվրոպա շտապող, նույն Ֆրանսիայի ջանքերով այնտեղ չհասնող, հարևանների հետ «զրո» պրոբլեմ «ունեցող», հեգեմոն ամբիցիաներով տառապող, Մերձավոր Արևելքում իրեն թոփ մոդելի տեղ դրած, օրինակման ենթակա «յոլդաշներին», որոնք էլ «ճ» կլասի պաշտոնյայի` Անկարայի քաղաքապետին էին ուղարկել հայր դարձող (էն օրը Կառլա Բրունիի սկեսրայրն ասաց` հա, իրենց հարսը երեխայի է սպասում) Նիկոլային դիմավորելու, հետո էլ ճամփու դրին` ծամոն ծամելով:
Սարկոզին երբեք դա չի մոռանա:
«Я ВОРОНА, Я ВОРОНА»
Սա քաղաքակրթական առումով էլ ավելի ուշագրավ է դարձնում Սարկոզիի առաջին այցը հինավուրց Հայաստան: Նշանակում է, բացի ղարաբաղյան խնդրից, օրակարգում նաև հայ-թուրքական հարցը կլինի: Բայց` հերթով:
Հրեական ծագմամբ հունգարացի Սարկոզին, անշուշտ, Բեռլուսկոնի չէ: Սակայն նա ևս ծերուկ Եվրոպայի օդիոզ ֆիգուրներից է: Մանավանդ վերջին շրջանում:
Այս փուլում նա ուղղակիորեն անցավ ռուբիկոնը: Մի շարք առումներով (հետաքրքիր է` Կառլային նա հետը կբերի՞ Երևան. տեսե՞լ եք` հինավուրց Թիֆլիսի փողոցները ոնց են ողողված ահռելի պլակատներով, որոնց վրա Սաակաշվիլին` յուր Սանդրայի, Սարկոզին յուր Կառլայի հետ «ջանջիգյար» են անում, որպես աշխարհի զարգացման, առաջադիմության ու գեղեցկության մոդուլիրովկաներ):
Վերցնո՞ւմ է Ֆրանսիան տարածաշրջանը: Եսի՞մ: Համենայն դեպս, այն, ինչ կատարվում է այսօր Սարկոզիի շուրջը, շունչ կտրելու չափ հետաքրքիր է:
ա) Թվում էր, Սարկոզին դեպ Լիբիա քավության նոխազ է դառնում, որին «ժերտվա» է տալիս միջազգային հանրությունը` Մերձավոր Արևելքում սկսած խաղը պահելու համար, որովհետև այդ պահին և այդ խաղում չէր կարելի մսխել Իսրայելին ու Բրիտանիային: Իսրայելն այս փուլում չպետք է ցցվի, իսկ Անգլիան առանց այն էլ Իրաքում լավ վարկաբեկվեց. նրա հայտարարած միջուկային զենքն այստեղ այդպես էլ չգտնվեց:
Առաջ մղեցին Սարկոզիին, որի ռեյտինգը, ինչպես ընդունված է մեր դասական քաղաքագիտական լեքսիկոնում, հավասարվել էր «պլինտուսին», իջել դրանից ներքև: Նիկոլան իր վտիտ, էքսցենտրիկ ուսերին վերցրեց Լիբիայի «հոգսը»` արժանանալով Քադաֆիի որդու նույնքան էքսցենտրիկ որակմանը` «այդ կլոունը»:
Եվ այնուհանդերձ, Սարկոզին գուցե միջազգային հանրության (ի՜նչ «Երեք հարյուրի կոմիտե», ի՜նչ դավադրության տեսություն, դա անցյալում էր ու շատ հին. աշխարհն այսօր բոլորովին այլ գերակայություններով է առաջնորդվում), գուցե «սեփական» որոշմամբ դարձավ անապատում կանչողի ձայն Լիբիայում` ՆԱՏՕ-ի համար ճամփա բացելով, ինչը ոչ պակաս հետաքրքիր է ՆԱՏՕ-ի չանդամ Ֆրանսիայի պարագայում: Ստացվեց: Հիմա էլ ուղարկում են մեր կողմերը:
Մի խոսքով, Սարկոզիի դերակատարությունը բեն Լադեն սպանած (ինչքան նեղն են եղել ամերիկացի տղերքը, որ բեն Լադենի քարտն են խաղատախտակին նետել), Քադաֆիին ռմբակոծող «միջազգային հանրությունը» չմոռացավ: Պարոն Նիկոլայի «զասլուգան» ըստ արժանվույն գնահատվեց:
բ) Հաջորդական նրբագեղ կասկադով պարզվեց` Նիկոլան ևս մեկ «սրոկ» կնախագահի: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչքան նեղն է այդ «սոոբշչեստվան», որ տվեց հաջորդ զոհը` զոհաբերեց իր հաջորդ տղային` Միջազգային արժութային հիմնադրամի ղեկավարին:
Միայն նման խայտառակ ձևով ֆրանսիական սոցիալիստների թեկնածու Ստրոս-Կանին ֆիասկոյի տանելով էր հնարավոր հրում ապահովել ռեյտինգի ահավոր անկում ապրող Սարկոզիի համար` ապագա ընտրություններում հաղթելու հեռանկարով:
Արվեց:
«ԲԱ ՄԵ՞ՆՔ ՏՈՒՏ ՊՐԻՉՈՄ»
«Պրիտո՜մ», որ մենք ոչ միայն Ռուսաստանի «ֆորպոստն» ենք (ըստ Գռիզլովի), այլև, ներեցեք արտահայտությանս, նաև Ֆրանսիայի… լավ բարեկամն ենք: Գլուխ չցավեցնենք` Ֆրանսիան հայոց քաղաքական գործիչների «մկրտարանն» է, ուզում, թե չենք ուզում: Խաղը վաղուց փոխվել է, և նույնիսկ ռուսոֆիլների տրանզիտն անցնում է Մոսկվա, Ֆրանսիա, Գերմանիա «ճամփեքով» (ասա, ա՛յ Հովիկ, ո՞ւր ես գնում բրիտանիաները, ա՛յ Արգամիչ, մի կոնսուլտացիա-բան արա Գագոյի` պարոն Ծառուկյանի հետ):
«Սոոբշչեստվան» Կովկասը բաժանել է ազդեցության գոտիների. Ադրբեջանինը «Բրիտիշն» է, մերը` Ֆրանսիան, չնայած վերջին շրջանում այս ոլորտում նույնպես ինչ-ինչ բարտերային գործընթացներ են տեղի ունենում:
Այսպիսով, հասանք գլխավոր հարցին` ինչո՞ւ է գալիս Սարկոզին: Ինչո՞ւ հենց հիմա:
Մասամբ պատասխանեցինք վերևում, մասամբ էլ շարունակենք:
գ) Գալիս է իր նախընտրական կամպանիայի շրջանակներում: Նաև` Սերժ Սարգսյանի նախընտրականի «շրջանակում»: Սարկոզին հայ համայնքի աջակցության կարիքն ունի, Սերժը` արտաքին «նախաձեռնողականության»: Կփոխադարձվեն:
Սակայն այցի գլխավոր նպատակը դա չէ, դրանք «մնացորդային» երևույթներն են:
դ) Սարկոզին գալիս է ղարաբաղյան խնդրի, տարածաշրջանային վեկտորալ նպատակների համար:
Պարզ է, Լիբիայում խոշոր դերակատարում ստանձնած Ֆրանսիան խաղը կիսատ չէր թողնելու, մանավանդ եզրափակիչ փուլում, երբ ուղտը կամաց-կամաց չոքում է Իրանի դռանը:
Կերտվում է մեծ Մերձավոր Արևելքը: Ղազախստանը, փաստորեն, դարձավ առաջին միջինասիական երկիրը, որ «մտավ» ՆԱՏՕ-ի զորակազմ` Աֆղանստան կոնտինգենտ ուղարկելով: Բա՛:
Հետևիր, թե ինչ է ասում մեզանում ընդդիմության լիդերներից Արամ Զ. Սարգսյանը. ասում է` «թարգեք» Ռուսաստանին, դարձեք դեպ Արևմուտք, դա է միակ ճշմարիտ ուղին: Բա՛:
Մենք դեռ մնանք Իրանում: Տե՛ս, թե ինչ է կատարվում Իրանի ներսում և «դրսում»: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Իրանի հարցը չի ուշանալու, «սոոբշչեստվան» այս հարցում շտապում է, փորձում է «տասներկու» թիվ մտնել որոշակի հստակեցմամբ:
Ամերիկացոց խանգարում է Ղարաբաղի հարցը: Ամերիկացիք մեծ մտավախութուն ունեն վրացական դեպքերի կրկնությունից Ղարաբաղում (իզուր չէ ՀԱՊԿ-ն ափալ-թափալ, ընդ որում, նույնքան անսպասելի, որքան Էդվարդ Նալբանդյանի Փարիզ, Վաշինգտոն կատարած այցերն էին, «կոնֆերանս» հրավիրում Հայաստանում): Էդ վախից Արևմուտքը «Եվրատեսիլն» է տանում Բաքու, Բաքվին վախեցնում հեղափոխությամբ և այդպես շարունակ:
Նկատեք` ինչքա՜ն անհանգիստ է նաև Իրանը` յուր բանագնացներով, կախարդության մեջ մեղադրվողներով, Մահդիին սպասող` Սարկոզիից էքսցենտրիկ Ահմադինեժադով: Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների` ԱՄՆ-ը ղարաբաղյան «ֆրոնտում» ցանկանում է շատ արագ հասնել շրջանակային համաձայնագրի կնքմանը և նույնքան արագ էլ Ֆիզուլիում «բազա» տեղակայել` Իրանն ու տարածաշրջանը «նայելու» համար: Ձևակերպենք գրագետ` միջազգային խաղաղապահներ տեղակայել, ինչն անընդունելի է թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի համար: Ընդ որում, իրանական դեսպանատան հայտարարությունը, թե ոչ մի խաղաղապահ չեն ցանկանում տեսնել իրենց սահմանի մոտ, չի կարելի համարել միայն Իրանի հայտարարությունը, այն առաջին հերթին Ռուսաստանի հայտարարությունն էր` Իրանի բերանով:
Այսպիսով, Իրանն ու Ռուսաստանն ամեն ինչ անելու են, որ չլինի այդպես, Արևմուտքն էլ պնդելու, էմիսարներ է ուղարկելու, որ համոզեն` լինի այդպես:
Չմոռանանք, որ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դադարել են «վերաբեռնվելուց»` Ռումինիայում տեղակայվող, Չեխիայում սպասվող հակահրթիռային համակարգերի պատճառով: Էլ չենք ասում նախորդ օրը Մեդվեդևի հաթաթան, թե` Սիրիայի նկատմամբ թույլ չենք տա ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի կիրառում, ինչպես եղավ Լիբիայի դեպքում (չմոռանանք` Սիրիայում Ռուսաստանը ռազմածովային բազա ունի, ու Սիրիայի վրա հարվածն ուղիղ գծով հարված է Ռուսաստանին):
Իսկ Իրանի պարագայում ԱՄՆ-ն ընդհանրապես չի կարող հույս դնել Ռուսիո վրա, որովհետև տալ այս «կողմերը» նշանակում է պայթեցնել ողջ Հյուսիսային Կովկասը:
Այս ամենի արդյունքում Հայաստանը, փաստորեն, հերթական անգամ շատ լավ մանևրի հնարավորություն է ստանում: Դե գոնե այս պահին:
Ինչն էլ անում է:
Իրանի բանագնացին ասում է` հանգիստ լեր, մեր պարսից եղբայր, «եղբայր եմք մեք»:
Ռուսաստանին… Ասե՞նք ինչ է ասում: Պա՞րզ է: Մեղք ենք, չասենք:
Արևմուտքին ասում է. «մայ դիը ֆրենդ», մենք ընդդիմության հետ երկխոսություն ենք «անում», բանտարկված տղերքին ենք ազատում, մարտի մեկի վերանայում ենք «կայացնում», խեղճ Վազգեն Խաչիկյանի «շրջանակներում» կոռուպցիայի դեմ պայքար ենք տանում և այդպես շարունակ:
Ինչ կասի մսյե Սարկոզի՞ն: Օ՜, «ՊպսՏ ՑՏվՍՏպ»:
Ասելիքը կախված կլինի` Մեդվե՞դևն է առաջադրվել, թե՞ Պուտինը, Սիրիայում զարգացումներն ո՞ւր են հասել, թե՞ չեն հասել, Իրանը ներսի՞ց է պայթում, թե՞ դրսից:
Եվ վերջապես` ի՞նչ առևտուր է տեղի ունենում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:
Ըստ այդմ էլ կասենք: Սարկոզին ուրիշ մարդ չէ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1177

Մեկնաբանություններ