«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽԵՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽԵՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ
28.05.2010 | 00:00

Այսօր ընթերցողին կներկայացնենք այն մի քանի խնդիրները, որոնք ակնհայտորեն տարածաշրջանային իրավիճակի և հասարակական վստահություն չներշնչող ներպետական սոցիալ-տնտեսական քաղաքականության պայմաններում կարող են փլուզել մեր երկրի ազգային անվտանգության ամբողջ համակարգը։
Հայաստանի առաջին լուրջ խնդիրը վերջին տասը տարիներին երկրում կատարված տնտեսական վերափոխումներն է։ Դրանք նպաստել են արդյունաբերական արտադրության փաստացի վերացմանը և տնտեսությունը վերածել գործարար հարաբերությունների խեղված մոդելի։ Արտադրությունը խարխլվել է, իսկ ներմուծման ընդհանուր զանգվածը քաղաքական ղեկավարությունը գիտակցաբար բաժանել է շահութաբեր հոսքերի, որոնք բաշխված են իշխանությունների հետ համերաշխորեն համագործակցող օլիգարխիկ կլանների միջև։ Անգամ հայ-թուրքական հարաբերությունների ակնկալվող բարելավումը և սահմանի բացումը սոցիալ- տնտեսական իրադրության թեթևացում չեն բերի և նոր շահութաբեր առևտրային հարաբերությունների մեջ չեն ներգրավի բնակչության մի մասին, որը ներմուծման մենաշնորհային դրվածքի պատճառով զրկված է տնտեսության այդ բնագավառում իրեն դրսևորելու հնարավորությունից։ Որովհետև Հայաստանում հաջողության գաղտնիքը ոչ «բանիմացությունն» է` ըստ Գեյթսի, և ոչ էլ «աշխատասիրությունը»` ըստ Ֆորդի։ Այդ հատկանիշները հայ իրականության մեջ ոչինչ չեն որոշում։ Հաջողությունը Հայաստանում ապահովվում է երկրի քաղաքական ղեկավարության վարչական հովանավորությամբ ու համապատասխանաբար, նման դրամական միջոցները տրամադրվում են նրանց, որոնց վերահսկում են իշխանությունները։ Ստացվում է մի ներփակ շրջան, որը ձեռներեց քաղաքացին երբեք չի կարող միայնակ հաղթահարել։ Այդ պատճառով էլ ստեղծվում են չգրված կանոններ, որոնք սկզբից ևեթ բացառում են հանրայնացված սեփականության քաղաքակիրթ վերաբաշխումը և խնդրահարույց դարձնում իշխանություններից անկախ քաղաքական-տնտեսական շահեր ունեցող հաջողակ ձեռնարկատերերի կայացումը։ Շահեր, որոնք էլ ձևավորում են ոչ թե միևնույն, իրեն արդեն սպառած քաղաքական վերնախավի վերարտադրության, այլ հայեցակարգային հարցերում պետության զարգացման ուրիշ ըմբռնում ունեցող քաղաքական ուժերի իշխանության գալու հանրային պատվեր։ Քաղաքական մշակույթի խեղվածությունն արդեն սկսում է վտանգ ներկայացնել նաև այնպիսի հարցերում, որոնք, ասես, պետք է մեզ միավորեին մի ամբողջության մեջ։ Այսպես, Երևան է գալիս ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն, նրան ընդունում է նախագահ Սերժ Սարգսյանը։ Քննարկում են Լեռնային Ղարաբաղի հարցը։ Եվ, որպես բանակցային գործընթացների ընդլայնման ևս մեկ հարթակ, թուրքն առաջարկում է ԵԽԽՎ-ում ստեղծել Ղարաբաղի հարցի ենթակոմիտե։ Եվ ի՞նչն է զարմանալի։ Փաստորեն, Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը համերաշխորեն դեմ հանդես եկավ։ Ինչո՞ւ։ Անհասկանալի է։ Մի՞թե բանն այնտեղ է հասել, որ Ազգային ժողովի պատգամավորների շրջանում չկա տասը իրազեկ մարդ, որ ընդունակ լիներ մատչելի քաղաքաբանական ձևով փաստարկելու մեր շահերի օգտին` այն առաջարկությունների լույսով, որ Հայաստանի նախագահն արել էր Սիրիայում։ Իսկ եթե ոչ, ուրեմն պետք է փնտրել այնպիսի մարդկանց, որոնք հասկանան, թե ինչ և ինչպես պիտի անել, որ և՛ հայ-ադրբեջանական նոր արյունահեղություն չլինի, և՛ փոխընդունելի պայմանավորվածություն լինի։ Ցանկացած պարագայում Հայաստանի քաղաքական վերնախավը պետք է օգտագործի թե՛ ՄԱԿ-ի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի, թե՛ ԵԽԽՎ-ի, թե՛ «Արևելյան գործընկերություն» ծրագրի բանակցային դաշտերը և թե՛ գործընկերներին, թե՛ ընդդիմախոսներին հասցնի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հայկական ընկալումը։ Այս դաժան աշխարհում իր պետականությունը պաշտպանել ու պահպանել կարողանալու համար Հայաստանը պետք է առանց երկնչելու ընդառաջ գնա նոր մարտահրավերներին և ոչ թե նմանվի «նախապատմական ռուսամետ դինոզավրին», որին պետք չեն ո՛չ բաց սահմաններ, ո՛չ ներդաշնակ հարաբերություններ Եվրամիության հետ, ո՛չ ռազմավարական գործընկերություն ԱՄՆ-ի հետ։
Հայաստանի երկրորդ լուրջ խնդիրը կոռուպցիան է։ Այն ոչ միայն քայքայում է միջանձնային հարաբերությունները հասարակության մեջ, այլև դարձել է ամբողջ պետության սահմաններում սոցիալ-քաղաքական գործընթացների հիմնական խթանիչը։ Հայաստանում մերձկոռուպցիոն ընկալման վրա հիմնված մտածելակերպն իր նշանակությամբ անչափելիորեն մեծ է իրավական մշակույթից։
Վերջերս երկրի գլխավոր ոստիկանը, ի լուր ամենքի, կոռուպցիայի տարածվածության մասին եզրակացություն արեց` հենվելով ոչ թե օպերատիվ տվյալների վրա, այլ իր ընկերոջ պատմածի, որը չէր կարողացել կաշառքով ինչ-որ գործ հաջողացնել։ Իսկ ոստիկանությունում իրավական մշակույթի մակարդակի մասին վկայում է ոչ միայն Չարենցավանում հնարավոր կասկածյալին ինքնասպանության հասցնելու հանրահայտ դեպքը, այլև բոլոր նրանց հիշողությունները, ովքեր դժբախտություն են ունեցել, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իրենց շահերը պաշտպանելու ոստիկանական քննչական բաժանմունքներում։ Այստեղ քննիչներն այն խախտումների առթիվ, որոնք պետք է գնահատվեն «Քաղաքացիական օրենսգրքի» շրջանակներում, կիրառում են «Քրեական օրենսգրքի» գործիքները։ Կոնկրետ դրվագի առթիվ գողության փաստ ես բերում, հաստատում ես ապացուցողական հիմքով, սակայն քրեական գործ չի հարուցվում, և չհարուցման վերաբերյալ որոշումն անհապաղ չի ուղարկվում հաղորդողին։ ՀՀ քրդատօր-ի 185-րդ հոդվածի 2-րդ կետի խախտո՞ւմ է։ Խախտո՛ւմ է։ Բա հետո՞։ Հետո` ոչինչ։ Միայն Հայիթիում և մեկ էլ Հայաստանում է հնարավոր, որ խուզարկության և առգրավման արձանագրության մեջ չնշվի խուզարկության իրավական դրույթը։ Այն, որ նրանք հենց դրանով էլ խախտում են ՀՀ քրդատօր-ի 105-րդ հոդվածի 1-ին կետը և խուզարկվողին զրկում դատավարական իրավունքներից և կարող են, ՀՀ քրդատօրի 103-րդ հոդվածի համաձայն, միանգամայն անպետք դարձնել հնարավոր հանցագործության` ահա այդ եղանակով ձեռք բերված ապացույցները, նրանց չի զարմացնում։ Դատախազությունը մեծ մասամբ նրանց կողմն է բռնում։ Հայկական դատարաններում արդարության հասնելու համար մեկ կյանքը հերիք չէ։ Երկակի ստանդարտները, բարոյականության իմաստախեղված ըմբռնումն այն աստիճան են ներծծվել գիտակցության մեջ, կեղծիքը դարձել է ոչ թե մտացածին աշխարհի արգասիք, այլ հայ վարչական բյուրոկրատիայի որոշակի մասի անպատասխանատվության և անօրինականության կենսամիջավայր։ Ի դեպ, կոնկրետ քննչական բաժանմունքի աշխատանքի` վերը բերված բոլոր դրվագների վերաբերյալ հեղինակի մոտ կան վավերագիր ապացույցներ։
Հայաստանի երրորդ լուրջ խնդիրը բնակչության շահերի հետևողական արհամարհումն է։ Դիտարկենք մի կոնկրետ օրինակ։ Եվ հատկապես` կենսաթոշակառուների իրավունքները` թոշակ ստանալիս, ինչպես նաև նրանց թոշակի հավելման հնարավորությունները։ Կենսաթոշակն աշխատավարձ չէ, այլ անժամկետ խրախուսանք` նախկինում կատարած աշխատանքի համար։ Կենսաթոշակը թոշակառուի անօտարելի մասնավոր սեփականությունն է։ Այդ սկզբունքը փաստացի գործում է ամբողջ աշխարհում։ Թե՛ արդյունաբերապես զարգացած Լեհաստանում, թե՛ համեմատաբար ապահովված Բելառուսում, թե՛ սոցիալապես կարիքավոր Մոնղոլիայում։ Այդ բոլոր երկրներում կենսաթոշակառուն իր թոշակի կուտակած մասն ընծայագրով կարող է նվիրել ում ցանկանա։ Այդ բոլոր երկրներում կենսաթոշակառուն ուր էլ տեղափոխվի, թոշակը, պատկերավոր ասած, նրա հետևից կգնա` որպես պարտադիր փոստային փոխանցում։ Իսկ մեզ մոտ` Հայաստանում, ուրիշ է։ Ոչ այնպես, ինչպես Վարշավայում։ Եթե մեր կենսաթոշակառուն մեկնել է, ասենք, հարևան երկիր` Վրաստան, ազգականի մոտ, անձամբ իր թոշակի երեսն այլևս չի տեսնի։ Եթե երկրից բացակայության ժամկետը երեք տարուց ավելի է, ապա նա, վերադառնալով, կստանա միայն վերջին երեք տարվա կուտակված թոշակը։ Ի՞նչ է ստացվում. ստացվում է, որ կենսաթոշակային ֆոնդը տնօրինում է քաղաքացու սեփականությունը (թոշակը) և նրան չի տալիս ո՛չ վաստակած սեփականությունը, ո՛չ բուն այդ սեփականության շրջանառության բերած շահույթը։ Կողոպուտ հայկական ձևո՞վ։ Այո՛, հայկական ձևով։ Օրը ցերեկո՞վ։ Օրը ցերեկո՛վ։ Որևէ մեկն այդ աղաղակող ապօրինության համար պատասխան տվե՞լ է։ Մինչև հիմա` ո՛չ։ Իսկ ապագայո՞ւմ։ Ի՞նչ իմանաս։ Կամ էլ` Հայաստանի` Ռուսաստանում աշխատող քաղաքացիներից պարտադիր կենսաթոշակային մասհանումները սկզբում պիտի կուտակվեն ռուսաստանյան որոշակի կառույցներում, իսկ հետո արդեն, հայ-ռուսական միջկառավարական պայմանագրի համաձայն, կենտրոնացված կարգով, միանվագ փոխանցմամբ ուղարկվեն Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամին։ Ռեզե՞րվ է մեր վաստակաշատ վետերանների չնչին կենսաթոշակների բարձրացման համար։ Ռեզե՛րվ է։ Ով, ինչպես և երբ է տնօրինում այդ բավական լուրջ ակտիվները, մնում է յոթ փակի հետևում։
Հայաստանի չորրորդ լուրջ խնդիրը երկրի հիմնարար օրենքների խախտումն է իշխանությունների կողմից։ Այդ բանն ակնբախորեն ներկայացնելու համար կառավարության «2010-2011 թթ. պետական պատվերի շրջանակներում երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում տեղերի հատկացման մասին» որոշումը համադրենք ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածին։ Ըստ այդմ, ի հայտ կբերենք կառավարության անդամների կողմից մեր հիմնական օրենքի նորմերի ամբարտավան արհամարհման անսքող վկայություն։ Այդ որոշմամբ կառավարության անդամները անտեսել են ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի այն դրույթը, որը հռչակում է ՀՀ քաղաքացիների իրավունքը` պետպատվերի շրջանակներում անվճար կրթություն ստանալու երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում` ցանկացած մասնագիտությամբ, և Երևանի պետհամալսարանի իրավաբանական և միջազգային ֆակուլտետներին պետպատվերի շրջանակներում ոչ մի տեղ չեն հատկացրել։ Եթե նշված ֆակուլտետներում գոնե մեկական ուսանողի հնարավորություն տրվեր ընդունվել ու սովորել պետպատվերով, ապա ոչ մի խախտում չէր լինի։ Իսկ այսպես` խախտումն ակնհայտ է։ Իսկ այսպես` որոշման տվյալ կետի անհամապատասխանությունը Սահմանադրության պահանջին ամբողջ որոշումը վերածում է անօրինական ու հակասահմանադրական փաստաթղթի։ Իրավական կամահաճության այդ վայրենի ակտը Սահմանադրական դատարանում, ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն, հնարավորություն ունեն բողոքարկելու Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ը, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Ակնհայտ է, որ նրանք այդ բանը չեն անելու։ Եվ դրանում նրանց կխանգարի ոչ միայն գործնական զգուշավորությունը, այլև պետական մտածողության բացակայությունը։ Կասկածից վեր է նաև, որ, օգտագործելով դիմակայության բոլոր հնարավոր ձևերը, հասարակայնությունը պետք է ձգտի հասնելու այդ հակաիրավական փաստաթղթի չեղարկմանը։
Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքական ծրագրավորման կենտրոնի ղեկավար

Դիտվել է՝ 1149

Մեկնաբանություններ