«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՎ ԿՀԱՂԹԻ «ՏԻՏԱՆՆԵՐԻ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ»

ՈՎ ԿՀԱՂԹԻ «ՏԻՏԱՆՆԵՐԻ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ»
19.04.2011 | 00:00

Մենք բոլորս, իհարկե, շատ լավ ենք հիշում 2008 թ. մայիսի հեռուստատեսային կադրերը, որոնք աշխարհով մեկ տարածվեցին լրատվամիջոցների կողմից, երբ Վլադիմիր Պուտինը կառավարման սանձը պաշտոնապես փոխանցեց իր «հետնորդին»` Դմիտրի Մեդվեդևին։ Այն ժամանակ նրանք միասին, միանման սև բաճկոններով, վստահաքայլ անցան Կարմիր հրապարակով և նման էին եթե ոչ երկվորյակների, ապա գոնե եղբայրների։ Այն ժամանակ բոլորին թվում էր, թե Ռուսաստանի նոր նախագահը դատապարտված է հավատարիմ և լոյալ հետնորդի երկարատև ու մշտական դերին։ Սակայն, ինչպես հայտնի է, բարձրագույն իշխանությունը երկուսի միջև չի բաժանվում, հատկապես կրեմլյան իշխանությունը։ Կարճ ժամանակ անց վարչապետ Պուտինի և իր իսկ ընտրած հետնորդի` նախագահ Մեդվեդևի, տարաձայնությունների մասին լուրերն ավելի ու ավելի բարձրագոչ էին դառնում և բուռն ալիքով տարածվում ռուսական և համաշխարհային լրատվամիջոցներով։ Ավելին, «դաշինքն անխախտ է» ճոխ հավաստիացումները, ինչպես նաև բարեկամության ու համերաշխության կանոնավոր վկայություններն աստիճանաբար սկսեցին ոչ միայն վստահություն չներշնչել, այլև հակառակ տպավորությունը գործել։ Իսկ Լուժկովի պաշտոնաթողությունից հետո, որը, ոչ առանց հիմքի, «Պուտինի մարդ» էր համարվում, վարչապետը լռեց, և այն հին թեզը, թե «Կրեմլը երկիշխանություն չի հանդուրժում», սկսեց բացարձակ ճշմարտություն թվալ, թեև ոչ այնքան բացահայտ։ Ի դեպ, եթե Մեդվեդևի վարկը երկրի սահմաններից դուրս անշեղորեն աճում էր, իսկ որոշ համաշխարհային ղեկավարներ սկսել էին բացահայտորեն խոսել նրան նորից «Կրեմլի տեր» տեսնելու իրենց հույսերի մասին, ապա Պուտինի վարկանիշը Ռուսաստանում շարունակում էր մնալ բարձր։ Նախագահի նորարարությունն ու «արևմտամետությունը» բնակչության մեծ մասի համար թե՛ անհասկանալի էին, թե՛ վախեցնող։ Ընդդիմությունը, այդուամենայնիվ, շարունակում էր պնդել, թե երկու ղեկավարները «սիամական երկվորյակներ են», որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, որ առանց Պուտինի Մեդվեդևն իշխանությունը չի կարող պահպանել և, «քցելով Հորը», նա և՛ իրեն, և՛ ամբողջ «վերնախավին» ինքնաբերաբար զրկում է լեգիտիմությունից։ Սակայն այս գարնան վերջին իրադարձություններից հետո, անգամ եթե ինչ-որ բան դեռ գաղտնի էր, դարձավ բացահայտ, թեև ապագա նախագահական ընտրությունների նախաշեմին իրավիճակը Ռուսաստանում է՛լ ավելի խճճվեց և անկանխատեսելի դարձավ։ Բայց ամեն ինչ հերթով։
Երբ սանձազերծվեց Լիբիայի արյունալի ճգնաժամը, իսկ միջազգային ընկերակցությունը, Եվրոպայի ու ԱՄՆ-ի «փոխանցումով», դրան սկսեց շատ նյարդայնորեն արձագանքել, Մոսկվայում, ի զարմանս շատերի, ռուսական կառավարող տանդեմի միջև հեռակա լեզվակռիվ ու վեճեր ծագեցին Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման առնչությամբ։ Պուտինն իրեն հատուկ կտրականությամբ դատապարտեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը Լիբիայի երկինքն անթռիչք գոտի հայտարարելու մասին, մատնանշեց, որ դա հնարավորություն է տալիս միջամտելու անկախ ինքնիշխան պետության գործերին, և որոշումը համեմատեց խաչակրաց արշավանքների դիմելու միջնադարյան կոչերի հետ։ Մինչդեռ Մեդվեդևը հայտարարեց, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նման արտահայտություններից, քանի որ դրանք, ըստ էության, տանում են դեպի քաղաքակրթությունների բախում։ Ռուսաստանի նախագահը դատապարտեց նաև այն, որ Լիբիայում տեղի ունեցող ռազմական գործողությունները համեմատվում են խաչակրաց արշավանքների հետ, հավաստիացնելով, որ դա անընդունելի է և կարող է ավելի սրել իրավիճակը։ Իսկ նրա այն խոսքերը, թե բացարձակապես բոլորը պետք է հիշեն սա, ուղղակի ակնարկ էր` հասցեագրված վարչապետին։ Բացի այդ, Մեդվեդևը հայտարարեց, որ պաշտպանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը և ընդգծեց, որ Ռուսաստանի մշտական ներկայացուցչին ցուցում է տվել չկիրառել վետոյի իրավունքը և չխանգարել բանաձևի ընդունմանը, քանզի համոզված է, որ չի կարելի Քադաֆիին հնարավորություն տալ անելու այն, ինչ նա անում է Լիբիայի քաղաքացիական բնակչության հանդեպ։ Հեռակա լեզվակռիվը գնալով ավելի խորացավ։ Մագնիտոգորսկում Ռուսաստանի նախագահի հանդես բերած նախաձեռնությունները շատերն արդեն կնքել են «մարտյան թեզիսներ» և «փոքրիկ հեղափոխություն» անուններով։ Նա, փաստորեն, պահանջեց վերանայել ներկա տնտեսության հիմքերը և սկսել Պուտինի սիրած հոգեզավակի` պետական կապիտալիզմի կազմաքանդումը։ Ռուսներին ցնցած մի քանի կետեր երկրի էկոնոմիկայի նախարարությանն իրավունք են վերապահում կասեցնելու բիզնես գործունեությանը խանգարող օրենքները, սահմանում են կոռուպցիոն գործերի քննության հատուկ կարգ, նախատեսում են սոցիալական հարկերի դրույքաչափերի նվազեցում։ Բայց գլխավոր այն է, որ նախագահը պահանջեց, որն նախարարները և էկոնոմիկայի այս կամ այն մրցունակ ճյուղի կարգավորման համար պատասխանատու փոխվարչապետները հեռանան այդ ճյուղերում աշխատող ընկերությունների տնօրենների խորհուրդներից, այսինքն, փաստորեն, այդ ծրագրի գլխավոր կետերից մեկը դարձել է բիզնեսից չինովնիկների ձեռքերը հեռու պահելը։ Դրանով է Մեդվեդևը բացատրում ռուսական և օտարերկրյա ներդրողների վստահության պակասը, որոնց գործունեությունից Ռուսաստանը շատ մեծ կախում ունի։ ՈՒստի տարվա կեսին, երբ անցկացվելու լինեն բաժնետերերի ընդհանուր ժողովներ, իշխանությունը մտադիր է «ճյուղային նախարարներին ու փոխվարչապետներին փոխարինել անկախ տնօրեններով»։ Շուտով Մեդվեդևի օգնական Արկադի Դվորկովիչը հրապարակեց այն անձանց անունները, ում վերաբերում է պետության ղեկավարի հայտարարությունը։ Դրանք են` փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը, փոխվարչապետ Իգոր Սեչինը, էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն, տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, ինչպես նաև առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը։ Հայտնի է դարձել, որ խոսքը մոտ 40 չինովնիկների ու քաղաքական գործիչների մասին է, որոնց կառավարությունը գործուղել է պետությանը մոտ կանգնած ընկերությունների վերահսկիչ մարմիններ։ Նրանք գրեթե բոլորը, առանց բացառության, Պուտինին ծանոթ էին դեռ ԿԳԲ-ում համատեղ աշխատանքի ժամանակներից, և, նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո, բոլորն էլ նշանակվեցին եկամտաբեր վերահսկողական պաշտոններում։ Սկզբում բոլորը գուշակություններ էին անում, թե ինչպիսին կլինի Պուտինի արձագանքն իր «ռեզերվային մարտական ճակատի» այդ մերկացման նկատմամբ։ Բայց նոր աղմուկ չբարձրացավ, և շուտով «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Սեչինը վաղաժամ վայր դրեց խորհրդի ղեկավարի լիազորությունները, և նրա տեղն անհապաղ զբաղեցրեց Անվտանգության դաշնային ծառայության նախկին գեներալ Սերգեյ Շիշինը։ Ի դեպ, ամենազոր «ուժայինները» բացահայտորեն չեն շտապում հանձնել դիրքերը։ Խիստ հատկանշական է նաև այն, որ, վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով, Մեդվեդևի ու Պուտինի միջև ոչ մի հակամարտություն չկա, նրանք երկուսն էլ համաձայն են, որ անհրաժեշտ է «բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը»։ Սակայն, ինչ էլ լինի, նախագահը մեկ անգամ ևս «ատամ ցույց տվեց», հասկացնելով, որ հավատարիմ զինակիցների դիրքերի թուլացումը չի կարող չանդրադառնալ ամենազոր «ազգային առաջնորդի» վրա։ Չէ՞ որ Ռուսաստանում իշխանության համար պայքարը երբեք չի վերանում, այն դառնում է սոսկ ավելի կամ պակաս նկատելի։ ՈՒինստոն Չերչիլը նման պայքարն անվանել է «բուլդոգների նենգաբարո գզվռտոց»։ Իսկ որ այդ կատաղի գզվռտոցում վարչապետը չկարողացավ կամ չցանկացավ (չգիտես` որն է ավելի վատ) պաշտպանել «յուրայիններին», կարող է ճակատագրական հետևանք ունենալ։ Մի քանի ուժեղ դեմքերի ինքնասիրությանը, եթե ոչ գրպանին, բացահայտ հարված հասցվեց, իսկ դա այդ միջավայրում առհասարակ չեն մոռանում ու չեն ներում։ Ոչ պակաս կարևոր ևս մեկ փաստ. ինչպես գրում է ռուսական մամուլը, «երկու տիրոջ ծառան` «Եդինայա Ռոսիա»-ն, բացահայտորեն խառնվել է իրար։ «Կուսակցակիցներն» ամեն կերպ ձգտում են գուշակել, թե ով կհաղթի «երկու անբաժան ընկերների» բանավեճում։
Մինչդեռ դրամատիզմը «բանավեճում» ահագնանում է։ Օրերս Անվտանգության դաշնային ծառայության մի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարեց, որ իրենց կազմակերպությանն անհանգստացնում է այն փաստը, թե ռուսներն ի՜նչ անպատժելիությամբ են գրագրություններում օգտագործում «սկայպն» ու «էմեյլը»։ Իբր այդ համակարգերն այնքան ճարպկորեն են ծածկագրվել, որ չեկիստներն անգամ ի վիճակի չեն վերծանելու դրանք, ուստի անհրաժեշտ է սահմանափակել դրանց գործունեությունը։ Քիչ ավելի ուշ խոսեց նախագահը։ Նա քաղաքացիներին հանգստության կոչ արեց ու ասաց, թե առհասարակ ավելի լավ կլինի, որ ծառայությունն զբաղվի իր ուղղակի պարտականությունների կատարմամբ, ոչ թե «հանդես գա պատժիչ միջոցառումներով»։ Դրան հետևեց Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովի պատասխանը։ Նա կոշտ ոճով «կպավ» Կրեմլին, ծանրումեծ հայտարարելով, թե «բնական է, դա գերատեսչության իրավասության ոլորտն է և բծախնդրորեն հիմնավորված է»։ «Սկայպի» առթիվ այս «թարմ բանավեճն» արդեն հունից հանում է նույնիսկ «քաղաքականապես գրագետներին»։ Հասկանալի է, Պուտինը, պաշտպանելով «գերատեսչությունը», անցել է հակահարձակման և բացահայտորեն հույսեր է կապում իր գրասենյակի աջակցության հետ։ Թե ով կհաղթի «տիտանների գոտեմարտում», ամենևին էլ ակնհայտ չէ։
Ակնհայտ է մեկ բան. եթե այս ամենը խաղ չէ, ապա «մտերիմ մարդկանց» հարաբերություններն արդեն սրվել են ծայրաստիճան։ Իսկ դեռ կես տարի առաջ, իբր, ակնհայտ հակամարտության նմանակմանը հավատալն ավելի ու ավելի է դժվարանում։ Բանն այն է, որ շատ լուրջ թեմաներ են շոշափված։ Եթե հիշելու լինենք, որ վերջին ամիսներին բանավիճող կողմերից երկուսի վարկանիշն էլ համերաշխորեն ընկնում է, ապա «զույգի» հակամարտությունն ավելի հավաստի է դառնում։ Միակ բանը, որ կարելի է ասել որոշակիորեն, այն է, որ կա՛մ «Վլադիմիր Պուտինի երկրորդ հայտնությունը» կիրականանա առաջիկա ամիսներին, կա՛մ առհասարակ չի իրականանա։ Ժամանակը և քարոզչական մեքենան, ուր արդեն գերիշխում են «մեդվեդևականները», աշխատում են նրա դեմ։ Ավելին, եթե «իշխանական հակամարտություն» չի կարող լինել, ապա այն կհանգուցալուծվի 2012-ից շատ առաջ և կհանգուցալուծվի, ինչպես միշտ, բարձրաստիճան նոմենկլատուրայի նեղ շրջանակում։ Ընդ որում, ինչպես վերջերս նկատեց նախկին «խորհրդային» նախագահ Միխայիլ Գորբաչովը, երբ երկու մարդ իրար մեջ ուզում են որոշել, թե ով է գլխավորելու 140-միլիոնանոց բնակչությանը, սա անհրապույր տեսարան է։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ