«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՉ ՈՔ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՍՊԱՍԵԼ ԵՎ ՀԱՎԱՏԱԼ ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ

ՈՉ ՈՔ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՍՊԱՍԵԼ ԵՎ ՀԱՎԱՏԱԼ ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ
01.02.2011 | 00:00

Եգիպտոսից հեռարձակվող դրվագների նկատմամբ սկզբում վերաբերմունքս անչափ հեռու էր քաղաքական վերլուծությունից, կանացիորեն հուզական էր և ասոցիատիվ։ Հիշողությանս մեջ հառնում էին վաղուցվա դեպքերը, երբ նախքան ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստան մտնելը Թալիբանի մոլեռանդ իսլամականներն ուղիղ նշանառությամբ, առանց դույզն-ինչ տատանվելու, ռմբակոծում էին Բուդդայի հազարամյա հսկայական արձանները։ Ապա երևացին բուրգերը, Սֆինքսի արձանը, «Ալլահ աքբա» բացականչություններ, կատաղած մարդկանց մի հսկայական ծով, բանտերից փախչող հանցագործներ, այդ թվում` իսլամական ահաբեկիչներ, մոլեգնող հրդեհ Ազգային թանգարանի մոտ, որտեղ պահպանվում են փարավոնների գանձերը, թանգարանի ջարդուփշուր արված ցուցափեղկեր, ոչնչացված մումիաներ։ Ի դեպ, ինչպես հաղորդում են համաշխարհային զանգվածային լրատվամիջոցները, զինվորականները և հենց իրենք` հանրահավաքի մասնակիցները, պահպանության տակ վերցրին մարդկային պատմության և մշակույթի անփոխարինելի, ըստ էության, համայն աշխարհին պատկանող գլուխգործոցները։
Բայց հույզերից անցնենք իրականությանը և փորձենք պարզել, թե ներկայումս ինչ է տեղի ունենում Եգիպտոսում և ընդհանրապես Հյուսիսային Աֆրիկայում։ Խռովություն, ապստամբություն, հեղափոխություն։ Զանգվածային շատ լրատվամիջոցներ շտապեցին Եգիպտոսում տեղի ունեցող ցույցերը համարել «ամենահզորը» վերջին 30 տարվա ընթացքում, իսկ «Ցասման օրը»` աննախադեպ իրադարձություն։ Նրանք ընդգծում են, որ «սառը պատերազմի» ավարտից հետո հանուն ժողովրդավարացման շարժումը տարածվեց աշխարհով մեկ, բայց Մերձավոր Արևելքն իր ինքնակալական վարչակարգերով այն «վայրն էր, որտեղ ժողովրդական զանգվածները մնում էին ճնշված, բայց` հուլորեն լուռ»։ Ներկայումս իրավիճակը փոխվում է. հաղորդակցության դարաշրջանը ներխուժել է նաև այս տարածաշրջան, ժողովրդավարական և սոցիալական բարենորոգումների կոչեր են տեղադրվում սոցիալական ցանցերում։ Նախ, ինտերնետում հնչած կոչերի շնորհիվ Թունիսում տապալվեց Բեն Ալիի վարչակարգը, այնուհետև Եգիպտոսում իրադարձություններն սկսեցին ծավալվել ձնահյուսի արագությամբ։ Ինչպես հայտնի է, սկզբում բողոքի գործողությունները կազմակերպում էր «Ապրիլի 6» երիտասարդական շարժումը, իսկ այդ հակակառավարական կազմակերպության մեջ մտնում են հիմնականում երիտասարդ և ուսյալ եգիպտացիներ։ Շարժումն ունի շուրջ 70 հազար անդամ և բողոքի գործողությունների համար օգտագործում է համացանցը։ ՈՒշադրություն դարձնենք մի կարևոր հանգամանքի. ամենուրեք դժգոհ երիտասարդությունը, որը համացանցի և հեռուստատեսության միջոցով տեսնում է ավելի հարուստ աշխարհ, վաղ թե ուշ կպահանջի աշխատատեղեր, բարձր վաստակ և կենսական հեռանկարներ։ Եվ ահա «փողոցի ուժով» քաղաքական հեղաշրջումներ են տեղի ունենում արաբական աղքատ երկրներում, որոնք զուրկ են նավթի առատ պաշարներից։ (Եգիպտոսը տարեկան 45 մլն տոննա նավթ է արդյունահանում, բայց այն գրեթե ամբողջությամբ սպառում է ինքը, իսկ գազի արտահանումը, լավագույն դեպքում, չի գերազանցում տարեկան 8 մլրդ խմ-ն)։ Հարցը սոսկ այն է, թե «փարավոնների երկրին» ո՞վ կկերակրի այն պահին, երբ Մուբարաքների ընտանիքը «չվի» այլ ափեր։ Չէ՞ որ շատ շուտով կպարզվի, որ նոր ժողովրդավարությունը չի կարող ժողովրդին նոր աշխատատեղեր տալ, կտրուկ բազմապատկել ներքին համախառն արտադրանքը։
Ժողովրդական հուզումներով բռնկված բոլոր երկրներից ամենազարգացածը Եգիպտոսն է։ Բայց բնակչության մեկ շնչի հաշվով նրա տարեկան ներքին համախառն արտադրանքը մյուս երկրների համեմատ խղճուկ է թվում` 3 հազար դոլար։ Ընդ որում, վերջին 25 տարում երկրի բնակչությունն աճել է 30 միլիոնով` տարեկան 1,7 մլն նոր եգիպտացիների լույս աշխարհ գալով։ Ընդ որում, Եգիպտոսը 97 տոկոսով անապատ է, պարենով ապահովված է ընդամենը 40 տոկոսով, իսկ մնացածը ներմուծում և միջազգային օգնություն է։ Գովաբանված զբոսաշրջությունը տարեկան ապահովում է ընդամենը 6-7 մլրդ դոլար։ Եվ սա դեռ բավականաչափ զարգացած Եգիպտոսն է, իսկ եթե վերցնենք Եմենը, այստեղ ընդհանրապես խավար է, ոչ մի լուսավոր շող չկա տնտեսության մեջ, բնակչությունը բուռն աճում է և համատարած ձևով թմրանյութ օգտագործում։ Անուշահամ ջրի պակաս է զգացվում արդեն նույնիսկ մայրաքաղաքում։ Այստեղ` Աֆրիկայի հյուսիսում, աղքատության թագավորությունն է։ Եվ այդ ամենը համատարած կաշառասունության, շահամոլ ու ընչաքաղց կուսակցական և պետական աշխատակազմի, ավանդական ֆինանսական և շահարկող արիստոկրատիայի համապատկերի վրա, որն օգտագործում է պետական ռեսուրսները և տասնյակ տարիներ վերարտադրվում է։ Թեպետ այդ նույն Եգիպտոսում վերջին ժամանակներս լուրջ վերափոխումներ են սկսվել տնտեսության մեջ։ Բավական է հիշել, որ տարեկան գյուղատնտեսական շրջանառության մեջ է մտցվում աներևակայելի տարածություն` 15 հազար հեկտար, իրականացվում են հողաբարելավման և ոռոգման, տեխնիկական արդիականացման վիթխարի ծրագրեր։ Բայց հսկայական կապիտալ ներդրումները, առավել ևս աղքատ բյուջեից, և ծրագրերի երկարաժամկետ բնույթը, որոնք թեպետ և կարող են նշանակալից լինել, բայց ամեն դեպքում սուր բողոք են հարուցում, քանի որ «արդիականացումն» իրականացվում է աշխատուժի ավելցուկի դեպքում։ Ոչ ոք չի ցանկանում սպասել և հավատալ լուսավոր ապագային, բոլորն ուզում են լավ ապրել հենց հիմա և միանգամից։ Մեկ անգամ ևս նկատենք, որ իրավիճակն այսպիսին է զարգացած Եգիպտոսում, տարածաշրջանի մյուս երկրներում գործերն ընդհանրապես վատ են, հեռանկարի առումով որևէ իրական առաջխաղացում չկա։
Այդուհանդերձ, դժվար չէ կռահել, որ արաբական այս երկրներում «հաղթական հեղափոխություններից» հետո բնակչությունն արագորեն կպարզի, որ ապրում է նույնքան աղքատ ու սովյալ, ինչպես նախկինում, որ աշխատանք ինչպես չկար, այդպես էլ չկա։ Դեռ ավելին, արաբական աշխարհում ժողովրդավարական պետություններ երբեք չեն եղել, հետևաբար «բարենորոգումներն» այստեղ էլ կվերածվեն լիակատար անվերահսկողության և կաշառասունության նոր ասպարեզի։ Երկրները կթևակոխեն նոր, է՛լ ավելի ահավոր և աղետալի շրջան։ Ամենայն հավանականությամբ, «կծաղկեն» ծայրահեղական շարժումներն ու զինված խմբավորումները, անկայունությունն ու թալանը։ Դժվար չէ կռահել, որ արմատականների, առավել ևս, իսլամիստական տարրերի մոլեգնումը կհանգեցնի զբոսաշրջությունից ստացվող եկամուտների անկման։ Այդ առումով էլ Եգիպտոսը, որտեղ վիթխարի է իսլամական ազդեցությունը, իսկ երկիրը վաղուց համարվում է ժամանակակից արմատական մահմեդական շարժման օրրան («Ալ Ղաիդայի» գաղափարախոսների կեսը սերում է Եգիպտոսից), շատ խոցելի է, ինչի ականատեսն ենք։ Արդեն ակներև է, որ աղքատությունից տանջահար աշխարհիկ եգիպտացիները եռանդագին աջակցում են իսլամիստներին, և նամազից հետո Կահիրեի, Ալեքսանդրիայի և Սուեզի փողոցներում միացել էին իմամներին` «Պաշտոնաթող անել Մուբարաքին» ցուցապաստառներով։
Այս օրերին որոշ արևմտյան լիբերալների և քաղաքական կոռեկտության ուսուցչապետերի որքա՜ն ցանկալի չէ ողջ տեղի ունեցածը ներկայացնել որպես պայքար հանուն ազատության ու ժողովրդավարության, քանի որ ամենուրեք թունելի վերջում ներկա է չալմայով և ինքնաձիգով մորուքավոր մարդը, և կարող է հանկարծ պարզվել, որ քաղաքական դաշտում ընդհանրապես ոչ ոք չի մնացել, բացի իսլամական պարագլուխներից։ Բացառված չէ, որ եթե ամեն ինչ երերա ու հողմացրիվ լինի, վերջին հաշվով, ալիքը քաղաքական բուրգի գագաթին կբարձրացնի հենց «Մահմեդական եղբայրներին»։ Արդեն այժմ շարժման հոգևոր առաջնորդը Մուբարաքին կոչ է արել «հեռանալ իշխանությունից և հանգիստ թողնել ժողովրդին»։ Դեռ ավելին, շատ հավանական է, որ կաշառասունության, սոցիալական խղճուկ պայմանների և քաղաքական ազատությունների բացակայության դեմ ուղղված համաժողովրդական ապստամբությունները, ի վերջո, ընտրություններում իշխանության գլուխ բարձրացնեն իսլամական արմատականներին, ինչպես դա պատահեց «Համաս»-ի հետ Գազայի հատվածում։ Բայց ի՞նչ գնով և որքա՞ն ժամանակ անց, առայժմ ոչ ոք չգիտի, ինչպես չգիտի, թե Արևմուտքն արդյոք կկարողանա՞ վերահսկողության տակ առնել «ժողովրդական հեղափոխությունն» ու իշխանության գլուխ կարգել իր հովանավորյալին` «չափավոր իսլամիստի» հագուստով։
Այժմ շատ փորձագետներ արդեն գուշակում են, թե ինչն էր խռովության ազդակ հանդիսացել։ Ոմանք դա համարում են խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մուհամեդ ալ Բարադեյի երկիր վերադարձը։ Նա շրջել է երկրով մեկ, մասնակցել է բազմաթիվ զանգվածային միջոցառումների, ստեղծել «Ազգային ճակատ»` հանուն փոփոխությունների։ Շատ հատկանշական է, որ ալ Բարադեյը կոչ է արել «մահմեդական եղբայրներին դուրս բերել ցրտից», ինչը բավականին արագ աջակցություն է գտել «նոր կապիտալի» և երիտասարդության շրջանում։ Այժմ նշվում է, որ Եգիպտոսում անկարգությունները տարերային բնույթ չեն կրում, դրանք մանրակրկիտ պլանավորված են եղել։ Օրինակ, այդ մասին է վկայում «Մաարիվ» լրագրի տրամադրության տակ հայտնված գաղտնի փաստաթուղթը։ 26-էջանոց փաստաթղթում հանգամանորեն նկարագրված է պետական հեղաշրջման մարտավարությունը, կցված են ճանապարհների արբանյակային լուսանկարներ ու սխեմաներ, առաջին հերթին գրոհի ենթակա ռազմավարական օբյեկտների նկարագրություններ, ինչպես նաև այդ օբյեկտների գրավման և հետագա վերահսկման վերաբերյալ հրահանգներ, որոնց թվում են Մուբարաքի նախագահական պալատը, հեռուստատեսային և ռադիոհաղորդումների կայանները, ամբողջ երկրի պետական շենքերը։ Թե ով է մշակել այդ փաստաթուղթը դեռևս պարզ չէ։ Սակայն իսրայելցի վերլուծաբանները նշում են, որ համանման մարտավարություն էին իրականացնում այն իսլամական արմատական խմբավորումները, որոնք 1980-ականներին փորձում էին հեղաշրջում իրականացնել Եգիպտոսում։ Փաստաթուղթն այն ենթադրությունն է պարունակում, թե ուժային կառույցները լուրջ հակազդեցություն ցույց չեն տա անկարգությունների մասնակիցներին, եթե ընդդիմադիրների զանգվածը «կրիտիկական լինի»։ «Հավաքեք հսկայական խմբեր և նրանց դուրս բերեք փողոցներ, ոստիկանության համար անհնար կլինի հաշվեհարդար տեսնել ցուցարարների կուտակումների հետ»,- ասվում է հրահանգում։
Սակայն այսօր արդեն պարզ է, որ Մուբարաքը թունիսցի Բեն Ալիի և նրա բանակի «թայը» չէ, որը չկարողացավ կրակել սեփական ժողովրդի վրա, իսկ այն վարչակարգը, որ նա ստեղծել է նախագահության 30 տարիներին, բավականաչափ անխոցելի է։ Եգիպտական բանակը կոփված է տասնամյակների մարտերում, որոնք նա մղել է ինչպես արտաքին թշնամիների` սիոնիստների, այնպես էլ ներքին իսլամիստական ընդհատակի դեմ։ 1981-ից, նախորդ նախագահ Սադաթի սպանությունից ի վեր, Եգիպտոսում այդպես էլ չեղյալ չեն հայտարարել արտակարգ դրությունը, իսկ Կահիրեի բոլոր խաչմերուկներում միշտ էլ զինվորներ են կանգնած եղել։ Դեռ ավելին, եգիպտացի սպաները հարգանք են վայելում ու ապրում բարվոք կյանքով, նրանց բնակարաններ են հատկացվում լավ շրջաններում, նրանք գնումներ են կատարում հատուկ խանութներից, սովորական եգիպտացիները նրանց կողքին քարանում են հարգանքից։ Եվ շատ հավանական է, որ, վերջին հաշվով, եգիպտացի սպաներն այդպես էլ չեն գնա Մուբարաքի մոտ ինչպես թունիսցի զինվորականները գնացին Բեն Ալիի մոտ, և չեն ասի` «Հա՛յր, ավելի լավ է ռադ լինես, մենք չենք կրակի ժողովրդի վրա»։ Չէ՞ որ Մուբարաքն ինքը մարտական գեներալ է, եգիպտական օդուժը նրա ղեկավարությամբ վճռական ավանդ ներդրեց Իսրայելի դեմ տարած հաղթանակի մեջ Վերջին դատաստանի օրվա պատերազմում, նրա շնորհիվ Սինայի թերակղզին վերստին դարձավ եգիպտական։ Նման վաստակ ունեցող մարդուն դժվար է հենց այնպես արտաքսել երկրից, ինչքան էլ նա անտանելի լինի։ Բացի այդ, Մուբարաքը, ի տարբերություն Բեն Ալիի, ժամանակ առ ժամանակ փորձում էր «բարձրացնել կափարիչն» ու «բաց թողնել գոլորշին»։ 2005-ի սեպտեմբերին անկախ Եգիպտոսի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցան այլընտրանքային նախագահական ընտրություններ, որոնց թույլ էին տվել մասնակցելու իսկական ընդդիմադիրների։ Օրինակ, Այման Նուրը, որը ներկայումս ցույցերի ժամանակ պահանջում է Մուբարաքի հրաժարականը, ստացել էր քվեների 7,5 տոկոսը։ Ներկայումս Եգիպտոսի խորհրդարանում նիստերին ներկա են միանգամից յոթ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնց թվում կան նույնիսկ «Մահմեդական եղբայրների» իսլամիստներ։ Բայց գլխավորն այն է, որ Մուբարաքը միշտ էլ ընդունվել է միջազգային ասպարեզում։ Մերձավոր Արևելքում ամերիկացիների համար չկար ավելի հուսալի դաշնակից, քան Եգիպտոսը (ԱՄՆ-ի ամենամյա օգնությունը երկու մլրդ դոլար է), իսկ Իսրայելում, որտեղ վերջին երեք տասնամյակների ընթացքում ութ վարչապետ է փոխվել, նրանցից յուրաքանչյուրը հարաբերություններ է պահպանել Եգիպտոսի նախագահի հետ։
Այդուհանդերձ, ի՞նչ է սպասվում։ Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկու կարծիքով` «Մուբարաքն ունի երկու տարբերակ. նա կարող է ճնշել ընդվզումն արյան ծովի մեջ կամ հարկադրված կլինի իշխանությունը հանձնել հատուկ ծառայությունների ղեկավար Սուլեյմանին. էլ ոչ ոք չկա, որ վերցնի իշխանությունն ու պահի այն»։ Նկատենք, որ Մուբարաքը միշտ էլ հակադրվել է երկրում փոխնախագահ նշանակելու գաղափարին։ Այժմ իրավիճակը փոխվել է։ Հետաքրքիր է, որ նոր վարչապետ է նշանակվել Եգիպտոսի ռազմաօդային ուժերի և քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար ու նախագահի անձնական բարեկամ Ահմեդ Շաուֆիկը։ Ասենք, չի կարելի բացառել, որ բանակը կարող է իր ձեռքը վերցնել երկրի իշխանությունը։ Բայց նույնիսկ եթե Մուբարաքի կլանը մոտակա օրերին կարողանա «գլուխը պրծացնել», նա, միևնույն է, կտապալվի այս տարվա ընտրություններում. շարքային եգիպտացիների հիմնական զանգվածը հազիվ թե քվեարկի հօգուտ ներկայիս նախագահի որդու` Ջամալի, իսկ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը հազիվ թե նրան թույլ տա կրկին առաջադրվելու։ Միանգամայն հավանական է, որ «աշխարհիկ իսլամիստի» զգեստով պճնված Մուհամեդ ալ Բարադեյը վերստին հայտնվի ասպարեզում և աշխարհում շատերի համար դառնա անհամեմատ լավագույն տարբերակ, քան իշխանության գլուխ անցած իսլամական ակտիվիստներից որևէ մեկը։
Իսկ առայժմ զբոսաշրջիկները հեռանում են բուրգերի երկրից, որոնք նույնիսկ չեն էլ երևում տանկերի հետևում։ Ի դեպ, այս օրերին ռուսական կայքերում զետեղված մի շատ բնորոշ դիտարկում. «Եգիպտոսից վերադառնալ հրաժարվող ռուս զբոսաշրջիկին թղթակիցը հարցնում է «Ինչո՞ւ չեք վերադառնում, չէ՞ որ այստեղ վտանգավոր է», պատասխանում է. «Այստեղ հեղաշրջումը վերջանում է, փոխարենը տաք է, լողափ էլ կա ու կարելի է հանգստանալ։ Իսկ տանը ձմեռ է, աշխատել է պետք, հեղաշրջումը չի էլ սկսվել»։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1128

Մեկնաբանություններ