Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՏՈՆԱԿԱՆ ԲԱԺԱԿԱՃԱՌԵՐԻՑ ՈՒ ԳՈՎԵՍՏՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԲԱՔՎՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ «ՄԵԾԱՑՆԵԼ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ»

ՏՈՆԱԿԱՆ ԲԱԺԱԿԱՃԱՌԵՐԻՑ ՈՒ ԳՈՎԵՍՏՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԲԱՔՎՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ «ՄԵԾԱՑՆԵԼ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ»
07.06.2011 | 00:00

Վերջին ժամանակներս Բաքվի մեր հարևանները երևի որոշել են հնարավորինս հաճախակի հիշեցնել իրենց մասին։ ՈՒ սկսել են իրար հետևից անակնկալներ մատուցել։ Եվ ահա, աշխարհի լավագույն առողջարաններից մեկում` Բալի կղզում, նրանք որոշել են, որ հիմա ամենահարմար ժամանակն է իրենց ինքնության մասին հայտարարելու, պարզ ասած, դառնալու Չմիացած երկրների շարժման լիիրավ անդամներ։ Նկատենք, որ այնտեղ այդ նույն կազմակերպությանը միացավ նաև Ֆիջի կղզին` Խաղաղ օվկիանոսում հրաբխային նստվածքների և բուստախութերի վրա կորած մի պետություն։ ՈՒ թեև քաղաքական աշխարհում վաղուց արդեն Չմիանալու շարժումը համարվում է մի «կազմավորում», որի «անունը կա, ամանում չկա», ուր ոչ մի միջպետական պայմանագիր չկա, այլ կան միայն ռազմական դաշինքների մասին իրենց առանձնահատուկ վերաբերմունքն ունեցող «մի կույտ» երկրներ, այդուամենայնիվ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ անդամությունն Ադրբեջանին հնարավորություն կտա ավանդ ներդնելու «հանուն ավելի արդարացի և միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգի շարժման մեջ»։ Այն, որ նրանց այդ նոր «կառուցողական դերը» քիչ է տարբերվելու այն ամենից, ինչ մենք տեսել ենք մինչ այս, կասկած չկա։ Առավել ևս, որ գերատեսչության ղեկավարը, առանց դույզն-ինչ ամոթի, ավելացրել է, թե «Ադրբեջանը միշտ եղել է հանդուրժողականության և տարբեր դավանանքների, ազգային խմբերի ու փիլիսոփայությունների համատեղ կեցության միջավայր»։ Ո՞Ւմ է նա այնտեղ` Բալիում, «միամիտ հիմարի» տեղ դրել, և ո՞վ է հավատացել ադրբեջանական ժողովրդական այդ հեքիաթներին, տվյալ պարագայում կարևոր չէ։ Շատ ավելի կարևոր և հետաքրքրական է, թե ինչպես են պաշտոնական Բաքվի այդ գործողությունները, որոնք փորձագետների մեծ մասը «անակնկալ» է անվանել, փոխելու և՛ երկրի քաղաքականությունը, և՛ երկրի աշխարհաքաղաքական քարտեզը։ Չի՞ դառնալու, արդյոք, Շարժմանը Ադրբեջանի անդամակցությունը խոչընդոտ եվրատլանտյան ինտեգրման և ՆԱՏՕ-ի մեջ մտնելու ճանապարհին։ Հետ կկանչվե՞ն, արդյոք, ադրբեջանցի խաղաղարարներն Իրաքից և Աֆղանստանից։ Սպասվո՞ւմ է, արդյոք, ռազմական գործակցության գործող ծրագրերի դադարեցում։ Հիմա ի՞նչ է լինելու նրանց սիրելի հոգեզավակը` թուրքաինտեգրումը։ Չմիացած երկիրն ինչպես կարող է թշնամական քաղաքականություն վարել մեկ այլ պետության հանդեպ։ Եվ եթե Ադրբեջանը, փաստորեն, պատերազմի մեջ գտնվելով Հայաստանի հետ, հանկարծ իրեն հայտարարում է «չեզոք դիրքորոշման երկիր», միանում է մի կազմակերպության, որտեղ անդամությունը ենթադրում է որևէ միջազգային, տարածաշրջանային, սահմանային և տեղային հակամարտության բացակայություն, ապա այդ քայլն այլ կերպ, քան «նոնսենս» և անհեթեթություն չես անվանի։ Վերջապես, խոսքը միգուցե Ադրբեջանի ամբողջ արտաքին քաղաքականության վերանայմա՞ն մասին է։
Այդ խճողվածքից գլուխ հանելու համար չէր խանգարի մատնանշել այդ շարժման առաջնայնությունները։ Հիշեցնենք, Չմիանալու շարժումը ստեղծվել է 1961-ին Բելգրադի խորհրդաժողովում։ Այսինքն, այն ժամանակ, երբ սրվել էին Հարավսլավիայի և ԽՍՀՄ-ի հարաբերությունները, իսկ մի շարք երկրներ փորձում էին սուսուփուս սպասել մի կողմի վրա` «սառը պատերազմի խրամատներից» հնարավորինս հեռու։ Խորհրդաժողովին նախորդել էին տևական քննարկումներ այն ժամանակվա շատ հեղինակավոր քաղգործիչների` Ջավահառլալ Ներուի, Իոսիպ Բրոզ Տիտոյի և Գամալ Աբդել Նասերի միջև։ Հիմք էին ընդունվել նշանավոր «Խաղաղ գոյակցության» հինգ սկզբունքները, որոնք մինչ այդ հարթել էին հակամարտությունը Հնդկաստանի ու Չինաստանի միջև (Տիբեթի համար էր)։ Այն բովանդակում էր հետևյալ մոտեցումները. տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգում, հարձակման բացառում, միմյանց ներքին գործերին չմիջամտում, հավասարություն և փոխշահավետություն, խաղաղ գոյակցություն։ Այնուհետև, համարվում է, որ «Սովետներն իրարով անցան», և ԽՍՀՄ-ն սկսեց այդ միջազգային կազմակերպության «հակաիմպերիալիստական բնույթն» օգտագործել սեփական աշխարհաքաղաքական շահերի օգտին։ Եվ այդ ժամանակ Չմիանալու շարժման գործունեության ոլորտում տեղ գտավ պայքարն ընդդեմ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի։ Այդ ժամանակ Կուբան, որը համարյա 16-րդ միութենական հանրապետությունն էր, դարձավ Շարժման առաջատարներից մեկը։ Հիմա շատ բան է փոխվել։ Արդեն գոյություն չունեն ո՛չ ՍԵԱՏՕ-ն, ո՛չ ՍԵՆՏՕ-ն` ՆԱՏՕ-ի արևելյան նմանակները, անդառնալիորեն մոռացվել է Վարշավայի պայմանագիրը, որի «ժառանգորդը» որոշակի իմաստով կարող է դառնալ ՀԱՊԿ-ը։ Փոխվել է նաև մասնակիցների կազմը։ Քարտեզից անհետացել է Հարավսլավիան։ Այսօր միայն Բոսնիա-Հերցեգովինան է նրա փոխարեն կազմավորված նոր պետություններից Շարժման մեջ կարգավիճակ ստացել, ընդ որում, ընդամենը դիտորդի։ Հնդկաստանն արդեն կորցրել է հետաքրքրությունն այդ կազմավորման նկատմամբ։ Շարժման շարքերը լքել է Ֆինլանդիան, նրա կազմից դուրս է եկել ՆԱՏՕ-ին անդամակցած Ռումինիան։ Հիմա Եվրոպայից այնտեղ միայն Բելառուսն է։ Շարժման անդամ 118 պետություններից 38-ը ասիական է, այդ թվում` Պաղեստինի պետությունը, Թուրքմենստանը, ՈՒզբեկստանը, 53-ը` աֆրիկյան, 26-ը` լատինաամերիկյան և կարիբյան։ Այսօր նրա կազմի մեջ մտնում են իրենց ներքին կառուցվածքով և քաղաքական կողմնորոշմամբ ամենատարբեր պետություններ։ Փորձագետները Չմիանալու շարժումը համարում են ներքին կառուցվածքով առաջին «լայն» և առավել ազատ միջազգային կազմակերպությունը։ Այստեղ չկան հստակ փոխպարտավորություններ, ոչ ոք չի ծրագրում ստեղծել ընդհանուր խաղաղարար ուժեր, փաստորեն, բացակայում են գաղափարախոսությունն ու ընդհանուր անելիքները։ Սակայն վերջին շրջանում այնտեղ շատ են ուժեղացել արաբական աշխարհի դիրքերը, իսկ Շարժման հերթական գագաթնաժողովը կայանալու է 2012-ին Թեհրանում։ Եվ դա որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե նախկին և մոռացված «հակաիմպերիալիստական» ուղղվածությունը վերակենդանանում է։ Սակայն այս ամենը պաշտոնական Բաքվին չի խանգարում հայտարարելու, որ «չնայած Չմիանալու շարժման 50-րդ տարեդարձին, անցած ժամանակամիջոցում նրա հետապնդած նպատակները պահպանում են իրենց հրատապությունը մինչ օրս», և, պարզվում է, «սառը պատերազմի» ավարտն ամենևին էլ չի թուլացրել քաղաքական համակարգման մեխանիզմի նրա դերը։
Բայց այս խոսքերը, թվում է, շատ գեղեցիկ և հուսադրող են հնչել միայն արևադարձային Բալիի հանգստավետ մթնոլորտում։ Մեր կլիման խստաշունչ է, իսկ իրականությունը մեծ որոշակիություն է պահանջում։ Քանի որ, ինչպես հայտնի է դարձել ադրբեջանական լրատվամիջոցներից, ներկայումս Եվրամիությունը վերլուծում է, թե Չմիանալու շարժմանն Ադրբեջանի անդամակցությունն ինչ կերպ կարող է անդրադառնալ եվրաատլանտյան տարածքին երկրի ինտեգրման վրա։ Ավելին, կարծիք կա, որ եթե առաջ Արևմուտքը մեր տարածաշրջանը համարում էր մեկ միասնական ամբողջություն, ապա այժմ Հարավային Կովկասը դադարել է միասնական աշխարհաքաղաքական կետ լինելուց, և նկատվում է, որ միջազգային ու տարածաշրջանային քաղաքականության մեջ Բաքուն որակապես նոր դիրքորոշում է որդեգրում։ Օրինակ, համարում է, որ «այդ քայլի նպատակը Ռուսաստանի և Իրանի կողմից Ադրբեջանի վրա գործադրվող ճնշմանը վերջ դնելն է», կամ հնարավոր է` ինչ-որ ընդհարում է սպասվում Իրանի հետ, և սա ուղերձ է, որ «մենք չեզոք ենք և մեր տարածքից ձեզ վտանգ ու սպառնալիք չի լինի»։ Այլոց խոսքերով, «իր քաղաքականությամբ Ադրբեջանը հարված հասցրեց այն ամենին, ինչ արվել էր մինչ օրս ՆԱՏՕ-ի հետ գործակցության ճանապարհին»։ Ավելին, երբ խոսք է լինում դաշինքներին չմասնակցելու և այլ երկրների ռազմաբազաների բացակայության մասին, ապա պարզ չէ, թե հիմա վերջերս Թուրքիայի հետ կնքված դաշինքն ինչպես է բացատրվելու։ Ընդ որում, ասվում է, որ Ադրբեջանը ջանում է ստեղծել նոր քաղաքական-դիվանագիտական հենակետ, որտեղից կարելի լիներ նոր քաղաքական-դիվանագիտական հարձակում սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ ՈՒշագրավ է գագաթնաժողովում արված հայտարարությունը, որից հետևում է, որ Ադրբեջանը հույս ունի Շարժման երկրների հետ համակարգելու գործողություններն այլ միջազգային կազմակերպություններում, օրինակ` ՄԱԿ-ում։ Թեև, հավանաբար, Բաքվում իրենց խաղերի արանքում մոռացել են, որ Չմիանալու շարժման անդամ են նաև լատինաամերիկյան պետությունները, որոնցից շատերին հազիվ թե կարելի լինի Ադրբեջանի հնարավոր դաշնակից համարել, քանի որ նրանք ցայտուն արտահայտված հայամետ դիրքորոշում ունեն։ Իսկ եթե Բաքուն նոր անդամակցությունը համարում է պաշտպանություն «ժողովրդավարացումից», ապա դա առնվազն միամտություն է։ Պետք է կասկածել, որ Ադրբեջանը, դառնալով այդ կազմակերպության անդամ, իրեն կապահովագրի «թավշյա», «գունավոր» և այլ հեղափոխություններից։ Բավական է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հեղափոխությունները ճարակել են հենց արաբա-մահմեդական աշխարհի երկրները, որոնք Չմիանալու շարժման ակտիվ անդամներ են։
Այնպես որ, երևի պատահական չէ, որ տոնական բաժակաճառերից ու գովեստներից հետո Բաքվում սկսել են «մեծացնել արագությունը»։ Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարն արդեն ասում է, թե Շարժմանը միանալը չի նշանակում, որ երկիրը որևէ փոփոխություն կկատարի մինչև օրս վարած իր քաղաքականության մեջ։ Ավելին, պարզվում է, Ադրբեջանը շարունակելու է իր գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ` համաձայն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում նշված անհատական պլանի, և «երկրի միացումը Չմիանալու շարժմանը ոչ մի կերպ չի հակասում այդ ծրագրին»։ Եվ գլխավորը, ուշադրություն դարձրեք` «Ադրբեջանը միշտ էլ իրավունք ունի դուրս գալու ցանկացած կազմակերպությունից», իսկ այս անդամությունը ոչինչ չի պարտավորեցնում։ Այսինքն, հնարավոր է, որ այս քայլը շատ արագ վերախաղարկվի։ Պետք չէ կասկածել, որ եթե վաղը Բաքուն հնարավորություն ունենա ավելի լավ ապահովելու իր անվտանգությունը որևէ պետության կամ պետությունների խմբի հետ դաշինքի մեջ մտնելով, ապա նրան ոչինչ չի խանգարի «թափ տալու ձեռքն» ու հեռանալու այդ Չմիանալու շարժումից։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից


Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ