«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐՆ ՈՒ ԹՈՌՆԵՐԸ ԴԱ ՄԵԶ ՉԵՆ ՆԵՐԻ

ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐՆ ՈՒ ԹՈՌՆԵՐԸ ԴԱ ՄԵԶ ՉԵՆ ՆԵՐԻ
20.07.2010 | 00:00

Լեռնային Ղարաբաղի խնդիրը ներկա փուլում ո՛չ տարածքային ամբողջականության հարց է ադրբեջանցիների համար, ո՛չ էլ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն հայերի համար, այլ իրենց պատմական հիշողություններով և ազգային ակնկալիքներով այդ երկու ժողովուրդների նմանության վկայություն։ Իսկ պատմական հիշողությունը, եթե հետևելու լինենք հայ պատմագրության տրամաբանությանը, աներկբայորեն վկայում է, որ Լեռնային Ղարաբաղը հայկական հող է։ Այդ նույն պատմական իրադարձությունների ադրբեջանական մեկնաբանությունը մեր հարևաններին ստիպում է մտածել, որ Լեռնային Ղարաբաղն իրենցն է։ Հենց սա էլ, ազգային ակնկալիքների մակարդակում, ձևավորում է փոխադարձաբար անզիջում և սեփական արդարացիության համոզմունք, ուստի հարցի լուծումը գտնվում է այդ պատկերացումների սահմաններից դուրս։ Ելքն ընդունելի փոխհամաձայնությունն է։ Պաշտոնական Երևանը դեռ 2005-ի դեկտեմբերին է դրան համաձայնել։ Այն ժամանակ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանը պարտավորվեց «ԵԱՀԿ Մինսկի խմբի համագործակցությամբ աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա», չճանաչելով ԼՂ-ն որպես անկախ կազմավորում։ Նույն ծրագրի շրջանակներում 2005-ին ճիշտ նույնպիսի պարտավորություններ ստանձնեց նաև Ադրբեջանը։
Ինչպես հայտնի է, վերջին հինգ տարում պատրաստվել է հակամարտության առարկայի ըմբռնման ցանկը և որոշվել իրացվելիք գործողությունների հերթականությունը։ Այժմ պետք է նախագահների ստորագրություններով թղթին հանձնել ձեռք բերվածը, որից հետո ձեռնամուխ լինել բանակցությունների երկրորդ փուլին, որին, Հայաստանից և Ադրբեջանից բացի, կմասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները։ Երկրորդ փուլում կողմերը պետք է ձգտեն հասնել այնպիսի պայմանավորվածությունների, որոնք Լեռնային Ղարաբաղում բացառեին նման հակամարտության կրկնության հնարավորությունը։ Այդ մոտեցումը պետք է հաշվի առնի ոչ միայն հաշտ ու խաղաղ ապրելու հայերի ու ադրբեջանցիների ընդունակությունը։ Ցավոք, այս պահին պատմական այս պայմանը բավարար չէ խնդրի լուծման համար։ Լրացուցիչ խթան է պետք։ Մտահղացումը հաջող կլինի, եթե դրանում գործի դրվի նաև արտատարածաշրջանային ուժի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղահայաց վերահսկողության տարրը։ Այնպիսի ուժի, որն ընդունակ կլինի հետհակամարտային Լեռնային Ղարաբաղում ապահովել կյանքի եվրատլանտյան որակ, ինչը ԵՄ-ում ձեռք է բերվում ոչ թե կաշառք տալու և վերցնելու իրավունքի միջոցով, այլ բոլորի կողմից և բոլորի համար օրինականության պահպանման պայմաններում։ Այսինքն, այնպիսի պայմաններում, որպիսիք հիմա չկան ո՛չ Լեռնային Ղարաբաղում, ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում։ Ավելին, իդեալական տարբերակում պետք է ձգտել այն բանին, որ Լեռնային Ղարաբաղը դառնա Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման այն մակարդակին մոտեցնելու օրինակ, որը հաստատվել է Եվրոպայում` Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև։ Գերմանացիների ու ֆրանսիացիների քաղաքական համերաշխությունը պետք է հայերի ու ադրբեջանցիների համար օրինակ ծառայի և ոգևորի ինչպես Հարավային Կովկասում ԵՄ-ի բնական բաղկացուցիչներ, այնպես էլ Սև ծով-կովկասյան տարածությունում եվրատլանտականության գաղափարական շարունակողներ դառնալու նրանց մտադրություններում։ Այս բանաձևից դուրս ցանկացած ջանք ապարդյուն կարող է լինել, որովհետև կարգավորման գործընթացին մրցակցության տարր կխառնի, ինչը կարող է տարածաշրջանը կատաղի արյունահեղության մատնել։ Իհարկե, թե՛ մեկ, թե՛ մյուս կողմից «տաքգլուխներ» կգտնվեն, որոնք կասեն. «Մենք պատերազմից չենք վախենում», սակայն առատորեն թափված արյունը խնդիրը չի լուծել։ Այսօր էլ Երևանում կարելի է կոչեր լսել կռվելու մինչև վերջին ադրբեջանցին, Բաքվում էլ քիչ չեն նրանք, ովքեր պատրաստ են հանուն Լեռնային Ղարաբաղի կռվելու մինչև վերջին հայը։ Սա հարցի լուծում չէ։ Սա փակուղի է։ Պատերազմի վերսկսումը տասնամյակներով հետ կշպրտի իրենց երկրում քաղաքացիական հասարակություն կառուցելու հայերի ու ադրբեջանցիների ջանքերը։ Պետք է համաձայնության գալ։ Բանակցությունների սեղանին դրված առաջարկությունները գուցե և ամենահաջողը չեն, բայց դրանք ընդունելի են, և երկու կողմերն էլ կարող են ընդունել դրանք։ Համենայն դեպս, մենք հաստատ կարող ենք։ Կհարցնեք` ինչո՞ւ։ Թեկուզ այն պատճառով, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային միջանցքի տրամադրման հարցն այլևս գերակա սկզբունք չէ։ Ի պատասխան, մենք էլ մեր հարևաններին նման հնարավորություն չենք տրամադրում Ադրբեջան-Նախիջևան գծում։ Մյուս զիջումը. Ադրբեջանն ընդունում է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը։ Իրավական նման առավելություն հայկական կողմն առաջին անգամ է ստանում։ Եվ դրանից պետք է օգտվել, որպեսզի այս ամենը մտադրությունների մակարդակում չմնա։ Եվ այսպես` ի՞նչ է պետք անել։ Նախ, որպեսզի վստահության գոնե մի փոքր տարր երևա Երևանի ու Բաքվի միջև, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է ավելի հաճախ հանդիպեն։ Ընդ որում, հանդիպումների ձևաչափն անհրաժեշտ է բազմազան դարձնել։ Հարկավոր է ստեղծել հնարավորություններ բանակցությունների կողմը գրավելու ոչ միայն Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի և Դմիտրի Մեդվեդևի, այլև բալթյան-սևծովյան-կասպյան տարածաշրջանների առավել ազդեցիկ ղեկավարների ուշադրությունը։ Ասենք` Նուրսուլթան Նազարբաևի, Բրոնիսլավ Կոմորովսկու և Ռեջեբ Էրդողանի։ Երկրորդ` հրապարակային քննարկումների միջոցով հասարակայնությանը ներկայացնել այն աներկբա առավելությունները, որոնք կստանա տարածաշրջանը, եթե Լեռնային Ղարաբաղի առնչությամբ վարչական կառավարման հարցը զատվի «տարածքային իրավապատկանելություն» հասկացությունից։ Երրորդ` համաձայնեցնել այն պայմանները, որոնք ձգձգված հակամարտության գոտու օրենսդիր-գործադիր իշխանությունները կենթարկեն ԵՄ-ի համապատասխան կառույցներին` Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տալով Միացյալ Եվրոպայի քաղաքացիություն։ Նուրսուլթան Նազարբաևը հաջող ղեկավարման հսկայական փորձ ունեցող քաղաքական գործիչ է, նրա խոսքը մեծ արժեք ունի ոչ միայն Կենտրոնական Ասիայում։ Ղազախստանը 2010 թիվը ներառյալ նախագահելու է ԵԱՀԿ-ում, իսկ 2011-ին ղեկավարելու է Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը։ Բրոնիսլավ Կոմորովսկին այն երկրի նախագահն է, որը նախաձեռնել է ստեղծել ԵՄ «Արևելյան գործընկերությունը», մի կառույց, որը Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցնելու է ԵՄ-ին լիարժեք անդամակցությանը։ Հայերի ըմբռնմամբ` նա ներկայացնում է մի ժողովրդի, որի զավակները զենքը ձեռքներին, Դավիթ Բեկի բանակում ժամանակին պաշտպանում էին Զանգեզուրի և Ղարաբաղի անկախությունը։ Ռեջեբ Էրդողանը վարչապետն է մի երկրի, որը մոտ ապագայում կարող է դառնալ եվրոպական սպառողների համար նավթի ու գազի փոխադրման Ղազախստան (Թուրքմենստան)-Կասպից ծով-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա տարանցման նախագծերի առանցքային գործընկերը։ Այս միջանցքը տնտեսական առումով ավելի արդարացված է. մղվող գազի ու նավթի ծավալներից 5 տոկոս անվճար, 5 տոկոս զեղչ սխեմայով տարանցման երկրին հասնող մասնաբաժինը մեր երկրին տարեկան կբերի 3 մլրդ խմ գազ և 4 մլն տոննա նավթ, ինչն առաջիկա 100 տարում մեր բնակչության համար կապահովի ձրի գազասպասարկում։ Իսկ նավթի տարանցումը մեր բյուջեին տարեկան կբերի մոտ 1 մլրդ դոլար (1 բարելը 75 դոլար հաշվարկով)։ Եթե դրան ավելացնենք նաև «Նաբուկո» և «Սպիտակ հոսք» գազամուղները` տարեկան 50 մլրդ խմ գազ ընդհանուր թողունակությամբ, որոնք, Եվրախորհրդարանի 2216 բանաձևի համաձայն, պետք է անցնեն Հայաստանի տարածքով, ապա սոցիալական շատ հարցերի լուծման բանալին միանգամայն պարզորոշ կլինի։
Այնպես որ, հարցի գինը շատ լուրջ է, և սխալվել, ինչպես Բաքու-Ջեյհան նախագծի դեպքում, մենք այլևս իրավունք չունենք։ Մեր զավակներն ու թոռները մեզ չեն ների։
Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքական ծրագրավորման կենտրոնի ղեկավար

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ