«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՍՈՎԱ՞Ծ ԷՐ, ԹԵ՞ ՔՈՒՆՆ ԷՐ ՏԱՆՈՒՄ

ՍՈՎԱ՞Ծ ԷՐ, ԹԵ՞ ՔՈՒՆՆ ԷՐ ՏԱՆՈՒՄ
08.02.2011 | 00:00

Կարելի էր կարծել, թե «Ահավոր» Ադիբեկյանը մոռացել էր, որ մի քանի օր առաջ նույն «ծեմածիկայով» ինքն արդեն ասուլիս տվել, բոլորիս ժրաջան տեղեկացրել-ուրախացրել է, որ Քոչարյան Ռոբերտը ռեսուրս չունի վերադարձի. նա ընդամենը 2,5 տոկոսային է: ՈՒստի առաջին հայացքից լավ չհասկացանք՝ Ադիբեկյանը սովա՞ծ էր, թե՞ քունն էր տանում:
Խորացող ամնեզիայի մեջ սոցիոլոգիական հետազոտողին պետք չէր կասկածել. նա լավ «հաշվետար է», գիտե՝ ինչ է անում և ումով: Հետն էլ՝ խելքը հացի հետ չի կերել, որ մեղադրի Քոչարյանին ու «ընտանիքին»՝ տնտեսական «ահավոր-ադիբեկյանության» մեջ՝ թվերի տեսքով, որովհետև «ընտանիքը» դատի է տալիս, ով ձեռն է ընկնում, որ ապացուցի, որ ինքը Տանզանիա՝ առյուծ մորթելու է գնում «երիտթոշակառուի» կոպեկ-կոպեկ հավաքած փողերով:
Որքան էլ տարօրինակ, այս անգամ Ադիբեկյանն անչափ նուրբ առաքելությամբ էր «երևացել» Քոչարյանին: Եվ մեզ: Ընդ որում, հետևելով հայ իրականությանը՝ նման բանի կարծես առաջին անգամ ենք ականատես լինում:
Դե, չէ, Ահարոնն առաջ չէր եկել «մույս» (էն Օսկանյանն ինչի՞ չի երևում, աչքներս ջուր դառավ, կոկորդներս չորացավ իրեն կանչելուց) սոցիոլոգ Պողոսյանի նկատմամբ հակընդդեմ հայցով (այս Պողոսյանն էլ, ոնց տեսաք, ԲՀԿ ճամբարային բանակումների մեջ է)։
Ահարոնն առաջ չէր եկել նաև արձանագրելու, որ երբեմն-երբեմն ԱՄՆ-ի դեսպանատունն ու յուր տիկինը՝ Մարին, ճաշի են հրավիրում ՀՀԿ-ին: Ճաշեցնում են նրանց ու «կերման» ամենաթեժ պահին, իբր ի միջի այլոց, հարցնում` իսկ ի՞նչ ես կարծում, ՀՀԿ, Քոչարյանը կվերադառնա՞:
Կիբեր հեղափոխությունների «մետր», իսկ առավել ստույգ՝ կիլոմետր ԱՄՆ-ը շատ լավ գիտե՝ կվերադառնա՞, թե՞ ոչ. դեսպանուհին պարզապես ՀՀԿ-ի երակն է շոշափում: ՀՀԿ-ի «երակ» Ռազմիկ Զոհրաբյանն «ուտումին» զուգընթաց հարցադրումը շատ նրբագեղ «պոսլատ» է անում. պետք է հարցն ուղղել Քոչարյանին: Հասկացնելով, որ իրենց այնքա՜ն չի հետաքրքրում Քոչարյանը: «Զնաչիտ»՝ չի գա: Կամ՝ չպիտի գա: Դե, հասկանալի է, դեսպանը ոմանց խելքին չէ, ու գիտի, թե Զոհրաբյանն ինչ է ասում և ումով, ուստի առանց ուշացնելու այդ մասին նամակ է գրում Wikileaks-ին. ներեցեք՝ պետդեպին, մի խոսքով՝ իր գործն է անում:
Բայց ոնց որ մեր Ադիբեկին մոռացանք: Եվ ուրեմն. նրա ասուլիսի մեխը, բանալին, սիրտը, իրականում՝ կոդը, հետևյալն էր. «Քոչարյանի վերադարձի համար հարկավոր է ճշտել այն փոքր խմբի մարդկանց կարծիքը, ովքեր որոշումներ են կայացնում»:
Նկատեցի՞ք՝ առ այս պահը Քոչարյանի գրասենյակը, որ վերջին շրջանում ընտրել է՝ բան չասած պատասխան տալու-դատի քաշելու մարտավարությունը, ոչ այս, ոչ էլ Գագիկ Ծառուկյանի ասածների շուրջ որևէ բացատրություն չի տվել: Իսկ թե ինչ արեց խեղճ Քոչարյանի գլխին մեր պարոն Ծառուկյանը՝ իր «նոն ստոպ» հայտարարություններով, առանձին հետազոտման թեմա է:
Այսպիսով, հասկացե՞լ են քոչարյանենք՝ ինչ է իրենց ասվում:
Ընդ որում, այդ «ասումն» ամենևին էլ հայաստանյան կամ Բաղրամյան 26-յան չէ: Ադիբեկյանի նշած «փոքր խումբը» (քաղաքական մեծ խաղին տեղյակները սա շատ լավ գիտեն), ամենևին էլ հայկական շրջանակներ չի ընդգրկում. այն չերևացող «ադեպտների» շատ լուրջ և խաղ որոշող շրջանակ է, նրանց տեսակետն է փոխանցվում «հարկավորներին»: Պատահական չէր նաև հաջորդ արտահոսքը մեկ այլ «ահավոր Ադիբեկյանի»՝ Սմբատ Կարախանյանի կողմից, այն է՝ Պուտինը և ռուսական շրջանակները ևս մի շատ մե՜ծ «չէ» են ասել Քոչարյանին:
Հետաքրքի՜ր է: Համ էլ՝ հաճելի:
Հ.Գ. -Օրվա վերջում Ռոբերտ Քոչարյանն արդեն հարցազրույց էր տվել «Մեդիա-մաքսին», որին կանդրադառնանք առաջիկայում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ