«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՎՐԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ

ՎՐԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ
24.05.2011 | 00:00

«ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎՐԱՑԻՆԵՐ»
Վրաստանում արդեն մի քանի տարի է` հետևողականորեն իրականացվում է վրացախոս հայերի վրացացման պետական քաղաքականությունը: Այդ քաղաքականության արմատները հասնում են մինչև խորհրդային տարիների 1960-ական թվականները: Բայց եթե այն ժամանակ դա կրում էր զուտ քարոզչական բնույթ, ապա Վրաստանի անկախացումից հետո վրաց իշխանությունները ձեռնամուխ եղան ծրագրի գործնական իրականացմանը: Հայության վրացացման վերջին արարն սկսվեց Գամսախուրդիայի, շարունակվեց Շևարդնաձեի պաշտոնավարության տարիներին: Այսօր էստաֆետը հանձնվել է երկրի ներկայիս նախագահ Սաակաշվիլուն:
Մշակվեց վրացախոս հայությանը ազգային ակունքներից կտրելու մի յուրօրինակ մեթոդ. նրանց ուղղակիորեն պարտադրվում է հրաժարվել հայկական ազգանուններից և ընդունել վրացական ազգանուններ: Ծրագրի իրականացման փուլում վրացական քաղաքներում ու գյուղերում հայտնվեցին այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ. «Սիրելի գրիգորյան վրացիներ, ազգագրության ինստիտուտում բացվել է հատուկ բաժին, որտեղ յուրաքանչյուր դիմորդի նախնիների վերաբերյալ անվճար ուսումնասիրություններ են կատարվում, արդյունքում պեղվում, գտնվում է ձեր պապերի իսկական վրացական ազգանունը: Ժամանակն է, որ ձերբազատվեք մի կոտ ցորենով հայ քահանաների կպցրած հայկական հետքից` ազգանուններից, ժամանակն է փոխելու ձեր` «յան»-երով ավարտվող ազգանունները»: Հայերին` ազգությամբ վրացի լինելու մեջ համոզելու համար մոգոնվեց մի կեղծ պատմություն «գրիգորյան վրացիների» մասին. իբրև թե հայ միսիոներ քահանաները (որպիսիք երբևէ Հայ առաքելական եկեղեցին չի ունեցել) իրենց ծխի քանակն ավելացնելու նպատակով 18-19-րդ դարերում մի կոտ ցորենով կամ ցարական մի քանի ռուբլով խաբել-կաշառել են վրացի ընտանիքներին ու համոզել հայ մկրտվել` նրանց տալով հայկական ազգանուններ, որտեղից և ըստ վրացիների` ծագում են «գրիգորյան վրացիների» հայկական ազգանունները: Վրաստանի հեռուստատեսությունը, մամուլը հեղեղվեցին այդ հորինովի պատմությունը ներկայացնող հաղորդումներով ու հոդվածներով: Նույնիսկ հազարավոր գրքեր տպագրվեցին գրիգորյանների «դառը» ճակատագրի մասին, և թե ինչպես անեն, որ այդ «խեղճերը» կրկին վրացանան:
ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻՖԸ ՀՕԴՍ ԿՑՆԴԻ
«Հայկական կողմի հակափաստարկներն այնքան շատ են, որ լիովին բավարար են «գրիգորյան վրացիների» կեղծ թեզը ջրի երես հանելու համար»,- բացահայտելով վրացական կողմի կեղծիքը` հայտարարում է հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Բավական է միայն հրապարակել Հայաստանի ազգային արխիվի վավերագրերը, և վրացական միֆը հօդս կցնդի:
Այսպես. «Երբ 18-րդ դարում վրաց Հերակլ թագավորն արշավեց Երևանի խանության դեմ, խանին վնասելու և հարկատուների թիվը պակասեցնելու նպատակով, Արարատյան դաշտի խանահպատակ հայ բնակչության մի հատվածին գերեվարեց Վրաստան` նրանց բնակեցնելով հյուսիսային Կովկասի փեշերին, դրանով նաև մարդկային պատնեշ ստեղծեց` լեզգիների հարձակումներից Վրաստանը պաշտպանելու համար: Եվ ահա այդ գերեվարված հայերը տասնամյակներով զրկված լինելով հայկական դպրոց հաճախելու հնարավորությունից` դարձան վրացախոս` մոռացան իրենց մայրենին»: Հուշարձանագետը վկայակոչում է այդ հայ բնակիչների` 1893 թվականից պահպանված նամակները` ուղղված հայոց կաթողիկոսին, ուր նրանք գրում են, որ գաղթելով Հայաստանից` ապրել են շրջապատված վրացի և օս բնակչությամբ և ժամանակի ընթացքում մոռացել իրենց մայրենին, սակայն գիտակցելով, որ ազգությունը պահպանելու միակ միջոցը հայերենի իմացությունն է, օրիորդաց դպրոց են հիմնել: Մինչդեռ նյութական սղության պատճառով դպրոցը փակվել է, և ահա նամակով խնդրում են հայոց կաթողիկոսին` օժանդակելու դպրոցի բացմանը: «Սա մի նմուշ է, իսկ ազգային արխիվը հարուստ է բազմաթիվ նման վավերագրերով: Այս մարդկանց հայ լինելն ապացուցելու համար վավերագրերի պակաս բոլորովին չունենք»,- փաստում է Սամվել Կարապետյանը:
Վավերագրերից մեկում նկարագրվում է Կախեթի գյուղերից մեկում բնակված հայ ընտանիքի հետ կատարվածը. մահացել է ընտանիքի մայրը, նրա հուղարկավորությունը դեռ չավարտված` հայտնվում է վրաց քահանան ու որբացած հայ երեխաներին ստիպում իր հետ գնալ վրաց եկեղեցի` վրացի մկրտվելու: Վավերագրում նկարագրված է, թե ինչպես են հայ փոքրիկները փորձել հակադրվել վրացի քահանայի պարտադրանքներին, սակայն անզոր լինելով, ի վերջո, տեղի են տվել:
ՇԱՆՏԱԺ
Այսօր վրացախոս հայության ուծացման քաղաքականության ճանապարհին վրաց իշխանությունը ոչնչի առաջ չի կանգնում` հայերի դեմ կիրառելով հոգեբանական, ֆիզիկական, նյութական շանտաժի բոլոր ձևերը: Թիֆլիսի մերձակա Ռիս գյուղում բնակվող Ներսիսյանցները, որոնք ռուսական տիրապետության տարիներին անվանվում էին Ներսեսովներ, վերջերս վրացական պարտադրանքի ազդեցության տակ ստիպված եղան հրաժարվելու իրենց հայկական ազգանունից` վերափոխվելով Գաբաշվիլիների: Վրացական կառավարության ներկայացուցիչները հայտնվում են Ներսիսյանցների բնակարանում և ասում.
-Այս երկհարկանի տունը, ընդարձակ հողամասը, մշակած այգիները ձե՞րն են:
-Այո,- պատասխանում է ընտանիքի հայրը:
-Դե, եթե ուզում եք, որ այս հարստությունն այսուհետ էլ ձեզ պատկանի, ուրեմն համաձայնեք ու «ճշտեք» ձեր ազգանունը, հակառակ դեպքում կզրկվեք ձեր ողջ ունեցվածքից: Իսկ մենք կօգնենք ձեզ «հայտնաբերելու» ձեր «իսկական» վրացական ազգանունը:
Շաբաթներ անց դարձյալ հայտնվում են վրացի նույն պաշտոնյաները և որպես ուրախ լուր տեղեկացնում.
-Մենք պրպտել ու գտել ենք ձեր իսկական ազգանունը, դուք ոչ թե հայեր եք, այլ վրացի Գաբաշվիլիների ժառանգորդներն եք, և դրա համար պետք է պարծենաք:
Եվ ընդամենը մի քանի օրում հայ Ներսիսյանցները դարձան վրացի Գաբաշվիլիներ: Սա է ողջ իրականությունը: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նկատում է, որ սովորաբար հայկական ազգանունների «յան» մասնիկը վրացիները նախընտրել են վրացական «շվիլի»-ով փոխարինել, ինչպես, օրինակ, Սահակյան-Սահակաշվիլի, բայց այսօր այս տարբերակն այլևս չի կիրառվում: Այսօր հայերին պարտադրվում են նոր ազգանուններ, որոնցում իսպառ վերացված են հայկական արմատները, ինչպես դա արվել է Ներսիսյանցների դեպքում:
Պարտադրանքի նույն մեթոդն է կիրառվում թիֆլիսամերձ բոլոր գյուղերի վրացախոս հայ բնակիչների նկատմամբ: Վրացաբնակ հայերն այսօր ապրում են կատարյալ մղձավանջի մեջ: Եվ այդ մղձավանջից դուրս գալու, հանգիստ ապրելու համար հայ մարդկանց այլ բան չի մնում, եթե ոչ անվանափոխվել, հրաժարվել ազգային պատկանելությունից և զերծ մնալ հալածանքներից: Հայերի ուծացման քաղաքականությունը Վրաստանում շարունակվում է։
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1374

Մեկնաբանություններ